Պոեզիան վերահաստատում է մեր մարդկային նույնական էությունը՝ բացահայտելով, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ կիսում են նույն զգացումներն ու հետաքրքրությունները: Պոեզիան բանավոր ավանդույթի կարևոր մասն է կազմում և դարեր շարունակ կարողացել է փոխանցել տարբեր մշակույթների ամենանվիրական արժեքները:
Մարտի 21-ը նշելով որպես Պոեզիայի համաշխարհային օր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունում է պոեզիայի այն եզակի էությունը, որով նա գրավում է մարդկային մտքի ստեղծարար ոգին:
Մարտի 21-ը որպես Պոեզիայի համաշխարհային օր նշելու որոշումն ընդունվել է 1999 թվականին Փարիզում կայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ նստաշրջանի ժամանակ:
Օրվա հիմնական առաքելությունն է բանաստեղծական արտահայտման միջոցով լեզվական բազմազանության պահպանումը և վտանգված լեզուներին լսելի դարձնելու հնարավորությունը:
Պոեզիայի համաշխարհային օրը նաև նպատակ ունի աջակցել բանավոր պոեզիայի ավանդույթի վերադարձին, պոեզիայի հանրայնացմանը, պոեզիայի և արվեստի այլ ճյուղերի՝ ինչպես, օրինակ, թատրոն, պար, երաժշտություն, նկարչություն, երկխոսության կայացմանը: Տոնը ձգտում է աջակցել փոքր հրատարակիչներին՝ ստեղծելով գրականության և պոեզիայի գրավիչ կերպար հանրային տեղեկատվական դաշտում, որպեսզի այն այլս չդիտարկվի որպես արվեստի հնացող ճյուղ:
«Գրանիշ գրական համայնքը» ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 21-ին «The Club»-ում (Թումանյան 40) տոնում է Պոեզիայի համաշխարհային օրը:
Նախատեսվում է ինքնատիպ, ոչ ստանդարտ մի ծրագիր, որտեղ համակցված կլինեն ժամանակակից բանաստեղծությունը և երաժշտական մշակումներն ու լուծումները: Էքսպերիմենտալ ձևաչափի շնորհիվ արվեստի տարբեր ճյուղեր երկխոսելու, փոխլրացնելու հնարավորություն կունենան և նոր, գուցեև՝ անսպասելի հայացքով ներկայանալու մեզ:
Միջոցառման ընթացքում հնարավորություն կունենանք հենց հեղինակների կատարմամբ լսելու բանաստեղծներ Ներսես Աթաբեկյանի, Ավագ Եփրեմյանի, Հուսիկ Արայի, Արփի Ոսկանյանի, Վահե Արսենի, Կարեն Անտաշյանի և Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծությունները, որոնք կուղեկցվեն երաժիշտներ Դավիթ Բալասանյանի, Վարդան Հարությունյանի, Ալեքս Միրզոյանի, Միքայել Ոսկանյանի երաժշտական ազատ իմպրովիզացիաներով, ինչպես նաև՝ լսելու հրաշալի երգչուհի Գայանե Ավդալյանի կատարումները:
Համեցեք, գինի կխմենք, կվայելենք Պոեզիայի համաշխարհային օրը։
Մուտքն ազատ է։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել մեր ֆեյսբուքյան միջոցառմանը՝ այցելելով Այստեղ: