Պետրոս Հոկտանյան | Կարոտախտ

ԿԱՐՈՏԱԽՏ

Ի՞նչ ճամփեքով ես դու ինձ մոտ գալիս,
Որ չեմ նշմարում պատկերդ հեռվում։
Հո՛ւր կարոտդ ինձ հանգիստ չի տալիս,
Սառն եմ արտաքուստ, ներսի´ց եմ վառվում:
Բայց աստվածային ակնածանք մի խոր
Լուսավորում է միտքս ամայի,
Ու ես հիշում եմ, բայց չէ՞ որ այսօր
Ի՛մ հերթն էր գալու , ե՛ս պիտի գայի…

 

Մա

Քո մասին պատմող իրերն իմ սենյակում այսօր լուռ են,
Լուռ են ժամացույցի սլաքները, որոնք կանգ են առել՝ ենթարկվելով անշարժության օրենքին,
Լուռ է անգամ երկինքը և ծաղկի բույր չի արտաշնչում,

Ու միշտ գարուն է մեր տանը,
Ամառ թե ձմեռ գարուն է
Բայց մի տեսակ ցուրտ գարուն, սառը գարուն…

Որքան փակ են իմ տան դռներն ու պատուհանները,
Էնքան հաշիվներս են բաց հիշողությանս հետ,
Ու լսելի են սրտիդ զարկերը, քանի դեռ չեմ դադարել շնչել…

Հոգիս դառնում է աշխարհի տերը, երբ քո խաղաղ աչքերով
Նայում ես ինձ ու քնքշորեն գրկում տառապանքս,

Եվ գուցե դա է պատճառը, երբ
Մի պահ դադարում եմ տեսնել ժամանակի անգութ երթը
Եվ երգս չի մնում կիսատ ու խեղդվում կոկորդումս,
Իսկ ընդհատված երազներս թև են առնում նկուղից ու ընկերանում լույսիդ,

Դու կաս դու միշտ կաս, մայրիկ
Չնայած քեզ դրախտի ուղեգիր են շնորհել,
Իսկ ես այս ծուռ աշխարհում
Դեռ շարունակում եմ ենթարկվել ապրելու փորձությանը
Եվ լսել ոտնաձայները հեռացող օրերի…

Շա՞տ, թե՞ քիչ…

Իմ շատ լինելը քեզ համար քիչ էր,
Իսկ չլինելս, գուցե չափից շատ
Գոնե հասկացա՞ր ուզածդ ինչ էր,
Թե՞ դեռ հարցեր կան մինչ օրս կիսատ:
Բայց մի՞թե սերը այդքան «ոչի´նչ» էր,
Որին դարձրիր մահվան հպատակ։
Իմ շատ լինելը քեզ համար քիչ էր,
Մեռնողի ճիչ էր երգը իմ շիտակ…

 

ՍԻՐԵԼՈՒՑ ԶԱՏ

Պահպանի՛ր ինձ ու մինուճար օրս,
Քո մեջ իմ տունն է` իմ Երևանը…
Ու որքան էլ որ կյանքումս նոր ես
Հնեցրու շուրթիս համբույրիդ համը:
Կախ տուր զանգերդ երակներիս մեջ,
Գժվիր կանչերից ու արվեստ շնչիր,
Բանտիր ներսումդ աղաղակ ու վեճ
Եւ թե կարող ես կարոտի՛ս դաջվիր:

 

ՕՏԱՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որ կողմ նայում եմ՝ օտար դեմքեր են,
ոտնահետքեր են հաջորդող իրար,
օտարի՛ շուրթից հնչող երգեր են ,
օտար մտքեր են՝ անմի՛տ ու տկա՛ր:
Որ կողմ նայում եմ՝ օտար շենքեր են,
օտարազգիներ օտարաբարբա՛ռ,
տագնապ ներշնչող վարք ու բարքե՜ր են,
օտա՛ր կարգեր են ապրողիս համար :
Այսքանից հետո ես ո՞նց անթեղեմ,
ինձ ներսից կրծող ցավն այս մոլագա՜ր,
էլ իզորու չեմ լռել, համբերել,
երբ ինքը՝ ցավն է անգամ ինձ օտա՛ր :

 

***
Ոտքս զարկելով սարին ու քարին՝
Կգամ գրկելու քո սերը բողբոջ։
Շիվերս մեկնած արևագալին՝
Գարուն կավետեմ ձայնով իմ դողդոջ:
Ոսկի կդառնա արտը օրորուն,

Կանաչ կհագնի սոսին պուրակի։
Դեպի գետ վազող, խենթացող առուն
Կարոտանքի երգ կասի ձորակին:
Իսկ դու, սիրելի՛ս, ծաղկած ճյուղի պես
Բույրդ շաղ կտաս օդում մոլագար
Եւ այդժամ, գուցե, սիրուցս գժվես
Թեպետ էն գլխից գի՛ժ ես ու խելառ…

 

***
Այսքան տարի ճանաչելով՝
Ինձ մի կարգին չես ճանաչել,
Ծովի նման շառաչելով՝
Օտարին ես ափդ կանչել:
Քեզ կապելով նրա երգին՝
Ծիծաղել ես ու հառաչել։
Էլ ի՞նչ սրտով քեզ տեսնելիս՝
Պիտի ծիլ տամ ու կանաչեմ:

***
Գուրգուրիր ինձ, սիրիր փոքր ինչ,
Սրտումդ սերս կառույց դարձրու։
Օրորիր ցավն իմ` գիշերում աննինջ,
Աշխարհի աչքից վերքս թաքցրու:
Ու թե կարող ես՝ համբույրի տեսքով
Ծվարիր հոգուս վերին շրթունքին,
Որ իմ կարոտը կուռ ու չբեկվող՝
Օվկիանդ նետվի հանուն արբունքի:

***
Իմ և քո արանքում
Մի երգ կա.
Տիեզերք կա
Իմ և քո արանքում…

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *