Նազիկ Հակոբյան | Չինա

Քարերի կույտի տակ փռված ձեռք հիշեցնող փշոտ թուփ է։ Կողքին՝ դեղնած խոտածածկույթ։ Հետո պատն է ու պատուհանից գլուխը հանած Ֆրիդան։ Ներկած հոնքերի տակից անփայլ հայացքը չի ժպտում: Սևեռվել է մի քանի մետր այն կողմ փռված ոլորուն ճանապարհին։ Մեծ բեռնատար էր անցնում՝ շուրջը հռնդյուն ու փոշի տարածելով։ Կապույտ, ծածանվող փեշեր երևացին, ու խիստ օտար կերպարանքով մեկը հատեց փողոցը։ Մի երիտասարդ հեծանվորդ ղեկը թեթևակի շեղել էր ու հետ էր նայում անցնողի կողմը։ Արագ ընթացքից թևերը, կիմանո հիշեցնող հագուստի քուղերն ու այտերին իջնող սև մազերը նույն ռիթմով էին ճոճվում։
Ֆրիդան ներս նայեց։
-Գալիս է…
Հարևանի բակից երկու շուն կլանչեցին։ Տերն անիծեց նրանց։
Եկողը այգու միջով մոտեցավ տանը։ Ոտքը դրեց աստիճանին։ Հետո հետ ցատկեց ու թևերն օդում պտտելով՝ մոտեցավ խոտ ու փշին։ Իր կարճ հասակով ցատկոտում էր, թևերը տարածում, հետո կպչում հողին, մատներով ճանկում հողը, միջից աղբն ու փուշը ջոկում, դեն նետում, նոր չափաբաժին վերցնում ոսկրոտ ափերի մեջ՝ երգ հիշեցնող մեղեդի դնդնացնելով։ Հետո կոկորդից վնգուն էր հանում ու զայրացած ցատկոտում։ Ֆրիդան այդ ընթացքում իր պառավական արհամարհալից երեսը մոտեցրեց պատուհանին։ Նորից հետ գնաց։ Շարժումներն անհամբեր էին, զայրացկոտ, բայց բան չասաց։ Եկողը վերջացրեց արարողությունը, առանց ձեռքերը հողից թափ տալու, աստիճաններով վազեց ներս։ Ֆրիդան ներկած եղունգներով կզակը քորեց։ Հետո չափ տալու նման ձեռքերը պարզեց առաջ.
-Բարով, օրիորդ։
Ներս մտնողը ճակատին իջնող ուղիղ մազերի տակից խեթ նայեց նրան.
-Հայրիկին էի կերակրում։
-Մենք էլ ստամոքս ունենք. Սամսոնս էլ ստամոքս ունի։
Երկուսով նայեցին բազմոցին մեկնված ջահել տղամարդուն։
Սա փակ աչքերով ժպտաց՝ զգալով իրեն զննող աչքերը, հետո խզված ձայնով ասաց.
-Բարև՛, Չի՛նա։ Մա՛մա, հերի՛ք է… մարդը զբաղված էր։ Բայց ես իսկապես ուտել եմ ուզում, Չինա։
Ֆրիդան փնչացնելով շրջվեց գազօջախի կողմը։
-Երկու ձու եմ խաշում։ Երևի պատրաստ են։ Եկ, սարքի։ Մինչև մտածենք՝ հետո ինչ ենք եփում։
Չինա կոչվածը շեղակի մոտեցավ, բացեց ծորակը, ձեռքերը պահեց լվացարանի տակ։ Հողոտ ափերից գորշավուն կեղտաջուր թափվեց։ Ուսի վրայից զգաց բարձրահասակ տիկնոջ հայացքը։ Զգույշ նայեց նրան։ Կնճռոտ կոպերին լղոզած սև մատիտն ավելի պարզ էր ընդգծում ճպռոտ աչքերի զայրացկոտ հայացքը։
Չինան կախեց գլուխը, եփված ձվերը պահեց ջրի տակ, մաքրեց, տրորեց աղ ու կարագով։ Սամսոնը երեսը դարձրել էր բազմոցի թիկնակի կողմը։ Ծանր էր շնչում։ Մայրն անհանգիստ պտտվում էր բազմոցի շուրջը, կոտրատում մատներն ու անընդհատ ուղղում-շոշափում տռուզ քարերով մատանիները։
Չինան ափսեն ձեռքին եկավ, նստեց բազմոցի եզրին։ Փեշերը թափվեցին հատակին։
Սամսոնը կոպերի տակից լուռ նայեց նրան։ Չինան տրորված ձվից մի մեծ կույտ վերցրեց
պատառաքաղի վրա ու առաջ պարզեց։ Սամսոնը բացեց բերանը, հափշտակեց կերակուրը։
-Օֆ, չգիտեմ,- Ֆրիդան փնչացնելով մոտեցավ պատուհանին։
Բակում մի երեխա ճչալով ինչ-որ բան էր պահանջում։ Հարևանի շները միացել էին նրան։ Տերն անեծքներ էր թափում նրանց գլխին։
-Հիվանդի մեկը։ Ասա՝ եթե պիտի շներին հավաքես բերես ու ամեն անգամ ասես՝ սատկեք, է թող մնան իրենց տեղերում ու երբ ուզում են, սատկեն։
-Չի կարելի…. շներին։
Ֆրիդան հետ նայեց։
-Ի՞նչ։
-Ասում եմ՝ չի կարելի շներին անիծել։
-Դա է՞լ ես այնտեղ սովորել։ Բայց կարծեմ չինացիները շուն են ուտում։
Չինայի՝ գդալը պահող ձեռքը դողաց։
-Չասե՛ք։
-Գործի՛դ նայի։ Չմոռանաս վանդակները մաքրել։ Դեռ բան չեփես։ Մի քիչ պառկեմ, կգամ կասեմ։ Տեսնեմ՝ կկարողանա՞մ քնել, քանի տիկինները չեն արթնացել։
Ֆրիդան, աստիճանները ճոճվող մարմնի տակ ճռռացնելով, բարձրացավ երկրորդ հարկ։ Չինան ձվի վերջին փշրանքը հավաքեց պատառաքաղի ծայրին։ Սամսոնը հրաժարվեց ուտել։ Չինան ոտքի ելավ ու գնաց հանձնարարված գործերն անելու։ Բակում շների ու երեխայի տրիոն շարունակվում էր։ Չինան անտանելի դանդաղ շարժումներով հավաքեց խոհանոցը։ Երբ ջրի տակ պահեց Ֆրիդայի սուրճի բաժակը, կնոջ մեծ բերանի շրթներկի հետքը լղոզվեց գավաթի ճերմակ մակերեսին։ Չինան խոժոռվեց։ Բայց շարժումները մի փոքր արագացնելով՝ լվաց գավաթը։
Վանդակները երկուսն էին։ Մեկը՝ բարձր, արծաթափայլ, կոկիկ դռնակով։ Մյուսը՝ ժանգոտած ու ծուռտիկ։ Չինան ոսկրոտ մատներով սրբեց խիստ մաքուր ձողերը, ճաղերը, ճոճվող փայտի կտորները, կերամանները։ Ջրամանները պահեց ծորակի տակ, ողողեց։ Նոր ջուր լցրեց։
Սամսոնը խռռացնում էր։ Չինան ուսերը թոթվեց.այդքան ո՞նց է քնում։ Ֆրիդան իջնում էր աստիճաններից։ Նրա հետևից, իրար հերթ չտալով, իջնում էին երկու փոքրամարմին պառավ։ Չինան իրար հավաքեց շուրթերը։ Սամսոնը նրանց ոտնաձայներից վեր թռավ, ճանկեց ոտքերի տակ ընկած բարձերից մեկը, սեղմեց ականջին։
-Սկսվեց…
Պառավները Ֆրիդայի ուսերի վրայից ողջունեցին Չինային։
Չինան գլուխը խոնարհեց։
Աստիճաններն ազատվեցին պառավների քայլերից։ Երկու փոքրիկ կանայք լուցկու տուփից փախչող բզեզների նման սկսեցին վազվզել սենյակում՝ հետ ու առաջ անելով։ Չինան փակեց կոպերը, խոր շունչ քաշեց։
Բակում օրը սկսում էր եռալ։ Դիմացի մայթի թթենուց հասած թութ էր կաթում, տրորվում ոտքի տակ, ու խոտերին փռված ծեր շան մորթուց շիրա էր կախվում։ Հարևանի պատի տակ շքեղ ծաղկել էր գետնախնձորը, առատ փնջով թաքցրել ռետինե սապոգի մեջ կծկված կատվին։ Նրա հոտից մյուս հարևանի շները վայնասուն էին բարձրացրել: Փոշուց ծղողված վարդագույն փալասի հետևում թաքնված շան խրտվիլակը ծանր հենվել էր ոտքերին։
-Մի՛ քնի…
Չինան ցնցվեց, բացեց կոպերը։ Փոքրիկ պառավները խելոք նստել էին խոհանոցի աթոռներին։ Ֆրիդան Չինայի ձեռքի մեջ խոթեց կեղտոտ սանրը։
-Կարգի բեր դրանց։
Փոքրամարմին պառավներն աղջնակների նման սպասում էին, թե երբ է Չինան հարդարելու իրենց մազերը:
-Չի՛նա, պատմի` ոնց էիր դու տղամարդ։ Ի՞նչ էիր անում,- պառավներից մեկը հետաքրքրությունից կլորացրեց աչքերը։
-Համ էլ պատմի՝ ինչքան քնեցիր էդ օրը։
-Երբ արթնացա, ինձ ասացին՝ տասնյոթ ժամ տասնյոթ րոպե եմ քնել։
Չինայի դեմքը փայլեց։ Չժպտաց, բայց աչքերի անկյուններում կնճիռներ պայթեցին։
-Պառկել էի խոտերին, թևերս կողքերս փռել ու երկինքն էի տեսնում։ Ամպերն էի տեսնում։ Օդը սառն էր։ Զգացի՝ լայն տաբատով եմ ու ոտքերիս տրեխներ են։ Հետո մի տեսակ ավելի խոշոր էի, ուժեղ։ Ինչ-որ թռչունի ձայն էր գալիս ձախ կողմից։ Սիրուն երգում էր։ Ուզում էի շարժվել, դժվարանում էի։ Երկինքը կամարի նման կռացել էր, ու երբ նայեցի ոտքերիս կողմը, դեմ դիմաց այն հատվում էր լեռան հետ` ամպերը զգույշ հենելով նրա գորշ գագաթին։ Սև ու ծանր ամպեր էին։ Հեղեղ էին բերելու։ Մի կերպ ձեռքերս բերեցի դեպի երեսս. մեծ քիթ, փշոտ այտեր։ Իսկ հեռվում շների ձայնն էր։ Թռչունը դեռ երգում էր շատ մոտիկ։ Ծղրիդներն ու տարբեր մժեղներ վազվզում էին մարմնիս վրայով։ Գրպաններիցս ոզնիներ փախան, ու դաշտամուկը սուր ծվվաց։
-Հետո՞…
-Հետո ուզում եմ վեր կենամ, չեմ կարողանում։ Բայց այնքան լավ եմ զգում ինձ այդ դաշտում։
-Հորինում ես,- Ֆրիդան ագահ հայացքով լափում է Չինայի պատմությունը։
-Իրական եմ զգացել ու տեսել։ Երբ ինձ ասացին՝ երազ է եղել, զայրացա։ Որովհետև, եթե ինձ հիմա հետ գնալու հնարավորություն տային, ձեռք ու ոտքս իրար խառնած՝ կվազեի։
Երբ ոտքի վրա էի, մաշկս քրտնած էր, ոտքերս՝ թմրած, և ինքս ինձ հարցրի՝ որտեղ եմ և ուր եմ ուզում գնալ։ Սիրտս պայթեց անհամբերությունից։ Վազեցի դեպի բարձրահասակ թփերն ու առանց երկմտանքի առաջ անցա։ Եգիպտացորենի հսկա թփերը հասած բերքով հարվածում էին գլխիս, դեմքիս։ Բայց վազում էի։ Ամպրոպն ընկել էր հետևիցս, արևը կուլ տալով՝ ինձ նման հևում էր ու սայթաքում։ Երբ առաջս կտրեցին հսկա շները, արդեն փախչելու ճար չունեի։ Չոքեցի, հետո փռվեցի մեջքի վրա։ Երբ ամենասոսկալի ցավը զգացի սրունքոսկրիս, արդեն խոշոր կաթիլներով անձրև էր թափվում վրաս։ Բայց երջանիկ էի, որ մի քանի ժամով տանն էի։
-Դաշտում էիր,- պառավներից մեկն ուղղեց նրան։
-Տանը՝ հարազատ երկնքի տակ։
-Կինո ես պատմում,- մյուս պառավը ծվծվոց հիշեցնող ձևով ծիծաղեց։
-Իսկ կինոները հենց այդպես են ծնվում,- Չինան սանրի վրայի ճերմակ մազերը մաքրեց, լցրեց աղբամանը, մոտեցավ երկրորդ պառավին։ Ձեռքի հանդարտ, անշտապ շարժումներով փորձեց հարթեցնել խճճված, նոսր մազակույտը։- Մարդիկ պատմում են իրենց հետ կատարված անհավանական պատմությունները։ Մյուսները գրի են առնում, դարձնում գիրք կամ կինո։
-Իսկ դու չես չարանում, Չինա,- Ֆրիդայի ձայնը մեղմ հնչեց։- Շներին սիրում ես, պաշտպանում։
-Իհարկե, միշտ եմ պաշտպանելու։- Չինան հետ քաշվեց, նայեց պառավներին,- թող ամեն լավ բան վերադառնա իր տեղը։
Սամսոնը պառկած տեղից հռհռաց։
-Նայում ես դրանց ու մոգական բառեր շշնջում։ Դրանք ոչ խելք են ունեցել, ոչ գեղեցկություն։ Եթե վերադառնա, միայն ջահելությունը, ու էլ չեն մեռնի, դու ստիպված կլինես դրանց խնամել հավերժ։
Պառավները սվսվալով սկսեցին լացել։
-Հորաքույրներդ են, տղա։- Ֆրիդան ծանր բարձրացավ տեղից։- Վանդակները ստուգեմ ու տեսնենք՝ ինչ ենք եփում։
Չինան չժպտաց Սամսոնի կատակի վրա։ Սառը նայեց նրա մոր դեմքին։
Իսկ Ֆրիդան երկար քիթը մտցրել էր մեծ վանդակի ներսը։ Հետո հաղթական ոգևորությամբ ձեռքը պարզեց Չինայի դեմքի առաջ։
-Սե՞նց ես մաքրել։ Չասեցի՞ մաքրի։ Սա երեկ հատուկ գցել էի քեզ ստուգելու համար։ Նորից կմաքրես։
Կարմիր լաքով եղունգները սատկած ճանճին այնպես էին ցնցում, որ զարմանալի էր, թե ոնց անկենդան թևը չի պոկվում մարմնից։ Չինան սառած հայացքով նայում էր ճխլտված միջատին, ու աչքերի մեջ ճանճը չէր արտացոլվում։
Օրն անձրևոտ էր, մոտենում էր երեկոյին։ Չինայի հագին տղամարդու հագուստ էր՝ մոխրագույն վերնաշապիկ, սև փողկապ։ Տաբատը՝ շատ մեծ։ Սամսոնը մեջքն ուղղել էր։ Նայում էր նրա շարժումներին։ Մեծ թղթի կենտրոնում թափանցիկ թևեր էին երևում արդեն։ Չինայի մատները լափում էին ներկը, հետո թպրտում թղթի մակերեսին։ Սամսոնը շնչահեղձ էր լինում, տրորում ձեռքերը։
-Սա այնպիսի թռչուն է, որ դաշտի վրայով շատ ցածր է թռչում։ Թևերը քսում թուփ ու խոտին։ Ուժեղ է, վախ չունի։ Սիրտը կոկորդում կծկվում է միայն, երբ պատկերացնում է հողի վրա սողացող աղվեսի աչքերի փայլը։ Կհասնի ծառին, բունը դնչի տակ կառնի, կուլ կտա ձվերն ու չի թքի ոչ մի անփետուր ոսկոր։
-Լավ, հերիք է։- Սամսոնը հայացքը փախցրեց թղթից։- Հավաքի, խնդրում եմ։
Չինան նայեց նրա երեսին։
-Դուք կարող եք ախր…
-Բան չասես։ Չեմ ուզում։ Եթե պառկել եմ այստեղ այսքան տարի ու ոչ մի բանով չեմ տարբերվում այս ծածկոցից, ուրեմն չեմ ուզել շարունակել առաջվանը։
-Գիտեք…-Չինան համարձակ բարձրացրեց հայացքը։- Մարդիկ ձեռք ու ոտք, ողնաշար չեն ունենում, բայց շարժվելու փորձեր են անում։
-Դա այլ բան է։ Ինձ չեն գնահատել։ Ես հանճարեղ նկարիչ էի։ Մեռա ստեղծելով աննման գործեր։ Չգնահատվեցի։ Ո՞ւմ համար ելնեմ ու ինչ-որ բան անեմ։ Ինչի՞ս է պետք։
-Ես…
-Դու ուրիշ ես,- Սամսոնը խոր հառաչեց,- դու որ դիմանում ես մորս ու էդ ցնդած պառավներին…
-Դա իմ գործն է։ Ես պիտի աշխատեմ։ Հայրս արդեն շատ վատ է, ոտքերն ուռած են։ Ամեն բան մոռանում է։
-Բա տես։ Եթե ես այդպիսի մարդիկ ունենայի խնամքիս տակ, պարզապես կփախչեի։ Դե հավաքի ներկերը։ Դու մի քանի ժամվա մեջ չինարեն ես սովորել, նկարել ու Քրիստոսի նման համբերել։ Ես ընդամենը կփռվեմ այստեղ, մինչև մի բան փոխվի։
Չինան գնաց ձեռքերը լվանալու։ Երբ լավ մաքրվել էր ներկից, երեք տարեց կանայք վերադարձան զբոսանքից: Հենց շեմին Ֆրիդան ձայն տվեց Չինային։
-Արի օգնի։ Հորաքույրները լավ հոգնել են։
Չինան թևանցուկ արեց երկու կանանց։ Նրանք ծանր կախվեցին նրա բարալիկ թևերից։
-Դրա վիճակին նայի, Չինա,- Ֆրիդայի ձայնը կամացուկ խոսեց Չինայի ականջի տակ,- ոտքերը բացել, փռվել է նստարանին։ Հիմա թաղում ինչքան ավարա բիձա կա, կգան կհավաքվեն թափառող շների նման։
Չինան հետ նայեց։ Խիստ ճերմակ, երկար ոտքերը իսկապես փռվել էին նստարանին։ Հարևանի ռուս կինն էր՝ սլացիկ մարմնով, շքեղ ու երես առած։

Ծեր կնոջ աչքերը ճպռոտել, քոր էին գալիս։
-Էսօր ուշ գնա, Չինա։
-Հայրս շատ հիվանդ է։ Չեմ կարող:- Չինան ձեռքից ցած դրեց աչքի կաթիլների սրվակը։-Առավոտյան կգամ։
Ֆրիդան ծանր նստեց բազկաթոռին։
-Հա, Արտաշեսս փող է ուղարկել, վաղը գնամ ստանամ, քո աշխատավարձը տամ։
Չինան չարձագանքեց։
-Աշխատեք աչքերը չտրորել։Վաղը նորից կաթիլներով կմշակենք։ Ու էլ լաց չլինեք։
Կինը երեխայի նման գլխով արեց։
-Քո թռչնակներին ցույց տուր, նոր գնա։
-Հա, դաջվածքդ,- մյուս պառավը շունչը պահեց։
Չինան ափը դրեց ճակատին։ Մազերը հետ տարավ։ Անտանելի սպիի հետագծով սև լար էր ձգվում, վրան փոքրիկ փշեր հիշեցնող պոչերով, կլոր, սև թռչուններ էին թառել։ Ճակատի աջ կողմի մազարմատներից պատկերը ձգվում էր մինչև ձախ հոնքի պոչը։
Պառավները մատները ձգեցին դեպի լայն ճակատը։
-Ո՜նց է գլուխդ ճեղքվել, Չինա։ Չե՞ս վախենում։
-Չէ։ Նույնիսկ չեմ հիշում վթարը։
-Ու մի պարկ փող է տվել էդ դաջվածքին։- Ֆրիդան փնչացնելով ելավ տեղից։
-Սիրուն է շատ։
-Սիրուն է,- հորաքույրներին միացավ Սամսոնը։

Չինան սեղանին լցրած ալյուրի մեջ գլորեց խմորագնդերը։ Ռունգերից երգ էր դուրս փչում։ Տափակ կուրծքն ուռչում էր մեղեդին զսպելու ճիգից։
Սամսոնը սպասում էր ճաշին։ Ֆրիդան թղթադրամները հաշվել ու դրել էր ալրոտ սեղանի եզրին։
-Լավ ծեփի գնդերը։ Վանդակներն էսօր էլ չմաքրեցիր։ Իմ թռչունները դեռ այնտեղ են։ Նույնն է, թե մեռած նորածնի օրորոցը գցես։
-Չէ, դիակներն էլ զմռսեք, պահեք,- Սամսոնը ոգևորված ուղղվեց տեղում,- էն հիվանդ հարևանիդ նման. շան խրտվիլակը մեխել է պատշգամբի կենտրոնում, փոշին՝ ծանր, գարշահոտը՝ անտանելի։
-Քե՞զ ինչ։- Ֆրիդայի տոնն անտարբեր էր։- Դու էդ բազմոցից նույնիսկ իմ վանդակներից հոտ չես առնում։
-Կապ չունի, մամա՛։ Դիակ պահելը ո՞րն է։
-Իսկ դո՞ւ։ Ինչքա՞ն ես դեռ փռվելու։ Ինչո՞վ ես տարբերվում այն շան խրտվիլակից։ Ինքդ քեզ սպանել ես, ու չենք ազատվում մարմնիցդ։
Ֆրիդայի տոնը նույնն էր։
Սամսոնի շունչը կտրվեց։ Նայեց կարեկցանքով իրեն նայող Չինային ու մորը չպատասխանեց։
Հետո կամացուկ ասաց.
-Չինա, որ վերջացնես, գնա խանութ, սիգարետ բեր։
-Կգնամ։
-Ապրես, Չինա ջան։
Ֆրիդան ծանր ոտքի ելավ։
-Չինաստան, կճաշենք, նոր։

Չինան իջավ աստիճաններով ու հենց դիմացի նստարանին նկատեց հարևանի գեղեցիկ կնոջը։ Պառավները շարվել էին դռան շեմին։ Երեսները նախանձից ճմռթած՝ նայում էին մարմարի նման հարթ ու փայլուն սրունքներով կնոջը։ Չինան քայլ գցեց ասֆալտին, հետո լուսամուտի տակ հավաքված աղբի կողմը վազեց ու կռանալով՝ սկսեց մաքրել հողը։ Նույն պահին նրա կողմը վազեց փոքր չափսերով, շեկլիկ մի շուն։ Չինան անսպասելիությունից հետ ընկավ, նստեց։ Շունը մտավ նրա թևի տակ, ու երկուսն էլ չհասցրին հասկանալ, թե ոնց մի ակնթարթում թափառող շները կլանչելով, երախները բաց հարձակվեցին իրենց վրա։ Չինան ընկավ մեջքի վրա։ Պառավներն անտանելի վայնասուն բարձրացրին։ Չինան հասկացավ, որ շանը փրկել չի կարող։ Մարմինն անզորությունից փայտացավ։ Շների ձայնը շատ հեռվից էր լսում։ Երեսին կախվել էր անամպ երկինքը։ Քամին հետ հրեց երեսին թափված մազերը։ Շները կատաղած ոռնում էին, բայց ոչ մեկը գարշահոտ երախի մեջ չէր սեղմում Չինայի ոսկրոտ մարմինը։
Չինան սպասում էր։ Աչքերը՝ բաց, դեմքը՝ չինական դիմակի նման սառն ու անխռով։ Միայն հորն էր խղճում։ Նրան թողնել գնալու ափսոսանքից աչքերի անկյուններից արցունքներ վազեցին դեպի քունքերը։
Հոնքին թառած պոչատ թռչունն անհանգիստ թրթռաց։ Մյուսներն անխռով մնացին։
Կաղ ոզնին շարժվեց գրպանում։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *