Եւ դու, որ լույս բերիր ու աստվածներ տարար՝ «Ժամանակն է»։
Գլուխս մեծանում է, մարմինս՝ հակադարձ համեմատական։ Ինքը՝ մեծ գլուխ եմ․ մարմինս կուչ եկած գլխիս մեջ, որպես կանոն՝ աջ անկյունում։ Ad hominem*։
Ոչ գլորիա, ոչ կրեդո, ոչ ալլելույա։ Մնաց մնացածը, այսինքն թե՝ հանգիստ։ Երեք ու կես ժամ՝ սեղմած ընհուպ մինուս անվերջություն։
L’enfant prodige, եւ կամ՝ l’enfant prodigue*։ Միշտ էլ բարդ ընտրություն է։ Թեպետ։ Եւ ժամանակը՝ կինն այդ խտրական․․․ Իմ եւ հորս քսաներեքը չենք կարող համեմատել։ Ասել կուզի՝ քոնը մե՞ծ է։ Հաո՜մա*․․․ ու անսահման հղի։ Կյանքի դարձերեսը բացակա հորըդ միակ ճշմարիտ գիտելիքն է, նունիսկ՝ էութենական։ Հավես չունեմ։ Չխոսենք հորս մասին։ Մենք չենք էլ խոսում։ Դուբլ-բեմոլ*։
Recordare։ Մի արա ինձ հետ այն, ինչ լեզվի հետ ես անում։ Ասում ես՝ լեզվով կարելի է թովել, կախարդել։ Վաթսուն տարեկան տղամարդու համար խոսելն արդեն անթույլատրելի հեդոնիզմ է։ Լեզվով կարելի է թովել։ Ստե մի տե պահեք։
Մեկ և կես տարեկան եմ։ Լալիս եմ։ Բարձր։ Ուզում եմ դուրս քաշեն ինձ օրորոցիս միջից։ Ո՞վ կուզես քեզ գրկի։ Տղաս։ Տղասը չեմ ասում, բարձր ձայնով լռում եմ ներս։ Ոչ ոք։
Արդարացի է։ Պատմությունը սկսելիս ոչ ոք մեզ չի հուշում, որ Պենելոպան կնանում է Տելեգոնին*, այլ միայն հարյուր ութ անհարկի փեսացուների մասին։ Դառնանք-փառաբանենք։ Հատ առ հատ։ Իսկ Էլեկտրան, փաստորեն, զրո կնոջական սոլիդարություն։ Պատմությունը սկսելիս մեզ նաեւ չեն ասում՝ ի՞նչ Լաերտ, եթե կար տարտարոսցի Սիզիփոս, ով միակ(՞) արտակարգ ու լիազոր հայն էր էլլադայի արվարձաններում։ Կուզե՞ս շարունակեմ քեզ մխիթարել ինտելեկտուալ փորլուծությամբ։
Դրա հուզականն էլ ունեմ։ Ինչո՞ւ չէ՝ բառայինը։ Նոր եմ առել։ Bottega*։
Երկու հազարամյակ և մի հարյուրի քառորդը։ Այ, էդքան արդեն ոչ ոք չի զորում հերոսության ու հերոսականության մասին պատմությունները պատմել օրենքի տառին համապատասխան։ Ձերն էլ, ձերն էլ։ Արյան հոտը Ծիր կաթինն է բռնել։ Սպիտակամորուս ու ճերմակադեմ մարիդները*՝ Մանաթի* հետ ձեռ ձեռի անտեսանելի մատնոցով փակում են արևավառ արաբների անուշադրության մատնված ետին սեղմամկանը՝ որպես պատիժ ու ապաշխարանք մոլի դյուրահաճության՝ առ աբդ Մուհամմադ, որ նույնպես, ա՜խ, այդպես էլ չտեսավ հորը։
Հերն ինչ կապ ունի, հատկապես գինեմոլ հերը։ Մոր մեջ է հարցը, խնդիրն ու ցավն ամենայնի։ Զի քո է, ջան։ Մնացածը՝ ինչպես տեքստում։ Արյան հոտը Ծիր կաթինն է բռնել՝ Վլադիվոստոկից Վանկուվեր։ Ես դեռ հիշում եմ Տրիպոլին՝ ամենավատ երազի պես։ Պարադոքսալ քուն։ Ձանձրույթն օդում ու քրտնախաշ պարոնայքին՝ բեմադրող ուժ, փախուստն ուժից՝ յալլա, հաբիբի, ծուռտիկ-մուռտիկ կացարանները՝ կարծես ինքն իրենցով շինված․ էնքան է, որ լինեն, որ ավազի ժողովուրդն էլ արդարացնի իր գոյությունը՝ ի շահ ձեւի․․․ ի շահ ձևի էլ՝ պետականություն։ Ի դեպ և ի հառաջագույնե՝ Ազատ Արցախը ողջունում է ձեզ։ Բարի գիշեր, բարեկամներ։
Բենզաբակն ու սիգարետը։ Սիգարետն ու բենզաբակը։ Գետնամած ձեռ ու ոտքեր, գլորիա։ Մեկը՝ ի պահ անցյալին՝ ընդամենը ճիճուներին կեր։ Carpe diem*։ Օ՜, Կապիտան, ի՛մ Կապիտան։ Մեկը՝ ի շահ ապագա։ Ոտքերից երեքը՝ հապացույց երբեմնի տղամարդկության։ Սիգարը, երբեմն, ընդամենը սիգար է։ Ոչ յոժարիցեմք զթշուառութիւն ազգիս մերոյ ողբալ։
Ինձ չտանես այնտեղ, որտեղ մեռնում եմ ես, ինձ չտանես այնտեղ, որտեղ գտնում եմ ինձ։ Ըղձականի ապառնին։
Ես դեռ հիշում եմ Տրիպոլին և ինքնամոռաց դողը, կյանքը, որ համաճարակի պես էր տեսնվում ինձ, մատուցվում ու հավատացվում, Տրոյայից՝ Հադես, ճամփան դեպի տուն։ Քմծիծաղը իմ և քնարերգությունը՝ գրչիդ փաթաթված։ Այսօրիկյա փոշում մի ընդմիշտ քմծիծաղ։
Ծովի հոտը, ես՝ շնորհս կորցրած նայադ։ Օղորմածիկ պապս, որ պարտաճանաչ գալիս է որպես հուշարար։
Ծովի հոտը, որի ափին ոտնաթաթերս սառույց էին կտրել ու քունս էր տանում (քեզ), (հոգեդարձության), բայց հավատը քիչ էր: Կարծեմ՝ ասել եմ քեզ։
Ուրեմն, արեւելքն ու արեւմուտքը, միակ հյուսիսն ու շատ հարավներ։ Մինչ Ծիր կաթին։ Երկու հազարամյակ և հարյուրի քառորդը։ Ասում եմ՝ շնորհակալ եմ, որ մասնակիցը չեղաք բոլորովին կազմակերպած արժեզրկման էս հացկատակությանը։ Ասում է՝ ամեն ինչ ճիշտ է։ Ասում եմ՝ բայց ոչ օրինաչափ։ Ասում է՝ դե, դրանք արդեն քո գործերն են։ Անքննե՞լի։
Վաթսունից հետո խոսել շարունակելը տղամարդու համար աններելի հեդոնիզմ է։ ša nagba imuru*։ Դու նորից ինձ խնդրում ես հագնել ցնցոտիներս, չցողվել անուշահոտ յուղով, գավազանս հենել ելման դարպասին, չհամբուրել ոչ քեզ, ոչ դստերս, նրանց ուղեղները փրկել նվաստացումից։ Ես նորից նախընտրում եմ մահը, որ ետ գալիս հանգիստ, դանդաղկոտ անձրև բերեմ ու լռություն, որովհետեւ մահի մեջ ոչինչ նոր չէ․ առ թմբուկըդ, ու պաչիկներ՝ էն աշխարհից։
Ուրիշ էլ ո՞նց ասեմ՝ ես էլ քեզ եմ սիրում։ Իրերին սխալ անուն տալով էլ շատացնում ենք դժբախտներին աշխարհի։ Էլ ո՞նց ասեմ՝ ես ու Պենելոպան, ես ու Էլեկտրան, անգամ ես ու Սիզիփոսը, ու Գիլգամեշն ու ես պարում ենք քո մասին սերը, որ հանկարծ չմեռնես, կամ ավելի վատ, որ դու երբեք-երբեք չծերանաս։ Էլ ո՞նց ասեմ, որ պարտվողների համար աղոթողներ չկան, ու ըստ այդմ՝ ընչազուրկ են դարձել տեր ու տերտեր։ Էլ ո՞նց շարունակեմ, որ գիտակցության սև ամպերի դիմաց պինդ գոցել եմ դուռ ու պատուհան, որ անդունդներից հանելու է մեզ․․․ և այլն, և այլն։ Էդ էլ Սոնետների պսակը։ Ես էլ քեզ եմ սիրում, բայց էլ ստե չզանգես։
* ցանկացած աստղանիշ(ի բարձր լեառն ի Մասիս), սիրելի ընթերցող, ենթակա է ChatGPT-ի։