Ժոզե Սարամագո | Պատմվածք անհայտ կղզու մասին


Մի մարդ թակում է թագավորի պալատի դուռն ու ասում. «Ինձ մի նա՛վ տուր, արքա՛»: Պալատը շատ դռներ ուներ, իսկ դա խնդրանքների դուռն էր: Քանի որ թագավորն իր ողջ օրն անցկացնում էր միայն նվիրատվությունների դռան մոտ (նա սիրում էր նվերներ ստանալ), ամեն անգամ, երբ լսում էր, թե ինչ-որ մեկը թակում է խնդրանքների դուռը, իսկույն անտարբեր էր ձևանում: Եվ միայն այն ժամանակ, երբ բրոնզե դռնահարի անդադար թակոցը նյարդերը մաշող աղմուկ էր բարձրացնում՝ խանգարելով դրացիների անդորրը (նրանք սկսում էին քրթմնջալ՝ այս ինչ միապետ է, որ չի կամենում ընդունել հպատակներին), հրամայում էր առաջին քարտուղարին, որպեսզի ճշտեր, թե ինչ է ցանկանում խնդրարկուն, և թե արդյոք միջոց չկա՞ նրան լռեցնելու:

Այդ ժամանակ սույն քարտուղարը կանչում էր երկրորդ քարտուղարին, սա էլ՝ երրորդին, որը հրամայում էր առաջին օգնականին, սա էլ իր հերթին հրամայում էր երկրորդին, և այսպես, մինչև հասնում էր տան սպասուհուն, որն իր ենթակայության տակ չունենալով որևէ մեկին՝ հրամանը փոխանցելու, կիսաբաց էր անում խնդրանքների դուռն ու հարցնում. «Ի՞նչ ես ուզում»:

Մարդն ասում էր, թե ինչի համար է եկել և պարզաբանում իր խնդրանքը, հետո տեղավորվում էր դռան անկյունում՝ սպասելով, որ պահանջը կատարեն: Հարցումը հասնում էր թագավորին ճիշտ այն ճանապարհով, ինչով փոխանցվել էր: Եվ արքան, ով ինչպես միշտ զբաղված էր լինում նվերներ ստանալով, ուշացնում էր պատասխանը: Դա ևս մեկ անգամ հավաստում էր, որ նա անհաղորդ էր սեփական ժողովրդի հոգսերին, որ նրան չէին հուզում մարդկանց բարեկեցության ու երջանկության հարցերը: Նա լոկ հիմնավորված կարծիք էր պահանջում առաջին քարտուղարից, որն, իհարկե, հանձնարարությունը փոխանցում էր երկրորդին, սա՝ երրորդին, հաջորդաբար, մինչև որ կրկին հասնում էր սպասուհուն, վերջինս էլ, ըստ իր տրամադրության, համաձայնում էր կամ ոչ:

Այսուհանդերձ, նավ ցանկացող մարդու պարագային ամեն ինչ այլ էր: Երբ սպասուհին դռան ճեղքից նայելով հարցրեց. — Եվ ի՞նչ ես ուզում:

Մարդը, մյուսների նման տիտղոս, շքանշան կամ պարզապես փող խնդրելու փոխարեն, պատասխանեց. — Ուզում եմ թագավորի հետ խոսել: — Թագավորը չի կարող քեզ ընդունել, նա նվիրատվությունների դռան մոտ է: — Ուրեմն ասա՛ նրան, որ այստեղից չեմ հեռանա այնքան, մինչև ինքն անձամբ չգա՝ իմանալու, թե ինչ եմ ուզում:

Ավարտելով խոսքը՝ խնդրարկուն հասակով մեկ փռվեց աստիճաններին և, որ ցրտից չմրսի, վրան ծածկոց գցեց: Ներսուդուրս անողները ստիպված էին անցնել նրա վրայով, որը դժվարություններ էր առաջացնում, իսկ եթե հաշվի առնենք, որ դռներն իրենց բուն նշանակությամբ սոսկ մեկ խնդրարկու կարող էին սպասարկել, պարզ էր դառնում, թե իր արարքով որքան անհարմարություն ու շփոթ էր ստեղծում այդ մարդը: Կանոնակարգի այս ձևից անշուշտ շահում էր թագավորը, քանզի բոլորը, ովքեր ցանկանում էին նրան հանդիպել՝ իրենց դարդերից պատմելու, ավելի ու ավելի էին քչանում՝ արքայի հանգստի ժամանակը մեծացնելով, ով դա կարող էր օգտագործել նվերներ ընդունելու, դրանք ուսումնասիրելու, ապա գանձարանում պահպանելու համար: Բայց մյուս կողմից էլ միապետը կորցնում էր նույնիսկ ավելին, քանզի պատասխանն ուշացնելիս հասարակական կարծիքը շրջվում էր ընդդեմ նրա, որն էլ իր հերթին բացասական հետևանքներ էր առաջացնում՝ կասեցնելով նվերների հոսքը: Եվ դիցուք այս միջադեպը, որի մասին հիշատակում ենք, օգուտների և վնասների տեսակարար կշիռը ծանրացնում էր հօգուտ խնդրատուի:

Թագավորը երեք օր անց անձամբ մոտեցավ խնդրանքների դռանը՝ իմանալու, թե ինչ է ցանկանում տարօրինակ այցելուն, ով հրաժարվել էր փոխանցել իր խնդրանքն արդեն կանոնակարգված ճանապարհով: — Բացի՛ր դուռը, — ասաց արքան սպասուհուն: — Լրի՞վ, թե՞ կիսով չափ, — հետաքրքրվեց կինը:

Թագավորը մի պահ հապաղեց. չէր ցանկանում, որ իրեն նկատեն դրսում սպասողները, բայց հետո մտածեց, որ դռան ճեղքից հպատակի հետ հաղորդակցվելն արքայի համար վայելուչ չլինելուց բացի, կարող է ասեկոսեների առիթ դառնալ: Ու զգուշանալով հատկապես սպասուհու ներկայությունից, որը հետագայում իր պահվածքի մասին լուրեր կտարածեր՝ հրամայեց՝ լրի՛վ:

Նավ ցանկացող մարդը, հենց որ սկսեց լսել սողնակի աղմուկը, վեր կացավ գետնից, փաթաթեց ծածկոցը և սպասեց: Թագավորի անսպասելի հայտնվելը չափազանց մեծ անակնկալ եղավ բոլորի համար: Այնտեղ միակ մարդը, որ չզարմացավ, նավ խնդրողն էր: Նա հաշվարկել էր և նախագուշակել, որ թագավորը հետաքրքրություն կունենա տեսնելու այն մարդու դեմքը, ով զարմանալի հանդգնությամբ հրամայել էր կանչել իրեն: Թագավորը միանգամից երեք հարց տվեց. «Ի՞նչ ես ուզում», «Ինչո՞ւ չասացիր, թե ինչ է ուզածդ», «Կարծում ես՝ ես ուրիշ բան չունե՞մ անելու»: Բայց մարդը պատասխանեց միայն առաջին հարցին. — Ինձ մի նավ տուր:

Թագավորն այն աստիճանի մտացրիվ դարձավ, որ սպասուհին ստիպված եղավ նրա համար բերել մի եղեգնահյուս աթոռ: Քանի որ աթոռը շատ ավելի ցածր էր, քան իր գահը, թագավորը վատ նստած դիրքի պատճառով փորձում էր ոտքերը հարմար տեղավորել, մինչդեռ նավ ցանկացող մարդը համբերությամբ սպասում էր հաջորդ հարցին. — Իսկ կարելի՞ է իմանալ, թե ինչի համար ես նավ ցանկանում: — Որպեսզի գնամ անհայտ կղզի որոնելու, — պատասխանեց մարդը: — Ի՞նչ անհայտ կղզի, — հարցրեց թագավորը՝ թաքցնելով ծիծաղը: — Մի անհայտ կղզի, — կրկնեց մարդը: — Անհեթեթություն, այլևս անհայտ կղզիներ չկան: — Ո՞վ է քեզ ասել, թագավոր, որ այլևս անհայտ կղզիներ չկան: — Բոլորը նշված են քարտեզի վրա: — Քարտեզի վրա միայն հայտնի կղզիներն են նշված: — Եվ դա ի՞նչ անհայտ կղզի է, որ ուզում ես գտնել: — Եթե կարողանայի ասել, ուրեմն չէր լինի անհայտ: — Այդ դեպքում ինչո՞ւ ես պնդում՝ ասելով, որ գոյություն ունի: — Պարզապես, քանի որ անհնար է, որ գոյություն չունենա որևէ անհայտ կղզի: — Փաստորեն եկել ես այստեղ, որ ինձնից մի նավ խնդրես: — Այո, եկել եմ քեզնից մի նավ խնդրեմ: — Իսկ դու ո՞վ ես, որ քեզ այն տամ: — Իսկ դու ո՞վ ես, որ ինձ այն չտաս: Ես այս թագավորության թագավորն եմ, և թագավորության բոլոր նավերը ինձ են պատկանում: — Դու ավելի շուտ դրանց ես պատկանում, քան դրանք՝ քեզ: Որովհետև դու առանց դրանց ոչ ոք ես, իսկ դրանք, առանց քեզ, միշտ էլ կկարողանան նավարկել: — Իմ կարգադրություններով, իմ նավավարներով և իմ նավաստիներով: — Քեզնից ո՛չ նավաստի եմ խնդրում, ո՛չ նավավար. միայն մի նավ եմ խնդրում: — Իսկ այդ անհայտ կղզին, եթե գտնես, ի՞մը կլինի: — Քեզ, թագավոր, միայն հայտնի կղզինե՞րն են հետաքրքրում: — Ինձ հետաքրքրում են նաև անհայտները, երբ արդեն անհայտ չեն: — Միգուցե այն հայտնի չդառնա՞: — Ուրեմն քեզ նավ չեմ տա: — Կտա՛ս:

Լսելով այս բառը՝ հանգիստ, հաստատակամ արտասանված, դռան մոտ հավաքված ժողովուրդը սկսեց բղավել. «Նա՛վ տուր նրան, նա՛վ տուր նրան»: Թագավորը, տեսնելով ժողովրդական ալիքը, բարձրացրեց աջ ձեռքը՝ լռություն պահանջելով, և ասաց. — Քեզ նավ կտամ, բայց անձնակազմը ինքդ պետք է հավաքես, նավաստիներս ինձ հարկավոր են հայտնի կղզիների համար:

Մարդը գնաց նավահանգիստ: Նավապետը կարդաց թագավորի այցեքարտը, որի վրա գրված էր. «Նամակ բերողին մի նավ հանձնիր, պարտադիր չէ, որ մեծ լինի, այլ թող լավ նավարկի և լինի վստահելի»: Նավապետը հարցրեց. — Նավարկել գիտե՞ս, նավարկելու վկայական ունե՞ս: — Ծովում կսովորեմ, — պատասխանեց մարդը: — Իսկ ինչո՞ւ ես նավ ուզում: — Որպեսզի գնամ անհայտ կղզի որոնելու: — Արդեն չկան անհայտ կղզիներ: — Թագավորն էլ է նույնն ասում: Բայց ես չեմ ժխտում, որ բոլոր կղզիները, ներառյալ հայտնիները, անհայտ են, մինչև որ ափ չիջնես:

Նավապետը նրան մի կարավելլա հատկացրեց: Այդ պահին հայտնվեց պալատի սպասուհին: Նա որոշել էր թողնել պալատը և հետևել մարդուն: «Ես հոգնել եմ պալատներ մաքրելուց, նավեր մաքրելն իմ իսկական կոչումն է», — մտածեց նա:

Երբ մարդն ու կինը նավի վրա էին, սպասուհին սկսեց մաքրել տախտակամածը: Մարդը գնացել էր անձնակազմ փնտրելու, բայց ոչ ոք չէր ցանկանում գնալ անհայտ կղզի որոնելու: Նրանք ասում էին, որ անհայտ կղզիներ այլևս չկան և իրենք նախընտրում են հայտնի ու ապահով նավարկությունները:

Մարդը վերադարձավ նավ միայնակ ու տխուր: — Իսկ նավաստինե՞րը, — հարցրեց կինը: — Ինչպես տեսնում ես, ոչ մեկը չեկավ: Ասացին, որ անհայտ կղզիներ չկան: — Իսկ դու վստա՞հ ես, որ գոյություն ունի: — Եթե ինքդ քեզանից դուրս չգաս, երբեք չես իմանա՝ ով ես: Մարդն ամբողջությամբ մի կղզի է, — ասաց մարդը՝ հիշելով թագավորի խոսքերը:

Այդ գիշեր նրանք մնացին նավում: Մարդը երազ տեսավ: Նա երազում տեսնում էր իր կարավելլան՝ բաց ծովում, ծաղկած ծառերով ու կենդանիներով լցված: Նավը դարձել էր մի լողացող անտառ: Նա փնտրում էր սպասուհուն, բայց չէր գտնում, մինչև որ արթնացավ և զգաց նրա ներկայությունը կողքին:

Արևը ծագելուն պես, մարդն ու կինը գնացին նավաքթի մի կողմը, հետո մյուսը, որպեսզի նավի վրա սպիտակ տառերով գրեն նրա անունը, որը դեռ չէր գրված:

Կեսօր էր, ծովից փչում էր մեղմ քամի: «Անհայտ Կղզին» վերջապես դուրս եկավ ծով՝ ինքն իրեն որոնելու:

Թարգմանությունը պորտուգալերենից՝ Սյուզի Խաչիկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *