Հատված «Փոքրիկ առաքինություններ» վեպից
Նա միշտ շոգում է, ես միշտ մրսում։ Ամռանը, երբ իսկապես շատ շոգ է, անդադար բողոքում է ամռան տապից։ Բարկանում է, երբ տեսնում է, որ երեկոյան թեթև մի բան եմ գցում ուսերիս։ Նա կարողանում է սահուն խոսել մի քանի լեզվով, ես ոչ մի լեզվով չեմ խոսում։ Նրան հաջողվում է իր ձևով խոսել անգամ չիմացած լեզուներով։
Նա կողմնորոշվելու մեծ ձիրք ունի, ես՝ ամենևին։ Անծանոթ քաղաքներում գտնվելու հաջորդ օրն արդեն թիթեռի պես ազատ շրջում է։ Իսկ ես մոլորվում եմ նույնիսկ իմ հայրենի քաղաքում, երբեմն անգամ հարկ է լինում տուն վերադարձի ճանապարհը անցորդներից հարցնել։ Նա տանել չի կարողանում ճանապարհ հարցնելը, երբ մեքենայով ճամփորդում ենք օտար քաղաքներում, չի ուզում, որ անցորդներից ուղղություն հարցնենք և ինձ կարգադրում է քարտեզով ճանապարհին հետևել։ Ես քարտեզ նայել չգիտեմ։ Խճճվում եմ այդ մանր կարմիր օղակների մեջ, նա էլ բարկանում է։
Նա սիրում է թատրոնը, նկարչությունը և երաժշտությունը։ Ես երաժշտությունից գլուխ չեմ հանում, նկարչությունը պետքս չէ, թատրոնում էլ ձանձրանում եմ։ Միայն մի բան եմ սիրում և հասկանում՝ պոեզիա։
Նա սիրում է թանգարանները, իսկ ես ստիպված եմ թանգարան գնում ու տիտանական ջանք եմ գործադրում դրա համար։ Նա սիրում է գրադարանները, ես ատում եմ։ Նա սիրում է ճամփորդություններ, անծանոթ և օտար քաղաքներ, ռեստորաններ։ Ես ամբողջ կյանքս տանը կմնայի և երբեք տեղիցս մի քայլ անգամ չէի շարժվի։ /․․․/ Նրան դուր են գալիս տալիատելլա մակարոնները, կաթնակեր գառը, բալը, կարմիր գինին։ ինձ դուր է գալիս ապուրը, մեջը հացի մանր կտորներ փրթած արգանակը, ձվածեղը, կանաչեղենը։ Սովորաբար նա ասում է, որ ես ուտելիքից բան չեմ հասկանում և նման եմ այն հաստլիկ քահանաներին, ովքեր իրենց մենաստանների ստվերներում նստած, կանաչեղենով ապուր են հոշոտում։ Նա նրբաճաշակ է, զգայուն քիմք ունի։ Ռեստորանում երկար-բարակ հարցեր է տալիս գինիների վերաբերյալ, հետո խնդրում է երկու-երեք տարբեր շշեր ցուցադրել, երկար ուսումնասիրում է, մտածում՝ մորուքը քորելով /…./
Ինձ համար ինչ-որ բան անելը բարդ է, հոգնեցուցիչ։ Շատ ծույլ եմ ու մի բան ավարտին հասցնելու համար, ընդարմանալու ու բազմոցի վրա երկար ժամանակով փռվելու բացարձակ անհրաժեշտություն եմ զգում։ Նա երբեք չի ծուլանում, միշտ ինչ-որ բանով զբաղված է․ ռադիոն միացրած՝ արագ-արագ գրամեքենայի վրա մեքենագրում է։ Երբ կեսօրին գնում է հանգստանալու, իր հետ մի խուրձ սևագրություն է տանում, որ խմբագրի, կամ էլ նոթերով լի գիրք է վերցնում հետը ։ Ուզում է, որ նույն օրը գնանք կինո հետո ընդունելության, հետո թատրոն։ Ու նրան դա հաջողվում է, անգամ հաջողվում է ինձ ստիպել նույն օրվա մեջ մի շարք տարբեր բաներ անել, հանդիպել ամենաանհնարին հեռավորության վրա գտնվող մարդկանց հետ։ Եթե ես միայնակ եմ , ու փորձում եմ նույն կերպ վարվել, ինձ մոտ ոչինչ էլ չի ստացվում, որովհետև այնտեղ, որտեղ ծրագրել էի մնալ կես ժամ, ստիպված եմ լինում մնալ մի ամբողջ կես օր, քանի որ կա՛մ մոլորվում եմ ու ճանապարհը չեմ գտնում, կա՛մ աշխարհի ամենաձանձրալի մարդը, ում ամենաքիչն էի ուզում հանդիպել, ինձ իր հետ քարշ է տալիս մի վայր, ուր ամենաքիչն էի ուզում գնալ։ Երբ ամուսնուս պատմում եմ, թե ինչպես եմ անցկացրել օրս, ասում է, որ շատ սխալ օր եմ անցկացրել և ծաղրում է, ձեռք է առնում ու բարկանում՝ ասելով, որ ես առանց նրա ոչնչի համար պիտանի չեմ/․․․/
Նա այն մարդկանցից է, ով կարող է ահռելի քանակություններով երկկարբոնատ ու ասպիրին գնել։ Եվ երբեմն, երբ հիվանդանում է իր հերթական առեղծվածային հիվանդություններով, չի կարողանում բացատրել, թե ինչ է իր հետ կատարվում, պարզապես մեկ օր պառկած է անցկացնում ՝ այնպես փաթաթված իր սավանների մեջ, որ միայն մորուքն ու քթի կարմիր ծայրն է երևում։ Ձիու չափաբաժնով ասպիրին ու երկկարբոնատ է խմում ու ասում, որ ես ի վիճակի չեմ իրեն հասկանալու, որովհետև ես միշտ լավ եմ զգում ու նման եմ այն հաստլիկ քահանաներին, ովքեր քաջաբար իրենց քամուն ու միջանցիկ քամիներին են տալիս, իսկ ինքը նուրբ ու փխրուն է ու տառապում է առեղծվածային հիվանդություններով։ Հետո նույն երեկոյան ապաքինվում է, գնում է խոհանոց ու տալիատելլա է պատրաստում։
Երիտասարդ ժամանակ գեղեցիկ, նիհար, սլացիք տղա էր, մորուք չուներ, բայց երկար ու փափուկ բեղեր ուներ և նման էր Ռոբերտ Դոնատ անունով դերասանին։ Այդպիսին էր գրեթե քսան տարի առաջ, երբ նրա հետ ծանոթացա։ Նրա վանդակավոր, ֆլանելից էլեգանտ վերնաշապիկները դեռ աչքիս առաջ են։ Հիշում եմ, մի երեկո ինձ ուղեկցեց կացարանս։ Մենք միասին քայլեցինք Նացիոնալե փողոցով։ Այդ ժամանակ արդեն իսկ ինձ զգում էի ծեր, փորձառու ու շատ սխալներ գործած մեկը։ Ու նա ինձ հազարավոր դարեր հեռու մի փոքր մանչուկ թվաց։ Թե ինչ այդ օրն իրար ասացինք Նացիոնալե փողոցում, չեմ հիշում, հավանաբար, ոչ մի կարևոր բան։ Այն միտքը, որ մի օր մենք ամուսիններ կլինեինք, հազարավոր դարեր հեռու էր մեզանից/․․․/
Երբ նրան հիշեցնում եմ մեր այդ Նացիոնալե փողոցում զբոսանքի մասին, ասում է, որ հիշում է, բայց գիտեմ, որ ստում է։ Ես ինքս երբեմն հարցնում եմ, թե քսան տարի առաջ Նացիոնալե փողոցով զբոսնող էակներն իսկապե՞ս մենք էինք։ Երկու էակ, որոնք այդքա՜ն սիրալիր, այդքա՜ն քաղաքավարի կերպով զրուցեցին մայր մտնող արևի ներքո։ Ինչի՞ մասին կարող էին խոսել երկու այդքան երիտասարդ, կիրթ, ցրված, ինտելեկտուալ ու միմյանց համակրող երկու զբոսնող էակներ, ովքեր այդչափ հակված էին սառեցնելու մայրամուտը փողոցի այդ փոքրիկ անկյունում։
Իտալերենից թարգմանությունը՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի