– Հայրդ այնքան էլ չէի սիրում խոսել։
– Գոնե երբեմն խոսո՞ւմ էր։
– Ասում էր՝ ա՜խ։
– Ա՞խ․․․
Ինչ ինտերվալով էլ գնաս Մալյան թատրոն (մութ տարիներ, անթատրոն ժամանակներ, համավարակ, պատերազմ), գնում ես իբրև հարազատ վայր, և հանդիպում հարազատ մարդկանց, որոնց համար մալյանական ներկայացումները հայաստանյան մշակութային առօրյայի մաս են։
Ամերիկայում մեր ամենամեծ հայի՝ Վիլյամ Սարոյանի (Անդրանիկ զորավարի մասին պատմվածքը գրողը վերնագրել էր՝ «Մեր ամենամեծ հայը Ամերիկայում») ծննդյան 100–ամյակի տարում՝ 2008 թվականին բեմադրված «Պատմություններ գնացքում» ներկայացումը մի քանի տարվա հարկադրական ընդմիջումից հետո (դերակատարի արտագաղթ) վերջերս Նարինե Մալյանը վերաբեմադրել է, նկատի ունենալով երկու հանգամանք։ Առաջին՝ սիրված ու հանդիսական ունեցող ներկայացում է, և որ այս տարի թատրոնի հիմնադրման 45– ամյակն էր, իսկ արդեն մի քանի օրից, գալիք 2025–ը Հենրիկ Մալյանի հարյուրամյակի տարին է։
«Ֆանտազիաներ ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքների» խորագրով ներկայացման մեջ սարոյանական վեց հայտնի պատմվածքներն են՝ «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին», «Հանճարը», «Բիթլիս», «Խեղճուկրակ արաբը», «Պինգ պոնգ խաղացողները» և՝ «Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծել–պոկել էր կրկեսի վագրը» ֆանտազիան։
Բեմականացման ու բեմադրության հեղինակ Նարինե Մալյանը տարիներ առաջ խոստովանել է, որ Հենրիկ Մալյանի Սարոյան բեմադրելը (Մալյան թատրոնի առաջին ներկայացումներից՝ «Իմ անունը Արամ է») իրեն «խանգարել է», և միայն տարիներ անց գտել է արմատապես այլ մոտեցում, ընտրելով այն պատմվածքները, որոնք իրեն «հոգեհարազատ են ու չեն տխրեցնում»։
Բեմադրիչ Նարինե Մալյանի ձեռագիրն այս ներկայացման պարագայում կարելի է բնորոշել իբրև յուրատեսակ միաձուլում, ամերիկյան ու հայկական սարոյանական պատումների հերթագայում։
Պատահական չէ, որ «Պատմություններ գնացքում» ներկայացումը սկսվում է կառամատույցում, ու հայ պապը (Արա Սարգսյան) կյանքի դասեր ու խորհուրդներ է տալիս առաջին անգամ մեծ աշխարհում միայնակ ճամփորդող երիտասարդին։ Սամվել Թոփալյանի Արամը մի ականջով հարգալից լսում է գերդաստանի մեծին, սակայն անհամբեր է տեսնելու իրական կյանքը, ինչից հորդորում են ապահով հեռավորություն պահել։ Ակամա հիշում ես Վիլյամ Սարոյանի քիչ հարցազրույցներից մեկը, ուր համոզմունք է հայտնում, որ ինքը կյանքում հաջողելու է․ «Ինձ հետ չպիտի կարողանան այդպես վարվել»։
Գնացք– բեմում կյանքի խայտաբղետության գունապնակ է՝ մարդկային տարբեր կրքեր ու ճակատագրեր, և պայմանական խաղի բոլոր ձևերը կան․ գրոտեսկ, անեկդոտիկ լուծումներ, մնջախաղ,ստվերների թատրոն, դրամա, արկած։ Գնացքի ուղևորները՝ աշխարհի բոլոր արարածները, այս կարճ ընթացքում դառնում են մի ընտանիք, համերաշխվելով նույն աղմկոտ ու ռիթմիկ պարի մեջ։
Մի պահ ասես իրագործվում է Սարոյանի գրողական հավատամքը․ «Կուզեի փոխել աշխարհը, որը մի քաոս է»։
Սամվել Թոփալյանը գրական տեքստը դարձնում էր հայկականության անուղղակի գիտելիք։ Իսկ ո՞րտեղ էր ապրում իր հայրը, թե ինչպես էր նա քայլում իր հայրենիքում, լեռներում կառուցված Բիթլիս քաղաքի փողոցներում։
– Նա այնքան էլ չէի սիրում խոսել։
– Գոնե երբեմն խոսո՞ւմ էր։
– Ասում էր՝ ա՜խ։
– Ա՞խ (բազմանշանակ հայացք)․․․
Ներկայացման ամենամեծ հմայքը դերասանների խաղն էր, երբեմն անխոս, մնջախաղային, ինչպես արաբը, գնացքի սլաքավարը, երիտասարդ զույգը։ Հաճախ էլ՝ բազմախոս, Սամվել Թոփալյանի Արամը, Վահագն Գասպարյանի վարսավիրը, քեռին։
Վերաբեմադրված ներկայացումը նոր դերակատարներ ուներ․ գնացքի երիտասարդ զույգը՝ Հայկ Սարգսյանը և ճակատագրական արկածախնդրուհի Անգելինա Անտարյանը, գնացքի սլաքավար Խաչիկ Դարբինյանը։
Գնացքից դուրս պատմությունները զվարճալի, բայցև ավելի դրամատիկ էին։ «Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծել–պոկել էր կրկեսի վագրը» ֆանտազիայում մշեցի նախկին հսկային կրկեսի ֆրանսիացի գազանավարժը հարց է տալիս․
– Դուք պատրա՞ստ եք սիրելու աշխարհի բոլոր արարածներին, այդ թվում՝ ջունգլիների վայրի կենդանիներին։
Պատասխանը սարոյանական է և ճակատագրական․
– Այո, սիրում եմ․․․։
Մալյան թատրոնի սյուներից Գևորգ Հովակիմյանը, ինչպես միշտ, հիշվող ու սիրված կերպարներ է ստեղծում, անգամ այն դեպքում, երբ քիչ է խոսում՝ իբրև հոգնած ու սակավախոս գրող, որը «գրելը թողել էր երեկ չէ առաջին օրը», և անխոս՝ վարսավիրի պատմության հերոսը, ոչ մի բառ չարտասանող, աշխարհի հետ հաշտ ու խաղաղ գոյատևող՝ ի՜նչ էինք, ինչ դարձանք։
Ահռելի ուժի տեր նախկին մարզիկը, անճարությունից աշխարհի բոլոր մայրաքաղաքներում վայրի վագրի երախին իր անտեր գլուխը վստահող, հաստ բեղերով ու տարօրինակ, անհեթեթ տարազով մշեցի քեռի Միսակի կերպարը հարազատ սարոյանական էր՝ անբացատրելի, համակրելի։ Անցած դարից, զոլավոր տարազով ու ծոպավոր գլխանոցով հայտնվել էր փետրավոր գլխարկների, մերկ ոտքերի ու ֆոքստրոտի դարաշրջանում, ու պիտի հեռանար։ Ստվերանկարի անխոս պատկերի մեջ ցայտուն երևում էր, որ շոգից կատաղած վագրի երախին իր կյանքը վստահում էր ոչ թե խիզախորեն, այլ հլու, ինչը ամենատխուրն էր։
Եթե «Խեղճուկրակ արաբի» տեսարանում քեռու դերակատար Վահագն Գասպարյանի բարձրագոչ զայրույթն արդարացված էր հայրենիքից և հարազատներից հազարավոր մղոններով հեռու արաբին (Լևոն Ղազարյան) հնարավոր հարցերից–ոտնձգությունից ազատելու հիմնավորումով, ապա վարսավիրի պարագայում գերխաղ էր, ինչն ընդհանրապես հատուկ չէ Մալյան թատրոնին։
Սամվել Թոփալյանի Արամը՝ Սարոյանի հավաքական քնարական հերոսը, գնացքում կատարվող իրադարձությունների լուռ ու վախվորած դիտողից դարձավ այդ պատմությունների սիրելին ու հերոսը։
Հայ հանդիսականը և ընթերցողը սիրում է սարոյանական աշխարհը, նրա առաջնորդությամբ՝ աշխարհի բոլոր արարածներին ու ներկայացումները, յուրօրինակ աշխարհայացքով՝ խեղճուկրկակ արաբ, եթե խեղճ մշեցի հայ, նարդու և աշխարհի վրա զայրացած քեռի,թե հրաշալի պատմությունների գիտակ ապաշնորհ վարսավիր, մի կյանք՝ ուրախ, տխուր, խոհական, սրամիտ։