Յուրաքանչյուր ոք, որին թույլատրվում է միայն մի քանի րոպե խոսել, կարող է նաեւ ընդհանրացումներ անել: Այդ իսկ պատճառով այս նախադասությունից առաջ գրված է` յուրաքանչյուր լավ բանաստեղծություն պատահական բանաստեղծություն է, յուրաքանչյուր վատ բանաստեղծություն պատահական բանաստեղծություն է, միայն այսպես կոչված, լաբորատոր բանաստեղծություններն են պահպանվում որպես առողջ միջուկ. դրանք երբեք շատ լավը չեն, երբեք շատ վատը չեն, բայց միշտ տաղանդավոր են եւ հետաքրքիր:
Նա, ով սա ասում եւ պնդում է, իրեն դասում է պատահական բանաստեղծների շարքում, եւ նա զայրացած է այն բանաստեղծների վրա, որոնք չեն կարողանում սպասել իրենց աստղային ժամին. նրանք երազների լաբորատորիայում գտնվող պարոնայք են, բառարաններից հարուստ քաղվածքներ անող պարոնայք, կարող են լինել նաեւ կանայք, որոնք առավոտից երեկո աշխատում են լեզվի, լեզվական նյութի հետ, լռության մեջ խոսում եւ ապրում են որպես մշտական բնակիչներ, լուռ հետքեր են թողնում, որոնք իրենց բանաստեղծություններն անվանում են տեքստեր, որոնք չեն ուզում բանաստեղծ կոչվել, բայց չգիտեմ, թե ովքեր են նրանք` առանց ներկայության եւ առանց ոգեշնչման:
Մինչ լաբորատոր բանաստեղծը կարողանում է էջերով նկարագրել իր մեթոդները` հաճախ, որպես էսսեիստ, հասնելով արտառոց բաների, պատահական բանաստեղծը դժվարանում է բացատրել իր մեթոդը, քանի որ ես, որպես մոլի բանաստեղծ, ասել եմ. հենց որ օդում զգում եմ բանաստեղծությունը, դադարում եմ լոբազգիներ ուտել, եւ, չնայած ես դրա համար թանկ գին եմ վճարում, տաքսիով եմ երթեւեկում, որպեսզի ազատվեմ օդում կախված բանաստեղծությունից: Լաբորատոր բանաստեղծը հեգնանքով կբարձրացնի հոնքը եւ ինձ կանվանի հնաոճ, նույնիսկ ռեակցիոն էզոթերիկ, որը հավատում է լոբազգիների, տաքսիների ազդեցությանը, հետեւաբար նաեւ` այն անհատականությանը, որը նա` լաբորատոր բանաստեղծը, դանդաղ հաղթահարել է այդ ժամանակվանից ի վեր, նույնիսկ` XYZ-ից առաջ, հետեւողականորեն փոքրատառ գրելու եւ բոլոր գոյականները ջնջելու շնորհիվ. մինչդեռ նրա գործընկերը ջնջել է միայն նախդիրները:
Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ բացահայտել բանաստեղծի որոշ հնարքներ: Քանի որ սրանք լաբորատոր գաղտնիքներ չեն, այսինքն` իմիտացիաներ, ես բաց սրտով կարող եմ ասել, որ իմ հնարավորությունները որեւէ այլ պատահական բանաստեղծի հնարավորությունները չեն: Այսպիսով, երբ օդում բանաստեղծությունն է թեւածում, եւ ես կասկածում եմ, որ այս անգամ նա` այսինքն` մուսան, ուզում է հետապնդել ինձ երեք տողանոց ինչ-որ ոտանավորով, վստահ եմ, որ ո՛չ զարկերակներից հրաժարվելը, ո՛չ էլ ֆունտանոց տաքսի վարելը չեն օգնի ինձ, ապա միայն մեկ բան է օգնում. գնեք կանաչ հարինգ, մաքրեք, տապակեք, թթու դրեք քացախի մեջ, հրաժարվեք էլեկտրոնային երաժշտության մասին խոսել սիրելի մարդկանց հետ, փոխարենը մասնակցեք երեկույթների, որտեղ պրոֆեսորները ինտրիգներ են հյուսում, լսեք, միացեք նրանց, Աստծո կամոք տուն մի՛ մեկնեք տաքսիով, այլ անընդհատ քնեք առանց բարձի: Իհարկե, այս մեթոդը միշտ չէ, որ օգնում է: Մի անգամ պետք է խոստովանեմ իմ կտրուկ շրջադարձի մասին` ես գնեցի խոզի գլխի կեսը, դրանից խաշ պատրաստեցի, խոսեցի մարդկանց հետ էլեկտրոնային երաժշտության մասին, խուսափեցի պրոֆեսորներից եւ նրանց խարդավանքներից, ուրախությամբ տաքսիով տուն վերադարձա եւ քնեցի երկու բարձի վրա, ինչն ինձ օգնեց գրել հինգ ֆունտանոց, երեք տողանոց բանաստեղծություն, որն այդ ժամանակվանից ի վեր մտել է գրականության պատմության մեջ:
Հույս ունենալով, որ կարող եք հետեւել իմ պարզ բացատրություններին, այժմ ես կբացահայտեմ քառատողի հետ կապված հնարքը: Սա տիպիկ, նախնադարյան բանաստեղծություն է: Այն միշտ սկսվում է որեւէ փորձառությամբ եւ պարտադիր չէ, որ մեծ լինի: Այդկերպ ես գնացի դերձակի մոտ, որպեսզի չափսեր վերցնի կոստյումիս համար: Դերձակը վերցրեց իմ չափսերը եւ հարցրեց. «Ձախ ձեռքի՞դ ես կրում, թե՞ աջ»: Ես ստեցի եւ ասացի` ձախ: Հազիվ էի դուրս եկել դերձակի սենյակից, գոհ, որ վարպետ դերձակը չէր նկատել ինձ, երբ հոտոտեցի եւ հասկացա` օդում կա մի բանաստեղծություն, եւ եթե չեմ սխալվում` քառատող: Մոտ չորս շաբաթ պահանջվեց, որ ամպը ցրվի, եւ քառատողը վայրէջք կատարի: Ես վերցրեցի կոստյումը, եւ, չնայած կեղծ տվյալներին, այն իմ հագով էր. կեղծելն իսկապես անիմաստ էր: Մնում էր միայն, ինչպես վարվում են նման դեպքերում, սովորական քառատողով հիշեցման բացիկ գրել ընկերոջը, որն արդեն ութ տարի է, ինչ քսան մարկ է ինձ պարտք. չնայած բացիկի վրայի թանաքը դեռ չէր չորացել, վերնագիրը եւ քառատողը գրեցի նախապես պատրաստված թղթին:
Սուտը
Ձեր աջ ուսից է կախված,-
ասաց դերձակս:
Որովհետեւ ես պայուսակս աջ կողմում էի կրում,-
ասացի ես` կարմրելով:
Պետք է խոստովանեմ, որ այս քառատողը չի կարելի անվանել ժամանակակից բանաստեղծություն: Չնայած ես հասկացել եմ, որ պետք է հին եւ սովորական չափերով հանդերձավորվեմ, ես դեռ նախանձում եմ (հատկապես երբ բանաստեղծությունն օդում է` իմ անմիջական մոտակայքում, բայց չի շարժվում) այն լաբորատոր բանաստեղծին, որը ստիպված չէ սպասել առիթից առիթ, որը ստիպված չէ շաբաթը երեք անգամ վազել Հոհենցոլերնդամով դեպի դառը վերջաբան, ինչպես ես եմ վազում` չմաքրած ոլոռը կոշիկներիս մեջ, որովհետեւ չմաքրած ոլոռի վրա վազելը հաճույք է պատճառում այն մուսային, որը խթանում է իմ ունակությունները: Ոչ, լաբորատոր բանաստեղծը նստած է անտարբեր` իր լաբորատորիայում, փոքրատառով գրված հողաթափերով, Մաքս Բենսեի հետեւում, թղթերը` պատրաստ. նա անփույթ է վարվում միշտ պատրաստի լեզվական նյութի հետ` ծաղրելով յուրաքանչյուր հնարք, հավաքելով եւ մանրացնելով պատահական իրերն ու բույսերը: Նա դա անում է լրջությամբ, ինքնաքննադատությամբ եւ ջանասիրությամբ, եւ իր ութժամյա օրվանից հետո (եթե այն կարելի է ութժամյա օր անվանել), ժամանակ խնայելով գիտի, թե ինչ է արել. նա փորձարկումներ է արել եւ վաղը կրկին կարող է փորձարկումներ անել:
Չնայած իմ ողջ նախանձին` ես խոստովանում եմ, որ շնորհակալ եմ լաբորատոր բանաստեղծին: Նա ինձ ազատում է իմ աշխատանքից` հիանալի փորձեր անելով այն ոլորտներում, որոնք ես ստիպված էի փորփրել դադարի պահերին: Բայց քանի որ նա` լաբորատոր բանաստեղծը, գոյություն ունի, պարտավոր չէ փորփրել դրանք: Ես անամոթաբար ծանոթացել եմ դրանց արդյունքներին, մշտապես բարեհամբույր ձեւով երբեմն օգտագործում եմ նրա փորձերի պտուղները` սխալ հասկանալով դրանք:
Այս դիտողություններից հետո, նույնիսկ ամենաանփորձ բանաստեղծը կհասկանա, որ գրողը երբեմն զերծ չէ աշխատանքային էթիկայից: Ես նույնպես կարող եմ պատմել այնպիսի դեպքերի մասին, որոնք ընդհանրապես չեն եղել. ամիսներ շարունակ ոչ մի բանաստեղծություն օդում կախված չէ, գրողը լռում է` առանց ենթադրելու, որ ապրում է, այսպես կոչված, անպատմելի լռության մեջ:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի
1. Հոհենցոլենդամ- Բեռլինի գլխավոր ճանապարհներից է:
2. Մաքս Բենսե (1910-1990)- գերմանացի փիլիսոփա, գրող եւ հրապարակախոս:
