Հանս Մագնուս Էնցենսբերգեր | Այլ ապացույցներ, որ բանաստեղծները ստում են

Չէ՞ որ այն ակնթարթը,
երբ բառն արտասանվում է երջանիկ,
բոլորովին էլ երջանիկ ակնթարթ չէ։
Չէ՞ որ ծարավածի շուրթերը չեն խոսում իր պապակի մասին,
Չէ՞ որ բանվոր դասի բերանում երբեք չի հայտնվում պրոլետար բառը։
Չէ՞ որ ով այլևս հույս չունի,
բոլորովին էլ ցանկություն չի ունենում ասելու.
-Ես հուսահատ եմ։
Չէ՞ որ կտղանքն ու հաճույքը
միմյանց հետ նույնական չեն։
Չէ՞ որ մեռնողը, փոխանակ խոստովանելու՝
մեռնում եմ,
միայն հոգնաձայն մրմունջք է արձակում,
որ անհասկանալի են մեզ։
Չէ՞ որ ապրողներն են,
որ մեռյալների ականջներին են նստում
իրենց նոր սարսափ-պատմություններով։
Չէ՞ որ բառերը կամ ուշացած են հնչում,
կամ ժամանակից շուտ։
Չէ՞ որ միշտ մեկը կա,
միշտ կա այդ մեկը,
ով խոսում է անդադար,
և խոսում է այն մյուսի մասին,
որը լռում է։

 

Ստվերի կայսրություն

I
Այստեղ դեռ մի տեղ կա,
մի ազատ տեղ,
այստեղ՝ ստվերում։

II
Այս ստվերը չի վաճառվում։

III
Երևի ծովն էլ է ստվեր գցում,
Ժամանակը նույնպես։

IV
Ստվերների պատերազմները
խաղեր են.
Ոչ մի ստվեր մյուսին չի տրորում
լույսի տակ։

V
Ստվերում ապրողին սպանելը դժվար է։

VI
Ընդամենը մի պահ
դուրս եմ գալիս իմ ստվերից,
ընդամենը մի պահ։

VII
Ով ուզում է լույսը տեսնել այնպես,
ինչպիսին այն կա իրականում,
պետք է հետ քաշվի ստվերի մեջ։

VIII
Ստվերը այս արևից էլ վառ է.
Ազատության սառը ստվեր։

IX
Իմ ստվերն անհետանում է
ստվերում։

X
Ստվերում դեռ ազատ տեղ կա։

 

Բաժանում

Երկինքը իմ ու քո միջև կբաժանվի,
կպատռվի դրոշը սպիտակ,
որի ստվերում ննջում էինք մենք՝
ապագայի տերևներով պարուրված։

Երկուշաբթի է։

Քամի կբարձրանա,
ծառերի կատարներից կպոկի-կտանի
իրենց կանաչ հիշողությունը,
ձյուն կտեղա,
ծուխ չի բարձրանա տան կտուրից,
և ջարդուփշուր կլինի ժամանակը
և երկինքը, որ սառը, հաշտ փոշի է
շաղ տալիս վերևից։
Եվ կնստի այն քո մերկ մաշկին,
Եվ կնստի այն իմ մերկ մաշկին՝
այդ բաժան-բաժան եղած ձյունը։

 

Ընտանի կենդանի

իմ տխրությունն իմ գերմանամուկն է,
ես չեմ թողնում, որ նա քաղցած մնա։ Գիշերները
լսում եմ, թե ինչպես է ինչ-որ բան քերծում, ճանկռում, փորում
իր վանդակի մեջ։ Առավոտյան,
երբ լավ տրամադրություն եմ ունենում,
երբեմն բացում եմ վանդակի դռնակը։
Հետո նա վարդագույն տոտիկներով դուրս է թռչում,
հետապնդում է ինձ, կեր է փնտրում,
դողացող քիթիկով փորձում է ինձ։
Հոտոտում է ձեռքս այնքան,
մինչև համբերությունս կորցնում,
այնպես եմ բռնում վզի գզգզված մազերից,
որ խուճապահար պտտում է աչքերը,
ու այդ ծվծվանին իջեցնում եմ
իր վանդակի մեջ։ Մի շարժումով
գցում եմ սողնակը նրա հետևից
ու էլի ուրախ եմ։

 

Հողագույն տաղիկ

Եվս մի երգ մահվան մասին և այլն —
իհարկե, բայց ի՞նչ է լինելու կարտոֆիլի հետ։
Բնականաբար կարտոֆիլը բացակայում է
Հոմերոսի կամ Հորացիոսի մոտ։
Իսկ Ռիլկեի ու Մալարմեի մո՞տ։
Չափի՞ց դուրս լուռ էր կարտոֆիլը նրանց համար։
Հողագույն կարտոֆիլն այդքան դժվա՞ր էր հանգավորելը։
Երկնքի հետ այն քիչ անռչություն ունի։
Համբերատար սպասում է կարտոֆիլը,
մինչ մենք իրեն դուրս քաշենք, լույս աշխարհ բերենք
ու կրակը նետենք։ Կարտոֆիլը
չի առարկում, բայց միգուցե
այն չափազա՞նց տաք է բանաստեղծների համար։
Այո, ուրեմն մի քիչ էլ սպասենք,
մինչև կուտենք այն՝ կարտոֆիլը,
ապա մի քիչ կգովենք համը ու նորից կմոռանանք։

 

Ջերմաստիճաններ

Ջերմաստիճաններ կան, որ ոչ մի ջերմաչափով չեն չափվում,
միայն մաշկը կարող է այն տարբերակել․
երեխայի գոլ շունչը օդում, որ կաթի նման է բուրում,
դեղձի սառը հոտը սառնարանից,
զայրույթի կարմիր ցանավորումը, որ կարմրուկի տեսքով դեմքին է հայտնվում
ու սառը ձնծաղիկը, որ այրվում է երեխայի հետաքրքրասեր լեզվի վրա։
Նաև խանդի տենդագին կրակը մատների ծայրերում,
տաք ամոթը, որ հեղեղում է ուղեղը
ու այն, ինչը երբեք և ոչ մի այլ տեղ չի հանդիպում մեր գալակտիկայում՝
անկողնում իրար փաթաթված քնածների ջերմությունը։

 

Հարցեր տիեզերագետներին

արդյոք նախ լո՞ւյսն է եղել,
թե՞ խավարը առաջնահերթ,
արդյոք որևէ տեղ ոչինչ կա՞,
և արդյո՞ք որևէ բանից,
եթե այդպես շարունակեք,
ինչ-որ բան կմնա՞
այն ազնիվ, հին մատերիայից՝
առանց մաթեմատիկայի գերդոզավորման։

Կարո՞ղ եք ինձ ասել,
արդյոք բոլոր հիմքերը կա՞ն
22 չափականության համար –
թե՞ դրանք պետք է մի քիչ ավելի շատ լինեին․․․

Թարգմանությունը գերմաներենից՝ Մարիամ Տոնոյանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *