Հովիկ Մխիթարյան | Պայծառ, խենթ ու սպասված առավոտը

Պայծառ, խենթ ու սպասված առավոտը

Արևը տենչանքի ու արբունքի մարմնացումն է, պայծառ լույսերի մայրամուտը: Կատուները գզվռտվում են: Ծառերը՝ հենց այնպես: Ծերերն արևկող են անում ջարդոտված նստարաններին՝ անասելի ջերմությամբ: Ոչինչ չէր դադարում գոյություն ունենալուց: Ներկա էր աշխարհն՝ իր ողջույնի խոսքերով:

Պայծառ, խենթ ու սպասված առավոտ էր:

Ձմեռային ուրվանկար

Կգա ձմեռն ու կկլանի քեզ։

Կհագնեմ իմ տաք հագուստներն ու տաք հողաթափերը: Կքայլեմ սենյակի մի ծայրից մյուսը: Առույգ և առանց ծխամորճի: Կլսեմ վերջին նորությունները: Երկար կմտածեմ՝ հայհոյե՞լ այս աշխարհին, թե ոչ …կորոշեմ հանգիստ ապրել:

Կլսեմ հռնդացող աշխարհի մարող աղմուկը: Մի կտոր հացի համար գզվռտող շների կաղկանձը: Երեխաների  ոգևորված  ձայները՝ խփած գոլի համար: Հարազատ մարդկանց կարոտի ձայները: Առույգ աշխատանքի վազող և ապա թույլ-թույլ, արդեն աշխատանքից վերադարձող տղամարդկանց ու կանանց երթը: Երթևեկությունն ուռճացրած, երեխաներին դպրոց բերող մեքենաները: Երեխաների ձեռքը բռնած տատիկների անհույս ու սկզբունքային վազքը:

Մինչև կգա առաջին թուխպը:

Խոնջանք

Լուսավորվող հորիզոն: Թույլ կապտում է օրը: Կապույտը հանկարծ դառնում է ճերմակ, հայտնվում արևն իր ողջ շուքով:

Alfa-Pharm: Թուլանում են դեղատան վառ կարմիր լույսերը: Լսվում են մեքենաների աղմկոտ հռնդյունները մահացող լռության մեջ: Ավարտվում սիրո մրմունջներն ու հառաչները, վաստակած խոնջանքը: Հայում ենք առաջին անցորդների առաջին իրականությունը:

Թույլ քամուց մեղմ օրորվում են ծառերի կատարները: Աշխուժանում ծառերի տակ բնակվող շները, կերակրում ընտանիքներին:

Մթության ավարտն ազդարարում են առաջին շարքի բազմահարկերի վերջին հարկերը՝ ձուլված երկնքին: Հոգնած թեյախմությունների, մեծահասակների ու երեխաների ավարտվող երազների շարունակությունը: Աղմուկը, սկսվող և աննկատ ավարտվող սիրո երազների ընթացքը: Մինչև սերը վերջնականապես կտիրի աշխարհին:

Սեր՝  խոնջանքի համար:

 

Զվարճությունն ընդդեմ ընտանիքի

Սրտատրոփ հետևում եմ. կվրիպի՞ փոքրիկ չարաճիճին: Նա համակ ուշադրություն՝ նշան է բռնում և քարով հարվածում անհանգիստ կռկռացող ագռավին: Չկպա՛վ: Ես ուրախության հոգոց եմ հանում:

Նա մի քանի անգամ էլ նշան է բռնում և դարձյալ՝ վրիպում: Իսկ ագռավն այդ ընթացքում, բարկացած կռռալով, հասցնում է մի քանի անգամ էլ ուտելիք փախցնել աղբակույտից ու տանել ծառի գագաթին, բնում իրեն սպասող ճտերին:

Փոքրիկ որսորդը վերջնականապես հուսահատվում է և լացով վազում դեպի մայրը:

-Ոչի՛նչ, տղա՛ս, մյուս անգամ կստացվի,- հուսադրում է նրան մայրը:

Ես միայն տխուր հոգոց եմ հանում:

Իսկ բնում գոհ կռռում է ագռավների ընտանիքը:

Վերջին նկարները

Նկարներդ հուզում են ինձ: Մեծացել ես: Դեմքդ՝ աղճատվել սիրուց: Ժպիտդ դարձել է իմաստուն, գայթակղող: Աչքերիդ գույներն ավելին են ծիածանի գույներից ու հրահրող: Ձեռքիդ տերևներ են: Այդքանը բավական է այս աններդաշնակ աշխարհին մի փոքրիկ գեղեցկություն ավետելու համար:

Լուսանկարչական ապարատն այս ու այն կողմ ես շրջում, լարված-խորամանկ անշարժացնում կյանքից մի կտոր, նվիրում փոքրիկ հավերժություններ:

Այսպես ես ամփոփում քո ներկայությունը:

Շոյանքները

Ամբողջ ընթացքում չդադարեցիր շոյել երեխային: Քնեց քո սիրո մեջ, քո ձեռքերի տակ: Բաց պատուհաններից հորդում էր գարնանային ամպրոպն ու անձրևը, մայրական բուրմունք տարածում:

Նստել էիր չոր նստարանին, բազմության հետ, խորհրդավոր հուշերի պատառիկների մեջ: Քո անէացած սիրո պատմությունն էիր գրում: Երեխայի շոյանքների մեջ մի գեղեցիկ աշխարհ էիր պարփակել ու մայրական խորհուրդ:

Մի զսպիր լացը

Խաղա՛ հեռախոսի հետ: Ցո՛ւյց տուր, որ զանգում ես: Բայց նայի՛ր նկարներին: Թող արցունքները հոսեն սայթաքուն, խոր կնճիռների ակոսներով:

Նկարները բա՞ց են: Նայիր ավտոբուսների համարներին, որպես թե սպասում ես քո համարին: Բայց նայիր նկարները և վայելի՛ր հայացքների ջերմությունը: Բզբզի՛ր հեռախոսի թվերը սիրելի տեխնիկայի, աննկատ սրբի՛ր արցունքները: Ժպտա՛ նրան, ով նայում է քեզ նկարից: Ժպտա՛ մանկական ժպիտով:

Մի՛ զսպիր լացը: Թո՛ղ հոսեն արցունքները:

Լվալու սիրո մի փոքրիկ, այնքան աննկատ անկյունը:

Նախադասությունները

Նախադասությունները մահացել են կյանքի մեջ:  Գրգռում են մեր երևակայությունը ֆանտաստիկ պատկերներով ու կերպարներով: Նրանք չեն հասցնում բորբոք մտքերի ու ուղեղը հալող մտագարությունների ետևից: Նախադասությունները հրահրում են զգայական նախակերպարները և վեհացնում կեղծ թռիչքները: Կառչում են նյարդերից, թեթևացնում բարդույթները: Լռեցնում են կիրքն ու հարթում ուղեղի խորդուբորդը: Նրանք ավելին են, քան Զևսը, Պոսեյդոնն ու Էրոսը: Ինչքան հեռացնում եմ, ավելի աներես են գալիս։

Հատիկ-հատիկ դասավորում եմ իրար կողքի, շարքով` առանց տրամաբանության: Նախադասությունները, որ կրծում են ժամանակը, ծամում վայրկյանները հավիտենության ու ոչինչ չեն ասում։

Անհույսը

Մինչև կրծքամասը քաշեց բարձրացրեց ծիծաղելիորեն լայն անդրավարտիքը: Կռացավ սրբեց մաշված, նեղքիթ-սրածայր կոշիկի փոշին: Անորոշ մռլտալով փոքր ինչ հեռացավ կանգնած տեղից, քայլեց ծտերի համար գետնին թափված հացիկների վրայով: Անհույս նայեց անցնող հեռացող կնոջ լայն հետույքին և ձեռքը հենց այնպես թափահարեց: Մի բան արած լինելու համար ծիծաղեց ինքն իրեն, հետո կռնչաց ծտերի վրա՝ զվարճանալու համար. ծտերը վախեցած թռան, հացը կտուցներին: Ժպտաց վերգետնյա կամրջի վրայի գովազդին՝ «Գնեցեք երշիկ»:

Մի անգամ էլ մռլտաց ու բարձրացավ փողոցն ի վեր:

Ծերունին

Գարեջրի վերջին ումպերի հետ մտքին էր հարթ արդուկված սառնաշունչ վերմակը՝ քնի երազանքներով: Ամուր կկոլոլվի՝ մտքում Aled-ի լույսերը՝ ծիածանագույն, վառ բռնկումներով, աստղագույն տարածված պայթյուններով, անգոյության փափագով:

Հաճույքով հառաչելով, կծեց հավի մսով սենդվիչը, անիմաստ այս ու այն կողմ նետված հայացքներով ընդգրկեց կանացի սլացիկ մեջքերը, աչքերի մեջ ջրալի-պղտոր,  լճացած արցունքներ:

Aled-ի դիմաց շարունակեց կյանքը վերջին ումպերի հետ: Հաշվեց թոշակի մնացորդները, մի սենդվիչ էլ վերցրեց հավի ընտիր եփված մսով, սրբեց քիթը, ուրախացավ վաճառողների անըմբռնողությունից, աղմուկով կծեց՝ գլուխը ետ գցելով որսալով վերջին ումպը գարեջրի:

Ծաղկած ծառը

Փողոցի աղմուկ-եռուզեռում ծվարած ծառը տարածեց պայծառ սպիտակ ծաղիկները: Անցնող, շտապող մեքենաների, ճչացող բազմահարկերի, համր խանութների ու անուշադիր հայացքների աչքի առաջ ծաղկեց բալենին ու տարածեց կյանքի բույրը:

Կլանեց աղմկարար բենզինն ու գազը, փոշին ու մարդու մաղձը, մինչև ծաղկի վրա մահացավ առաջին մեղուն, ու առաջին փունջը կապեց դպրոցական սիրահարը:

Էսօրվա օրը

Էսօրն էլ եկավ, էսօրն էլ անցավ: Ջարդված մատիտով գրեցի մի այլ պատմություն` հասնելու մտքերիս հետևից:

Տերևները ջարդվում են ու խշրտում ոտքերիս տակ: Շնչակտուր է անում սեռի հիստերիան ու վավաշոտ կաղկանձը: Կյանքը հորդում է ողջ ուժով՝ թոռը գրկին պապի մեջ, լայն քայլերով: Վերելակում՝ սեղմում եմ կոճակը՝ 9-րդ հա՞րկ։ Այո՝ ասում է գժված։ Լռում եմ երեխայի պսպղուն աչքերի մեջ: Պապի՝ վաղու՜ց անցած սիրո թախծի մեջ մարել են բառերն ու անէացել: Մնացել է էսօրվա մուննաթը, աննյութ, անբովանդակ օրվա ստվերը:

Իրկնային ստվերներն անհույս շշնջում են, նմանակելով մի օրը մյուսին:

Էսօրն էլ եկավ, էսօրն էլ անցավ:  Մի պատմություն ավելացավ, որ գրեցի ջարդված մատիտով:

Դու խնդրում էիր

 Դու խնդրում էիր իմ վերջին բառերը: Այնքան չէի ցանկանում, որ դրանք լինեն վերջինը. ահա թե ինչու էի կարկամել, թե ինչպես ասեմ, որ չկան վերջին բառեր:  Չգիտեի ինչպես բաժին հանեմ այն սիրուց, որ կար մանկուց իմ սրտում:

Դու չէիր հասկանում, որ ես վաղու՜ց սիրում էի այն, ինչը կար քո մեջ` իմ սիրո առաջին բառը: Չէ որ ես արդեն ասել էի դրանք քեզ: Ես սիրում էի քո մեջ իմ հոգու առաջին բառերը:

Դու խնդրում էիր իմ վերջին բառը…

Ժպտացող կինը

Նստել ես դպրոցին կից այգու առջևի նստարանին, որ ժպտաս: Ժպտում ես հիվանդ աշխարհին, չերևացող պայծառ աստղերին, քեզ վաղուց լքած անսեր ամուսնու մասին հիշողություններին, անտարբեր հարևանին, մահացած զավակին, ինձ՝ բութ, լղոզված մտքերով անցորդին, անմատչելի երազանքներին:

Ժպտացի քո ժպիտին տարօրինակ: Լուռ լքեցի աշխարհի բոլոր ժպիտների ամփոփումն ու առաջ անցա:

Ապե՛ր, փո՛ղ տուր

– Ապե՛ր, փո՛ղ տուր,-բղավեց խրոխտ մուրացկանը. հպարտ, արժանապատիվ:

Ամբոխի մեջ նայեց ինձ, ուղիղ աչքերիս մեջ, անհաղորդ, թքած ուներ ամեն ինչի վրա: Միայն՝ ապե՛ր, փո՛ղ տուր, մի՛ վազի, կանգնի՛ մոտս՝ ես քաչալ եմ, անտեր ու անտուն:  Ես միայնակ եմ ու հազարավորներին ընկեր, ապե՛ր, դու իմ ապերն ես, մենք հարազատներ ենք՝ երկիր մոլորակի վրա:

Ու՞ր ես փախչում, ապե՛ր, կանգնի՛, փո՛ղ տուր: Գլուխդ մի՛ կոխիր ուսերիդ մեջ, մի՛ արագացնի քայլերդ, մի՛ փախցնի հայացքդ-ու՞ր ես փախցնելու-մի՛ փոխի ուղղությունդ, մի՛ փակիր գրպանդ…

Ապե՛ր, քեզ հե՛տ եմ, տիեզերական նավի ուղևորներն ենք, երկիր մոլորակի վրա, հեծած կապույտ ամպերին:

 Մի՛ խախտի կանոնները երթևեկության, ապե՛ր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *