— Այ ասում եք, թե մարդն անկարող է իրեն հասկանալ՝ ինչն է լավ, ինչը՝ վատ, թե ամեն ինչի մեղավորը միջավայրն է, միջավայրն ուտում է մարդուն: Իսկ իմ կարծիքով՝ դիպվածն է որոշում ամեն ինչ: Ահա մի դեպք իմ կյանքից:
Այսպես խոսեց բոլորից հարգված Իվան Վասիլևիչը մեր զրույցից հետո այն մասին, որ ինքնակատարելագործման համար նախևառաջ պետք է փոխել մարդկանց կեցության պայմանները: Ըստ էության, ոչ ոք չէր պնդում, թե մարդն անկարող է հասկանալ՝ ինչն է լավ, ինչը՝ վատ, բայց Իվան Վասիլևիչի սովորությունն էր՝ պատասխանել սեփական, խոսակցության ընթացքում ծնվող մտքերին և ըստ առիթի՝ պատմել իր կյանքից: Հաճախ պատմությամբ տարվելով՝ լրիվ մոռանում էր առիթը, մանավանդ, որ շատ անկեղծ ու ճշմարտացի էր պատմում: Այս անգամ՝ նույնպես:
— Ես իմ մասին կասեմ: Ողջ կյանքս հենց այսպես դասավորվեց ոչ թե միջավայրի, այլ բոլորովին ուրիշ պատճառով:
— Ի՞նչ պատճառով,— հարցրինք մենք:
— Երկար պատմություն է: Հասկանալու համար շատ բան պիտի պատմեմ:
— Դուք էլ պատմեք:
Իվան Վասիլևիչը մտքի մեջ ընկավ, օրորեց գլուխը:
— Այո՛,— ասաց նա:— Ողջ կյանքս փոխվեց մի գիշերվանիից, ավելի ճիշտ՝ առավոտից:
— Ինչո՞ւ, ի՞նչ պատահեց:
— Պատահեց այն, որ թունդ սիրահարված էի: Հաճախ էի սիրահարվում, բայց այս մեկը ամենաուժեղ սերն էր: Անցած պատմություն է, նա արդեն ամուսնացած աղջիկներ ունի: Բ.-ն էր… այո՛, Վարենկա Բ.-ն,— Իվան Վասիլևիչն ազգանունը տվեց:— Հիսուն տարեկանում էլ հմայիչ գեղեցկուհի է: Բայց ջահել ժամանակ, տասնութ տարեկան, սքանչելի էր. բարձրահասակ, վայելչակազմ, գեղանի, վեհատես, այո՛, հենց վեհատես: Մեջքը միշտ արտակարգ շիտակ էր պահում, ասես այլ կերպ չէր կարող, գլուխը մի քիչ հետ գցած, և գեղեցկության ու բարձր հասակի հետ, չնայած նիհարությանը, նույնիսկ ոսկրոտ լինելուն, դա նրան վեհաշուք տեսք էր տալիս, ինչը գուցե և վանող լիներ, եթե չլինեին մշտական ուրախ ժպիտը, շրթունքները, սքանչելի շողշողուն աչքերը ու նրա ողջ գրավիչ, ջահել էությունը:
— Ո՜նց է նկարագրում Իվան Վասիլևիչը:
— Ինչպես էլ նկարագրես, անհնար է այնպես պատկերել, որ բոլորը հասկանան՝ ինչպիսին էր: Բայց խնդիրը դա չէ. ինչ ցանկանում եմ պատմել, տեղի է ունեցել քառասունական թվականներին: Ես այդ ժամանակ գավառական համալսարանի ուսանող էի: Չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց այդ ժամանակ մեր համալսարանում չկար ոչ մի խմբակ, ոչ մի տեսություն, պարզապես ջահել էինք և ապրում էինք այնպես, ինչպես հատուկ է երիտասարդներին՝ սովորում ու զվարճանում էինք: Ես շատ ուրախ ու աշխույժ երիտասարդ էի, նաև՝ հարուստ: Մի կրակոտ վարգաձի ունեի, օրիորդների հետ սահնակով սղղում էի բլուրներից (չմուշկները դեռ տարածված չէին), քեֆ էի անում ընկերներիս հետ (այն ժամանակ շամպայնից բացի ուրիշ բան չէինք խմում. փող չէր լինում՝ ընդհանրապես չէինք խմում, ոչ թե հիմիկվա պես՝ օղի): Իսկ իմ ամենամեծ վայելքը երեկույթներն ու պարահանդեսներն էին: Լավ էի պարում ու անճոռնի չէի:
— Համեստություն մի արեք,— ընդհատեց կանանցից մեկը:— Մեզ ախր ծանոթ է ձեր դագերոտիպը: Ի՜նչ անճոռնի, գեղեցիկ տղամարդ եք եղել:
— Գեղեցիկը՝ գեղեցիկ, բայց խնդիրն այդ չէ: Խնդիրն այն է, որ նրա հանդեպ սիրո ամենաուժգին պահին՝ Բարեկենդանի վերջին օրը պարահանդեսի էի նահանգական պարագլխի տանը, որ մի բարեհոգի ծերուկ էր, մեծահարուստ, հյուրընկալ սենեկապետ: Մեզ դիմավորեց նրա՝ իր պես բարեհամբույր կինը՝ թավշյա գորշակարմիր զգեստով, ադամանդե ճակատազարդով և բաց ծեր, թմբլիկ, ճերմակ ուսերով ու կրծքով, ինչպես Ելիզավետա Պետրովնայի դիմանկարներում: Հրաշալի պարահանդես էր. սքանչելի, վերնասրահներով դահլիճ, երաժիշտները՝ մի կալվածատիրոջ այն ժամանակ հայտնի ճորտերը, հրաշալի բուֆետ ու շամպայնի ծփացող ծով: Չնայած շամպայնի սիրահար էի, բայց չէի խմում, որովհետև առանց գինու էլ հարբած էի սիրուց, փոխարենը՝ ուժասպառ լինելու չափ պարեցի՝ և՛ կադրիլ, և՛ վալս, և՛ պոլկա, բնականաբար, որքան հնարավոր էր՝ Վարենկայի հետ: Նա կարմրագոտի ճերմակ զգեստով էր, նիհար, սուր արմունկներին չհասնող ճերմակ լայքայե ձեռնոցներով ու սպիտակ կերպասե ոտնամաններով: Մազուրկան ինձնից խլեցին. նողկալի ինժեներ Անիսիմովը, մինչ օրս չեմ կարողանում ներել, ներս մտնելուն պես հրավիրել էր նրան, իսկ ես վարսավիրանոց էի մտել, հետո գնացել ձեռնոցների հետևից և ուշացա: Այնպես որ, մազուրկան նրա հետ չպարեցի, այլ մի գերմանուհու, ում առաջներում մի քիչ սիրահետել էի: Բայց վախենամ, որ այդ երեկո այնքան էլ հարգալից չէի, նրան չէի նայում, տեսնում էի միայն վարդագույն գոտիով ճերմակազգեստ կերպարանքը, նրա շողացող, վարդագունած, փոսիկներով դեմքը ու քնքուշ, սիրելի աչքերը: Միայն ես չէ, բոլորն էին նայում նրան, հիանում էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք, չնայած ստվերում էր թողել բոլորին: Անհնար էր նրանով չհիանալ:
Այսպես ասած՝ օրենքով մազուրկա չպարեցի, բայց իրականում շարունակ նրա հետ էի պարում: Առանց քաշվելու, սրահը կտրելով՝ գալիս էր ուղիղ իմ կողմը, ես հրավերի չսպասելով՝ վեր էի թռչում, նա պարզում էր ձեռքը և ժպիտով շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իսկ երբ երկուսով էինք մոտենում, և նա առաջնությունը տալիս էր ուրիշին, ձեռքս բռնելով՝ սեղմում էր բարակ մատներով և ժպտում` ի նշան ափսոսանքի ու սփոփման: Վալսի երկար պտույտներին արագ շնչելով ժպտում ու ասում էր «Encore»: Եվ էլի ու էլի էի պտտվում՝ մարմինս չզգալով:
— Ինչպե՞ս չէիք զգում, կարծում եմ՝ լավ էլ զգում էիք, երբ գրկում էիք նրա մեջքը, ոչ միայն ձերը, նրա մարմինն էլ էիք զգում,— ասաց հյուրերից մեկը:
Իվան Վասիլևիչը հանկարծ կարմրեց ու զայրանալով՝ համարյա գոռաց.
— Այդ եք, ա՜յդ, հիմիկվա երիտասարդությունը: Մարմնից բացի, ոչինչ չեք տեսնում: Մեր ժամանակ այդպես չէր: Որքան ուժգին էի սիրում, այնքան անմարմին էր դառնում նա ինձ համար: Հիմա դուք ոտքեր եք տեսնում, կոճեր ու էլի ինչ-որ բաներ: Դուք մերկացնում եք սիրած կանանց, իսկ ինձ համար, ինչպես ասում էր Alphonse Karr-ը, լավ գրող էր, իմ սիրո առարկայի հագին միշտ բրոնզե հանդերձանք էր: Մենք ոչ թե մերկացնում, այլ ջանում էինք ծածկել մերկությունը, Նոյի բարի որդու պես: Բայց դուք չեք հասկանա…
— Մի՛ լսեք նրան: Իսկ հետո՞,— ասաց մեզնից մեկը:
— Այո՛: Եվ ուրեմն, ավելի շատ նրա հետ էի պարում ու չնկատեցի՝ ինչպես անցավ ժամանակը: Երաժիշտներն արդեն հուսահատ հոգնությամբ, որ, գիտեք, ինչպես է լինում պարահանդեսի վերջում, կրկնում էին մազուրկայի շարունակ նույն մեղեդին, հայրիկ-մայրիկները վեր էին կենում թղթախաղի սեղանների մոտից՝ սպասելով ընթրիքին, սպասավորները, ինչ-որ բան տանել-բերելով, ավելի հաճախ էին ներսուդուրս անում: Ժամը երեքն էր: Պետք էր օգտվել վերջին րոպեներից: Ես նորից հրավիրեցի նրան, և արդեն հարյուրերորդ անգամ պտտվեցինք սրահի երկարությամբ:
— Ընթրիքից հետո կադրիլն իմն է, չէ՞,— հարցրի՝ նրան իր տեղն ուղեկցելով:
— Բնականաբար, եթե ինձ չտանեն,— ժպտալով ասաց նա:
— Չեմ թողնի,— ասացի ես:
— Տվեք հովհարս,— ասաց նա:
— Կկարոտեմ,— ասացի՝ էժանագին սպիտակ հովհարը մատուցելով:
— Ահա՛, որ չափսոսաք,— ասաց նա, մի փետուր պոկեց հովհարից ու տվեց ինձ:
Ես վերցրի փետուրը և միայն հայացքով կարող էի արտահայտել իմ ողջ հիացմունքն ու երախտագիտությունը: Ոչ միայն ուրախ ու գոհ էի, ես երջանիկ էի, երանության մեջ, ես բարի էի, ես ես չէի, այլ ինչ-որ աներկրային արարած, որը չգիտեր ինչ է չարությունը և ընդունակ էր միայն բարու: Փետուրը պահեցի ձեռնոցիս մեջ ու կանգնել-մնացել ու չէի կարողանում հեռանալ նրանից:
— Նայե՛ք, հայրիկիս խնդրում են, որ պարի,— ասաց նա՝ մատնացույց անելով բարձրահասակ բարեկազմ հորը՝ արծաթե ուսադիրներով գնդապետին, որ տանտիրուհու և այլ տիկնանց հետ կանգնած էր դռների մեջ:
— Վա՛րենկա, եկեք այստեղ,— լսեցինք ադամանդյա ճակատազարդով ու եղիսաբեթյան ուսերով տանտիրուհու բարձր ձայնը:
Վարենկան մոտեցավ դռանը, ես հետևեցի նրան:
— Ma chere, համոզեք ձեր հորը, որ մի պտույտ անի ձեզ հետ: Շատ եմ խնդրում, Պյո՛տր Վլադիսլավիչ,— գնդապետին դիմեց տանտիրուհին:
Վարենկայի հայրը շատ գեղեցիկ, բարեկազմ, բարձրահասակ ու թարմ ծերուկ էր: Դեմքը թունդ վարդագույն էր, a la Nicolas I ոլորած բեղերով, սպիտակ, բեղերին հասնող այտամորուսներով ու առաջ սանրած քունքամազերով, և դստեր նույն ուրախ ժպիտն էր շողացող աչքերում ու շրթունքներին: Հրաշալի կազմվածք ուներ. լայն, սակավաթիվ շքանշաններով զարդարված, զինվորականի ցցուն կուրծք, ուժեղ ուսեր ու երկար բարեկազմ ոտքեր: Նիկոլաևյան վարժվածքի հին ու փորձված զորապետի տիպ էր:
Երբ մոտեցան դռանը, գնդապետը դեռ դիմադրում էր՝ ասելով, որ հետ է սովորել պարելուց, բայց համենայնդեպս, ձեռքը ձախ պարզելով, ուսագոտուց հանեց սուսերը, տվեց պատրաստակամ մի երիտասարդի ու թավշակաշվե ձեռնոցը աջ ձեռքին քաշելով,— «ամեն ինչ օրենքով պիտի լինի»՝ ժպտալով ասաց նա,— բռնեց դստեր ձեռքն ու կանգնեց քառորդ կիսադարձով՝ սպասելով երաժշտությանը: Մազուրկայի սկսվելուն պես նա ոտքը աշխույժով խփեց հատակին, մյուսը բարձրացրեց, և բարձրահասակ, ծանր մարմինը մեկ մեղմ ու սահուն, մեկ աղմկոտ ու արագ, կրունկները գետնին ու մեկմեկու զարկելով՝ պտտվեց դահլիճի պարագծով: Վարենկան գեղանի լողում էր նրա շուրջը՝ աննկատ ու ժամանակին կարճելով կամ երկարացնելով փոքրիկ ճերմակ ատլասե տոտիկների պարաքայլերը: Ողջ դահլիճը հետևում էր զույգի յուրաքանչյուր շարժմանը: Իսկ ես ոչ միայն հիանում, այլև սքանչացած խանդաղատանքով էի հետևում նրանց: Հատկապես հուզում էին Վարենկայի հոր՝ փողքաժապավենով ձգված երկարաճիտ կոշիկները. հորթակաշվե լավորակ սապոգներ էին, բայց ոչ նորաձև, ոչ սուրքիթ, այլ հնաոճ, քառակուսի կոշկաքթերով և առանց կրունկների: Ըստ երևույթին, գումարտակային կոշկակարն էր կարել: «Սիրելի դստեր բարեվայելուչ հագուստ-կապուստի համար է, որ նորաձև սապոգներ չի առնում, տնայնագործ է հագնում» — մտածում էի ես, և սապոգների այդ քառակուսի քթերը առանձնակի խանդաղատանքով էին լցնում սիրտս: Երևում էր, որ ժամանակին հրաշալի պարող կարող է եղել, բայց հիմա ծանրաշարժ էր, ու ոտքերը բավարար չափով ճկուն չէին այն բոլոր գեղեցիկ ու արագ պարաքայլերի համար, որ փորձում էր անել: Բայց համենայնդեպս հմտորեն երկու շրջան անցավ: Իսկ երբ ոտքերն արագ բացելով՝ կրկին իրար զարկեց, ապա, չնայած մի քիչ ծանր, իջավ մի ծնկին, իսկ դուստրը, ժպտալով ու շտկելով փեշը, սահուն պտտվեց նրա շուրջը, բոլորը բարձր ծափահարեցին: Որոշակի ջանքով վեր կենալով՝ նա քնքշորեն ու սիրով բռնեց դստեր ականջներն ու ճակատը համբուրելով՝ ուղեկցեց ինձ մոտ, մտածելով, որ ես եմ պարում նրա հետ: Ասացի, որ նրա պարազույգը ես չեմ:
— Մեկ է, հիմա էլ դուք պտտվեք նրա հետ,— ասաց նա ու մեղմ ժպտալով՝ սուսերը հագցրեց ուսագոտու մեջ:
Ինչպես շշից թափված կաթիլից հետո շիթ առ շիթ հորդում է ողջ պարունակությունը, այդպես էլ Վարենկայի սերը հոգուս սիրելու ողջ ունակությունն էր արձակել: Ես այդ ժամանակ ողջ աշխարհն էի գրկել իմ սիրով: Ե՛վ ճակատազարդով ու եղիսաբեթյան կրծքով տանտիրուհուն էի սիրում, և՛ նրա ամուսնուն, և՛ նրա հյուրերին, և՛ նրա սպասավորներին, և՛ նույնիսկ ինձնից նեղացած ինժեներ Անիսիմովին: Իսկ Վարենկայի՝ տնայնագործ սապոգներով ու դստեր պես փաղաքուշ ժպիտով հոր հանդեպ մի ցնծագին-քնքուշ զգացում ունեի:
Մազուրկան ավարտվեց, տանտերերը հյուրերին հրավիրեցին ընթրիքի, սակայն գնդապետ Բ.-ն հրաժարվեց՝ ասելով, որ հաջորդ օրը վաղ պիտի արթնանա, ու հրաժեշտ տվեց տանտերերին: Ես այն է վախենալու էի, թե Վարենկային էլ կտանեն, բայց նա մնաց մոր մոտ:
Ընթրիքից հետո նրա հետ պարում էի խոստացված կադրիլը և չնայած կարծես անսահման երջանիկ էի, երջանկությունս շատանում ու շատանում էր: Մենք ոչինչ չէինք խոսում սիրո մասին: Ես նրան ու նույնիսկ ինձ չէի հարցնում՝ սիրո՞ւմ է ինձ: Ինձ բավական էր, որ ես եմ սիրում նրան: Ու վախենում էի միայն, որ որևէ բան չխաթարի երջանկությունս:
Երբ տուն հասա, հանվեցի ու մտածեցի քնելու մասին, հասկացա, որ դա միանգամայն անհնարին է: Ձեռքիս նրա հովհարի փետուրիկն էր ու մի ամբողջ ձեռնոց, որ տվել էր ինձ, երբ կառք էր նստում, որ մեկնի, և նախ մորն օգնեցի կառք բարձրանա, ապա՝ նրան: Ես նայում էի այդ իրերին և բաց աչքերով տեսնում նրան այն պահին, երբ իմ առաջ կանգնած, ծանրություն թեթև անելով ունակություններս՝ ընտրում է երկու պարազույգերից, ու լսում նրա սիրելի ձայնը, երբ ասում է. «Հպարտությո՞ւն: Այո՞» և ուրախալից ինձ է պարզում ձեռքը կամ երբ ընթրիքին ումպ է անում շամպայնի գավաթից ու հոնքատակից նայում ինձ շոյող աչքերով: Բայց ամենից ավելի տեսնում եմ նրան հոր հետ պարելիս, երբ սահուն պտտվում է շուրջը և իր ու նրա համար հպարտությամբ ու ցնծությամբ լեցուն զննում հետևող հանդիսատեսներին: Եվ ակամա միավորում եմ նրանց մեկ, քնքուշ, խանդաղատալից զգացումի մեջ:
Ես այն ժամանակ այժմ հանգուցյալ եղբորս հետ էի ապրում: Եղբայրս ընդհանրապես չէր սիրում բարձրաշխարհիկ հասարակությունը ու պարահանդեսների չէր գնում, իսկ այդ ժամանակ պատրաստվում էր թեկնածուական քննության ու շատ կանոնավոր կյանք էր վարում: Քնած էր: Ես նայեցի եղբորս՝ բարձի մեջ թաղված ու բրդյա խավոտ ծածկոցով մինչև կեսը ծածկված գլխին, ու սիրաբար խղճացի նրան, որ չգիտի ու չի կիսում իմ երջանկությունը: Մեր ճորտ սպասավոր Պետրուշան դիմավորեց ինձ՝ մոմը ձեռքին, ու ուզում էր օգնի, որ հանվեմ, բայց ես նրան արձակեցի: Նրա տեսքը՝ քնատ դեմքով ու խճճված մազերով, ինձ հուզիչ թվաց: Ջանալով չաղմկել՝ ոտքերիս ծայրերին անցա իմ սենյակը ու նստեցի մահճակալիս: Ո՛չ, չափազանց երջանիկ էի, չէի կարող քնել: Ու նաև շոգում էի ջեռուցված սենյակներում և համազգեստս չհանելով՝ անձայն դուրս եկա նախասենյակ, հագա շինելս, բացեցի դրսի դուռն ու ելա փողոց:
Պարահանդեսից դուրս էի եկել ժամը հինգին, մինչ կհասնեի տուն, ու տանը նստելն էլ հաշված, անցել էր ևս երկու ժամ, այնպես որ, երբ դուրս եկա, արդեն լույսը բացվել էր: Իսկական բարեկենդանի եղանակ էր. մառախուղ, ջրիկ ձյունը հալվում էր ճանապարհներին, ու բոլոր տանիքներից կաթկթում էր: Բ.-երն այն ժամանակ քաղաքի ծայրին էին ապրում, մեծ դաշտի կողքին, որի մի ծայրին զբոսավայր էր, իսկ մյուս ծայրին՝ օրիորդաց ինստիտուտը: Ես կտրեցի-անցա մեր ամայի նրբանցքն ու դուրս եկա մեծ փողոց, ուր սկսեցին անցորդներ ու վառելափայտ բարձած բեռնասայլեր հանդիպել. վառելափայտի ծայրերը կախվել ու քսվում էին սալարկին: Ե՛վ փայլուն աղեղների տակ թաց գլուխները համաչափ ճոճող ձիերը, և՛ կտավե թիկնոցներով ծածկված սայլապանները, որ հսկա սապոգներով ցեխ էին հունցում սայլերի կողքով, և՛ փողոցի տները, որ մշուշի մեջ շատ բարձր էին թվում,— ամեն, ամեն ինչ սիրելի ու կարևոր էր թվում:
Երբ հասա դաշտ, որտեղ նրանց տունն էր, ծայրին, զբոսավայրի ուղղությամբ ինչ-որ մեծ, սև բան տեսա և այնտեղից թմբուկի ու ֆլեյտայի ձայներ լսեցի: Հոգիս անդադար երգում էր, ու ժամանակ առ ժամանակ լսվում էր մազուրկայի մեղեդին: Բայց հիմա լսածս մի ուրիշ, կոպիտ, վատ երաժշտություն էր:
«Տեսնես ի՞նչ է»,— մտածեցի ես ու դաշտի կենտրոնը հատող տրորված սլկուն արահետով գնացի ձայների ուղղությամբ: Մի հարյուր քայլ անելով՝ մշուշից անդին բազմաթիվ սև մարդիկ տեսա: Ըստ երևույթին, զինվորներ էին: «Հաստատ վարժանքներ են»,— մտածեցի ես և ինչ-որ բան տանող, կեղտակուր կիսամուշտակով ու գոգնոցով դարբնի ետևից մոտեցա նրանց: Սև համազգեստով զինվորները երկու շարքով, հրացանները գետնին հենած, անշարժ կանգնել էին իրար դիմաց: Նրանց ետևում թմբկահարներն ու ֆլեյտահարներն էին և անվերջ կրկնում էին նույն տհաճ, ծղրտան մեղեդին:
— Ի՞նչ են անում,— հարցրի կողքիս կանգնած դարբնին:
— Թաթարին են պատժում փախուստի համար,— շարքերի հեռավոր ծայրին նայելով՝ ջղայն ասաց դարբինը:
Ես էլ նայեցի այդ կողմն ու շարքերի արանքում մոտեցող մի սարսափելի բան տեսա: Մոտեցողը մինչև գոտին մերկ մարդ էր՝ ուղեկցող զինվորների հրացաններին կապված: Կողքից շինելով ու սպայական գլխարկով մի բարձրահասակ զինվորական էր քայլում. ծանոթ թվաց: Ողջ մարմնով ցնցվելով, հալ ընկած ձյան մեջ ոտքերը չփչփացնելով՝ պատժապարտը, երկու կողմից վրան թափվող հարվածների տակ, մոտենում էր ինձ. մեկ հետ էր ընկնում՝ ու հրացանները բռնած ենթասպաները նրան առաջ էին մղում, մեկ՝ առաջ, ու ենթասպաները, պահելով, որ չընկնի, հետ էին քաշում նրան: Ու կրնկակոխ, հաստատուն, զսպանակվող քայլքով գնում էր բարձրահասակ զինվորականը: Վարենկայի հայրն էր՝ վարդագույն դեմքով և ճերմակ բեղերով ու այտամորուսներով:
Ամեն հարվածի հետ պատժապարտը, ասես զարմանալով, տառապանքից կնճռոտված դեմքը դարձնում էր այն կողմը, որտեղից գալիս էր հարվածը և ճերմակ ատամները մերկացնելով կրկնում նույն բառերը: Միայն երբ արդեն շատ մոտ էր, լսեցի՝ ինչ է ասում: Չէր ասում, հեծկլտում էր. «Եղբայրնե՛ր, խղճացե՜ք: Եղբայրնե՛ր, խղճացե՜ք»: Բայց եղբայրները չէին խղճում, ու երբ երթը լրիվ հավասարվեց ինձ, տեսա, թե իմ դիմաց կանգնած զինվորն ինչպես վճռական քայլ արեց առաջ ու սուլոցով թափահարելով մահակը՝ ուժգին շխկացրեց թաթարի մեջքին: Թաթարը ցնցվեց, առաջ ընկավ, բայց ենթասպաները պահեցին նրան, և նույնպիսի մի հարված էլ իջավ մյուս կողմից, ու նորից այս կողմից, ու նորից՝ մյուս: Գնդապետը մոտ էր քայլում ու մերթ ոտքերի տակ, մերթ պատժվողին նայելով՝ ներս էր քաշում օդը՝ թշերն ուռցնելով, ու դանդաղ դուրս թողնում փքված շրթունքներից: Երբ երթն անցավ իմ կողքով, շարքերի միջով հպանցիկ տեսա պատժվողի մեջքը: Ինչ-որ խայտաբղետ բան էր, թաց, կարմիր, անբնական, այնպես, որ չհավատացի, թե մարդու մարմին է:
— Տե՜ր Աստված,— կողքիս հառաչեց դարբինը:
Երթը հեռանում էր, հարվածներն առաջվա պես երկու կողմից իջնում էին սոթ տվող, կրկված մարդու վրա, և նույն կերպ խփում էին թմբուկները ու սուլում էր ֆլեյտան, և նույն հաստատուն քայլքով պատժվողի կողքով գնում էր գնդապետի բարձր, բարեկազմ կերպարանքը: Հանկարծ գնդապետը կանգ առավ, արագ մոտեցավ զինվորներից մեկին:
— Ես քեզ վրիպե՜լ ցույց կտամ,— լսվեց նրա զայրացած ձայնը:— Էլի՞ կվրիպես: Էլի՞:
Ու տեսա թավշակաշվե ձեռնոցի մեջ պրկված թաթն ինչպես է խփում վախեցած կարճահասակ, վտիտ զինվորի դեմքին, նրա համար, որ մահակը բավականաչափ ուժեղ չէր իջեցրել թաթարի կարմիր մեջքին:
— Թարմ շպիցռուտեննե՛ր բերեք,— գոռաց նա՝ շուրջը նայելով, ու տեսավ ինձ: Ձևացնելով, թե չի ճանաչում, ահեղ ու չար խոժոռվելով, արագ շրջվեց: Այնպես ամոթ էր, որ չգիտեի հայացքս ուր փախցնեմ, ասես բռնվել էի ամենախայտառակ արարքի վրա, կախեցի գլուխս ու շտապեցի տուն: Ամբողջ ճանապարհին ականջներիս մեջ մեկ թմբուկն էր զարկում ու սուլում էր ֆլեյտան, մեկ լսվում էր. «Եղբայրնե՛ր, խղճացե՜ք», մեկ՝ գնդապետի ինքնավստահ, զայրացած ձայնը. «Էլի՞ կվրիպես: Էլի՞»: Եվ ամբողջ ժամանակ սրտիս ծանրացած էր համարյա շոշափելի, սրտխառնուքի հասցնող տխրությունը, այնպիսին, որ մի քանի անգամ կանգ առա, ու թվում էր՝ հիմա հետ կտամ այն սարսափը, որ իմ մեջ էր մտել այդ մղձավանջի հետ: Չեմ հիշում՝ ինչպես հասա տուն ու պառկեցի: Բայց աչք կպցնելուն պես նորից լսեցի ու տեսա այդ ամենը ու վեր թռա:
«Երևի նա մի այնպիսի բան գիտի, որ ինձ անհայտ է»,— մտածում էի գնդապետի մասին:— «Եթե իմանայի նրա իմացածը, կհասկանայի և այն, ինչ տեսա, ու դա ինձ չէր տանջի»: Բայց որքան էլ մտածում էի, չէի կարողանում հասկանալ գնդապետի գիտեցածը, ու միայն երեկոյան կողմ քնեցի, այն էլ ընկերոջս մոտ գնալուց ու նրա հետ հարբելուց հետո:
Եվ ի՞նչ, մտածում եք՝ այն ժամանակ որոշեցի, որ տեսածս վա՞տ բան էր: Բոլորովի՛ն: «Եթե դա այդպիսի վստահությամբ էր արվում և անհրաժեշտ էր համարվում բոլորի կողմից, ուրեմն նրանք գիտեն մի բան, որ ես չգիտեմ»,— մտածում էի ես ու փորձում իմանալ չիմացածս: Բայց որքան էլ ջանացի, նույնիսկ հետո չկարողացա իմանալ: Իսկ չիմացած՝ չէի կարող անցնել զինվորական ծառայության, ինչն առաջ ուզում էի, և ոչ միայն զինվորական չդարձա, ընդհանրապես ոչ մի տեղ չծառայեցի ու ոչնչի պիտանի չեղա:
— Դե, գիտենք ինչպես ոչ մի տեղ պիտանի չեք եղել,— ասաց մեզնից մեկը:— Ավելի լավ է ասեք՝ քանի՞ հոգի ոչնչի պիտանի չէին լինի, եթե չլինեիք դուք:
— Դա ընդհանրապես հիմարություն է,— անկեղծ սրտնեղությամբ ասաց Իվան Վասիլևիչը:
— Իսկ սե՞րը,— հարցրինք մենք:
— Սե՞րը: Սերն այդ օրվանից սկսեց ցամաքել: Երբ Վարենկան, ինչպես հաճախ էր պատահում, ժպիտը դեմքին մտքերի մեջ էր ընկնում, անմիջապես հիշում էի գնդապետին հրապարակում, ու մի տեսակ անհարմար ու տհաճ էր դառնում, ու սկսեցի հազվադեպ հանդիպել նրա հետ: Ու սերն այդպես էլ վերջացավ: Ահա թե ինչեր են պատահում և ինչից է փոխվում ու ճամփա փոխում մարդուս ողջ կյանքը: Իսկ դուք ասում եք…,— ավարտեց նա:
Թարգմանությունը ռուսերենից՝ Ներսես Աթաբեկյանի

