Ճողվածք.com
Մահապատիժ կար`
էկզոտիկ նույնիսկ միջնադարում,
«Քառատում» վերնագրով,-
ձեռուոտ կապում էին չորս ծագերից
ու խուտուտ տալիս աշխարհի պորտը,-
մե՜ ծիծաղ, մե՜ ուրախություն,-
ու հոգին առնվազն
չորս տեղ էր իրեն հայտածում`
քառապատիկ հղվելով Աստծուն
որպես հիմների կվարտետ…
Հետո աստվածները ձանձրացած չվեցին
հիմների հետ,
մնացինք մենք մերոնցով,
մեկ էլ` Խոսքն, ըստ Հերմես Եռամեծի,
նվագախմբի փոսում,-
հիմնը դառավ հիպ-հոպ,
մունետիկը` կատարածու…
Փառք Աստծու, հիմա էլ են քառատում,
բայց խոսքի ռեգիստրը
փոսից էլ իջել է ցած,
ու Համացանցում
քառատումը պիտի փնտրես
«ճողվածք» գաղտնաբառով,
իսկ հետո` ինչպես միշտ.
մե՜ ծիծաղ, մե՜ ուրախություն…
Հայրեն-2012
Հոգի՜ս,
միա՜կս,
անկրկնելի՜ս
(երկար ու սիրուն ոտերդ
նույն ջրում չկրկնելու առումով),
իմ դարձդարձի՜կս ռեինկարնացիոն,
իմ շրջմոլի՜կս`
բազում մարմինների կնիքները վրադ,
իմ անդադրո՜ւմ տուրիստ
(տեղ-տեղ` սահմանախախտ)
1-ից 9-րդ երկինքների միջև,
միահեծա՛նս,
կնամեծա՛րս,
պատերազմի՛կս պարտությունների,
իմ Կենաց ծառս և Իմաց ծառս,
միակ պայծա՜ռս`
խավարումների հարասության մեջ,
միակ անծա՜յրս
միշտ ավարտական դասարաններում,-
համբերի՛ մի քիչ,-
երբ որ Նիբիրուն
մոտ գա համբույրի կամ ապտակի չափ,
ես հիշողության ջրհորը կիջնեմ,
որ մի անգամ էլ տեսնեմ մինչև-ը
(մեր աղուտներում
հետո-ն կարող է երբևէ չաճի),
գուցե` նաև քեզ,-
ախր էդպես էլ չհանդիպեցինք,
իմ օջախասեր-տնափախի՜կս,-
ես մարմին եղա, դու` մարմնամերժում,
դու` ջուր, ես կերպով միշտ երկկենցաղ եմ,
դու` լույս, ինձ նույնիսկ բանակ չեն տանում`
աչք եմ կարճատես և աստիգմատիկ,
որ հիշողության ջրհորներից է
մարմինն ու հոգին իր զանազանում:
Սերենադ
Էս գարուն անուն չունեցար, սե՛ր իմ,
հասցե չունեցար,
ձեր թաղի տղերքը
չունեցան տղության ասպարեզ,
քաղաքապետը ծառերը կանաչ էր նկարել,
ծաղիկները` բացվող,
մայթերն` աղջկաշատ,
բայց կյանքը հերվա ճնճղապաշար էր,
անուն չունեցար, իմ սե՛ր,
նույնիսկ ընտրողների գերճշգրտված ցանկում,
հասցե չունեցար,
թաղիդ տղերքը անկռիվ ծերացան,
երևի ես էլ.-
ամեն գարուն
նորից-կրկին էիր,
ես` վերստին դարձյալ,
էս անգամ, ա՜խ, անուն չունեցար, սե՛ր իմ,
հասցե չունեցար,
ու հիմա, երբ արդեն մի քիչ ամառ է,
ու բոլորս` անցյալ,
ու երկու անսեր աղավնի`
գիշերվա քիվին,
իրարից խռով էգ ու արու,
երևի վավերացնեմ անսպասելի բացարկդ`
արդարացում ու անուն փնտրելով քեզ համար
մինչև հաջորդ գարուն…
Ակվարել
Կպատմե՞ս թրթռոցը օդի,
առավոտվա 7-ի թափանցիկ շղարշը
ջրջնած մայթերին:
Կպատմե՞ս ծառի ճմլկոտելը`
աննկատ, ինչպես աղջիկն է շտկում
կրծկալի թելը դասի շտապելիս:
Կպատմե՞ս թռչնաձագի խոնավ աղվամազը,
մանկան ժպիտը` մոր կուրծքը թողնելիս,
իսկ երա՞զը,
որ սպասում է` նորից քնես
ու մտնես կիսատ թողած տեղից:
Կպատմե՞ս հունվարի քամին ծխնելույզում
ու հունիսի քամին`
ամպրոպի Հովհաննես Մկրտիչ:
Կպատմե՞ս չակերտից չակերտ
զառանցանքի հոսքը,
որ միակ ճիշտն է բոլոր խոսքերից:
Կպատմե՞ս ինչ եղավ,
երբ դու էիր, Բոսխը, ու պատուհանից
ներս էր լցվում
հինգ տարի առաջ կտրած
թթենու ճյուղը:
Կպատմե՞ս ահը, տագնապը, երկյուղը,
երբ ժամանակի դիակը թռչում է
ժամանակից արագ,
ու հոկտեմբերի անձրևից էլ բարակ
բանաստեղծության բնազդն իջնում է
ոչմիտեղ տանող սանդուղքներն ի վեր…
Կպատմե՞ս:
Հարաբերականության տեսություն
…բայց ժամանակը ուղղահայաց է,
շունչս քչություն է անում.
ուրեմն գյուտի հրճվանքն էլ է սպանում
հրճվանքի գյուտի պես,
կամ էլ պարզապես
նրա համար է շունչս վերջերս քչություն անում,
որ ժամանակը ուղղահայաց է,
երբ ըստ պատկերի ու նմանության
մոտենում են Քեզ
ու տեղ չեն հասնում…
Առողջապահության նախարարությունը
զգուշացնում է
Մեր այգում մի մեծ յասամանի ծառ կար:
Մեր թաղում մի ծեր Յասաման տատ կար:
Ու երկուսն էլ ինձ շատ էին սիրում,
երբ փոքր էի` մեր Գոռոյի չափ…
Ահա գրեցի.
սակայն ոչ մեկը չվերադարձավ,
թե՞ ես չեմ վերադառնում`
որտեղից ոչ մեկն էլ չի հեռացել…
Իսկ լաց լինելը հակացուցված է
անապատում անտեր կանչողներին.
ձայնդ կխզվի…
Մի ուրիշ ձևի հաճույքով եմ կարդում Ներսես Աթաբեկյանի բանաստեղծությունները: Միշտ մնում եմ զարմացած, թե այդ ինչպես կարելի է այդքան քիչ բառեր օգտագործելով այդքան շատ բառ ասել: Սա այն դեպքերից է, երբ կարդում ես 5 րոպե, խորհում մի քանի անգամ ավել ու հետո հիշում, որպեսզի էլի ու էլի խորհես այս իմաստասիրական խոսքերի շուրջ: