Օ, Անահիտ, օ,դիցուհի․․․

Սիամանթո | Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Անահիտ

Ո՜վ Դիցուհի, ես մեղկութեան կրօններէն ահա իմ խիղճս լուացի
Ու պերճօրէն դեպի զՔեզ կը քալեմ։ Հողաթափներս դեռ սուրբ են։
Բա՛ց մարմար դուռը մեհեանիդ, անոր դիմաց ես ճակատդ թող արիւնեմ…
Բա՛ց բագինըդ եւ տո՛ւր ինծի շէկ զօրութիւնը Արտաշիսեան նախնիքներուս…։
Լսէ՛ ինծի, Ոսկեղէն մա՛յր, քո՛յր արգաւանդ, քո՛յր բարութեան,
Առատութեանց պարգեւիչ եւ Տիրուհիդ հին հայոց,
Նաւասարդի առաւօտով Քու նախկին ցեղդ ահաւասիկ կը ցնծա՜յ…
Թոյլ տուր որ ես, ծնրադիր՝ ձեւիդ առջեւ աղօթեմ…։
Լսէ՛ ինծի, Հրաշքի՛ Վարդ, ոսկի ոտքով աստուածուհի,
Գիշերային սպիտակ Հարս եւ Տարփուհիդ Արեգական
Եւ լուսամարմին մերկութիւն Արամազդեան Առագաստի,
Արեւն իր մէկ ճառագայթով թո՛ղ քու բագինդ դարձեալ վառէ…։
Կը հաւատամ ես ի Քեզ։ Բագրեւանդեան բլուրներուն վրայ կանգուն,
Ես՝ բազմադարեան դիցապաշտ եւ նիզակազէն քու որդիդ,
Իբր առաքեալ եւ խնդրարկու Քեզի կու գամ վեհօրէն,—
Լսէ՛ ինծի, Հայկեան բամբիռս Գողթան հողէն է ծներ…
Ուխտի կու գամ։ Քղամիդ մը հասակէս վար եւ բարսամունքի դալար ոստեր ի ձեռիս,
Ահաւասիկ արծաթ ցնցուղ մը վարդահիւթով՝ ստինքներդ օծելու…
Ահաւասիկ խնկաման մը սափորաձեւ, ուր կործանումդ իմ արցունքո՜վս ես լացի…
Եւ ստուերիս հետեւող եղնիկներով նուիրական՝ Քեզ կը քալեմ…։
Բագրեւանդեան բլուրներէն հեթանոս կեանքը հոսի,
Արեւորդիք գեղահասակ, բեհեզներով պարեգօտուած,
Աղեղներու, նիզակներու եւ նետերու վարժէն յետոյ, զոհարանիդ սեմին վրայ
Յաղթ ցուլերու պարանոցին իրենց սուրերը թո՛ղ սեւեռեն…
Թո՛ղ պտղաւորեալ հայ հարսներուն ուսերէն յստակ տարմը տատրակներուն
Դէպի անդրիդ թռիչ առնեն։ Վարդավառի ջրախաղերը թող բացուի՜ն…
Եւ վեշտասնամեայ աղջիկներ բագինիդ շուրջ պարի ելած,
Իրենց մարմինը մոգական, ո՜վ զգաստութեանց Տիրամայր, թող քե՛զ բաշխեն…
Քսան դարու Քու վրէժդ թո՛ղ որ այսօր ես լուծեմ,
Ո՜վ աստուածուհիդ Անահիտ։ Ահաւասիկ քու բագինիդ կրակներուն մէջ նետեցի
Իմ խորտակուած խաչափայտիս երկու թեւերը թունաւոր,
Եւ ցնծա՛ դուն, ո՛վ Ոսկեմայր, Լուսաւորչի կողերէն, ժանտ ոսկոր մը քեզ կը ծխեմ…։
Կը պաղատիմ ես Քեզի, ո՜վ զօրութեանց Դուն աներկրորդ Գեղեցկութիւն…
Դուն Քու մարմինդ արեգակին ընծայելով՝ բեղմնաւորուէ անոր Տարրէն
Եւ անյաղթելի ահեղ Աստուած մը պարգեւէ դուն Հայութեան…
Քու ադամանդեայ արգանդէդ, ո՛վ Դիցուհի, ահեղ Աստուած մը ծնանէ՛ մեզ…։

 

Դանիել Վարուժան | Անահիտ

Խոտին մեջ է թաղված բագինդ: Չեն ծըխար
Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր:
Կուգա լոկ բույր մը համպար
Խորխի` զոր հոն թողեր է օձ մը կարմիր:

Հոն կը նըստիմ, խո՛նջ ուղևոր: Ձիս կ’արծի,
Եվ Վահագնի զամբկին կարծես հոտն առած`
Կըտղուցեն խոլ կը խաձի:
Բայց արևեն մեզ չի գար ոչ մեկ Աստված:

Անհետացան անդարձ խորեն անտառին
Քուրմերը լայն թեզանիքով: Չի՛ երգեր
Ծիծերըդ` վինը Վրույրին:
Բագինիդ շուրջ կը հեծկըլտան եղեգներ:

Չես հանգըրճեր պատմուճանդ ալ, ո՛չ մեկ վիթ
Նիզակահար` կը ներկե ծունկդ արյունով:
Թանգարանին մեջ անդրիիդ
Կը տաղտկանա, և չի՛ պսակվիր գարունով:

Բայց դուն կ’ապրիս, պիտի ապրիս հավիտյան,
Ո՛չ երկրիս վրա. երկինքի՛ն մեջ, Անահի՛տ:
Ահա կ’ծագի լուսնկան,
Եվ կը ծագիս դարձյալ` մահիկը ճակտիդ:

Քեզ կը տեսնեմ աստղերուն մոտ: Ծիծերեդ
Լույս կը հոսի աղբյուրին մեջ` ուրկե խմող
Եղնիկին դունչը նամեդ
Եվ եղջյուրները կ’օծվին ոսկեշող:

Վա՛ր կը նայիս. օրիորդները վարար
Կը զգաստանան. գինիին տաշտը կի’իյնա
Բագուսուհվույն ուսեն վար:
Կ’աղոթե կույսը ծընրադիր մահճին վրա:

Կապարճըդ ուսիդ, լարած աղեղըդ լայնշի`
Կը վարես սայլը լուսնակին լըռելյայն…
Կյանքն անտառին կը շարժի.
Ձեռքիդ ջահեն վախցած` գայլերը կ’ոռնան:

Կ’երազե դաշտն. ու կոկոնները վարդին,
Փըքիններուդ խայթին ներքև, մի առ մի,
Բերանիդ պես կը բացվին:
Կ’եռա ավիշն այգիին մեջ վաղեմի:

Կ’հոսես ծիծերդ, կ’անցնիս կ’երթաս, բայց մարդիկ
Չե՜ն պաշտեր քեզ. տա՛րըր մը սոսկ կ’ընդունին:
Քանդած են հովն ու ալիք
Մեհյա՛նըդ իսկ քերսոնեսի ափունքին:

Միայն, գիշերն, որսական շունըդ լըքված
Կը տեսնե վերն անցքըդ, մահիկը ճակտիդ,
Ու բագինիդ վրա նըստած`
Կը նայի քեզ և կու լա, ո՛ Անահիտ:

 

Պարույր Սևակ | Անահիտ

Դու օտա՞ր չես, չէ՞:
Բայց ի՞մն էլ չես, հա՞…

Դու՝ վաղընջական հինավուրց բագին
Փակ շրթունքներով ու բաց աչքերով:
Ես՝ մի հեթանոս առայսօր ծպտյալ:

Դու՝ հավերժաբուխ աղբյուր տասնակունք,
Քո ամեն մատից՝ մի ակըն ցայտիչ:
Իմ թաց աչքերի երկու ափերով՝
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ըմպում եմ ես քեզ:

Անշարժությունը քո պիրկ ոտների
Դարձընում է ինձ մի խոյ օրուկված,
Որ պտտվում է չորսբոլորքը քո
Ողջ շառավիղով իր ոտնակապի:

Նա արածում է այն, ինչ աճում է
Իր ոտների տակ և քո շուրջբոլոր,
Բայց որոճում է… միայն քե՛զ ու քե՛զ
Ու բառաչում է… միայն քե՛զ համար:

Քո ստինքները՝ պարսատիկի պես,
Սպառնում են միշտ ջարդել գանգն իմ պիղծ,
Երբ ասում եմ քեզ, որ դրանք հետո
Կաղապար դարձան… սկիհի՜ համար:

Թվում է, թե քո շրթունքները փակ
Ուր որ է պիտի բարկությամբ բացվեն,
Երբ ասում եմ քեզ, որ հետագայում
Քեզ գրկել տվին մի… թո՜ւխ մանուկի:

Բայց ամեն անգամ խաղաղվում ես դու,
Երբ թաց աչքերիս երկու ափերով՝
Եղեգնիկներով իմ թարթիչների,
Քո կամքից անկախ ես ըմպում եմ քեզ:

Եվ հասկանում եմ, որ ամեն անգամ,
Երբ սկսվում է նո՛ր դարագլուխ,
Ջանում են մի կերպ խուսափել քեզնից,
Իսկ դարագլխի ավարտի վրա՝
Ինքնակամորեն քե՛զ վերադառնում:

Անտեսանելի վերջի՛դ ժամանակ,
Անտեսանելի սկզբի՛ս պահին
Հանդիպում ենք մենք… ու տրվում իրար:
Եվ չե՜ն տեսնում մեզ… չի տեսնում նույնիսկ
Ո՛չ պատվանդանըդ,
Ո՛չ կոշկատակըս…

Դու դիցուհի՞ ես;
Բայց և ի՜մն ես դու…

 

Հրանտ Ալեքսանյան |․․․Եվ քո ցեղի ցավը կրիր

Ե՛լ, Դիցուհի,
բավ է նիրհես մոռացության անձավներում,
ե՛լ, Անահիտ:
Թեև վաղուց քեզ չենք տվել պաշտամունքի ոչ
մի կաթիլ և խռովքի մառախուղն է սիրտդ
պատել, քո վառ ոգին մեր արյան մեջ լող է
տալիս իր աննկատ ելևէջով ու մեզ պահում
միշտ արգավանդ, բեղունության ձայնին հլու:
Բայց եռակի զորանում ենք, երբ արթուն է մեր
շուրթերին անունը քո, երբ հրաբորբ
պատկերիդ դեմ մաքրվում ենք ներս ու դրսից:
Տարիներն այն, որ չեն լցված աստվածային քո
շշունջով, մեց պատժում են չոր ամլությամբ և տագնապով պառակտումի…

Ել, Դիցուհի,
ել, քո կապույտ աչքերով տես,
թե ցավի ինչ նոր փոթորիկ
պայթեց ցեղիդ հոգնած գլխին,
երբ թվում էր՝ ուր-որ ահա
խիստ բաղձալի դուռ կբացվի
եւ դարավոր տառապանքից հետո մի պահ
հուր խնդությամբ պիտի ողողվենք…
Քեց, Անահիտ,
ցեղիդ վառված սիրտն է կանչում, ել ու գնա,
լքիր հավետ անձավները մոռացության ուր քեզ ոչ ոք չի ճանաչում
և չեն ուզում տեսնել ոգիդ։
Ել ու գնա քո ցեղի մոտ,
նրա ցավի չափն իմացիր,
որ նենգամիտ կորուստներից հեռու պահես
և տաս նրան կորացումի նոր հնարներ…

0, Դիցուհի, դու չես փոխվել,
քո մեշ դարձյալ բեղունության կրակն է վառ,
ուստի՛ արագ ճամփա ընկիր երկրով հայոց և քո հրաշք խոսքն ասա:-
Հայ հարսներին տուր շոյանքն այն,
որ երկունքեն նրանք անվերջ
ու կորստյան ողբերի մեջ
չսպառվեն ու լինեն արի:

Հայ այրերին տուր կորով հաղթ,
որ չճկվեն ոչ մի կռվում
բազուկները նրանց արդար և հայրենի տունը սիրեն իրենց անձից խիստ առավել:
Հայոց հողին տուր զարթոնքն այն,
որ բաժանված կտորները նորից իրար հետ է ձուլում

և կանխում է ամեն տեսակ
աղետալից շարժ իր ներսում…

Լույս Դիցուհի, հայտնի է ինձ՝
սահման չունի զորությունդ աստվածային,
սակայն եթե տկարանա մարմինը քո
և մշուշվի միտքդ պայծառ,
(այս աշխարհում հեշտ չէ անգամ
աստվածների համար հզոր),
ապա եղած ավյունը քո
գոնե հասցրու հայ հարսներին,
որ չընդհատվող կորուստների ճանապարհին
նրանք ծնեն
հանուն Ցեղի․․․

Ել, Անահիտ,
Ել, Դիցուհի,
լքիր ընդմիշտ անձանվերը մոռացության
և քո ցեղի ցավը կրիր․․․

21․12․1988

 

Արտաշէս Յարութիւնեան | Ոսիկամայր դիցուհին

Տիկին Զապել Եսայեանին

Ո՞վ ինձ կուտար ամանորի հրճուանքն հին,
Նաւասարդի մարգարտավառ ջինջ առտուն,
Սոյրն եղջերուաց, վագելն՝ ազատ եզներուն,
Ո՞վ ինձ կուտար հանդարտ ծուխը ծըխանին։
Գինով հոգիս՝ անլուռ բամբիռ՝ ցընծագին
Կը հագներգէ յուշքն հինօրեայ տօներուն,
Եւ կը փորձէ հընչել քընարն իմ թրթռուն՝
Վաղընչուց փառքն Աստուածուհւոյն ոսկեծին։
Ըզգաստութեան, իմաստութեան Մա՜յր, թոյլ տո՜ւր
Ոգել պարծանքդ՝ հոգւոյս խանդովն երկնատուր,
Եւ քընարիս բիւր լարերը թող թընդա՜ն։
Յետամընաց վիպասանն եմ շըւարուն…։
Իցի՜ւ շունչըս ձուլուի երկնից հովերուն,
Եւ յաւիտեա՜ն հընչէ նոր երգն այս գողթան։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *