Շու Ցիաո | Փափուկ և համեղ ձվածեղ

Կեսօրից հետո ժամը երեքին շատ կարևոր հանդիպում ունեմ։ Հիվանդասենյակից շուտ գնալու թույլտվություն խնդրեցի և տուն վերադարձա։ Անցյալ գիշեր մի լավ մաքրեցի բնակարանը, բայց դեռ չէի համարում, թե դա ճիշտ է։ Ինձ համար մեկ գավաթ թեյ լցրեցի և հյուրասենյակում նստեցի բազկաթոռին՝ զննելով մյուս կողմում գտնվող երկտեղանոց բազկաթոռը, որտեղ դեղին և մոխրագույն մի քանի բարձ էի դրել։

Ինձ թվում էր, թե դրանք այս կամ այն դիրքով դնելը հարմար չէր, բայց երբ տեղափոխեցի, դարձյալ հարմար չէր։

Ժամացույցը 2:50 էր ցույց տալիս։ Գավաթիս մեջ բավականաչափ թեյի տերևներ չէի դրել։ Թեյը մի քիչ անհամ էր ստացվել։

Բացի սպասելուց, ուրիշ բան չկար անելու։ Շարունակում էի նայել տարբեր չափերի դեղին և մոխրագույն բարձերին։ Դրանք հինգն էին՝ երկուսը մեծ, երեքը փոքր։

Դարչնա-դեղնավուն և գորշ ծեխագույն պուտերով բարձեր։ Դրանք են թադրաբար նոր մոդայիկ գունային համադրումներ էին։ Հաստ կտորի վրա այսուհանդես դաջված մեծ ու փոքր շրջանակներ։ Պետք է որ փոփ-արվեստի նախշեր լինեին։ Ամեն դեպքում, երկտեղանոց բազկաթոռին գցված՝ փոփ-արվեստ ներկայացնող հինգ բարձերը, որոնց վրա ոչ մի հյուր չէր նստել, պարզապես չափազանց շատ էին թվում։

Դռան զանգը հնչեց 2:56-ին։ Սա, անշուշտ, ճշտապահ հյուր էր։

Շեմին ջերմակամորթ մի աղջիկ էր կանգնած։
— Ձեզ սպիսել եմ սպասե՞լ։
— Ա-ա, ես կասեի, որ ճիշտ ժամանակին եք եկել։

Կռացա և նրան մի զույգ հողաթափ մեկնեցի։ Նայեցի նրան ներքևից վերև՝ թենիսի մարզակոշիկներից վեր, ծնկներից մինչև շրջազգեստը, մինչև գոտկատեղին կապված կաշվե ամրագոտին, մինչև կուրծքն ու դեմքը։ Ապա կրկին զննեցի նրան։

Բացառիկ գեղեցիկ մաշկ ուներ։ Այն փայլում էր և փոքր-ինչ նման էր փափուկ ու քաղցր, կաթնագույն սերուցքային իրիս կոնֆետի։ Թեեվ դիմագծերում առանձնահատուկ ոչինչ չկար։ Նա փոքր էր ու նրբագեղ, բայց համարձակությամբ ու ինքնավստահությամբ լի, ինչպես այդ տարիքի բոլոր աղջիկները։

Ներս մտավ և վստահ նստեց հատուկ հյուրերիս համար պատրաստված երկտեղանոց բազկաթոռին։ Արագ հավաքեց ու մի կողմի վրա դրեց երկար տանջանքով դասավորածս բարձերը, և շարունակեց վարվել ցանկացած այլ հյուրի նման՝ ընդունելով հյուրասիրությունը, որն առաջարկեցի նախքան նրան ընկերակցելը։

Հյուրերը բոլորն այդպիսին են. ուզում են նախ նստել և հարմարվել իրենց շրջապատին։ Հետո պատրաստ են զրուցել տանտիրոջ հետ։

Բայց առաջին թեմայի քննարկումը տանտերը պետք է սկսի։

Մեկ րոպե բավականին սրտառուջ լռությունից հետո ես սկսեցի։
— Այսօր կեսօրից հետո դասեր չունե՞ք։
— Հմ՞մ,— նա իր հարթ, փոքրիկ մատներով բարձրացրեց գավաթը։— Ուզում եք իմանալ, թե ինչո՞ւ ենք հիմա հանդիպում։
— Ոչ։ Ուղղակի նկատեցի, որ համազգեստով չեք։ Ձեր դպրոցական համազգեստները բավականին գրավիչ են։
— Իսկապե՞ս։

Նա ինձ նայեց մի փոքր զարմացած։

Մի պահ լռեց, ապա ասաց։
— Դպրոցն արդեն վտարել է Ուսուցչին և ինձ։

Բառերը նրա բերանից ելնում էին արծաթահունչ, պարզ ու դյուրաբեկ, ասես փոքրիկ մի թռչուն լիներ։ Դրանք արձագանքում էին հյուրասենյակի օդի մեջ։

Խոհանոցում թեյամանը ձայն արձակեց՝ բա՛մ։ Անջատիչը չրխկալով իր սկզբնական դիրքին վերադարձավ։ Ջուրը եռում էր։

Վեր կացա և գնացի խոհանոց՝ ինձ համար մի գավաթ թեյ լցնելու, նա և ոտքերիս թմրածությունն անցկացնելու։ Չգիտեի, թե ինչ ասեմ նրան։
— Իրո՞ք։ Արդեն վտարե՞լ են…

Բազկաթոռին նստելով՝ քրթմնջացի նրա խոսքերը։
— Այո։ Դրա համար էլ որոշեցի գալ ու խոսել ձեզ հետ։
— Բայց ես իսկապես գաղափար չունեմ, թե որտեղ կարող եմ օգնել։

Ապշած հայացքով նայեցի նրա դեմքին։ Նա իմ հայացքին պատասխանեց դեմքի մեկ այլ արտահայտությամբ՝ խոր մտահոգված և հույսով լի։

Այդ հայացքն ինձ սարսափեցրեց։

Հեռանալուց առաջ ամուսինս մի քանի անգամ փորձել էր լուրջ զրույց ունենալ ինձ հետ, և միշտ նրա դեմքին ճիշտ այդ նույն արտահայտությունն էր։

— Հմ՛մ, անկեղծ ասած՝ իրոք չգիտեմ, թե ինչ պետք է անեմ,— կմկմացի ես։— Ի վերջո, նա ինձ լքեց չորս ամիս առաջ։ Ես նրա համար բացառապես անօգուտ էի, դրա համար էլ լքեց ինձ։

Աղջիկը ոտքի կանգնեց փոքր-ինչ նյարդայնացած։
— Բայց նա ի վերջո ձեր ամուսինն էր։ Չե՞ք կարծում, որ մի քիչ տարօրինակ էր այն փաստը, որ ոչինչ չեք իմացել մեր չորսամսյա կապի մասին։
— Դե, գուցե մի քիչ…
— Նա ձեզ այլևս չի՞ հետաքրքրում։
— Ի՞նչ ասեմ…
— Դա ա՞յն է, ինչն անվանում են անսեր ամուսնություն։
— Հմ՛մ։ Դե, հա…
— Ուրեմն, այս չորս ամսվա ընթացքում պարզապես որոշել եք ընդունե՞լ ամուսնալուծությունը։

Բառերը չափազանց արագ էր արտաբերում։ Շատ ուժեղ մեկը դուրս եկավ։ Այդպիսի մեկի հետ զրուցելը հեշտ չէր ինձ համար։ Բայց ինչ էլ լիներ, ես դեռ կարող էի իրավիճակը գնահատելու ժամանակ ունենալ։

Պետք է նրան մտածված պատասխան տալ։ Մեր երկուսի համար։
— Ճիշտն ասած, չեմ կարծում, թե դա ձեր երկուսի համար օգտակար կլինի,— ասացի խիստ գործնական տոնով։

Իր հարցերն արագ կրակելուց հետո նա թրմփալով ընկավ երկտեղանոց բազկաթոռին։ Մեղմ փնչացնում էր՝ սպասելով իմ պատասխանին։

Երբ պատասխանս լսեց, քիթի տակ ծիծաղեց։
— Հրե՛շ,— բացականչեց։
— Ի՞նչ։
— Հրեշի մեկն ես։

Երկար և խորը շունչ քաշեց, ասես կրկնում էր ինքն իրեն, ապա լայն ծպտաց։
— Ծխելու բան ունե՞ք այստեղ։
— Խոհանոցի պահարանում։

Աղջիկը ոչ միայն մի տուփ ծխախոտ բերեց հյուրասենյակ, այլ նաև փոքրիկ մոխրաման։

Չորս ամիսների ընթացքում, երբ ամուսինս ապրում էր մեկ այլ կնոջ հետ, ոչ ոք բնակարանում չէր ծխել։ Օդը կորցրել էր ծխի բոլոր հետքերը, և մոխրամանները մաքուր էին։

Բայց հիմա երիտասարդ աղջիկը, որը քնել էր ամուսնուս հետ, եկել և ծխախոտ էր վառում։ Այդ ամենը փոքր-ինչ տարօրինակ էր։
— Ուսուցիչն ինձ երբեք չէր թողնում ծխել։ Նա ընդհանրապես ոչ մի աշակերտի չէր թողնում ծխել։

Աղջիկը ճարպկորեն թափ տվեց ծխախոտի մոխիրը։
— Կողքիս ունենալով այդպիսի մեծ ուսուցիչ՝ ես միշտ մեծ ճնշման տակ եմ, էլ չեմ ասում՝ նրա հետ ապրելով։ Միշտ սպիպում է այս ու այն անել կամ այս ու այն չանել։ Եվ այդ ամենը՝ «իմ օգուտի համար»։
— Հա։ Նա իրոք տիպ է։
— Իսկապե՞ս։ Նա միշտ այդպիսի՞ն էր։ Երբ միասին էիք, էլի՞ այդպիսին էր։
— Իհարկե։
— Իսկ ինչպե՞ս եք, ա-ամ, համակերպվում դրա հետ։
— Պարզապես ուշադրություն մի՛ դարձրու նրա վրա,— ասացի։— Որոշ բաներ ավելի լավ է անտեսել։ Կոկա-կոլա կուզե՞ս։
— Այո։
— Սառո՞ւյց։
— Սառույց էլ։

Նայեց, թե ինչպես եմ լցնում իր բաժակը, ապա սառույցի վեց խորանարդիկ ավելացրեց։
— Սառույցը քիչ էր։ Գնամ մի քիչ էլ սարքեմ։

Նա հետս եկավ խոհանոց՝ օգնելու ինձ։
— Ուսուցիչն ասում է, որ բժիշկ եք։
— Հա։
— Ի՞նց բժիշկ։
— Դե… Գերիատրիկ բժիշկ։ Ծերաբույժ։ Մարդիկ ծերանում են, հիվանդանում են (կամ ոչ) և մահանում ծերանոցում։ Ես նրանց բուժման ու խնամքի հարցերով եմ զբաղվում՝ նրանց վախճանվելուց առաջ։ Երբ նրանք հասնում են իրենց կյանքի մայրամուտին, բնական է, որ բուժման և խնամքի կարիք են զգում։ Միակ բանը, որ պետք է անել, նրանց մահը թեթևացնելն է։ Ծերանոցը չպետք է ուրիշ բաների խառնվի։ Եվ հարազատները գոհ կլինեն։
— Ուրեմն, Ուսուցչի գործի հետ ընդհանուր ոչինչ չկա՞։
— Դա, անկասկած, այն աշխատանքը չէ, որ հույս է ներշնչում,— ասում եմ։

Միասին աշխատեցինք խոհանոցում՝ սառցարանի մեջ դնելով ջրով լի պլաստմասե ամանը։
— Ինչպե՞ս եք առաջին անգամ հանդիպել։

— Պատահական ռոմանտիկ հանդիպում էր։
— Օ՛, դուք, ձեր սերունդը սիրում էր դա անել,— քրթմնջաց նա։
— Դա այնքան էլ վաղուց չէր։

Հիշեցի, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցի ամուսնուս, ինչպես սիրահարվեցինք, հետո ամուսնացանք։ Վեց կամ յոթ տարի առաջ ընդամենը։ Բայց վեց կամ յոթ տարին այս երիտասարդ աղջկա համար կարծես հավերժություն էր։
— Ինչո՞ւ երեխաներ չունեցաք։

Ոչինչ չասացի։ Փակեցի սառցարանի դուռը և ետ գնացի ուղիղ հյուրասենյակ։ Վերցրի սառը թեյիս գավաթը և մի կում արեցի։
— Կներ եք։ Երևի ձեր ցավոտ տեղի՞ն կպա։
— Ոչ։ Խոհանոցում շատ շոգ է։ Իսկ ես ծարավ եմ։

Բարձրացրի գավաթը և մի կում էլ խմեցի։ Այս եղանակին սառը թեյ խմելը լավ է։
— Հիմա… ինչու երեխաներ չունեցա՞նք։ Դե, երբ ամուսնացանք, արդեն ծեր էինք։ Դրան ավելացրու մեր երկուսի աշխատանքը, և կարծում եմ պարզ կլինի, որ չենք ցանկացել նաև։

Աղջիկը թեթևակի ծպտաց։
— Քաղցած եմ,— ասաց։— Ուտելու ի՞նչ ունեք։
— Ոչինչ։
— Լավ, իսկ ի՞նչ եք ուտում սովորաբար։
— Հետս տուփի մեջ ուտելիք եմ տանում, երբ արտաժամ եմ աշխատում։
— Իսկ եթե արտաժամ չեք աշխատո՞ւմ։
— Այդ դեպքում տուփը տուն եմ բերում։
— Կարո՞ղ եմ սառնարանի մեջ նայել։
— Այո, իմ հյուրն ես։

Նա բացեց սառնարանի դուռը և գլուխը ներս մտցրեց՝ խառնշտելով։

Աչք գցեց նաև խոհանոցի գազօջախի վրա։ Երբ սառնարանի դուռը փակել էր, տեսա, որ չորս ձու է հանել։
— Ուզում եմ ծվածեղ անել, լա՞վ։
— Հմ՞…
— Կլինի, չէ՞։
— Այո, իհարկե։ Բայց ինչո՞ւ ծվածեղ։
— Որովհետև ձեր տանը միայն չորս ձու և մեկ փոքրիկ թավա կա,— պատասխանեց նյարդայնացած՝ աչքերը պտտելով։ Ձեռքերը լվացի և սկսեց ձվերը ջարդել՝ շարունակելով խոսել։

— Եթե հինգ կամ վեց ձու ունենայի, ձեզ համար իտալական ծվածեղ՝ ֆրիտտատա կպատրաստեի։ Հինգ կամ վեց ձու ունենալու դեպքում արժեր նաև մի քիչ բանջարեղեն գնել և պատրաստել դա։
— Իսկ եթե նույնիսկ չորսը չունե՞ս։
— Ուրեմն չարժե խանութ գնալ։
— Այստեղ մի քանի ձու եմ ունենում սովորաբար, ասենք՝ մի երկու-երեքը։
— Եթե երեք ձու է,— ասաց՝ թավայի մեջ յուղ լցնելով,— ավելի լավ է ծվածեղ անել։ Եթե երկուսն է, ավելի լավ է խաշել, բայց դեղնուցները շատ պինդ չլինեն։
— Իսկ եթե մե՞կն է։
— Ուրեմն չարժե չարչարվել։ Ուղղակի դեն նետեք,— ասաց սառը տոնով։

Գազօջախը միացրեց։ Կապույտ բոցն սկսեց թրթռալ։ Քիչ անց փայտիկներով սկսեց խառնել ձվերը։ Ապա լցրեց թավայի մեջ։
— Պատրաստելու ժամանակն է,— ասաց։ Սկզբում լցրեց բարակ շերտով, ապա սպասեց, որ շերտը պնդանա։ Հետո նոր շերտ լցրեց։ Ապա հաջորդը։

Թավայի մեջ աստիճանաբար սկսեց վեր բարձրանալ հաստ, գայթակղիչ, փքուն մի կիսաշրջան։

Ես կանգնած հիանում էի։ Անկեղծորեն հաճույախոսեցի։
— Ի՛նչ գեղեցիկ ծվածեղ է։
— Եթե քառակուսի թավայում արվեր, ավելի տպավորիչ կլիներ,— հանգիստ արձագանքեց աղջիկը։
— Կարո՞ղ եմ համտեսել։
— Իհարկե։

Վերցրի երկու փոքր ափսե, երկու զույգ փայտիկ և դրանք տարա խոհանոց։

Ծվածեղն արդեն ճենապակե ափսեի վրա էր, որ Աստված գիտե որտեղից էր նա գտել։ Ափսեն դրվեց սեղանին։
— Ի՞նց համ ունի,— հարցրի ապուշի պես։
— Չգիտեի՝ քա՞ղցր եք սիրում, թե՞ կծու, դրա համար էլ և՛ սոյայի սոուս ավելացրի, և՛ շաքար։
— Կծու եմ սիրում։

Փայտիկներովս մի մեծ կտոր վերցրի հաստ ծվածեղից և բերանս տարա՝ համտեսել անելու։ Ինչպես և սպասում էի, համեղ էր ու հյութալի։ Բերանիս մեջ զգում էի շերտերը։

Հիացմունքով վայելում էի ճաշակածս, երբ հանկարծ աղջիկն ասաց։

— Ուսուցիչը քաղցր է սիրում։

Բերանս լիքն էր, և ես հանկարծ հասկացա, որ աղջիկը դեռ այստեղ էր։

Մի պահ լռություն էր, և լսվում էր, թե ինչպես եմ ծամում ու կուլ տալիս։

Հազիվ էի կուլ տվել համեղ պատառը, երբ շրջվեցի նրա կողմը և անկեղծորեն ասացի։
— Կներես։

Նա ուղիղ ինձ էր նայում՝ առանց մի բառ ասելու։ Ասես իր աչքերում ամրագրում էր իմ զզվելի պատկերը՝ ծվածեղ խժռելիս։ «Իրոք ցավում եմ»։

Ինքս ինձ ասացի. «Երբեք այսքան լավ ծվածեղ չեմ կերել»։ Աղջիկը լուռ էր։ Մտածեցի՝ երևի ուր որ է կարտասվի։

Բայց նա չարտասվեց։

Ընդհակառակը, իմ աչքերն էին արցունքոտվել։
— Տես, է՛… Ես երբեք այսքան լավ չեմ պատրաստել,— ասացի՝ հոտ քաշելով։— Ես երբեք լավ կին չեմ եղել։ Քո աչքերում՝ նույնիսկ արժանի մրցակից չեմ։

Նրա դեմքը լուրջ արտահայտություն ստացավ։ Տեղից անգամ չշարժվեց։
— Ուրեմն, լավ բժի՞շկ եք։
— Դե… Չեմ կարծում։

Նա բարձր ծիծաղեց։
— Օ՛, շատ տխուր է ձեր կյանքը։

Դառն ծիծաղեցի։ Նա ճիշտ էր։

Արագ ոտքի ելավ, ուշադիր նայեց դեմքիս։
— Լավ, ես վաղը կգնամ։
— Հմ՞։
— Ասացի՝ վաղը կգնամ։
— Գնալու եմ ուրիշ տեղ՝ ավագ դպրոցում սովորելու։
— Ինչո՞ւ։
— Չլսեցի՞ք ինձ։
— Ինձ վտարել են։ Իմ և Ուսուցչի պատճառով։
— Ուրեմն…
— Ուրեմն պետք է գնամ ուրիշ տեղ և ավագ դպրոց ընդունվեմ։ Կասեմ՝ ծնողներս աշխատանքը փոխել են։ Կամ նման մի բան։ Մայրս արդեն ամեն ինչ կազմակերպել է։
— Իսկ նա՞ ինչ է անելու։
— Նա՞։ Նկատի ունեք Ուսուցչի՞ն։ Դե, պարզ է, ես լքել եմ նրան։

Երբ նայեցի դեմքին, իսկապես մտահոգվեցի նրա համար։
— Ուրեմն, եկել էիր, որ այսօր այդ մասի՞ն ասեիր ինձ։
— Ի՞նց։ Ոչ մի դեպքում։ Չեմ եկել մրցակցուհուս ասելու՝ «Հեյ, վաղն ամուսնուդ քեզ եմ վերադարձնելու»։
— Բայց պարզ ասացիր, որ կապերդ խզել ես նրա հետ։
— Դա պարզապես պատահականություն է։

Մի ծխախոտ էլ վառեց և ուրախ ժպիտը դեմքին շարունակեց։
— Պարզ չէ՞։ Եկել եմ ձեզ սովորեցնեմ, թե ինչպես պետք է ծվածեղ պատրաստել։
— Դա պարզապես…
— Բայց լուրջ…,— հայացքը խոնարհեց և ծխախոտի մոխիրը թափ տվեց։— Լավ էլ ջոկող եք։
— Ե՞ս։ Ինչո՞ւ։
— Որովհետև,— ասաց կամաց,— իրերը կոչում եք իրենց անունով։— Ասացիք՝ «Չեմ կարծում, որ կշարունակեք ձեր հարաբերությունները»։ Եվ Ուսուցիչն ու ես իսկապես… իրո՛ք իրար համար չենք ստեղծված։
— Հա…
— Բանն այն է, որ,— շարունակեց,— Ուսուցիչն ու ես նույն նավակի մեջ ենք։ Գնալու տեղ չունենք, նույն վիճակում ենք։ Եթե նույնիսկ վերադարձնեք նրան, դա պարզապես մի մեծ խառնաշփոթ կլինի, գլխացավանքի մեջ կընկնեք։
— Անկեղծորեն՝ ես էլ չեմ սիրում դժբախտությունները գրկաբաց ընդունել,— ասացի։— Ինչպես ասում են, իմ կյանքում և աշխատանքում կարծես ուրիշ բան չեմ անում, միայն գլխացավանքի մեջ եմ ընկնում։
— Դե, լավ է ուրեմն։

Աղջիկը գնաց 5:45-ին։ Հեռանալիս շրջվեց և ինձ ասաց։
— Հետևեք բոցին։ Սկզբից մինչև վերջ պետք է այն պահեք ճիշտ բարձրության վրա՝ ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր։ Ահա այդպես կպատրաստեք փափուկ և համեղ ծվածեղ։

Թարգմանությունը անգլերենից՝ Խորեն Գասպարյանի

Պատմվածքը արտատպված է «Աղի ձայն» ժողովածուից

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *