Մայրս ինձ սովորեցրել է հետևյալը․
Եթե դու անընդհատ կրկնում ես նույն բառը, իմաստազրկվում է
Օրինակ՝
Տնային, տնային, տնային, տնային, տնային, տնային, տնային,
Տնային, տնային, տնային.
Տես` ոչինչ։
Մեր գոյությունը, ասում էր նա, նույնն է․
Երբ տեսնում ես մայրամուտը շատ հաճախ, այն դառնում է ժամը վեցը։
Դու կրկնում ես նույն սխալը անընդհատ, դու դադարում ես այն սխալ համարել,
Եթե շարունակ
Արթնանաս, արթնանաս, արթնանաս, արթնանաս, արթնանաս, արթնանաս
Մի օր կմոռանաս՝ ինչո՞ւ։
Ոչինչ հավերժ չէ, ասում էր նա։
Ծնողներս բաժանվեցին, երբ յոթ տարեկան էի․
Վերջին վեճից առաջ ինձ ուղարկեցին մեր հարևանի տուն։
Ես ինձ զգում էի տիեզերանավից դուրս շպրտված աստղագնաց,
Ու երբ հետ եկա, տանը ձգողականության ուժ էլ չկար
Կարծես դժբախտ դեպք եղած լիներ բացակայությանս ժամանակ,
Բայց նրանք պարզապես շշնջացել էին միմյանց «ես քեզ սիրում եմ» այնքան,
Որ մոռացել էին՝ ինչ է նշանակում
Ընտանիք, ընտանիք, ընտանիք, ընտանիք, ընտանիք, ընտանիք։
Մայրս սովորեցրել է ինձ այս հնարիքը․
Երբ ինչ-որ կրկնում ես անդադար, այն կորցնում է իմաստը
Սա դարձել էր սիրածս խաղը,
Այդպիսով բառերի ուժն անհետանում էր։
Բաժանում, բաժանում, բաժանում․
Տես՝ ոչինչ։
Հեռու, հեռու, հեռու
Տես՝ ոչինչ:
Հիմա ես էլ այն վարպետը չեմ,
Չնայած աշխատում եմ բառերով ողջ օրը․
Ձայնդ, ես հասկանում եմ ծաղրանքը։
Երբ երիտասարդ էի, ինձ սովորեցրել են, որ բառերին իշխելը կոտրում է լեզուն,
Համոզելով, որ արժեզրկվում է, երբ կրկնում ես՝
Ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ․
Ինչ-որ բան զգո՞ւմ ես։
Ծնողներիս բաժանումից հետո սկսեցի կակազել․
Ճակատագիրը դաժան ու հրաշալի ուսուցիչ է։
Դու զգում ես յուրաքանչյուր բառի իմաստը,
Որ քաշում-հանում ես կոկորդիցդ՝
Բ-բ-բ-բաժանում։
Կակազելը հայելիներից կազմված վանդակ է
Ամեն «լա՞վ ես»-ը
Ամեն «ի՞նչ ասացիր»-ը
Ամեն «դե, խոսքդ շարունակիր»-ը
Գոյության արտացոլանք է, որից չես կարող փախչել
Յուրաքանչյուր սարսափելի պահ անընդհատ-անընդհատ խուսափում է կատարվելուց,
Մինև վերջապես կախվում է
Սենյակի ուղիղ կենտրոնում,
Ինչպես ասում էիր այն ժամանակ, երբ թվացել էր՝
Չկա ձգողականության ուժ։
Մամ, պապ
Ես չեմ վատնում բառերս այլևս։
Նույնիսկ հիմա, երբ հարյուրավոր ժամեր եմ ծախսել կակազելս հաղթահարելու համար,
Դեռ զգում եմ նրանց ճիրանները կոկորդիս ամենախորքում։
Լսեք ինձ,
Մի տեղ ասվում էր, որ անգամ տիեզերքում
Դու կարող ես որսալ
«Ես-ես-ես-ես քեզ սիրում եմ»-ի
Արձագանքը։
Թարգմանությունը անգլերենից ՝ Անահիտ Ղազախեցյանի
հրաշալի,և՛ բանստեղծությունը,և՛ թարգմանությունը ♥