Արքմենիկ Նիկողոսյան | Պարոդիկ կերպընկալման բանաստեղծությունը

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

(Կարևոր մի գույն` դիմանկարի համար)

Երևույթների պարոդիկ կերպընկալումը բանաստեղծությունը դուրս է բերում բուն պարոդիայի կազմաբանական տիրույթից, և բուն պարոդիային հատուկ հստակ այլտեքստային կրկնությունը փոխարինում ընդհանրական-հանրահայտ կրկնությամբ, որն այս դեպքում պարտադիր գործում և ընկալվում է նաև իբրև սեփական տեքստ։ Բանաստեղծումի այս կերպը բյուրեղացավ Հովհաննես Գրիգորյանի պոեզիայում և նրա՛ բանաստեղծության նշաններից է։ Այն միանգամից դժվարընկալելի է և հաճախ թյուր մեկնաբանությունների է արժանանում, ինչպես, օրինակ, «Աշուն» հանրահայտ բանաստեղծության պարագայում։ Հարցն այն է, որ աշնան թեման այս դեպքում պարզապես բնորոշ օրինակի դեր է կատարում, և այդ բանաստեղծությունը բնավ էլ աշնան «չարչրկված» թեմայի պսակազերծումը չէ։ Այդ նույն` «Աշուն» վերնագրով Հովհ. Գրիգորյանը հետագայում էլ գրեց բազմաթիվ բանաստեղծություններ (չհաշված` աշուն բառի կիրառման մեծ հաճախականությունը նրա վերնագրային պոետիկայում), ավելին` ընդհանրապես աշնան թեման մեծ տեղ գրավեց նրա պոեզիայում` ձեռք բերելով «գեղագիտական-փիլիսոփայական-ստեղծաբանական կոդի գործառություն»[ 1] Իրականում Հովհ. Գրիգորյանը դեմ էր ոչ թե աշնան թեմայի պատկերմանը, այլ` թեմայի պատկերման ձևաբովանդակային կերպին։ Այսինքն` նրա «պոլեմիկան ոչ թե պոեզիայի հավերժական սկզբունքների, իրականության բանաստեղծական ընկալման դեմ էր ընդհանրապես, …այլ՝ պատկերի հագեցման, պոետական հալումաշ եղած իմաստների և բառերի դեմ», և տրամադրվածությունն «ընդդեմ իրականության գրականացված պատկերացումների» էր։ [2] Այդ իսկ պատճառով` «Աշուն» բանաստեղծության մեջ, ինչպես բուն պարոդիաներում է (օրինակ` Հովհ. Թումանյանի և Մ. Նալբանդյանի` համապատասխանաբար` Հովհ. Հովհաննիսյանի «Իմ հայրենիքը տեսե՞լ ես, ասա…» բանաստեղծության ու Ռ. Պատկանյանի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» պոեմի «Վարդանի երգը» հատվածի հանրահայտ պարոդիաները), նկատելի-ճանաչելի չէ որևէ կոնկրետ հեղինակ ու ստեղծագործություն, այլ նկատելի է երևույթ, որ ընդհանրական է ու վերագրելի շատ հեղինակների։ Այս կերպ Հովհ. Գրիգորյանի պարոդիկ կերպընկալումին են ենթարկվում հատկապես հայրենասիրական պոեզիան և սիրերգությունը, իսկ «Երկու ջրհեղեղի արանքում» ու «Կես ժամանակ» ժողովածուներում` նաև արտասահմանյան ուղևորության թեման, ուղեգրությունը։ Սիրերգության պարոդիկ կերպընկալումի որոշ կարևոր հարցեր քննաբանվել են մեկ այլ առիթով, [3] իսկ ահա սույն հրապարակման մեջ խնդրադիր է հայրեներգության պարոդիկ կերպընկալումը։
Ետչարենցյան շրջանի հայ պոեզիայում տարբեր և բազմաթիվ պատճառներով հայրենասիրական բանաստեղծությունը ամբողջովին վերածվեց, ճիշտ է ոչ միշտ, պարզ ներբողագրության։ Եվ եթե խոսելու լինենք Հովհ. Շիրազի, Հ. Սահյանի, Ս. Կապուտիկյանի, Վ. Դավթյանի, էլի ուրիշների հայրենասիրական որոշ իսկապես ընտիր բանաստեղծությունների մասին, ապա դրանք պետք է դիտարկենք նախևառաջ ներբողագրության տարազի մեջ։ Ներբողագրության շրջանակից ամբողջովին չհաջողվեց դուրս գալ նաև այնպիսի նորարարի, ինչպիսին Պարույր Սևակն է, զորօրինակ`

Իմ բարձրանու՜ն,
Իմ քաղցրանու՜ն,
Իմ տառապա՜ծ,
Իմ փառապա՜նծ,
Հների մեջ` դու ալեհեր,
Նորերի մեջ` նոր ու ջահել... [4]

Հովհ. Գրիգորյանն ընդդիմանալով ներբողագրությանը` իր հայրեներգությունը խարսխում է իրական, կարելի է ասել` առօրեական ապրումին, և այդ պարագային, բնականաբար, չհասկացվելու մտահոգություն էլ պետք է լինի։ Դրա մասին է վկայում այն, որ Գրիգորյանը երբեմն ուղղակի բացատրում է բանաստեղծելու իր կերպը` բուն բանաստեղծության մեջ` տալով նրանց տեսական հանգանակի արժեք։
«Քեզ հետ և քեզ համար» բանաստեղծության մամուլային հրապարակման մեջ, օրինակ, հետևյալ տողերը`

Ներիր, որ քո գովքը ես չեմ գունազարդում
Նոյի տապանի որոնման տենդագին ջանքով
կամ վարդանների ու վասակների
քաջագործության մանրամասներով–

հայրենասիրական պոեզիայում ներբողագրության պարոդիկ կերպընկալումը լինելով, միևնույն ժամանակ նաև «բացատրության» դեր են կատարում։ Ակնհայտ է, որ այդ խոսքերը հղված են առ ոչ այնքան բուն հասցեատերը` հայրենիքը, որքան` առ ընթերցողը։ «Երգեր առանց երաժշտության» ժողովածուում վերբերված «բացատրական» հատվածի վերջին երկու տողերը բացակայում են։ Կրճատելիս, անտարակույս, երկրորդական դեր չի խաղացել այն հանգամանքը, որ ոչ միայն Հովհ. Գրիգորյանի, այլև ամբողջ սերնդի պոեզիան, հաղթահարելով բազում խոչընդոտներ, աստիճանաբար քաղաքացիություն էր ստանում։ «Դանդաղ ժամեր» ժողովածուում «Քեզ հետ և քեզ համար» բանաստեղծությունն արդեն ներկայանում է վերջնականապես «ազատագրված» «բացատրական» հատվածներից, և, եթե մեկնենք «Դանդաղ ժամեր» ժողովածուի հանգրվանային-մեկնակետային բնույթից, կարող ենք ասել, որ այս վերջնական տեսքն իբրև փաստ ցուցանում է, որ հայրենիքի թեմայում Հովհ. Գրիգորյանը այդուհետ լծվելու էր պոետական բարձր նյութի կառուցումին` առանց չհասկացվելու մտահոգության.

Ես այս երգը երգում եմ գլխաբաց,
որովհետև դու նա ես,
ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման,
երբ մենք ճանապարհ ենք ընկնում,
երբ մենք սկսում ենք օրը,
երբ մենք ծնունդ ենք տալիս տողին ու մտքին։
Դժվար է խոսքով ասել այն, ինչ սրտում է պահված,
առավել ևս դժվար է լռել,
և դրա համար հրաժարվում եմ վերջակետ դնել,
որովհետև իմ այս երգը պիտի շարունակվի այնքան,
քանի դեռ կաս դու,
քանի դեռ ես կամ (ԴԺ, էջ 9-10)

Իսկ Հովհ. Գրիգորյանի ստեղծաբանական համակարգում հայրենիքի թեմայի տեղը, դերն ու նշանակությունը որոշարկելու առումով ավելորդ չեմ համարում նշել, որ այդ բանաստեղծությունն ընդգրկված է «Դանդաղ ժամեր» ժողովածուի «Առավոտյան ժամեր» բաժնում, որտեղ գերակայող հասկացություններն ու խորհրդանիշները գոյավորում են բանաստեղծի էությունն ու ձևավորում կենսագրությունը։ Եվ սա այն դեպքում, երբ «Դանդաղ ժամեր» ժողովածուում ոչ մի բանաստեղծություն հենց այնպես չի ընդգրկված այս կամ այն բաժնում, ավելին` գրեթե ոչ մի բանաստեղծություն հենց այնպես չի նախորդում կամ հաջորդում մյուսին, ու, ընդհանրապես, կառուցաբանական մակարդակում «Դանդաղ ժամերը» լավագույն ժողովածուներից մեկն է հայ պոեզիայի պատմության մեջ։
Ժամանակի հայրենասիրական պոեզիայի կարծրակաղապարներից մեկը Հայաստանի տարածքային ու հայ ժողովրդի քանակական փոքրությունն ընդգծելով` մեծ կարողությունների ու կարելիությունների հետ համեմատումն է։ Այդ կարծրակաղապարի դասական ձևակերպումը (նաև` դրական իմաստով) Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» տողն է, իսկ կառուցումը` նույնի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը։ Հայրենիքի թեմայում Հովհ. Գրիգորյանի ընդդիմադիր կեցվածքն ու պարոդիկ կերպընկալումը դրսևորվում են նաև այս տիրույթում։ Կարևորն այն է, որ համարժեք (նկատի ունեմ փոքրիկ տարազի պարագրկումը) կամ իջեցված համեմատություններում Հովհ. Գրիգորյանը կարողանում է խոր ընդհանրացումներ անել, ինչպես, օրինակ, «Հայաստան» գողտրիկ բանաստեղծության մեջ.

Սա իմ երկիրն է–չափսերով այնպիսին,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ։
Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը մի արցունքի կաթիլ…
Սա իմ երկիրն է–չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ… (ՀՄԵ, էջ 9)

Բանաստեղծման նույն սկզբունքներով և փոքրիկ տարազի բնագրաստեղծ առանցքով են գրված նաև «Աղոթք»`

Աստված իմ,
այսքան էլ փոքրիկ հայրենիք,
այսքան էլ փոքրիկ
Հայաստան,
նորածնի բարուր է իսկական… (ՀՄԵ, էջ 7),

«Այսպես է եղել»`

Եվ ի՞նչ աներ Աստված,
որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,
որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար,
քո փոքրիկ հողակտորի համար… (ԿԺ, էջ 5)

բանաստեղծությունները։ Փոքրիկ տարազը միավորում է այս երեք բանաստեղծությունների թե՛ ասելիքային, թե՛ գաղափարական տիրույթը, և գուցե պատահական չէ, որ Հովհ. Գրիգորյանը «Հրեշտակներ մանկության երկնքից» ժողովածուում դրանք դրել է կողք-կողքի։ Բայց փոքրիկ-ը մեկ այլ, այս անգամ հղացային մակարդակում ևս լուրջ գործառնություն ունի, այն, կարելի է ասել, այդ բանաստեղծություններին «պարտադրել» է փոքրիկ ծավալ («Հայաստան»` 10 տող, «Աղոթք»` 12 տող, «Այսպես է եղել»` 16 տող), այսպիսով` պարագրկելով գրեթե բոլոր առումներով կատարյալ բանաստեղծական մի եռագրություն։
Պարոդիկ կերպընկալումը 1996-ին լույս տեսած «Երկու ջրհեղեղի արանքում» ժողովածուում արդեն բնագրաստեղծ գերակայություն է։ «Ոստիկանական լրատու» բանաստեղծության մեջ այն արտահայտվում է դասական հայրեներգության բառապաշարի կիրառությամբ, որը ծառայում է իր հայրենիքից դուրս եկած և այլևս չվերադարձած հայ ժողովրդի արտաքին նշանները`

…բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ,
սիրտը` կոտրված մի քանի տեղից… (Եջա, էջ 22),

ներկայացնելու համար։ Արտաքինը պատահական չեմ ընդգծում. այդ բառով Հովհ. Գրիգորյանը տարազում է այսպես կոչված հայրենասիրական պոեզիայի` հայ ժողովրդի էութենության պարագրկումի մակարդակը։ Այդ կերպ` «դուք խելացի ու աշխատասեր մարդիկ եք // և կարող եք քարից հաց քամել // և միրգ` ժայռերից ու ծերպերից», «դուք Աստծո սիրասուն զավակներն եք // և առաջապահն եք նրա նվիրական զորքի», «դուք… հին ու տառապած ժողովուրդ եք» հարադրվագային «քաղումները» նույն, այսպես կոչված հայրենասիրական պոեզիայից, «Հայ ժողովրդի պատմության համառոտ ձեռնարկ նրանց համար, ովքեր հաստափոր գրքեր կարդալու ոչ ժամանակ ունեն, ոչ էլ տրամադրություն» բանաստեղծությամ մեջ երևանում են հայ ժողովրդին կլիշեացված ճանաչումով ու ընկալմամբ բանաստեղծելու ամբողջ սնամեջությունն ու, մանավանդ, վտանգավորությունը, որը նույն բանաստեղծության մեջ հակադիր սյուժե է ձևավորում.

…հարձակվել են չորս կողմից,
պատառ-պատառ են արել,
հոշոտել են մոլուցքով
քաղցր բույրից խենթացած
վայրի զեռուն ու գազան…
…Մնացել է ափիս մեջ նշխարաչափ մի պատառ`
ամեն կողմից կրծոտված մեղրաբլիթ… Հայաստան (ԿԺ, էջ 8)։

Պարոդիկ կերպընկալումին հատուկ ընդհանրական-հանրահայտ կրկնությունն ունենալով իբրև հղացք, Գրիգորյանը ստեղծում է բնույթով նոր հայրենասիրական բանաստեղծություն, նոր սիրերգություն, նոր ուղեգրություն և այլն, բանաստեղծություն ներմուծելով նոր, հաճախ` անսովոր տարրեր։ Այդպես, Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից հայտնի և, ընդհանրապես, շատ տարածված «Մեր հայրենիք թշվառ, անտեր» ձևակերպումը օգտագործելով իբրև պարոդիկ հղացք, «Չգիտեսթեինչ-2» բանաստեղծության մեջ Հովհ. Գրիգորյանը բոլորովին նորովի է բանաձևում Հայրենիք հասկացությունը.

Հայրենիքները սովորաբար թշվառ են լինում,
և ինչքան շատ են թշվառ ու խեղճ, այնքան ավելի շատ են հայրենիք։
Իսկ զորեղ և հարուստ երկրները սովորաբար կոչվում են
անունով, ասենք` Անգլիա կամ Միացյալ Նահանգներ,
և սովորաբար ոչ ոք չի մեռնում նրանց կարոտից
և հալումաշ լինում` ախ, իմ թշվառ հայրենիք, կանչելով,
այլ, ցանկության դեպքում, սովորաբար, տոմսեր են պատվիրում
ցանկացած ժամի և մեկնում են իրենց երկիր, սովորաբար
թերթ կարդալով և կամ սուրճ խմելով…(Եջա, էջ 26)։

Այս առումով ընդունելի չէ «նոր սիրերգություն (այս պարագային` կարդա` հայրեներգություն–Ա.Ն.)» և «հակասիրերգություն» եզրերի նույնական կիրառությունը Հովհ. Գրիգորյանի բանաստեղծությունների մասին խոսելիս, ինչպես դա անում է Գրիգոր Հակոբյանն իր արդեն հիշատակված հրաշալի հոդվածում։ Համենայնդեպս, այն տարրերը, որ օգտագործում է Գրիգորյանն իր պոեզիայում, ընթացային այս փուլում արդեն չեն ընկալվում ու գիտակցվում իբրև հակա կամ անտի։ Եվ բացի այդ, ամենակարևորը, ինչպես Սեյրան Գրիգորյանն է նկատում Հովհ. Գրիգորյանի պոեզիայի առիթով` «Կենցաղը, քաղաքական լուրը, հեռուստատեսային հաղորդումը, փողոցի առօրեական միավորները խուժում են բանաստեղծական տող, բայց երբեք չեն խախտում բանաստեղծության հավերժական հիմունքները` պատկերավոր մտածողությունն ու դրամատիզմը» (ընդգծումն իմն է–Ա.Ն.)։ [5] Այնպես որ, «նոր»-ն առավել հարազատորեն է արտացոլում հարցի դրվածքը։

[1] Գրի­գոր Հա­կոբ­յան, Հպան­ցիկ նկա­տա­ռում­ներ Հով­հան­նես Գրի­գոր­յա­նի «Կես ժամանակ» ժո­ղո­վա­ծու­ի մա­սին, Գրա­կան թերթ, 2005, թիվ 3:

[2] Ալեք­սանդր Թոփչ­յան, Բա­ռի սահ­ման­նե­րը, Երևան, 1978, էջ 81, 85:

[3] Տե՛ս Արք­մե­նիկ Նի­կո­ղոս­յան, …Բայց սերն է, սերն է մեզ տա­նում առաջ… (Լուսանցանշում­ներ հոդ­վա­ծի հա­մար), Եղի­ցի լույս, Ստե­փա­նա­կերտ, 2005, թիվ 8-9: Տե՛ս նաև այս գրքում:

[4] Պա­րույր Սևակ, Եր­կեր երեք հա­տո­րով, հա­տոր 1, Երևան, 1982, էջ 17:

[5] Սեյ­րան Գրի­գոր­յան, Բա­նա­սի­րու­թյուն և բա­նա­վեճ, Երևան, 2002, էջ 216:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *