Ջեսահ | Իմ առումը

«Ուղղահայաց չես թռչի. այն անկման դիրքն է»։ Տարիներ հետո այս ձևակերպումը կամփոփեր մանկական ապշանքից ածանցված զգացողություններդ, որոնք ինքնաթիռում սկիզբ առնելով քեզ կուղեկցեն մինչև վերջին խուցդ, որտեղ այլևս ոչ մի շող չի սպրդի այնպես, ինչպես այն օրն էր՝ ինքնաթիռում, երբ լուսանցույցին… Թռնելու առաջարկը լսելուն պես ծնողներիդ գլխով արիր. «Կուզեմ, այո՛, շատ կուզեմ»։ Կարծում էիր, թե թռնելու ես հերոսներիդ, կամ պատուհանից երևացող ճայերի պես, բայց ոչ. թռչելու էիր ինչպես բոլորը։ Այդ օրն ինքնաթիռում դու կգիտակցեիր երազանքիդ վախճանի անխուսափելիությունը։ Այդ օրն ինքնաթիռում կասկածի հերթական ալիքը բազկատեղին շուրջառած ձեռափերիդ նման կպատեր ներսդ։ «Ինչո՞ւ են մարդիկ այսքան հանդարտ ու հանգիստ, չէ որ հիմա թռչելու ենք»։ ՆԱ ԱՌԱՋԱՐԿՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԷՐ ԸՆԿԱԼԵԼ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ ԷՐ ՏՎԵԼ. «Կուզեմ, այո՛, շատ կուզեմ»։ Զարմացած այս ու այն կողմ էիր նայում, երբ հայացքդ լուսանցույցին սևեռվելով՝ վերջապես քարացավ։ «Այլևս չեմ ուզում, ես այսպես չէի պատկերացնում, չէ որ ամեն ինչ ավելի լավ կարող էր լինել»։ Ուզում էիր օդանավի խցից դուրս գալ, բայց արդեն ուշ էր։ ՆԱ ԱՐԴԵՆ ՄԵՋՆ ԷՐ՝ ԱՆԿԱՊՏԵԼԻ ՄԱՍՆ ԸՆԴՀԱՆՈՒՐԻ։ Դրական պատասխանից հետո սպասում էիր երանելի օրվան… մտածում էիր թե ճախրելու ես քո պատկերացրածի նման, մտածում էիր թե իրապես սավառնելու ես, մինչդեռ իրականությունն այլ էր, այնտեղ ուղղահայաց էին թռչում։ ՆՐԱՆ ՎԱՐԺՎԵԼ Է ՊԵՏՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ԱՌԱՋԻՆ ՇՓՈՒՄՆ Է։ Աստիճանաբար զարմացական հայացքդ կփոխվեր։  Թող ա՛յն սավառնի մարմնիդ փոխարեն… …Լուսամուտից թիրախավորած կետը կատարելության քո բնորոշումն էր։ Երբ ապակու գոլորշին փակեց դիտակետդ, իսկ քթիդ դիպած սառնությունը չներդաշնակեց զգացմունքներիդ օվկիանոսին՝ դուրս եկար պատշգամբ։ «Նա ամենագեղեցիկն է»։ Համոզված էիր դրանում, բայց այն աշխարհում, որտեղ ուղղահայաց են թռչում, ոչինչ չես կարող բացառել. ամեն ինչ կարող է պատահել։ Հարմար դիրք ընդունելով՝ հայացքդ նվիրեցիր նրան։ Դիմագծերիդ դասավորությունը արձագանքում էր նշմարվող շարժուձևին։ «Ի՜նչ գեղեցիկ ու քաղցր է նա, իրոք որ տարբերվում է իր յու…»։ Զմայլանքդ կերկարեր, եթե այնկողմնային ելևէջները չընդմիջեին չխաթարվելուն կարոտ լռությանը։ ՆԱ ԱՆՍԱՑ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ ԱՅԼՈՑ ՈՒ ԱՏԵԼՈՎ ԳԻՏԱԿՑԵՑ ՀԱՄԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ ԳԻՏԱԿՑԵՑ ԿՐԿԻՆ։ «Ինչպե՞ս թե ցածրահասակ է։ Ես նրա գոտկատեղից եմ, հետևապես նա բարձրահասակ է, այլ կերպ չի էլ կարող լինել։ Այդ ինչպե՞ս է քույրն ավելի գեղեցիկ… իհարկե, հնարավոր է, որ տեսքով զիջեր ինչ-որ մեկին, բայց ոչ նրան, ով մի քաղաքից է, բակից, էլ չասեմ՝ տնից»։ «Այն մեկն ասես եղնի՞կ լինի»։ Ո՞վ է այդ եղնիկը, որին նմանվելը ստվերում է գեղեցիկի քո պատկերացումը։ Դու ընդդիմանալով՝ քրոջ կողմ հայացք չգցեցիր, պատշգամբ ներխուժած ընկերներիդ էլ խոսք չասելով հեռացար։ Ուզում էիր գոչել, բայց լռեցիր, ուզում էիր բոլորին ասել, որ նա ավելի… Գնացիր։ Հյուրասենյակում «Ջերմուկ» էիր փնտրում. «Բջնի» էր։ «Ե» տառն ընդգրկող հանրագիտարանը չկար. մեկը տարել էր։ Համակարգիչ էլ հաջորդ տարի կունենայիք։ Քեզ մնում էր միայն հետևել ծնողներիդ խորհրդին ու մոտիկից տեսնել նրան։ Հաջորդ օրն էլ հանդիպելու էիր գեղեցիկին՝ ամենագեղեցիկին։ Գազանանոց գնալու առաջարկը նախկին խանդավառությամբ չընդունեցիր. հասունացել էիր։ Նա առաջին այցելությունից բան չէր հիշում. կա՛մ շատ փոքր էր, կա՛մ էլ ոչինչ չէր տպավորվել։ Թեկուզ և այդպես, միևնույն է նա ոչ մի տեղ էլ չէր կորչի, նորից կայցելեր։ Տոմսավաճառից կտրոնները վերցնելով՝ մայրդ առաջարկեց, որ ինքդ գտնես նրան՝ ամենագեղեցիկին՝ համոզված լինելով որ կհաջողես։ Ո՛չ առյուծների մռնչյունները, ո՛չ էլ ծտերի բարձր թռիչքները քեզ չշեղեցին քո առաքելությունից։ Գործդ այդքան էլ բարդ չէր։ Բացառման սկզբունքով նեղացրել էիր հնարավոր եղնիկների շրջանակը։ «ՇԱՏ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՈՐ ԱՅՍ ՄԵԿԸ ԼԻՆԻ»։ Չէ, անցիր այդ մեկին. եղնիկ չէ, այծյամ է։ Եվ նա շրջանցեց՝ գիտակցելով, որ ուժի բաղադրիչը ավելին է քան կպահանջի գեղեցկությունը։ «ԱՅՍ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ, ԻՐՈՔ ՈՐ…»։ Չէ, բեզոարյան այծի վրա էլ խաչ քաշիր։ Նա նորից չսխալվեց. ամենագեղեցիկը լինելու համար շատ յուրահատուկ էր։ Վազելով այծքաղի մոտ՝ քիչ էր մնում ցուցամատդ վրան պարզեիր և հանկարծ ուշադրությունդ սևեռեցիր խմբված բազմությանը։ Բոլորի սքանչական հայացքները ուղղվել էին դեպի նա, իսկ խառնամբոխի վարակիչ ոգևորությունն ակամա իր մեջ էր քաշում։ Եթե հիացական երեսների ժպիտն ու փայլը տարբեր ուժականությամբ էր արտահայտված, ապա բիբերի կլանիչ սևը նույն կետին էր նայում։ Վերջապես համալրելով բազմության շարքերը նա տեսավ նրան, տեսավ ու զգաց մոր ձեռքն ուսին։ Գովեց քեզ, որ հաջողել էիր առաջադրանքը։ Բազմությանը հետևելով գտար նրան՝ ամենագեղեցիկին։ Կոտոշները հայացքի պես քեզ էր ուղղել, երբ մայրդ, ձեռքն ուսիդ դնելով, վերահաստատեց համոզմունքը, որ չհաջողելու տարբերակ չունեիր։ «ՏԵՍՆԵՍ, ՄԱՅՐՍ ՏԵՂՅԱԿ Է, ԹԵ՞ ՈՉ, ՈՐ ՉԷԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՍ ՃԻՇՏ ԿԱՏԱՐԵԼ ԱՌԱՆՑ ԱՅԼՈՑ ՕԳՆՈՒԹՅԱՆ»։ Ձայն չհանե՛ս, չարժե տխրեցնել նրան։ Լռիր այնպես, ինպչպես այն օրը պատշգամբում, երբ մտքումդ ծնված խոսքերը տեղում էլ մեռցրիր։ Նա նայեց մորն ու ժպտաց, այդ էր թելադրում իրավիճակը։ Նայեց մորն ու ժպիտը երեսին ընդունեց իրականությունը։ «ԱՅՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՈՐՏԵՂ ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ԵՆ ԹՌՉՈՒՄ, ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԿՈՏՈՇՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *