Թերեզա Թումանյան | Նարնջագույն ջազ

Արևի շողը
Կապույտ պատերին
Մեծ,
Շա՜տ մեծ
Ճյուղեր է նկարում
Ու հայելու
Լայն
Հայացքների մեջ
Հույզերս է թաքցնում:

Դեղի՜ն …
Թող մի քիչ
Նիրհի,
Բազմոցին
Նիրհի,
Որ
Ինձ
Չմատնի…
Չփախնի՜
Հանկարծ,
Թրթռա մի քիչ`
Կծվահամ դեղին՝
Պլանտի թևնոցին՝
Պատին…

Կապու՜յտ…
Բայց դեղին մի հույզ
Պոկվի՜,
Փախնի՜,
Փախցնի ինձ
Դու՜րս՝
Շողի ետևից,
Բաց հայելիների
Լայն հայացքներում
Չկորցնելու
Ու չկորչելու,
Փայլելու մի քիչ,
Կծվահամ մի քիչ,
Կապույտի վրա՝
Դե-ղի՜ն…

 

 

***
Ակումբում
Քունքերիս մեջ՝
Նարնջագույն ջազ,
Գուցե՝ բասին գաս,
Ու չասես՝ ես փաս,
Խմում ենք`
Մի-մի թաս…
Թե գաս…

Սլաքներն՝ ութն անց տաս,
Ուրեմն՝ Ջո Պաս,
Ու մի բան պարզ՝
Դու չկաս:
Ու ես լսում եմ
Դառը, դա՜ռը ջազ…

Գիշերին կես՝
Գուցե գաս,
Ձեռքիդ սիգարը
Թափ տաս՝
Մաս-մաս,
Թեք ժպտաս
Ու մնաս…

Թե գաս…

Կոնտր բա՜ս,
Հագիս՝
Սև ատլաս
Ականջիս՝
Կարմիր կեռաս,
Թե գաս
Ու ժպտաս
Կխմենք մենք՝
Քունքներիս մեջ
Քաղցր ջազ,
Բա՜ս…

Թե գաս…

 

 

***
Իջիր
Ֆռֆռանք
Փաթիլների
Մեջ
Կորած
Քաղաքում
Անկյանք..
Ֆռֆռանք
Հռհռանք
Նեղ
Փողոցների
Արանքում
Անկարգ
Ֆեյսի
Էջերից
Հեռու՝
Անկայք:

Մռմռա
Կատուն՝
Հռհռանք՝
Անտուն,
Ու
Արթուն:
Ֆռֆռանք,
Ֆռցնենք
Քաղաքը
Գլխի-
Վայր,
Տանք
Քաղաքին
Կյանք
Իրական՝
Ֆեյսի
Էջերից
Հեռու՝
Անկայք:
Անկարգ…

 

 

***
Ափիս մեջ
Ափ՝
Ծա՜փ
Փնտրես
Չգտնես,
Արևի
Շողը
Փախնի
Չգտնես:
Արտերի
Միջով
Թռնես,
Գաս
Մոտս
Ափիս մեջ
Արև,
Աչքիս մեջ՝
Լու՜յս…

 

 

***
Գլխից ցրած
Մի միտք
Գա նստի
Ներվին
Խիտ,
Խփի սրտին՝
Զա՜րկ,
Կիթառի լարին
Թառի՝
Բա՜րկ,
Հնչի,
Ցրի
Երակներով
Տա՜ք,
Տա
Երազներ
Անպարտ,
Ցա՜տկ
Դեպի երկինք
Անավարտ…

 

 

***
Առավոտյան
Չխչխկացող
Ափսեների
Արանքից
Լսվող
Շշունջի
Նման
Ասա…

Ձա՜յնդ
Ի՜նձ
Որպես
Ղողանջող
Արև

Ասա
Ի՜նձ
Կեսօրին
Շշմած
Փողոցում
Ծփացող
Ամբոխի
Մեջ՝
Հազիվ
Լսվող…

Ձա՜յնդ
Ի՜նձ
Որպես
Աղաղակող
Կա՜նչ…

Երեկոյան
Մեքենաների
Վզզոցի
Մեջ
Ասա՜…
Գիշերվա
Կտկտացող
Ստվերների
Մեջ
Մրմնջա՜,
Լույսերի
Մեջ
Թող մարի
Ձա՜յնդ…
Ի՜նձ
Որպես
Արթնացնող
Երազ…

Ասա
Ինձ,
Լռեցրու
Բոլոր
Աղմուկներն
Իմ մեջ…

 

 

***
Եթե
Ես
Ձուկ
Լինեի
Կլողայի
Ալիքների
Ընթացքին
Հակառակ,
Ջրում
Օրորվող
Ամպերի
Միջով:
Կուղարկեի
Քեզ
Հատակին
Մարած
Աստղիկներ
Անգ՜ին,
Պտտես
Մատիդ`
Ուղարկես
Կաթին
Ծի՜ր,
Նկարես
Մի
Ձուկ՝
Երկնքում
Պառկած
Աչքերիդ
Կապույտ
Ոսպնյակին
Հառած…

 

 

***
Ես
Հոսող
Գետ եմ:
Դու
Թռիր,
Գնա,
Թափ տուր
Թևերիդ կախված
Արցունքներն
Ու գնա
Կա՜թ-Կա՜թ:

Ես
Կգալարվեմ
Իմ
Հունի մեջ
Սին՝
Երազելով
Լողացող
Դելֆին
Ջրերում
Այն հին
Օվկիանոսների:

Թռի՜ր,
Տա՜ր
Քո թևերին
Կարված
Ալիքներ
Փարթա՜մ
Ու փռիր
Անծի՜ր
Անխնա՜
Երկնի
Աստառին:
Թի՜ռ…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *