***
Ես շնչում եմ մա,
բայց ապրել չեմ կարողանում։
Ու ապրելու փորձերից էլ հոգնել եմ։
Էսպես ավելի լավ է,
ավելի հեշտ է,
գոնե ինձ համար։
Ներիր ինձ,
որ ստիպված ես ամեն օր
կերակրել ինձ,
հագցնել,
լվացնել։
Ներիր, որ կամ, բայց փտել եմ։
Ներիր, որ շնչում եմ, բայց դիակ եմ։
Ներիր, որ հանկարծակի հայացքս սառում է մի կետում,
ու դու հասկանում ես, որ նորից գրոհում են ինձ՝ իմ մեջ։
Ներիր, որ
հոգուս պատերը, որ անառիկ էի պահում,
թույլ տվեցի գրավել։
Ու հիմա դու գիտես,
որ ես ամեն օր՝ մաս առ մաս, հանձնվում եմ։
(մահին)
Ներիր, բայց սա պատերազմ էր կյանքի հետ,
որում ես էդպես էլ չկարողացա հաղթել, ոչ մի կերպ,
որովհետև նա գիտեր իմ…
իմ թույլ տեղը,
որը նժարին դնելուց ծանր էր՝
ավելի քան իմ խաղաղությունը,
քան իմ ողջությունը,
քան իմ երազանքները,
ու ավելին էր, քան ես,
ես՝ իմ կենդանությամբ հանդերձ։
(Իմ հաղթանակին ես չէի հավատում)
Իսկ բոլորը կարծում էին, թե դա հերթական ճակատամարտ է՝
կարճը,
պատմության մեջ եղած բոլոր ճակատամարտերից,
որ տևում է ընդամենը 30 րոպե,
կատարվում է բոլորի հետ,
հաղթում ես դու,
ու դրանից հետո կնքվում է հրադադար՝
առանց զոհերի,
սպիերի,
ցավերի։
Ներիր ինձ,
բայց դա ճակատամարտ չէր։
Դա պատերազմ էր,
որտեղ կային զոհեր,
կային սպիեր ու ցավեր,
և ուրիշ ոչինչ,
ուրիշ ոչ ոք,
որ կվիրակապեր գոնե սպիեր,
որ կլուծեր գոնե վրեժ,
որ կապրեցներ ինձ։
Ինչ-որ կերպ…
Դա այնքան հեշտ էր, ախր…
Դա այնքան հեշտ էր, ախր…
Ախր, դա այնքան հեշտ էր…
Ուշ է, մամ։
Քնիր։
Ես էլ կքնեմ։
Գրոհն էլ կավարտվի։
Ես կհաղթվեմ։
Սա պատերազմ էր՝
առանց հրադադարի։
***
Մի օր քո՝ ինձ պատճառած ցավից հետո
հասկացա, որ սկսում եմ գրել, երբ հեռանում ես։
Հասկացա, որ քո պատճառած ցավից է ծնվում իմ պոեզիան։
Գրելն ինձ համար սարսափելի թանկ է, դու էլ՝ թանկ ես, սարսափելի։
Բայց ես ատում եմ ընտրություն կատարելը։
Ու ատում էի, մինչև չհասկացա, որ մենք երբեք չենք կանգնում
ընտրության առաջ,
եթե ընտրելը մեկին անհնար է։
Մնացած բոլոր ընտրություններն այնքան պարզ են ու հստակ,
որ միայն հարկավոր է վերլուծել, թե ինչն է քեզ պետք։
Ես վերլուծեցի ու հասկացա,
որ դու ինձ ցավ ես պատճառում,
իսկ գրելը ցավազրկում է ինձ։
Ընտրությունը պարզ է, սիրելիս։
***
Նստիր կողքիս, մամ,
առ ինձ թևերիդ մեջ,
սեղմիր ամուր կրծքիդ
ու մաքրիր աշխարհի
ցավն իմ հոգուց։
Նստիր ու մի բարկացիր,
որ լաց եմ լինում՝
ամեն հարվածից։
Նստիր ու մի բարկացիր,
որ փլվում եմ այսքան շուտ՝
ամեն փոթորկից։
Մաքրիր թանաքը ձեռքերիս,
որ մնացել է տարաբախտ
գիշերվանից հետո։
Սառը թրջոց դիր՝
ճակատիս,
վերքերիս,
սրտիս։
Ու մի նայիր ջերմաչափին –
որ ջերմաչափն է ցավի,
ասել է թե՝ ցավաչափ։
Բռնիր թուլացած ձեռքս,
համբուրիր ճակատս,
Ծածկիր ինձ,
Գրկիր ինձ…
Ես ուզում եմ ապրել։
***
Սիրիր քեզ,
որովհետև դա այնքան սիրուն է։
Առավոտյան արթնացիր,
նայիր հայելու մեջ
ու սիրիր քեզ։
Սիրիր խճճված մազերդ,
աչքերիդ ուռածությունը,
կարմրությունը,
պարկերը։
Սիրի՜ր։
Սիրիր քեզ օրվա մեջ յոթ անգամ։
Օրվա մեջ յոթ անգամ նայիր հայելու մեջ
ու յոթ անգամ ասա, որ սիրում ես քեզ,
որովհետև Աստված սիրելով ստեղծեց մարդուն յոթերորդ օրը՝
որպես լրացում, որպես հրաշք, իր պատկերով ու նմանությամբ։
Սիրիր քեզ գիշերը՝ ժամը երեքին,
երբ թավալվում ես անկողնում՝ քնելու անկարողությունից
ու մտքերիդ ծանրությունից։
Սիրիր մտքերդ, որովհետև դրանք դու ես։
Սիրիր աչքերդ, երբ դրանք փայլում են
երջանկությունից ու ցավից։
Սիրիր երկար մատներդ,
որ էդպես էլ դաշնամուր նվագել չսովորեցին,
փոխարենը՝ ճկվեցին ու կոշտացան
գրչիդ ծանրությունից
ու ստիպելուց, որ գրիչդ գրի։
Սիրիր շուրթերդ,
երբ դրանք սեր են խոստովանում,
ու ատիր, երբ չարախոսում են։
Սիրիր ձեռքերդ,
երբ գրկում են ամուր ու սիրով։
Ատիր, երբ գրկում են, բայց ափի մեջ դանակ է,
երբ ամուր սեղմվում են գրպանում։
Սիրիր հոգիդ,
երբ նրբազգաց է,
երբ խոցերով լի է,
երբ մեռած է,
երբ երջանիկ է։
Սիրիր մազերդ,
երբ թաց են,
երբ գզգզված են,
երբ կեղտոտ են։
Սիրիր գիրությունդ,
որի մեջ դու թեթև ես։
Սիրիր նիհարությունդ,
որի մեջ դու տեղավորվում ես,
որի մեջ դու՝ դու ես։
Սիրիր քեզ։
Աջ ձեռքդ դիր ձախ ուսիդ,
ձախ ձեռքդ դիր աջ ուսիդ
ու գրկիր սեփական ոսկրերդ՝
կոտրելու աստիճան։
Սիրիր քեզ,
Խնամիր քեզ,
Կարևոր զգա քեզ։
