Նոնա Պողոսյան | Քաղաք

Նոնա Պողոսյան

Այս քաղաքի ճակատագրում
կանգնելու տեղ չկա..
Բոլորը վաղուց
խզբզել են իրենց
հսկա ոտնաչափը
նրա դեմքի վրա…
Ինձ չի փրկելու ոչ մի սիրախաղ …
Գովազդանախշ մաշկին նրա,
զարդակարերում առավոտների
իմ թելերը չկան
մաշվել, գնացել են…
Ես ընդամենը…
Բարև եմ
Ու …մնաս բարով…
Այս քաղաքի ճակատագրում
տեղ չկա կանգնելու …
Ու ոչ մի վերադարձ ինձ չի փրկելու…

***
Առավոտը տեղից չի պոկվում.
Հիշողությունը կարճ է…
Նայում է հայելուն:
Շաղված են աչքերը.
Նույնությունների
անվերջ ձգվող շարան ․․․
Այս քաղաքում ոչ ոք
ոչ մեկին չի տեսնում,
նկատում են միայն …
Ու կաղ ժամանակի
ձեռքից պոկվելով,
Ակնթարթների կիզակետերին
հայացքներ շարելով
սրընթաց հեռանում են`
քաղաքի ափի մեջ
գրոշներ նետելով…
Զնգոցից խլանում եմ…
Առավոտը տեղից չի պոկվում`
Հիշողությունն առևանգել են…

***
Հինավուրց քաղաքի բացված գրքից
Առավոտների թերթիկներ են թափվում`
Մաշված, խունացած…
Ոչ ոք չի կարդում,
գիտուն են բոլորը.
Գիշերներ են սերտել,
օրեր անգիր արել,
Տվել ու առել`
Առանց կարդալու լույսը…
Հույսն առանց ծամելու…
…Քաղաքի խունացած գրքից
մի օր կընկնի վերջաբանը՝
Պոկված առավոտների
սոսնձված թերթիկները…

***
Բազմաձայն երգչախմբում նրա
Առավոտը սոպրանո է,
Կեսօրը`տենոր
Երեկոն`բաս…
Ես բացում եմ համերգն
Ու հեռանում անձայն…
Երգելս չի գալիս`
թեև բարիտոն եմ…
Այս երգչախումբն արդեն
որերորդ տարին է
Հյուրախաղում է
իմ ճակատագրի վրա…

***
Քո ներկայությունն այնքան շատ է,
Որ միշտ բացակա եմ ինձնից ստանում…
Թույլ տուր տեղավորվել բախտիդ կողքին`
Առանց նախապայմաննների,
Հաճոյանքը ջնջած…
Թույլ տուր ներկայանալ ներկայությանդ,
Որ ժամանակների սինթետիկ սլացքում
Չի հանդուրժում բնեղեն կերտվածներին,
Որ գերադասումների մոլեռանդության մեջ
Ստորադասումների առջև չի ընկրկում…
Ես քարեր տաշելով հասա
Քարակույտերի մոլորակը…
Քո ներկայությունն այնքան շատ է,
Որ ամեն օր գնում եմ խղճի որսի…

***
Ես քամիների հետ գնացի,
Որ փոթորիկների դեմքով վերադառնամ՝
Չհայցելով ձեր մաշված գթասրտությունը,
Որ ճմրթվել է ժամանակի գրպաններում․․․
Բայց ես չընկալվածի նման չեմ գա`
Ճարահատյալի դեմքով,
Նվիրյալի երկյուղածությամբ,
Շնչասպառի հևքով․․․
Ես կգամ երկարելու ձեր գիշերներում
Ուր քամիները սսկվել են վաղուց․․․․

***
Անգույն հանդիպումներից են ծնվում
Ճամփաները գունատ…
Ուր նվիրվելն անհնարին է,
Սիրելն՝ անհեթեթ,
Վերադարձը՝ վհատ․․․
Ու բոլոր անգույն կանգառներին
Ուղղում ես մեջքդ՝
Հասնելու դալուկ վերջնագծին․․․

***
Այս քաղաքը մեծ չէ`
հասկանալու համար…
Միայն նայել է պետք
Սարսափներից չռված
Նրա բաց աչքերին`
գիշերում արնահոտ …
Անքուն մղձավանջում
Իր ցավի խորշերից
Նորից հույս է քաշում
Ներարկելու օրվա
Երակը կարծրացած…
Այս քաղաքը մեծ չէ`
հասկանալու համար,
Որ սկիզբը միշտ չէ,
որ ավարտի արնոտ
պորտալարն է լիզում…
Հայացք չեմ փախցնում…
Այս քաղաքը մեծ չէ`
Դեռ սիրելու համար…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *