Մհեր Իսրայելյան | Չինացիներն են մեղավոր

Մհերի ԻսրայելյանԵրկրագունդն իր համար պտտվում է պտտվում ու չի էլ ենթադրում, թե յոթ միլիարդ մարդ այդ պտտույտի մասին մոռացած՝ կյանքի պատահականություններն ու զուգադիպությունները թյուրիմացաբար բերում վերագրում են ինչ-որ նախախնամության, գերբնական ուժերի կամ էլ արյունակցական ինչ-ինչ առնչակցությունների։ Չկա նման բան։ Մեր մոլորակը պտտվում է արեգակի շուրջ, պտտվում է իր առանցքի շուրջ ու մարդկանց գլխին չար կատակ խաղում զուտ մի պարզ պատճառով, որ հետո գրելու բան լինի։ Որ հետո, երբ գրելու բան չմնա, մեկ էլ հիշես քո զարմիկ Վարուժին, որ կյանքդ կերավ, թե բա ինչքան շուն ու գել կա, իրենց մասին գրեցիր, ինչքան անկապ դեպք կա, սարքեցիր դարակազմիկ իրադարձություն, այնինչ էն մեր զիլ պատմությունը լրիվ մոռացության ես մատնել, ասես իրականում ոչինչ էլ չի եղել։ Ո՛չ Հոլանդիա անունով երկիր է եղել, ո՛չ մեկուկես միլիարդ չինացի, ո՛չ էլ իրար կորցրած երկու զարմիկ։ Ախպեր ջան, հո, կրակը չենք ընկել, որ ոչ բարով գրող դառանք։ Ախր Վարուժ ջան, եթե գրեմ, կստացվի գրագողություն. հիշում ես Հեմինգուեյի էն պատմվածքը, որ երկու տղեկ վիսկի են խմում ու այդպես պատմվածքի սկզբից մինչև վերջ խմում են ու խմում։
– Բա վերջում ի՞նչ է լինում։
– Չեմ հիշում, էնքան խմեցին, որ ես էլ հետները հավասար գինովցա։ Բայց հաստատ հայրերի մասին էին խոսում, նրանց ապրած կյանքի, անկասկած՝ ձկնորսության։ Հա, մեկ էլ բեյսբոլի։ Հիմա էդ եմ ասում, նման հարբեցողությունից լավ պատմվածք Հեմինգուեյը միայն կարող է ծեփել։ Հո պատվերով համերգ չի։
Ասացի ու հիշեցի ընկերոջս, որ երանելի իննսունականներին քիչ գինովցած խնդրեց Երիտասարդական մետրոյի մոտ ակորդեոն ճզճզացնող պապիկին Մուռկան երգել-նվագել, պապիկն էլ թե՝ տղա ջան, էս քո համար հո պատվերով համերգ չի։ Պապիկը Մուռկան չերգեց, բայց ես երևի ճար չունեմ, Վարուժը թոկը գցել է պարանոցիս ու առանց դույզն ինչ խղճի խայթ զգալու կամաց-կամաց ձգում է ճոթը։
– Հիշում ես, լրիվ էն չինացին էր մեղավոր, որ ինքնաթիռի բիզնես սրահում ծվարած աստծու տված իր բաժին վիսկիից հրաժարվեց ու գործը բարդեց խեղճ հայերի վրա։
– Երևի Հեմինգուեյ չէր կարդացել։ Եթե կարդացած լիներ գլխի կընկներ, որ պիտի խմի աստվածային հեղուկը։ Համ կյանքը կգեղեցկանար համ էլ էդ անտեր կորոնավիրուսը չէր տանի ու տարածի ամբողջ աշխարհով մեկ։
Երևի գլխի ընկաք, որ դեպքը պատահել է ճիշտ այն օրերին, երբ աշխարհի քաղաքակիրթ մարդկությունը հուսահատ պայքար էր մղում կորոնավիրուսի համաճարակի դեմ, ու Հայաստանի փողոցներում քայլող մի թունավոր մարդ ոռնում էր, թե չինացիներն են մեղավոր ու նրանց բոլորին անխտիր՝ մեկուկես միլիարդ մարդու, պիտի բանտերը լցնել ու մեկուսացնել։
Եվ այսպես, օտարերկրյա մի առտնին գործուղումից էի վերադառնում, քնելու մոտալուտ մտադրությունից աչքերս համարյա շաղված՝ կծկվում էի նախախնամությամբ ինձ բաժին ընկած Ամստերդամ-Երևան չվերթի յոթի Բ բախտավոր աթոռակի մեջ, երբ մեկ այլ նախախնամությամբ կամ «Արի տուն» հայրենադարձության ծրագրի բարեհաճությամբ բախտավոր յոթի Ա աթոռակին ծլեց իմ զարմիկ Վարուժը, որ տասը տարի առաջ ճողոպրել էր Հոլանդիա, ու էդ օրվանից՝ ոչ ձեն, ոչ ձուն։ Ինչպես ասում են էն հայտնի անեկդոտի մեջ՝ մե խինդ, մե ուրախություն։
– Հնարավոր չի,- ասաց Վարուժը կրքերը հանդարտվելուց հետո,- աչքերիս չեմ հավատում, գոնե մի աթոռ էն կողմ լիներ անտերը, էս յոթ միլիարդ մարդու մեջ պիտի գայի հենց քո կողքը ընկնեի։
– Սովորական պատահականություն ա,- հանգստացրեցի ես,- նման բաներ լինում են կյանքում։ Նախիրի մեջ գնում էշի ճակատն ես պաչում։
– Երևի արյունը քաշեց,- կեսկատակ ենթադրեց Վարուժը։
– Էս պիտի խմվի, աֆիցիանտ, մի շիշ վիսկի,- միաբերան բացականչեցինք մենք։
– Էս ձեր համար հո ռեստորան չի,- զգուշացրեց սրահի ուղեկցորդուհին,- խմիչքը՝ չափավոր։
Երբ անակնկալ ինքնաթիռի մեջ կողքդ է հայտնվում տասը տարի առաջ Հոլանդիա գնացած ու հօդս ցնդած զարմիկդ, անտարակույս վիսկիի գետեր պիտի հոսեն։ Տո նման իրադարձության համար, իրավապահ մարմինների ականջը խուլ, եթե պետք լինի արյուն էլ կհոսի՝ ի նշանավորումն ազգային վեհ իղձերի իրականացման։
Առաջին բաժակը գնաց հնամենի ավանդույթի համաձայն` առանց լուրջ բովանդակային կենացի, բարով տեսանքի հանգույն։ Դե, Վարուժ ջան, հիմա պատմի, տեսնենք` ինչ քամիներ են գլխովդ անցել։
– Դե քեզ ինչ կա, կյանքիդ մեջ ոչ հայրենիք ես լքել, ոչ էլ վերադարձել, ուզած պահին գնում-գալիս ես, իսկ ես էս տասը տարի ա` կոտորվեցի հոլանդացիների ձեռքը։
– Լավ էլ ժողովուրդ են, Կրոյֆ են տվել, Ռեմբրանդտ,- մտքիս եկած անուններն եմ շպրտում ես,- վարդերի երկիր ա, կարմիր լապտերների փողոց ունեն, հաշիշը անարգել վաճառվում է, կեր, խմի, քեֆ արա շարունակ։
– Տո, ինչ Ռեմբրանդտ, ինչ վարդ-կակաչ, այ ախպեր, ընտանյոք հանդերձ երեխաների ձեռքը բռնած շաբաթ օրերը սեքսի թանգարան են այցելում, մատաղ սերնդի դաստիարակության ծրագրի շրջանակներում։
– Վարուժ ջան, բայց նայի ոնց են ֆուտբոլ խաղում, թռչող հոլանդացի լսել ես, սրանք թռնում են, մենք ոնց որ դաշտի վրա մեխված լինենք մի կետի վրա։
– Դե, մենք ինչ թռնենք, հաշիշը դրել արգելել են։
Մենք մի շիշ էլ վիսկի ուզեցինք, տասը տարվա տեղն հանելու վճռականությամբ։ Խմեցինք Հայաստանի կենացը, զինվորի կենացը, հող ու ջրի կենացը։ Առաջին շիշը պարպվեց հանուն հայրենիքի, պարպվեց ցմրուր։ Խմում էինք ագահորեն, չտեսի պես, ասես ո’չ հայրենիք էինք տեսել, ո’չ բան։ Հետո խմեցինք մեր գրող սասունցի հերերի ու գորովալից մերերի համար, գյուղում մեջքները կորացրած կամ Էրգիր հեռացած տատեր-պապերի համար։ Երբ շիշը դատարկվեց.
– Աֆիցիանտ, վիսկի,- միաբերան կանչեցինք մենք։
Ուղեկցորդուհին չեմուչումով բերեց հաջորդ շիշը։ Ես առաջարկեցի խմել Ռեմբրանդտի կենացը, ում պապը բրիտանական հանրագիտարանի համաձայն եղել է հայ վաճառական։ Վարուժը բացատրեց, որ հոլանդերեն արմեն և աղքատ բառերը նույն կերպ են հնչում և բրիտանական հանրագիտարանն իբր շփոթել է հայ և աղքատ բառերը ու ցանկանալով շեշտել վաճառականի աղքատ լինելու հանգամանքը` ակամա մոլորեցրել է հայ ընթերցողին։ Ի դեմս Ռեմբրանդտի` խմեցինք բոլոր նկարիչների կենացը, հետո ինչ, որ պապը հայ չի եղել։ Ավելի ուշ Վարուժն առաջարկեց առանձին խմել Վան Գոգի ականջի համար, ինչին ես համաձայնեցի, պայմանով, որ այլ մարմնամասերի չենք անցնի։
Մենք վիսկի ուզեցինք, ես աչքով արեցի, ու ուղեկցորդուհին մի անթաքույց դժկամությամբ բերեց հերթական շիշը, այն էլ միայն այնժամ, երբ Վարուժը ինքնաթիռի ուղևորների հիացական հայացքների ներքո մաքուր հոլանդերենով գոռաց, թե ուզում է խմել Հոլանդիայի թագուհու կենացը։ Ես առաջարկեցի թագուհու կենացը խմել հոտնկայս, անպայման ցմրուր՝ մեր հարգանաց հավաստիքը այդ ազնվական տոհմին հղելու համար։ Հետո իմ առաջարկով մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցինք թռչող հոլանդացու հիշատակը։ Ասեմ, որ մեծ ջանքեր պահանջվեց, որ հոտնկայս կենացների ծրագիրն իրականացնելու համար կարողանանք ուղեկցորդուհուն համոզել արձակել ամրագոտիները։
– Ինքնաթիռի վիսկին վերջացավ,- վերջապես գուժեց ուղեկցորդուհին,- ինքնաթիռը թևակոխում է տուրբուլենտային գոտի, խնդրում ենք տեղից չշարժվել։
– Չէ, անպայման պիտի աֆթր-փարթի անենք,- առաջարկեց Վարուժը։
– Ուրիշ ելք չկա,- համաձայնեցի ես,- միայն աֆթր-փարթիի մեջ կա ազգին փրկություն։
– Վերցնենք մեր հերերին ու գնանք Ջաղցի Ձոր, մի բաժակ բան խմելու,- ծորացրեց Վարուժը։
Ամեն ինչ այդպես էլ կավարտվեր, կամ ավելի ճիշտ՝ այդպես կիսատ էլ կմնար, եթե Վարուժը պատահմամբ մի կողմ չտաներ բիզնես սրահը մեզնից բաժանող վարագույրն ու չտեսներ հարուստ չինացուն՝ իր բաժին վիսկիի շիշը սեղանին դրած։ Արյունը խփեց գլխներիս։ Մենք չինացուն հանգամանորեն բացատրեցինք, որ սասունցիները, այսինք մեր նախապապերը, այսինքն Մամիկոնյան տոհմն ընդհանրապես և սպարապետ Վարդան Մամիկոնյանը՝ մասնավորապես, սերում ենք Չինաստանի մի հին ռազմատենչ տոհմից, և արյունակիցների այս հանդիպումը ինքնաթիռում չի կարող լոկ պատահականություն դիտարկվել։ Ավելորդ է ասել, թե ինչ բարի ժողովուրդ են չինացիները, ինչ է մեկ շիշ վիսկին իսկական ընկերության համար, մանավանդ եթե խոսքը վերաբերում է Մամիկոնյաններին, մի տոհմի ներկայացուցիչների, որոնք չգիտես ինչու խարիսխ էին գցել մի հեռու-հեռավոր լեռնային երկրում։ Մինչև Վարդան Մամիկոնյանի սուրբ կենացը խմելը՝ ես մտքի մի անհավանական փայլատակումով մտաբերեցի, որ մոռացել ենք խմել ձկնորսների և բեյսբոլիստների համար և արագ, առանց բաժակները չխկացնելու լրացրեցինք այդ բացը։
Հազիվ էինք մի բաժակ բան խմել, երբ ինքնաթիռի անիվները դղրդյունով անխղճաբար բախվեցին հայրենի չոր ու պապակ հողին։
– Վարուժ ջան, էս ժամանակը ոնց թռավ, իրարից բան չհասկացանք, աչքներս ճպպացրեցինք, հասանք տեղ։ Աֆթր-փարթին անխուսափելի է։
– Աֆթր-Փարթի, Աֆթր-Փարթի,- գոռաց Վարուժը,- մուզիկանտ, մի հատ Մուռկան…
Մինչ երկրագունդը շարունակում էր իր համար պտտվել, մենք էլ չինացուց խլած շշի վերջին կաթիլն էինք մզում, Երևանի Զվարթնոց օդանավակայանում հանդիպեցին երկու զարմիկ՝ մեր սասունցի ու գրող հերերը, որ եկել էին մեզ դիմավորելու։ Տոնախմբությունը խոստանում էր լինել ճոխ։ Պարզելով, որ նույն չվերթով ենք գալիս, որոշեցին սեղան գցել ու մինչև առավոտ քեֆ անել։ Թե ինչ են զրուցել մեր հերերը, միայն իրենք գիտեն։ Հաստատ էրգիր էլ հասած կլինեն, Ջաղցի Ձոր էլ։
– Ճպուռներին դիմավորենք ու մինչև լուսաբաց քեֆ անենք, – որոշել են նրանք։
Մենք չենք հիշում, բայց սպասասրահի մարդիկ պարզորոշ լսել են, թե ինչպես է իմ զարմիկ Վարուժը գոռացել.
– Չինացինե՛րն են մեղավոր։
– Բոլորին գնդակահարել է պետք, մեկիկ-մեկիկ,֊ավելացրել եմ ես։
– Մուռկա, ախ Մուռկա,- երգել ենք երկուսով։
Ես Վարուժին զգույշացրել էի, որ կարող է կալանավորվել օդանավակայանում երկու դեպքում. եթե կրում է քրեական ենթամշակույթի ազդեցությունը, կամ կորոնավիրուսի մահաբեր բացիլը։ Կատակ էի արել, իհարկե, մի չար կատակ, որին վիճակված էր դառնալ բարի իրականություն։
– Խնդրում եմ՝ հետևեք մեզ,- ասել է անվտանգության աշխատակիցը,- ու մի-մի հատ դնչկալ ու ձեռնաշղթա հագցրել դնչներիս ու դաստակներիս,- դուք կասկածվում եք կորոնավիրուսի հարուցիչ կրելու և քրեական ենթամշակույթին հարելու համար, քանի որ ինքնաթիռի մեջ հարաբերվել եք չինացու հետ և փորձել պատվիրել Մուռկա երգը, որն ակնհայտ քրեական ենթամշակույթի խորհրդանիշ է համարվում։ Ձեզ պետք է մեկուսացնենք՝ երկու շաբաթ կարանտին,- պատմում են մեր հերերը։
Առը հա, էս էլ քեզ աֆթր-փարթի, որ չէր լինի, եթե Վարուժը նախիրի մեջ էշի ճակատը չպաչեր։ Պիտի ասեմ, որ կարանտինը կամ թե կուզեք աֆթր-փարթին համարում եմ հաջողված։ Կարծում եմ Հեմինգուեյը ինձ կների և չի հետապնդի հեղինակային իրավունքի կոպիտ ոտնահարման համար։ Երկու շաբաթ ժամանակ ունենք։ Վարուժը հանգիստ կխորհի հայրենիքի կարոտի, պանդխտության անցանկալի հետևանքների ու հարյենադարձության հրաշքի մասին։ Կորչի Հոլանդիան։ Ինչքան լավ բան է տունը, ինչքան քաղցր է հայրենի կարանտինը, ինչ հոլանդական խմբակային սեքսի խցեր, ինչ կարմիր լապտերների փողոց, օտարությունը մնում է օտարություն։ Մուռկան էլ կարելի է քթի տակ դնդնալ, այնպես, որ մարդ չլսի։ Մեր գրող ու սասունցի հերերը կոլորեն բեղերը ու համաճարակի դեմ պայքարի շրջանակներում երկու շաբաթ կտրվեն հարբեցողության կամ ինչպես ֆեյսբուքում գրել էր նրանցից մեկը՝ անմահական ջրի հրաշագործությանը։ Տարբեր կենացներ կհնչեն, Կրոյֆին էլ չեն մոռանա, և, իհարկե, բազմիցս կխմեն աշխարհի ամենաստեղծագործ ժողովրդի՝ չինացիների կենացը։ Իսկ ե՞ս, ես ինչ, երկու շաբաթ ժամանակ ունեմ, կնստեմ ու պատմվածք կգրեմ։ Կփորձեմ ապացուցել, որ ոչ մի նախախնամություն, ոչ մի գերբնական ուժեր կամ արյունակցական առնչակցություններ էլ չկան։ Չինացիներն են մեղավոր, որ ստեղծեցին թուղթն ու թանաքը ու տվեցին գրողներին ի պատիժ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *