* * *
Խուլ է տզրուկը գիշերվա…
Քամին հող է պտտում
Եվ աղոթքներս մուրացկան.
Ես շուռ եկա միանգամից,
Ու հայելիները ծերացան…
* * *
Քանի որ տաճարից էի եկել, ու ճամփին
Ամպն իջել էր, մի քիչ համբուրվել էինք:
Բառերի մեջ չտեղավորվող գեղեցկություն էր շուրջս,
Ու ձեռքերս, որ ցանցեր էին,
Գարուն էին որսում, դնում շրթունքներիս վրա,
Իսկ օդը հոսում էր մատներիս արանքից…
Դու իմ աչքերն ես, ժամանակի մեջ պատահաբար չվթարված,
Ու ես ոչինչ չեմ կարող անել քեզ համար:
Հայացքս անընդհատ սայթաքում էր ուրախության և տխրության վրա,
Ձեռքով բարձրացնում էի հայացքս,
Ու երգերի քամին սուլահունչ, նույն ճամփով էր անցնում անընդհատ…
Չիմացա, թե երբ սովորեցի չնկատել ցավը
Եվ անտարբեր անցա տխուր իմ փողոցով ամենօրյա:
* * *
Ամենահոգնած գույնը նստած է պատուհանիս,
Կուտակվում եմ, անհուսությամբ եմ կուտակվում…
Եվ լույսը կռացել, կոշտուկներն է հանում մենության`
Խրված նյարդիս մեջ.
Չեմ դիմադրում:
Քիչ հետո կքայլեմ, կհասնեմ մուտքի մոտ բառերի,
Կսպասեմ, մինչև որ ինձ կանչեն,
Եվ անսովոր մի ջերմություն կգրանցվի տիեզերքում,
Մաքրամիտ թռչուններ կնստեն ժայռերիս,
Ոսկեպարս մի քամի կբարձրանա,
Կճկվի օդաքայլ մեղեդին:
Իսկ հիմա, քար է լռությունը,
Լաստանավս շարժվում է օվկիանոսի վրա,
Երազի ուղղությամբ,
Ես մի քանի փորագիր եմ թողել
Գերաններին` ամրացված ինձանով…
Ու լույսի միջամտությունը
Ճակատագրական է`
Իմ ու գիշերվա երկա՜ր մենամարտում:
* * *
Մենության ալիքը
Բարձրանում, հասնում է երկինք…
Կորցնում եմ ունակությունը խոսքի,
Ու երազները տափակում են ծովերի տակ:
Պլոկվում է մաշկս,
Սթափությունը վիճակիս` տաշում է գիտակցությունս,
Ներկայությունս չեմ զգում ոչ մի տեղ,
Ու մարմինս` ափերի մեջ լացող,
Հենվում է պատուհանին ցանցկեն,
Որ երկինքն է առել իր մեջ,
Ու շարված պատերը սրտիս` բարձրանում են,
Ու միտքս անշարժության մեջ`
Ցավում է անժամկետ:
* * *
Օդի տատանումից`
Ձուլակտորներ են թափվում կապույտի,
Տեսողությունը շարժվում է դեպի լսողությունը,
Ու բառերի ոտնահետքերը շրջանցում են ժամանակը:
Մեկը բռնում է ձեռքս,
Ես ու առավոտը լողանում ենք երկար
Ու մեկնվում ենք ամպերին,
Լռությունը ջուր է հիմա` կոկորդիս մեջ մնացած,
Ու շունչս փակվում է կարոտից…
Ես դուրս եմ գալիս ինձանից
Ու շրջում եմ` ցանկապատների երկարությամբ տարիների,
Երանի չզգաս դու,
Չզգաս` երանի:
***
Օրերս մեռան ցեխաջրերում խրամատների.
Աչքերս փամփուշտներ են խրված իմ մեջ,
Եռաբլուր է ձայնս…
Բառերս՝ խաչերից իջած, քայլեցին աշխարհով մեկ
Ու կորան,
Աղոթքներս կախվեցին հաստ պարաններով լռության,
Ես անարձագանք տեղանք եմ հիմա:
***
Շենքերի արանքներից՝ մի կտոր կողալանջ, կիրճ, դաշտ,
Փողոցներից՝ մեկ, երկու գագաթ, ձյուն…
Այսպես հավաքում եմ քեզ, Լեռ իմ, հատված-հատված
Ու դնում եմ սրտիս…
***
Ձների մեջ սրտիս
Քայլում եմ որպես մահկանացու շշուկ,
Խրվում եմ ցրտի մեջ կորստյան`
Մինչև վերջ ու դուրս չեմ գալիս…
Օրը չգիտեմ որտեղից է սկսվում,
Ու ես մտնում, թե չեմ մտնում նրա մեջ,
Վաղն ուր պիտի գնամ
Եվ կգնամ արդյոք,
Քո քաոսով եմ ընդմիջված,
Ու հեռու է Աստված…
***
Երբեմն` երբ անապատս հանում եմ,
Գիշերվա քուղերս եմ արձակում,
Մի աստղ եմ դնում աչքերիս,
Համբարձվում եմ,
Մի երազ`
Զույգ ծիածան է կապում,
Ես անցնում եմ տակով,
Բառերը երևակում են միտքս`
Ինձ, երբեմն` ուրիշների համար:
Ու լույսի զորքը ծովի վրայով
Իմ ուղղությամբ է գալիս:
Ես` նվաճված լույսով,
Երկնքով նվաճված` վազում եմ…
* * *
Սիրտս բացեցի մի գավաթ ջրում
Ու տվեցի քեզ,
Ես անսիրտ մնացի, դու անսիրտ էիր վաղուց,
Եվ խոսեցի մի անհայտ բարբառով,
Ու բոլոր լեզուները մեռան:
Ժայռափոր մութ է ամենուր,
Ասֆալտապատ եմ լռությամբ:
* * *
Մի սպասում`
Կտրեց-անցավ փողոցը տարիների,
Գույները ձուլվեցին իրար,
Մառախուղն անշտապ նստեց հոգուս`
Երկար-երկար…
Ճաքավոր մի պատ կանգնեց իմ դեմ,
Պաստառված բառերը թափվեցին,
Վայրախոս մի թռչուն կռնչաց,
Ու ես վայր ընկա:
* * *
Ծառերը մոտենում են ամեն օր
Ու մատներս վարակում են կանաչով,
Պտուղներով են վարակում նրբախավ:
Եվ հյութը արևի կաթկթում է իմ մեջ,
Ու քաղում եմ եղինջները զգոնության,
Արձակուրդ եմ տալիս բնազդներիս,
Ու թախիծն իմ մարմնի չափով արտամղվում է:
Տեսողության կաթոցքներն են փայլփլում անձրևի հետ,
Ու թարթիչ-թևերն աչքերիս թափահարում են տարածությունը,
Եվ ինձանից թաքուն` բիբերս հեռու են չվում,
Ուր երեկ, այսօր, վաղը
Քնիս մեջ վեր թռչող կարոտն է` վիթխարի լռության մեջ…
Ձեռքերս, ոտքերս, մարմինս լացում են արցունքներով,
Քարեր են թափում արցունքների,
Եվ անէությունը ճանապարհ է ընկնում
Կոպից մինչև շուրթ…
-Ով կա երկնքում,-ձայն եմ տալիս,-
Ով է վերածում բույրը` բառերի,
Գույների համը ով է վերածում զգացմունքների,
Ու տառապանքը` խոստովանության,
Ով է մոռանում, երբ կամենա`
Ստվերները մեղք, ձայները` տաք ու ցուրտ…
Դարձել է կյանքս բեռնակիր` լույսի ու մթության:
Որդեգրիր ինձ, երկինք,-ասում եմ,-
Եկել եմ: