Լենիկը սովորական աղջիկ էր` մինչև տասներեք տարեկանը: Հետո ամեն բան 180 աստիճանով փոխվեց. վերին շրթունքի վրա` քթի կտրուկ զառիթափի փեշերին փթթող մարգագետնի նման սկսեց փարթամ բուսականություն աճել: Մի խոսքով, Լենիկը դարձավ բեղավոր:
Տնեցիները մտածեցին (գյուղ գնացող-եկող անասնաբույժն էր էդպես ասել), որ հասունացման, անցումային տարիք է, հազար ու մի բան է լինում, հետո` անցնում. «…դե ոնց որ վրեդ դուրս տա»:
Չանցավ:
Գյուղում անունը դրեցին Հիտլեր. բեղերը հատկապես առատ էին քթի ստորոտում:
Իհարկե խղճում էին, երեսին չէին ասում, բայց, միևնույն է, սարերին սովոր գյուղացու մեծ ու փոքրի համար ցածրաձայն խոսելն էլ հո ցածր չէր: Իսկ ինչ-ինչ` Լենիկը լավ լսողություն ուներ: Տառապանքը, սրա-նրա պարապ վախտի խաղալիք դառնալն ու, թարսի պես, առաջին սերը նրան դարձրեցին ինքնամփոփ ու դժբախտ: Բայց Լենիկն էդքան էլ շուտ հանձնվողներից չէր: Մի օր էլ նա սափրեց բեղերն ու գոհ մնաց: Այդ օրը թիակներին մի տեսակ անսովոր ծանրություն զգաց, թվաց` թևեր են բուսնել: Մի քանի անգամ թեթև, անկշիռ ետուառաջ գնաց առաջին սիրո` Բենոյենց տան առջևով ու թեթևացած տուն վերադարձավ:
Գոհ չէին տնեցիները:
Մայրական սառը ապտակը, հետո էլ հոր երկարաշունչ տաք հայհոյանքը փչացրեցին խեղճի տրամադրությունը.
– Դուք իմ լավը չեք ուզում,- լացից խեղդվելով` ասաց ու փախավ տանից:
Հացատանը ճաքած հայելու կտորի մեջ նորից իրեն նայեց ու վիրավորանքը մոռացավ: Միևնույն է, տեսքը ցնցող էր: Հիտլերը չկար, ջհանդամվել էր: Իր իմացած, երազների Լենիկն էր:
Նա մի անգամ էլ տնտղեց, գնահատեց արածն ու Բենոյին հիշեց:
Իրեն բոլորը պիտի տեսնեն, հիանան, ամաչեն ու սիրեն: Թե չէ` Հիտլեր, հա Հիտլեր…. «Լեզուներդ չորանա»:
Համարյա երջանիկ Լենիկը գիշերով թաքուն տուն սողոսկեց ու անխռով քուն մտավ:
Հաջորդ օրը, սակայն, մուսոններից հագեցած անտառի նման նոր, ավելի թավ ու փայլուն բեղեր ծլեցին` սպառնալով նվաճել նաև ստորին շուրթի ներքևի խոպան տարածքը:
Հիտլերը վերադարձել էր, ու Լենիկն ուզում էր մեռնել, էդ անտեր մազերից մի պարան սարքեր ու կախվեր: Պատկերացրեց, թե ինչպես է այրվում իրենց այգու ամենաբարձր ծառը, որի բնին` կեղևի կախված կտորի տակ բոլորից ծածուկ փորագրել էր` «Լենիկ + Բենիկ = Սեր»: Սակայն թաքուն մի հույս, այնուամենայնիվ, դեռ շարունակում էր մլմլալ հանգած երազների մոխիրների տակ:
Կյանքը նրան խաբել էր, ու խորդուբորդ էր լինելու հիտլերյան կյանքի ուղին:
Արդեն ստիպված էր ամեն օր սափրել բեղերը, բայց հայրը կարճ կապեց.
– Աղջիկը համեստ կլնի: Եթե աղջկա մտքին բան չկա՞, իրան էդքան հետևալ չի:
Չնայած խստագույն արգելքին, Լենիկը մեկ-մեկ կարողանում էր Հիտլերի բեղերի հախից գալ, մի երկու օր քայլում էր գլուխը բարձր, մեջքը ուղիղ, աչքերը` հեքիաթային փայլով լի: Հեքիաթայինը հեքիաթի սպասումն էր, որ մի օր էլ խուզից հետո, ասես կախարդանքով, ատելի բեղերն այլևս դուրս չեն գա: Ինքը բաց ճակատով կնայի Բենոյի աչքերին ու կասի, թե ոնց է նրան սիրում, գժվում, վառվում նրա համար:
Հեքիաթը չէր գալիս:
Ճակատն էլ բաց էր, բայց փոխարենը` ամառ-ձմեռ բերանն էր փակ. շարֆով էր փաթաթում կամ թաշկինակով էր ծածկում բերանը: Դաս հարցնելիս էլ, ամոթից դողացող հայացքը փախցնելով, կանգնում ու թաշկինակի միջից անգիր արտասանում էր.
– Չեմ սովորել:
Ի վերջո, դպրոցը մի կերպ ավարտեց ու նստեց տանը:
Հորով-մորով, հորքուր-մորքուրով հավաքվեցին ու որոշեցին, որ Լենիկի մարդու գնալու ժամանակն է: Բեղերն ինչ կարևոր են, կարևորը` անող-դնող, եփող-թափող լիներ, տան պահած, մաքուր, անարատ աղջիկ:
Նույնաբովանդակ գովազդը, սակայն, չէր ազդում. ո՞վ չգիտեր Հիտլերին ու գոնե մի անգամ չէր տեսել նրա հանրահայտ բեղերը:
Վերջապես կանայք վճռեցին, որ բեղերին պատերազմ հայտարարելու ժամանակն է: Գործի դրեցին էլ հալված տաք-տաք շաքարով, էլ թելով պոկել-բմբլելու, էլ խանձել-վառելու, էլ աղավնու և ոզնու լեղի քսելու հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները: Հորաքույրը անգամ քաղաք տարավ` էպիլյացիայի. ասեղով ծակծկեցին, բեղերը հատ-հատ հանեցին: Չօգնեց:
Լենիկը մի օր էլ չդիմացավ: Հայտնի չէ, թե հատկապես ո՞ր ցավից այլայլված դեմքով` հրեց վրան կռացած հերթական դահճին ու լաց եղավ.
– Մի հատ ձեր քթի տակի բեղերը պոկեք, տեսեք` կդիմանա՞ք: Կաշիս քերթեք, պրծեք: Հո ֆաշի՞ստ չեք…,- Ժամանակավորապես նոսրացած բեղերով Հիտլերը վճռական շշպռեց հարազատ կանանց ու փակվեց սենյակում:
– Տանն ես մնալու, շաշ անտեր: Ո՞վ քեզ կառնի: Սաղ ցեղներս խայտառակ ես անելու:- Հորաքույրը չդիմացավ, իր հերթին շրխկացրեց տան դուռն ու գնաց:
Շուտով Բենիկն ամուսնացավ ու տեղափոխվեց մայրաքաղաք:
Կյանքը Լենիկի համար վերջնականապես կորցրեց իր իմաստը: Ի՞նչ շարֆ, ի՞նչ բան… Աստված իրեն պատժել է, դե թող տեսնի, սիրտը հովանա: Միակ բանը, որ երբեմն հաճույք էր պատճառում, իրեն պատժելն էր: Ուզում էր, որ իրեն ձեռ առնեն, վրան ծիծաղեն:
Գյուղն էլ տարիների հետ կամաց-կամաց վարժվեց նրա անհաղթ բեղերին ու անբեղ Լենիկին մոռացավ: Ճիշտ է` մանր-մունր լակոտ-լուկուտը մեկ-մեկ էլի ետևից Հիտլեր էին կանչում, բայց ապարդյուն. Հիտլերը նրանց չէր լսում:
Օրերն ու տարիներն անցնում էին այնպես, ինչպես պիտի անցնեին` բեղավո՞ր լիներ Լենիկը, թե՞ անբեղ:
Արդեն 42 տարեկան էր: Հոր տաք-տաք հայհոյանքները վաղուց սառը հողի տակ էին, քույրերն ամուսնացել-գնացել էին, և հիմա տանը մենակ էր մնացել ծերացած մոր հետ:
Կոմունալ վճարները մուծելու համար պիտի գյուղի փոստատուն գնար:
Ճանապարհին կողքով մի սիրուն ավտոմեքենա անցավ: Իրեն նայեցին ու ժպտացին:
Բենիկն էր` կնոջ, երեխեքի հետ:
Արյունը երակներում կանգ առավ: Թվաց` մեռնում է: Հենվեց փողոցը երիզող ցանկապատին ու սպասեց: Ի՞նչ էր զգում, չուզեց իմանալ: Շուտով, սակայն, սիրտը վերհիշեց անելիքն ու թափով գործի անցավ: Դանդաղ ու օրորվելով քայլեց առաջ` անցնող-դարձողի հայացքներից խուսափելու համար:
Փոստի բաժանմունքը փակ էր: «Էսա կգամ» գրել, փակցրել էին պատուհանին ու անժամ-անժամկետ հեռացել: Ստիպված էր սպասել:
Քիչ հեռու քաղաք գնացող-եկող երթուղայինների կանգառն էր:
Մոտակայքում երկու երիտասարդ աղջիկ էին կանգնած զրուցում: Հասկացավ, որ երթուղայինի են սպասում:
– Երկու ամիսը մի անգամ գնում եմ: Ի՞նչ ասեղ, ի՞նչ բան, ի՞նչ ցավ… Լազերը դնում, վառում է: Տես` ինչ մաքուր է երեսս, համարյա մազ չի մնացել: Մի երկու անգամից ընդհանրապես կանցնի:- Աղջիկներից մեկը մյուսին հպարտորեն ի ցույց էր դրել իր անմազ դեմքն ու ակնհայտ լավ էր զգում:
– Ես էլ եմ ուզում: Որ հետդ գա՞մ, տեղը ցույց կտա՞ս….
– Ինչի չէ, արի, ավելի լավ, մենակ չեմ լինի:
Լսածը Լենիկին մի տեսակ շփոթեցրեց, շշմեցրեց, ասես հայրը գերեզմանից ելել ու նորից բամփել էր գլխին: Աչքերի առջև ավտոմեքենայից իրեն նայող Բենիկի լղոզված ժպիտն էր ու իրենց այգու ծերացած, կեղևամերկ, ասես կլպված ծառը, որտեղ էլ «Լենիկ + Բենիկ = Սեր»-ը չկար, կորել էր:
Երբ աղջիկները նստեցին մեքենայի մեջ, Լենիկը ևս մի անբացատրելի մղումով հետևեց նրանց: Ճանապարհին չորս կողմը չնայեց: Հայացքը դրսում էր ու միաժամանակ պատուհանի ապակու վրայի ճաքերը հանգուցող մի կետի: Թաշկինակն էլի իր տեղում էր` բերանին:
Կես ժամից տեղ հասան:
Լրտեսական սերիալներից ծանոթ հետախույզի նման Լենիկը ոտքը մի քիչ կախ գցեց, ապա, առանց հայացքը աղջիկներից կտրելու` գնաց նրանց ետևից:
Երկհարկանի շենք էր` կծած խնձորի մեծադիր, փայլուն նկարով: Աղջիկներն այնտեղ մտան: Ձեռքերը, ոտքերը դողում էին: Մտքերն այնքան խառն էին, որ ինքն էլ չգիտեր` ինչ է ուզում: Զգում էր, որ կարևոր, նշանակալի բան է տեղի ունենում իր թշվառ ու չապրված կյանքում: Ասես այն 15 ամյա աղջնակը լիներ, որ Բենոյենց տան առաջ երազային թևերը բացած թռչում էր, թռչում….
Վերջապես աղջիկները դուրս եկան շենքից: Լենիկն ակամա մեջքով նրանց կողմը շրջվեց ու սպասեց:
Ժամանակն է:
Մի քանի դժվար, ծանր քայլ, ու 20 տարվա հեքիաթը իրականություն կդառնա: Շփոթվելու ժամանակ չուներ:
– Բարև Ձեզ: Ինչո՞վ կարող ենք Ձեզ օգնել,- գեղեցկադեմ մի կին ընդառաջ եկավ:
Լենիկը միայն կամաց հեռացրեց բեղերը վարագուրող թաշկինակն ու հայացքը կախեց:
– Շատ լավ, – շարունակեց կինը:- Մի անհանգստացեք, Դուք անպայման գոհ կմնաք: Այ կտեսնեք` ինքներդ Ձեզ չեք ճանաչի:
«Շատ լավ… Ի՞նչ լավ բան կա»,- մտքում կրկնեց կնոջ խոսքերն ու ինքն էլ պատասխանեց, բայց ամեն բան այնքան արագ սկսվեց ու ավարտվեց, որ Լենիկը չհասցրեց զարմանալ:
– Ձեր մազերը բավականին հաստ են, դա լավ է, արագ էլ կվերանան,- ասաց սրահի մի անկյունում նստած գանձապահ տիկինն ու ինչ-որ կտրոն մեկնեց:
Ետդարձի ճանապարհին թաշկինակը սովորության ուժով դարձյալ իր` արդեն նախկին բեղերի տեղում էր: Պիտի կարողանար հրաժարվել 20 տարվա սովորությունից: Չհավատալով զգացածին` մատներն էին ստեպ-ստեպ շոշոփում վերին շուրթի հարթ ու մաքուր բարձրավանդակն ու հուզմունքից բարձրանում վեր` դեպի անհնարին հրաշքի հնարավոր իրողությունից խոնավացող աչքերը:
Երթուղայինից իջնելիս` հասկացավ, որ «կոմունալի» փողը բեղերին է տվել: Ոչինչ: Մի բան կհնարի:
Մայրը կարծես ոչինչ չնկատեց:
Քրոջից ու մոր ջահելությունից մնացած ինչ սիրուն շոր, կոշիկ կար տանը, հագավ ու դուրս եկավ: Պիտի գյուղամեջ դուրս գար, պիտի Բենոյի հորանց տան մոտով թռչեր…
Արդեն 10-15 րոպե էր, որ քայլում էր, խանութ էր մտնում, կանգնած-նստածին էր բարևում, բայց արձագանք չկար: Մարդիկ մի տեսակ թարս-թարս իրեն էին նայում ու ետևից փսփսում:
«Հիմա ի՞նչ են ուզում: Էլ Հիտլեր չկա, չկա, մեռել է…»:
Չդիմացավ ու տուն վազեց:
– Ո՞վ է, ի՞նչ ես ուզում,- մայրն ընդառաջ եկավ:
– Ինչը, թե` ի՞նչ եմ ուզում, այ մամ:
Պառավը միայն սարսափից ձգված դեմքն առավ ափերի մեջ ու գոռաց.
– Վա՜յ, վա՜յ, աման Աստված, էս ինչ խաթա է, էս ինչ կրակ ու պատիժ է….
Լենիկը մոտեցավ հայելուն ու իրեն նայեց: Ո՞վ էր հայելու միջից իրեն նայող այդ անծանոթը, օտարը: Ինքը չէր. նա չէր կարող այդքան գեղեցիկ ու միաժամանակ այդքան երջանիկ լինել:
Նա ամեն ինչ հասկացավ:
Կողքի աթոռին իր հին հագուստն էր, իսկ պահարանի դարակում` աչքերը ներկելու` քրոջ մատիտի մնացորդը: Նկարեց, ավելի շուտ` ներկեց` մատիտի ճակռող սայրը շուրթերին սեղմելով: Շուտով բեղերն իրենց տեղում էին` սև ու յուղոտ: Հետո հագավ իր ամենօրյա քրջերն ու վերադարձավ հայելու մոտ:
Ինքն էր` Հիտլերը: Նա վերադարձել էր: