Հողե կտուր տանող փայտե աստիճանը ծերացել է…
Քանի՞ ծննդյան տոն է նշել, ոչ մեկ չգիտի, քանի՞ անգամ են մուրճը գլխին խփել ՝ ժանգոտած մեխին տեղը ցույց տալու համար, ոչ մեկ չի հիշում:
Մեջքը ծռվել է, ատամների տեղն էլ է մոռացել: Փայտոջիլներն անխնա բզկտում, քրքրում են մարմինը, դե ո՞ւմն է պետք, ցավի տերն ինքն է:
Քանի՞ ձմեռ է սարսռացել կտուրին թառած, շոգ ու տապին ու՞մ մտքով է անցել ձեռքը մի բաժակ ջուր տա, արևից հեռու տանի:
Երեկվա ծնված բահի ու եղանի չափ էլ չկա, մութը չընկած՝ տանում, գոմի դռան մի անկյունում են դնում: Ո՞վ է իր տերը: Ախր վրան աչք դնող էլ չկա, գողացողն ո՞վ է:
Հողե կտուր տանող փայտե աստիճանը ծերացել է…
Ներքին թաղից Գալոյի կատուն է մեկ-մեկ գալիս, նստում կողքին, աշխարհի լավ ու վատից պատմում, դե իր տեսածի ու լսածի չափով: Է՜հ, նա ի՞նչ ընկեր, թխսկան հավի գլուխը հենց կորցնում, լեզուն կախ գցած՝ վազում է ճտերի հետևից: Անկուշտն էլ մի բան չի, չէ՛..
էն ժամանակ լավ էր, նանը կար, կգար, կողքը կնստեր, անցած- գնացած օրերը կհիշեր, լուռ կլսեր, հետն էլ արցունք կթափեր: Նանը անուշ ձեն ուներ, էդ միայն ծերացած աստիճանը, մեկ էլ հողե կտուրը գիտեին:
Հենց նանը չոթանը կտուրին էր դնում, խեղճի աչքին էլ քուն չէր գալիս: Նանին խոսք էր տվել, հո անտեր չէր թողնի՞:
Էսօր երազում նանիի կարկատանի խուրջինն էր տեսել, մեկ էլ վրան փռած ավելուկի կանաչ հյուսքերը: Ուզեց պատմել, չկարողացավ:
Հողե կտուր տանող փայտե աստիճանը ծերացել է…
ԱՍՏՂԵՐՆ ԱՆՄԱՐ ԵՆ
Տանն իրարանցում էր:
Տատս գլուխը կորցրել էր. մերած մածունը շուռ տվեց:
Փոքր էրեխեքին քնացրեցին. տանն աղմուկ չպետք է լիներ: Լավ էր, ես փախա մորս աչքից, արթուն մնացի:
Ասին՝ հավանոցի դուռն էլ միանգամից կողպեք, հորթերի դեմը խոտ լցրեք, որ ներս ու դուրս անող չլինի:
Տանն իրարանցում էր:
Համլետին «տելեվիզորով» պետք ա ցույց տան…
Քաղաքից էին լուր տվել:
Փայտե թախտին պառկած պապս համրիչն էր քաշում: Պապս վեհ մարդ էր, այսօր՝ առավել:
Համլետին «տելեվիզորով» պետք ա ցույց տան…
Մազերս սանրեցի: Կապույտ ժապավեն ունեի, կապեցի մազերիս ու ներս մտա: Ոչ մեկ չնկատեց, տխրեցի:
« Ձեր համար չեմ արել, մեկ է, հոպարս «տելեվիզորից» կտեսնի»,- մտածեցի ես:
Պապս փոքր հորեղբորս պարտադրեց՝ ալիքների անսարքությունը մեկ անգամ էլ ստուգի:
Հեռուստացույցին երևաց Բյուրականի աստղադիտարանը:
Բոլորը նստեցին էկրանի առջև, ես էլ նստեցի: Բոլորն անհանգիստ էին, ես՝ ավելին: Բոլորն հորեղբորս ելույթն էին լսում, իսկ ես փորձում էի էկրանից այն կողմ գտնվող հորեղբորիցս թաքցնել պոկված հողաթափիս մաշված կապիչները:
Ա՛յ, հիմա եմ հասկանում ՝ ոչ մեկն էլ նրա աստղաֆիզիկային վերաբերող ելույթը չէր լսում, ուղղակի հպարտության զգացումով լցված՝ բոլորը լուռ ու անձայն էկրանին էին նայում: Միայն խեղճ տատիս ականջին , երբ հասնում էր «աստղ» բառը, գլուխը ձգում էր պատուհանից դուրս՝ երկնքի «էկրանին» նայելով աստղագետ որդու փայլող աստղը:
Տանն էլ իրարանցում չէր…Ես քանդեցի կապույտ ժապավենը: