Զվիադ Ռատիանին (ծն․ 1971թ․) ետսովետական շրջանի վրացական պոեզիայի առանցքային դեմքերից է։ 90-ականների սկզբից առայսօր՝ միջինում հնգամյա պարբերականությամբ լույս տեսնող նրա պոեզիայի ժողովածուների հրատարակումները Վրաստանի գրական ասպարեզում ամենասպասված իրադարձություններից են, քանի որ Ռատիանին տարբեր սերունդների և արվեստային տարբեր միջավայրերի համար հավասարապես ընդունելի ու բոլորին համախըմբող բացառիկ հեղինակ է։ Նրա թվով հինգերորդ՝ «Նեգատիվ» (2009թ․) պոեզիայի ժողովածուն արժանացել է «Սաբա» հեղինակավոր վրացական գրական մրցանակին՝ որպես տարվա լավագույնը։ Հեղինակի ձևակերպմամբ «Նեգատիվ»-ն իր վերջին առաջին գիրքն է, որին էլ հղվում է «Նեգատիվ․ 20 տաի անց» բանաստեղծությունը (Ասյա Դարբինյանի և Կարեն Անտաշյանի համաթարգմանությամբ)։
Զվիադ Ռատիանին քաղաքացիական անհնազանդության կենդանի խորհրդանիշ է․ բազմիցս թիրախավորվել է գործող իշխանությունների կողմից և 2017 թ․-ի դեկտեմբերից ենթարկվել բացահայտ քաղաքական հետապնդումների։ 2018-ին հերթական շինծու դատական գործից հետո ստիպված է եղել առժամանակ լքել Վրաստանը՝ ապաստանելով Եվրոպայում։ Վերադառնալով հայրենիք՝ կրկին կալանավորվել է 2024-ի աշնանը, ոստիկանական բռնության արդյունքում կոտրվածքներով հայտնվել հիվանդանոցում, ապա դատապարտվել 8-օրյա վարչական կալանքի։ 2025 թ․ հունիսի 23-ին նորից ձերբակալվել է Խորհրդարանի առջև ընթացող խաղաղ ցույցի ընթացքում։ Զվիադ Ռատիանիին սպառնում է 4-6 տարի ազատազրկում։
Թարգմանությունը կատարվել է Հայաստանի ՓԵՆ կենտրոնի նախաձեռնությամբ
Նեգատիվ։ 20 տարի անց
Մենք, որ էլ երբեք դուրս չենք գա փողոց,
սովյալ ասպետներին ձայնակցելու,
չենք ստորագրի բողոքագրերի տակ,
և ուրիշներին էլ, թե մեզ լսեն, հեռու կպահենք
էս բաներից, բաներից մեծ։ Մենք, որ մեր յուղում ենք
սոսկ տապակվում, ու թե մի բան էլ բարձրաձայնենք
նեղ կռուգում միայն՝ տնեցիքի — էն էլ, ներող, միայն՝
քեֆներս լավ։
— Մենք, որ չենք բախել երբեք դռները փակ,
ու թե ներս ենք մտել՝ միայն հրավերով։
Մենք, որ փակում ենք շտապ պատուհան ու շղարշ,
երբ լսում ենք դրսից մի հուսահատ «օգնե՜ք»։
Մենք, որ երբեք ավել բառ չենք ընծայում,
առհատկապես նրանց, որ ծարավ են խոսքի։
Մենք, որ ոչ միայն լսած-կարդացածին,
մեր աչքով տեսածին-իսկ չենք հավատում։
— Մենք, որ երբեք չենք տանում ուրիշի ճամպրուկը։
Օգնություն չենք խնդրում, անգամ՝ ծանոթներից։
Մենք, որ միշտ ջանում ենք չտարբերվել մեկից,
ոչ թուլությամբ, ոչ էլ քաջությամբ՝ առավել։
— Մենք, որ վերջին լուրերը ցածրաձայն ենք լսում,
դրկիցը չիմանա երկրի չար ու բարու հուզելը մեզ։
Բայց, երբ եթեր մտնի լրահոսը դրսի,
կորցնելու, էհ, թաքցնելու էլ բան չկա,
թիվիները քոքենք բարձրահնչյուն
ու լուսամուտը բացենք։ Մենք, որ հռհռում ենք,
երբ երգում են, ու երգում ենք, երբ որ լաց է շուրջբոլորը։
– Բալես, մենք հո էն գլխեն էսպիսին չենք եղել,
էս մոմե դիմակները՝ ապակյա աչքերով
հո չենք կրում էսպես արգանդից մեր մոր։
Քսան տարի առաջ պիտի Էս աչքերը տեսնեիր –
հպարտությամբ հրկեզ, սևաբոսոր դրոշների
ծածանման մեջ, փողոցներում մթին, շնչակտուր
մինչ ձայններիս խզվելը գոռում էինք՝ լեզու, հավատք
ու հայրենիք․․․
Շավլեգ, քոնն է…
Ողջը քոնն է, քոնն է,
քո մեղքն է ամենը։ Մեր ուրախ երկինքը
քո սև չուխայի փեշով պատանեցիր,
ու մեզ դարձրիր դեպի անդունդը՝ ասելով՝ դրախտն է այդ։
Մենք հավատացինք, ուրախ էինք բազմանալու համար,
ոնց ենք ծնկի գալիս թաց ասֆալտին, սուլում,
վստահ, որ աղոթում ենք։ Մեր աղոթքները
անպատասխան չեղան ու տեղ հասան շուտով,
այսինքն՝ շատ չանցած աչքներս չորս արած տեսանք գնդակամաղ
ջահելին, որ ծիծաղում էր… առաջինին… հարյուրերորդին…
Նախ նախանձեցինք նրանց ճակատագրին, հետո մեզ
գցեցինք թփերը, շքամուտքերն – ուր հասցրինք։
Եվ քանի որ այլևս ոչինչ չէինք կարող փոխել,
սրտխառնուքի հետ որձկացինք մեր հույսերը,
երազները բոլոր՝ ինքներս մեզ խոստանալով,
որ Վրաստանն անպայման կհատուցի մեզ
էս ծաղրի համար․ իսկ նա օգտվեց մեր լոխությունից
ու մեր իսկ ձեռամբ ուզեց ձերբազատվել
ներգանգային ճնշումից, պարպվել, թեթևանալ։
Իր հողը թարմացավ մեռած երեխեքով,
ջրերը՝ արցունքներից դառնացան, քանի որ լացեցին
բոլորը՝ մեզնից բացի։ Մեր բախտը ծանր է ամենից,
քանի որ այդ երեխեքի կողքին ենք ամեն գիշեր պառկում
և անմահանում այդպիսով։
Մի՛ ծիծաղիր,
Էդ մե՛նք մեր անկեղծ ու բանավոր սիրով
կործանեցինք Վրաստանը։ Ո՜նց էինք նայում,
ինչ հավատով՝ մի քանի քոնթի խելագարների,
որ փետուրների տակ թաքցրել էին կոռ սապատները,
իսկ մորուքների տակ՝ մի զույգ ժանգոտ ժանիք։
Նրանք մեռան։ Հանդիսավոր։ Կարծես սպասում էին,
ու վերջում մեզ աննշմար նշան տալով՝
հանկարծ պայթեցին ու մոխրացան, իսկ մենք երգում էինք։
Վերջում ավլեցինք նրանց մոխիրը և ցրվեցինք։
– Ու մենք էլ երբեք դուրս չենք գա փողոց,
ու խելագար ֆանտոմներին չենք ձայնակցի։
Ողջ անմահությունը կանցկացնենք ճոռոմ լռության մեջ
և ոչ մի տեղ հետք չենք թողնի երազներից բացի։
Բայց երազներում էլ երբեք չենք փախչի
էդ տարիներից, դիերից, հայրենիքից, որտեղ հա
նոր արյունը, տաք արյունը, կաթկթում է ցեխին,
ուր երեխեքը ծնկում են սպանված հայրերի մոտ
ու փորձում արթնացնել։ Էդ երազներում կրկին
կզրնգան որոտալից ու սահմռկելի ահազանգերը,
և կրկին, վերարկուների օձիքների մեջ խրամատի պես
գլուխներս խոթած սողոսկում ենք մութ փողոցներով
և փորձում ժամանակին թռնել պատերազմած քաղաքից։
Ուշադիր շրջանցում ենք էնտեղ ցրիվ եկած սևսպիտակ տղերքին,
մինչ մեկն անդադար գոռում է հետևից․
հառա՜ջ․․․
Մենք լուռ ենք։ Կրկին գոռում է։ Կրկին լռություն։
Թարգմանությունը՝ Ասյա Դարբինյանի և Կարեն Անտաշյանի
