*
ծառ էի,
ու երեւաց մեջս։
ներս-ներս գնացի։
հիմա ես կանաչ տերեւներս ի՞նչ անեմ։
**
անապակի, անդուռ,
տկլոր շենքի վրա պինդ կողպեք է։
սպասում եմ տերը գա․
չլինի այնպես, որ ինձ ներս գցեմ
նրա հուշի մեջ,
որ երեկվա պարզ երեկոն էր՝ հարվածից առաջ։
***
դու պատերազմն էիր,
որ գրավեց որովայնս,
ու չկրակած բոլոր փափմուշտներով
սիրտս դարձրեց կշեռք։
ես՝ հավերժ փնտրողս,
ճանապարհ ընկա դեպի քեզ, դեպի պատ-երազը․
կիսատությունս, որ փաթաթվել էր մատներիս,
խրեցի պարանոցիդ։
երանի ինձ, որ պատերազմը մասնատել կարողացա։
****
պարտությունս, սերս, միակս,
երկուսս էլ սխալվեցինք․
ընթրիքը պատրաստել չհասցրինք,
եւ մեզ կերան։
ես կորցրել եմ հորս, կորցրել եմ տունս,
բայց չգիտեի, որ ինձ եմ կորցրել։
դու՛ եկար, նահանջի խոսքը շուրթիդ,
ես կերա բառերը,
ու ինձ տեսա քեզ հետ փախուստի պահին։
միակս, կներես, որ ուղղակի տողի մեջ մնացիր,
մնացածը պարտությունն էր։
*****
կօրորեմ քեզ, մաշկդ թաց չեմ զատի իմից,
կլսեմ պատմություններդ, կխորտակեմ քեզ,
կաղմկենք անհարմար մի պահի,
եւ կդառնանք պատերազմին,
կդառնանք ծառերին,
որ այրվում են մեր աչքի առաջ։
դու թեթեւ ներս կքաշես ծուխը,
կքաշվես ներս,
կբացես կուրծքդ, կերեւա պատ-երազը,
կշնչեմ քեզ,
կուլ կտամ բաց չթողնված փամփուշտները,
սիրտդ կազատեմ նահանջից,
պարզ մի աշխարհ կլինի,
որտեղ ձյունն իրենն է անում,
ցուրտը մտնում է ոսկորներիդ մեջ,
եւ, որտեղ երազը երազ է․
երեխան կորցրել է ձեռնոցը
եւ փնտրելու այդ պահը կատարյալ է։
միայն դա․․․
ես կազատեմ քեզ նախկին սերերից,
կազատեմ պատկերներից բոլոր,
կգրկեմ ոտնաթաթերդ,
ու գլխիվայր կպտտեմ քեզ անծանոթ լայն սենյակում։
այդպես երկուսիս համար էլ թեթեւ կլինի այրվող ծառերի ձայնը։
******
քեզ տանեմ ներսս, ավարտը երեւա։
ծնկներս հարմարեցնեմ արմունկներիդ,
որ այրվեն գործողությունից։
եւ այդպես վերջապես անպաշտպան լինենք։
պատերազմը՝ լուսատիտիկներ,
որ հատ-հատ բաց կթողնենք գիշերվա անորոշության մեջ,
ու իրենց տխրությունը կփաթաթենք մեր վզին,
որ հեշտ լինի պարտությունը,
որ հեշտ լինի գոյությունը,
որ հեշտ լինի սենյակում մնալը,
որ հեշտ լինի կենդանությունը,
ինչպես թեյնիկը, որ եռում է,
ինչպես դուռը, որ բացվում է,
եւ ձյունը, որ լցվում է ներս՝
շեղելով մեզ, շեղելով սենյակը։
պարզ մի բան, որ չի ցավեցնում։
*******
սեր ի՛մ, ես պատուհաններ կշարեմ քո մեջ,
մաս-մաս ինձ կդնեմ ապակիների վրա,
ցավդ իմ մասերով կհավաքեմ,
կերեւա պատկերը քեզ,
եւ ե՛ս կլինեմ այդ պատկերը․
կլինե՛մ խաղաղությունդ։
դու կքայլես ջրերի վրայով,
կանցնես քեզ, կանցնես ինձ,
չես նկատի մարմինս,
չես սգա չլինելս,
ես կլինեմ հողդ,
կլինեմ երազդ, կլինեմ հնարավորությունդ,
խաղաղությու՛նդ կլինեմ։
այդպես թեթեւ դու կհավաքես քեզ,
այդպես թեթեւ կլինես այն, ինչ չեղար,
այդպես թեթեւ կանցնես պարտությունդ,
այդպես կանցնես նրան, ով մասնատվել էր։
********
պատերազմը մեկ օրվա սեր է․
պիտի ամենը տաս, պիտի տաս մատներդ,
պիտի տաս աչքերդ․ զույգն էլ,
պիտի տաս քեզ այնպես, ինչպես չես տեսել,
այնպես, ինչպես պատմել են քեզ քո մասին։
պիտի ինքդ քեզ երեւաս այնքան, որ արցունքներդ միայն քեզ համար լինեն։
պատերազմը, սերս, մեզ կապող փրկօղակն է,
այնպիսի խաղաղություն, որում էինք, ոչինչ էր։
Անսեր խաղաղությունը ոչինչ է։
իսկ հիմա դու, առանց մատների,
առանց աչքերի,
երեւակայությանդ ուժով,
համարյա անմարմին, հանձնվել ես ինձ։
սեր ի՛մ․ այս պատերազմում մենք հաղթել ենք։
*********
ամպերը ջարդում են պատուհաններս․
վտանգը, որ պարզ ապրումն է,
անցում է կատարում, եւ ոսկորներս ցավում են։
հավերժ փոփոխվող այս եղանակը
կրկնում է՝
-չշտապե՛ս,
չվախենա՛ս,
լուսինն այստեղ նույն լուսինն է,
չկորցնե՛ս։
*********
սեր ի՛մ, պատերազմը չխլեց քեզ,
բայց դու մեռար։
երբեք այնքան թեթեւ չի տրվել մահը,
որքան այդ օրն էր՝ բազրիքին հենված,
երբ վերջանում էր մեջս
եւ՛ խաղաղությունը, եւ՛ պատերազմը, եւ՛ սերը։
14-22 նոյեմբերի, 2020 թ․
Բերձոր-Երեւան