Էդուարդ Բարսեղյան | Պոնտացի Պիղատոսի գաղտնիքը

Էդուարդ Բարսեղյան (ծնվ. 1944 թ.) – ռուսալեզու հայ գրող, բանաստեղծ։ Բնակվում է Աշտարակ քաղաքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում ղեկավարել լաբորատորիա: 1970 թ. ապրիլին Երևանում ծանոթացել և հյուրընկալել է ռուս բանաստեղծ Վլադիմիր Վիսոցկուն: Երեք վեպերի ու բանաստեղծությունների երկու ժողովածուների հեղինակ է։ Առաջին վեպում՝ «Պոնտացի Պիղատոսի գաղտնիքը» (2013) յուրահատուկ մոտեցմամբ վերաշարադրել է բիբլիական պատմությանը. վեպում կարելի է առանձնացնել մի քանի հատույթներ՝ կրոնական և միստիկակական հարցեր, անտիկ պատմություն և քաղաքականություն, սեր․․․ Վեպը թարգմանվել է նաև անգլերեն (The Mystery of Pontius Pilate):

(հատված վեպից)

Մոտ երկու շաբաթ անց Պետրոնիոսը Պիղատոսի հրամանով գնաց Հիսուսին կանչելու։ Հիսուսի համար վտանգավոր էր մնալ Հրեաստանում, ու Պիղատոսը առաջարկեց նրան և Մարիամ Մագդաղենացուն Երուսաղեմից հեռանալ Հռոմին ենթակա երկիր, որտեղից նա կկարողանար ղեկավարել քրիստոնեության տարածումը իր աշակերտների միջոցով ամբողջ աշխարհով մեկ: Երկար մտորումներից հետո Պիղատոսը որոշեց Հիսուսին ուղարկել այն վայրը, որտեղ մարդկությունը վերածնվել էր շնորհիվ Նոյի․ դա Արարատ լեռան ստորոտն էր, որտեղ տապանը խարսխել էր շատ դարեր առաջ:
Իր զրույցը Հիսուսի հետ Պիղատոսը սկսեց Ծննդոց գրքից Ջրհեղեղի մասին մի քանի տող կարդալով.
«և անձրևը եղաւ երկրի վերայ քառասուն օր և քառասուն գիշէր։ Հէնց նոյն օրը մտաւ Նոյը և Նոյի որդիները՝ Սէմը և Քամը և Յաբէթը, և Նոյի կինը, և նորա որդկանց երեք կանայքը նորանց հետ տապանի մէջ։ ․․․և ջրերը սաստկանում էին, և շատ շատանում էին երկրի վերայ. և տապանը ման էր գալիս ջրերի երեսի վերայ» (Ծննդոց, 7:12,13,18)։
«և ջրերը գնալով երկրի վերայից քաշվում էին, և հարիւր յիսուն օրից յետոյ ջրերը քիչացան։ և եօթներորդ ամսում՝ ամսի տասնևեօթներորդ օրը տապանը Արարատ սարի վերայ նստեց» (Ծննդոց, 8: 3,4)։
– Հիսու՛ս, ես մտորեցի և գտա այն վայրը, որտեղ դու պետք է գնաս։ Կարծում եմ՝ խորհրդանշական կլինի, որ քո ստեղծած նոր կրոնը սկսի զարգանալ այն վայրերից, որտեղ մարդկությունն ինքն է վերածնվել: Ինչպես հենց նոր կարդացի քեզ Ծննդոցից՝ Նոյյան տապանը խարսխեց Արարատ լեռան վրա, և այնտեղից մարդիկ տարածվեցին ամբողջ աշխարհով մեկ: Իսկ ահա այստեղ՝ տասներորդ գլխում, բերված է Նոյի ծագումնաբանությունը, բայց խոսվում է միայն նրա երեխաների որդիների մասին։ Հաբեթն ուներ յոթ որդի, Քամը՝ չորս, իսկ Սեմը՝ հինգ։ Բայց, ակնհայտորեն, դուստրեր էլ կային։ Առանց կանանց, ինչպես գիտես, սերունդ չի լինում։ Սրա մասին Ծննդոցը լռում է, ինչպես և ոչինչ չի ասում այն մասին, թե արդյո՞ք եղել է արյունապղծություն:
Բոլոր դեպքերում, տրամաբանորեն դատելով՝ ամենահին ժողովուրդները պետք է բնակվեն Արարատի ստորոտին: Արարատը գտնվում է մեր բարեկամ Հայաստանի տարածքում, որի թագավորն այժմ Զենոնն է, որը իշխանության է եկել Հռոմի շնորհիվ: Այնտեղ նա վերցրել է հայկական Արտաշես անունը։ Ես ճանաչում եմ նրան և քեզ երաշխավորագիր կտամ՝ նրան ուղղված։
Որպեսզի դու Հայաստանի մասին անհրաժեշտ տեղեկություններ ունենաս, մի փոքր կպատմեմ այդ երկրի հետ կապված խնդիրների մասին։ Հռոմի համար գլխավոր մրցակիցը Արևելքում միշտ եղել է Պարթևական թագավորությունը։ Հայաստանի խնդիրը կարևոր դեր է խաղացել Հռոմի և Պարթևստանի դիվանագիտական հարաբերություններում։ Պարթևները չէին կարող Հայաստանում հռոմեական ազդեցություն թույլ տալ, քանի որ դա սպառնալիք կլիներ Միջագետքում և արևմտյան սատրապություններում պարթևների տիրապետության համար։ Հռոմեացիներն իրենց հերթին չէին կարողանում հաշտվել Հայաստանի նկատմամբ Պարթևստանի տիրապետության հետ, քանի որ դա խոչընդոտում էր Սև ծովի արևելյան ափերի հետ կապը և մշտական վտանգ էր ստեղծում Սիրիայի և Կապադովկիայի համար։ Ուստի, երկար տասնամյակներ շարունակ Հռոմն ու Պարթևստանը փոփոխական հաջողություններով իրենց հովանավորյալներին բարձրացրեցին Հայաստանի գահը։
Պետք է խոստովանել, որ հայերին միշտ հաջողվել է այնպիսի նուրբ դիվանագիտական խաղ տանել, որպեսզի չջախջախվեն երկու հզոր հակառակորդ տերությունների կողմից։ Թերևս սկզբի համար այս տեղեկությունները բավարար են։
– Շատ շնորհակալ եմ,- ասաց Հիսուսը։
Պիղատոսը շարունակեց.
– Մնում է քննարկել վերջին հարցը, որի մասին բոլորն են մտածում, բայց աշխատում են չխոսել։ Հունաստանից ժամանելով՝ դու, Հիսու՛ս, ազնվական գործով էիր զբաղված, սկսեցիր անվճար բուժել աղքատներին՝ շրջելով հսկայական տարածքով, այցելելով բազմաթիվ քաղաքներ և գյուղեր: Բայց դու ինքդ պետք է ուտեիր, որևէ տեղ գիշերեիր, ձեռք բերեիր այն դեղամիջոցները, որոնցով բուժում էիր մարդկանց, և էլի շատ բաներ, առանց որոնց մարդը չի կարող ապրել: Դրա համար գումար է պետք։
Դու ստեղծել ես նոր կրոն: Դու ստեղծեցիր Հիսուս Քրիստոսին: Ժամանակն է այդ ամենը տարածել աշխարհով մեկ ու փոխանցել մարդկանց։ Դա անելու համար դու ունես առաքյալներ, ովքեր հավատացել են քեզ և պատրաստ են հանուն այս հավատքի գնալ զրկանքների, մինչև իսկ մեռնել: Հիմնականում նրանք ապրում էին ձկնորսության հաշվին և դրանով կերակրում էին իրենց ու իրենց ընտանիքներին։ Իսկ հիմա, երբ նրանք պետք է անցնեն տարբեր երկրներով՝ կատարելով բացառիկորեն կարևոր գործ՝ տարածել Հիսուս Քրիստոսի անունը, նրանք ևս գումարի կարիք կունենան։
Եվ սա դեռ ամենը չէ։ Հսկայական միջոցներ կպահանջվեն եկեղեցիների, տաճարների և այլ աղոթատեղիների կառուցման համար, որից հետո այս ամենը դեռ պետք է սպասարկվի։ Պարզապես ասել, թե կա Հիսուս Քրիստոս՝ դեռ շատ քիչ է: Որպեսզի նոր կրոնը ձեռք բերի ինքնուրույն կյանք, պետք է մեծ ջանքեր գործադրել։ Հենց սրա մասին էի քեզ ասում՝ համոզելով չգնալ մահապատժի։ Դու մարդկանց համար կրոն ես ստեղծել, իսկ մարդիկ ստեղծել են մի աշխարհ, որտեղ անհնար է ապրել առանց փողի: Հասկանում եմ՝ չես ցանկանում խոսել հարցի այս կողմի մասին, բայց այդպիսին է իրական կյանքը:
Աստիճանաբար քո եկեղեցին կուժեղանա, կգտնվեն ունևոր մարդիկ, ովքեր կօգնեն թե՛ փողով, թե՛ այլ միջոցներով։ Եվ պետք կլինի մի մարդ, որը կընդունի այս օգնությունը և պատշաճ կերպով կտնօրինի այն։ Բայց ամեն ինչ ժամանակ է պահանջում։ Ես սա քեզ որպես պաշտոնյա եմ ասում։ Քո գլխում հանճարեղ միտք ծագեց, և դու սկսեցիր այն իրականացնել։ Բայց սա, կրկնում եմ, միայն սկիզբն է։ Եվ հետո, ի թիվս այլ բաների, անպայման պետք կգան եկեղեցու պաշտոնյաներ, ու բոլորովին կարևոր չէ, թե նրանք ինչ անուն կկրեն։ Սա է մարդկային գոյության սկզբունքը։ Բայց անհնար է ամեն ինչ իմանալ։ Ահա թե ինչ էի ուզում ասել քեզ, սիրելի՛ Հիսուս:
Եվ վերջին թեման, որին ուզում եմ անդրադառնալ՝ քաղաքականություն է։ Իսկ այն ամենը, ինչ կապված է քաղաքականության հետ, որպես կանոն, խիստ գաղտնի է։ Ասեմ քեզ, որ իր ներքին բնույթով այն կեղտոտ բան է։ Այդ պատճառով բոլոր քաղաքական հարցերը միշտ խիստ գաղտնի են։ Եկեղեցու սպասավորներն ու քաղաքական գործիչներն ինչ-որ բանով նման են, հատկապես դերասանության մեջ։ Նրանց միջև հիմնական տարբերությունն այն է, որ եկեղեցու սպասավորները գոնե ինչ-որ սուրբ բան ունենում են։
Այսպիսով, պաշտոնական Հռոմը շատ է հետաքրքրված քո կրոնով, որը կհակակշռի հուդայականությանը։ Քաղաքականության մեջ հակակշիռները ահռելի դեր են կատարում։ Բայց այդ մասին մենք այսօր չենք խոսի։ Որպես Հռոմի ներկայացուցիչ՝ ես քեզ կաջակցեմ ամեն ինչում, այդ թվում՝ ֆինանսական հարցերում։ Օգոստոսն այդ նպատակով արդեն գումար է հատկացրել։
Իսկ որպես Պոնտացի Պիղատոս՝ ես քո հետևորդն ու աշակերտն եմ, խոստովանում եմ դա։ Հուսով եմ, որ մենք կշարունակենք իրար հետ կապ պահպանել։
Հիսուսը լսում էր Պիղատոսին և չէր դադարում զարմանալ: Շատ բաներ անսպասելի էին և անհասկանալի։
Հիսուսը պատասխանեց Պիղատոսին.
– Անշուշտ, Պետրոս առաքյալի միջոցով մենք կապ կպահպանենք։ Ինչ վերաբերում է տրված խորհուրդներին, ապա ինձ ժամանակ է պետք դրանք ընկալելու համար։
-Այո՛, ժամանա՜կ,- ասաց Պիղատոսն ու գրկեց Հիսուսին.- Օվիդիուսն ավելի լավ է ասել. «ամենակուլ ժամանակ»։
Մի քանի օր անց Հիսուսն ու Մարիամ Մագդաղենացին գնացին հեռավոր Հայաստան՝ իրերը բարձելով երկու էշերի վրա, որոնք Հիսուսի խնդրանքով գտավ և բերեց Պողոսը։ Սրանք նույն այն երկու էշերն էին, որոնք Հիսուսը գնել էր Երուսաղեմ մտնելուց առաջ։ Դրանցից մեկի վրա նա հաղթական մտավ Երուսաղեմ։ Ու դրա վրա էլ աննկատ թողեց քաղաքը։ Դժվար է որոշել, թե այս երկու իրադարձություններից որն էր ավելի կարևոր․․․

Թարգմանությունը ռուսերենից՝ Աշոտ Գրիգորյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *