Լուսինե Եղյան | Oրագրային տեքստ՝ գրված կորոնայի օրերում նախքան վալենսիա – փարիզ տոմս գնելս

սկզբում բանաստեղծություն էի որոշել գրել ու վերնագրել էի՝ «փախստականի օրագիր», հետո զգացի, որ միանգամից կեղծում եմ փախստականին, որը, վեց մետր հեռավորության վրա նստած, գետնին վաճառում է գունավոր, արևային ակնոցներ՝ ընդամենը երկու եվրոյով։ հետո՝ «օրագիր» գրողների անհավանական էնտուզիազմը, տեսքտեր, որոնք գրվել են բանտերում, աքսորի ժամանակ, թանկարժեք ռեստորաններում, թմրանյութի կամ նարնջի հյութի ազդեցությամբ։ հետո մտածեցի իբրև մեկը, որն իրեն նեղություն է տալիս զբաղվել գրականությամբ ու երբեմն տեքստեր շռայլել հայ ժամանակակից բազմազան, խայտաբղետ գրականության ցամաքային տարածքում, որը ըստ ոլորտի մասնագետների՝ համաշխարհային գրականությանը ոչնչով չի զիջում, անգամ գերազանցում է։(իհարկե, մանավանդ երբ համեմատության երկրորդ սուբյեկտին չես նշում, կամ գոյություն չունի), որոշեցի գրել այս օրագրային տեքստը, քանի որ ոգևորված եմ ևս մի քանի շաբաթ միջերկրականից չորս կմ հեռավորության վրա ապրելու համար էս ոչ սովորական ժամանակներում։

ես ինձ բնիկ երևանցի եմ զգում վալենսիայի կենտրոնում՝ այս վարձով տանը, որտեղ ապրում եմ «կորոնայի օրերին» ու հասցրել եմ էստեղի «հայկական համայնքից» առնել «դուխով» լավաշ՝ մեկ հատը ութսուն սմ։ անային (իմ տանեցիին) ամեն օր պատմում եմ, որ խելագարվելու են չինացիները իրենց ողջ մշակույթով, տեսքով, ներամփոփ կենցաղավարությամբ, ժեստերով, ամաչկոտությամբ ու ամեն փողոցում իրենց խանութներով, որոնք մի տեսակ եվրոպայի էժանություն են, կամ ավելի շուտ՝ հասանելիությունը։ անան ինձ պատմում է միջերկրականի դիմաց ապրող ցիգանների մասին, որ մի ողջ գերդաստանով ապրում են միանման, շատ փոքր տներում՝ ծայրահեղ աղքատ, ծայրահեղ թշվառ։ հետո շարունակում է, որ կարևոր է ադապտացիան, ու էս իրանց ընտրություն է։ ինձ սարսափեցնում է «ընտրություն» բառի շեշտադրվածությունը, թե՛ այլընտրանք ունենալու, թե՛ չունենալու դեպքում, էստեղ կթողնեմ իմ դիտարկումները գրելու գայթակղությունը, քանի որ խիստ թյուր, երբեմն տաֆտալոգիկ են թվում բոլոր նեղ անձնական դիտարկումները, որոնք անընդհատ ավելորդ շահարկվում են բանավոր ու նամանավանդ գրավոր տեքստում՝ փորձ անելով ստեղծել ավելորդ հուզականություն, ավելորդ հիստերիա, շոշափելի դարձնել սեփական էգոն՝ սեփական չիմացության վրա դեղին վարագույր քաշելով։ բայց էս հարցերը՝ օրագրի հետագա էջում։
հետո մի քանի օր առաջ այս քաղաքի քաղաքապետարանի մոտ տեղացիները ցույց էին կազմակերպել, պաստառների վրա գրված էր՝ «մենք ենք տուրիստը․ մի բացեք սահմաները», ես հիշեցի պոստերը, որ հավանել էի երևանում՝ «ամուՐսար», հետո սկսեցի մտածել կոլեկտիվ գիտակցության մասին, որն էդքան էլ կարևոր չէր, քանի որ պարբերության մեջ առավել կարևոր է «սահմաներ» բառը․ «սահման բացել, սահման պահել, ճանաչել սահմաններ, սահամանամերձ գոտում ապրել, սահմանակից հարևանին լավ ճանաչել, քանի որ հաճախ թշնամիդ է և այլն»։ այստեղ ենթադրվում էին լինել չուսումնասիրված մեկնաբանումներ, զգացողություններ՝ կապիտալիզմի, լիբերալ արժեհամակարգի, քաղաքակրթության տոտալ դեգրադացիայի, իհարկե կոմունիզմի ու մնացյալի մասին, բայց էս օրագիրը չունի հարաբերում խոսելու։
երևանում ես սիրում եմ ասել, որ ղարաբաղցի եմ, չնայած էտ էտքան էլ ճշմարտություն չի։ առհասարակ ինքնության մասին խոսակցությունները տապալված են, երբ ունես id ու անորոշ մտքեր երևան վերադառնալու, PhD -ի, գրքի ու վիետնամ գնալու մասին, նաև՝ օգտակարության ու հոգածության զգացում, որ շատանում է մեջս, մանավանդ էս խառը-խուռը օրերին, երբ չեղարկված թռիչքների մի ամբողջ հավաքածու ունեմ ու երբեմն նևրոտիկ անհանգստություն․ վերադառնալ – շարունակել սովորել – թույն սթարթափ մտածել – սիրել երևանը՝ ինչպես սեփական անձն ես մոռացությամ մատնում – մտածել, ինչ կարևոր են ամբիոն դիմաց կանգնած մարդու ժեստերն ու հոգեկան խաղաղությունը – ինչ պարզունակ է մեր ջղաձգումն ամեն հանդիպումից առաջ ու հետո։
աչքեր, որ տեսել ու չեն հասկացել գաուդիի ճարտարապետությունը լիովին․ իմ հետսովետական, տուֆոտ բանականությունը շատ փոշոտ է գույների էդ ալիքը առաջին ֆազով մարսելու համար։ հետո օվիանո՜սն ու անջրությունս՝ երբեք չապրելու նավերի սակավաթիվ բնակիչների նման։

հա, ու ազդեցություններիս մասին*
էս տեքստը գրելու ընթացքում  սա եմ լսել,
ընկերներիցս մեկի հետ խոսել եմ իսլամից,
խմել եմ եռացրած ջուր, նեսկաֆե ու գասպաչո,
փորձեմ եմ կարդալ ներուդա ու հասկացել ուղիղ 3․1%-ը,
ընթացքում մի քանի անգամ բացել եմ ֆայլ, որտեղ պետք է սկսեմ հոդված գրել,
օրագրից որոշ հատվածներ գրել եմ տանս շատ մոտ սրճարանում, այգում ու հարևանիս տան կղմինդրին նայելիս։
հա, ու ապագա գրքիս մասին խորհրդակցել եմ ընկերներիս հետ
կարդացել թույն տեքստեր (եթե հետաքրքրված եք, գրեք անձնական նամակ, ու ես կուղարկեմ), նաև անիին խնդրել եմ, որ սրբագրի այն։

մինչ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *