Գոլի Թարաղի | Փոքրիկ ընկերուհիս

Հազար ինը հարյուր ութսունչորս թվականի ամառ. Միջերկրականի ափը հեղեղված է մարդկացով: Ասեղ գցելու տեղ չկա: Հանուն երեխաների ձեռնարկեցի այս ճամփորդությունն ու փոշմանեցի: Փիրուզե ծովն իրականում մոխրագույն է ու պղտոր: Խոնավ, հեղձուցիչ օդը ծանրանում է մարմնիդ: Փակում եմ գիրքն ու նայում շրջակայքի մարդկանց: Անտարբեր հայացքս սահում է նրանց մարմինների վրայով, անցնում-հեռանում, վերադառնում և գամվում կիսածանոթ դեմքին: Ինձնից ոչ հեռու իմ տարիքի միայնակ մի կին մեկնվել է ավազին: Տարօրինակ զգացողությունը հուշում է` ես ճանաչում եմ նրան: Մտքերս խառնվում են, և գլխիս խորշերում կայծոռիկների պես պեծպեծում են խառնիխուռն հիշողությունները: Թեքում եմ երեսս, բայց ուշք ու միտքս նրա կողմն է: Անհանգիստ եմ, ուզում եմ տեղս փոխել: Կանչում եմ երեխաներիս: Արևային ակնոցը հանում է և պայուսակում ինչ-որ բան փնտրում: Բարձրացնում է գլուխը, նստում: Շրջում է հայացքն ու հանկարծ սևեռում ինձ վրա: Աչքերից եմ ճանաչում, այն երկու կապուտակ խոշոր շրջանակներից, որոնք հիմա էլ, ինչպես մանկության տարիներին, սիրդս դող են գցում: Սվետլա՜ննա: Ակամայից անունը թռչում է բերանիցս, և հին վերքը` կրծքիս կենտրոնում, նորից մրմուռ է տալիս: Ինքն է: Ինքը չէ: Ժամանակից էլ ավելի անկշտում մի բան կուլ է տվել նրա գեղեցկությունն ու հմայքը: Տգեղացել, ծերացել է, թոշնած ու խոցված է երևում: Փնտրում եմ նրա ոսկեգույն երկար վարսերը, վարդագույն այտերն ու սպիտակաթույր ատամները: Սիրտս կուչ է գալիս: Սիրտս մրմուռով է լցվում: Չեմ հավատում:
Սվետլա՜ննա: Մինչև հիմա անունն արտաբերելիս երկյուղով եմ համակվում, նրան հիշելիս` հուզվում: Ուզում եմ մտքիցս հանել, բայց հուշերը գրոհում են: Սիրտս տրոփում է, մոռանում եմ հարավային ծովն ու երեխաներիս: Սվետլաննայի հարյուրավոր ցիրուցան պատկերներ պտտահողմի նման գալարվում են գլխիս մեջ և հիշողության նուրբ ծալքերն իրարով տալիս: Ասես երեկ լիներ, հենց անցած առավոտյան:
…Տասներկու տարեկան եմ, աշխարհի ամենաերջանիկ երեխան: Փոքրիկ ընկերուհիս իմ խաղընկերն է, և մեր ընկերությունը հարատև է: Նրա անուշիկ, մանկական ձայնը հնչում է ականջներիս մեջ. «Սրանից հետո ես ու դու մի հոգի ենք: Քեզ հետ ինչ լինի, ինձ հետ էլ է լինելու: Եթե մեզնից մեկը մեռնի, մյուսն էլ կմեռնի: Ընկերություն, ընկերություն մինչև կյանքի վերջ»:
Շեմիրանի մեր այգում ես ու փոքր ընկերուհիս հավերժական ընկերության ուխտ ենք կապում: Թաքնվում ենք կաղամախիների հետևում, սպասում մինչև բոլորը գնան: Հասան աղան` խոհարարը, երեք մուկ է բռնել: Դրանց ոտքերն իրար է կապում, վրաները նավթ լցնում ու վառում: Հետո երկու հավ է բերում, դնում ծաղկանոցի եզրին ու վզերը կտրում:
Փոքր ընկերուհիս հարցնում է` պատրա՞ստ ես:
Պատրաստ եմ, սիրտս տրոփում է վախից ու բավականությունից: Փակում եմ աչքերս ու մեկնում ձեռքս: Զգում եմ սուր սայրը մաշկիս վրա և կուլ տալիս կոկորդումս պահած ճիչը: Եթե լացեմ, պատիվս գետնով կտամ: Կտրվածքից տաք արյուն է հոսում: Դողում եմ, արյան գույնից վատանում: Եթե ուշաթափվեմ, մեր ընկերությունը կվերանա: Մտքում կրկնում եմ. «Սրանից հետո ես ու դու մի հոգի ենք, մի հոգի»: Շշնջում եմ աղոթքը, որը տատս է սովորեցրել լավ գնահատական ստանալու համար, և ջանում եմ զսպել արցունքներս: Փոքրիկ ընկերուհուս հերթն է: Ձեռքն անհավատալի համարձակությամբ բարձրացնում է ու մի հարվածով կտրում նուրբ մաշկը: Ախ էլ չի քաշում: Բաց վերքերն իրար ենք հպում, մեր արյունները խառնվում են: Ասում է. «Ընկերություն, ընկերություն մինչև կյանքի վերջ»:
Զգում եմ` արտասովոր բան է կատարվում մարմնումս: Նմանվում եմ փոքր ընկերուհուս: Նրա մի մասն իմ ներսում է: Երկու սիրտ է բաբախում կրծքիս տակ: Գիշերն ուրախությունից չեմ քնում: Նոթատետրի մեջ գրում եմ. «Ես սիրահարված եմ փոքր ընկերուհուս և առանց նրա կմեռնեմ»:
Ամառը բաժանման սեզոն է բոլոր դպրոցականների համար, բացի մեր երկուսից: Ամեն օր հանդիպում ենք և բացահայտում այգու մութ անկյունները: Մեկնվում ենք լոլիկի ածուների մեջ և ականջ դնում երգին ծղրիդների, որոնց բների վրա են մեր գլուխները: Պատի երկայնքով հոսող առուները լի են գորտերով, որ կռկռում են մինչ առավոտ, և մայրիկը չի կարողանում քնել: Նա, ով գոնե մի գորտ է բռնում, նվեր է ստանում: Մի տուփ էլ շերամ ունենք. երփներանգ բոժոժները մեզնից փոքրերին ենք տալիս ու վերցնում նրանց ուտելիքները: Խորդենու ծաղկաթերթերը կպցնում ենք մեր շուրթերին և մեծերի նման պարում իրար հետ: Երբեմն էլ, երբ ծխուկներ ենք գտնում, փստացնում ենք ու անգլերեն բլբլում: Որոշում ենք երեկոները հեծանիվ քշել և ողջ Մահմուդիե թաղամասի տեր ենք մեզ կարծում: Ձմեռները շահն ու Սորայա թագուհին դահուկ ենք քշում մոտակա բլուրներում, և մենք հեռվից հետևում ենք նրանց:
Մեր տունը Շեմիրանում է, և մինչև Ֆիրուզքուհի դպրոց հազար փարսախ է: Հորս մեքենան շարժվում է յոթն անց կես, և ով ժամանակին չի հասնում, մնում է, նույնիսկ մայրիկը: Ես ամեն օր եմ ուշանում: Փոքրիկ ընկերուհիս առավոտներն ինձ սպասում է Աշեյխ Հադի խաչմերուկում, մենակ չի գնում և ինձ հետ միասին նկատողություններ է ստանում: Հենց այդ պատճառով էլ նրան սիրում եմ, նրա համար կմեռնեմ, և ինչ ասի` կանեմ:
Դասարանում կողք կողքի ենք նստում: Մեր աթոռները կիպ կպած են. դա գիտեն բոլորը. և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները: Առաջին դասարանից միասին ենք. սիամական երկվորյակների նման: Փոքր ընկերուհիս նման է տղայի. սև կարճ մազերով է և հավան չէ ճերմակ օձիքով, արդուկված հագուստով, կոկիկ ու մաքրասեր աղջիկներին: Ես էլ եմ նրանց թվին պատկանում, բայց նախքան դպրոց հասնելը գլխիս մետաքսե ժապավենը հանում եմ, վաքսապատ կոշիկներս փոշոտում, ձեռքերս կապույտ թանաքով կեղտոտում: Տնային աշխատանքները չկատարող ընկերուհիս դասարանի լավագույն աշակերտն է: Տետր ու պայուսակ չունի, դասին էլ ուսուցիչներին չի լսում և ծածուկ իր սիրած գրքերն է կարդում: Այնուհանդերձ, գրեթե միշտ քսան է ստանում: Ուզում եմ նրա պես լինել և նմանակում եմ նրան: Մեր ընկերությունից կարևոր բան չկա աշխարհում: Մաթեմատիկայի տետրի մեջ, որպեսզի ոչ ոք չհասկանա, հնարովի լեզվով գրում եմ. «Եզսզ սզիզրզուզմ եզմզ իզմզ փզոզքզրզիզկզ ըզնզկզեզրզոզջզը»:
Ընկերուհիս միշտ փող ունի: Դպրոց մենակ է գալիս-գնում: Ուզում է` մեր տանն է գիշերում: Որոշողն ինքն է: Չգիտեմ` որտեղ է նրա տունը և ում հետ է ապրում: Լսել եմ, որ մայրն ամուսնալուծվել ու մեկնել է Եվրոպա, հայրն էլ խաղամոլ է: Ժամանակ առ ժամանակ այդ օտար, արտասովոր հայրը թղթախաղով տուն, այգի ու հողամաս է շահում, հետո դրանք տանուլ է տալիս, և փոքր ընկերուհիս տեղափոխվում է այս կամ այն տունը, տներն անծանոթների, և թե ովքեր են և որտեղ են ապրում նրանք, անհայտ է: Երբ մտածում եմ նրա մասին, գլուխս պտտվում է, պստիկ մտքերս իրար են խառնվում: Մեր տանն ամեն բան իր տեղն ունի, ամեն բան կարգ ու կանոնով է, և ոչ մի արտասովոր իրադարձություն տեղի չի ունենում: Ընկերուհիս գալիս է մի վայրից, որի տեղը չգիտեմ, խավարից, արգելված գործերից անդին մի հեռաստանից, այլ աշխարհից: Նրա հետ հեշտ է յուրաքանչյուր արգելված ու անհնար բան` դասերից փախչել, փողոցի ծայրի խանութից չարազ թռցնել, առանց մայրիկի իմացության ու մեծերի թույլտվության փողոցներում թրև գալ: Երբեմն երեկոյան` դասերի ավարտից հետո, ջրի բաքերի հետևում թաքնվում ենք և սպասում` մինչև բոլոր երեխաները գնան: Ոչ մի աշակերտ իրավունք չունի դպրոցում մնալու. մենք մնում ենք: Ուսմասվարին ու ուսուցչին մոլորեցնելը հպարտանալու առիթ է մեզ համար (իհարկե, ընկերուհիս է այդպես ասում, և ես լսում եմ նրան): Դատարկ դասարաններում մենակ մնալը տարօրինակ հաճույք է: Կարծես մուտք ենք գործում անծանոթ, ահարկու մի վայր, թափանցում քաղցր երազի կամ հոգեհմա ջերմության մեջ` լի վառ գույներով, առեղծվածային ձևերով, անակնկալ իրադարձություններով: Դասերի ավարտից հետո դպրոցն այլ վայր է դառնում: Միջանցքները թվում են ավելի երկար, աստիճաներն առավել ոլոր-մոլոր` տարօրինակ, օտար ստվերներով, երկյուղալի քչփչոցով լի: Սենյակների լռությունը դրդում է վատ արարքների, դպրոցական նստարանների գույնը փոխվում է: Բակի ծառերը հասակ են առնում, մութ պահարաններից տարօրինակ հոտ է փչում: Թրև ենք գալիս դատարկ սենյակներում և սրտներիս ուզածն անում: Հոգուս խորքում վախենում եմ այդ ազատությունից, թվում է` անտեսանելի մի աչք հետևում է մեզ, ցանկություններիս ու մտքերիս առաջն առնում եմ: Այդ ընկերուհիս է ինձ քարշ տալիս իր հետևից: Նրա պատճառով է, որ մոռանում եմ մորս նախազգուշացումներն ու ահը` հորս կշտամբանքից ու սպառնալիքներից: Երբեմն էլ աշխատանքային ուսուցման կամ շարիաթի դասերից փախչում ենք ու զբոսնում Իսլամբուլի փողոցում: Հրուշակեղենի խանութից թթի չիր ու շաքարաքլոր ենք թռցնում: «Սեթարե» կինոթատրոնում հաճախ ռուսական ֆիլմեր են ցուցադրում: Ընկերուհիս ու նրա ավագ քույրը այցելում են: Ընկերուհիս ականջիս փսփսում է` այդ կինոթատրոնը թուդեականներինն է, իսկ ես չգիտեմ` թուդեականն ինչ տեսակ մարդ է: Մեր հարևանի տղան Ազգային-սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ է, քեռորդիներս` պանիրանիստներ: Մեր գերդաստանում թուդեական չկա: Փոքր ընկերուհիս աղքատների համակիրն է ու ձեռքի ափին գրել է` մահ շահին: Եթե մայրս տեսնի, կաշիս կքերթի, կամ կասի տեսուչին, և նրան դպրոցից կհեռացնեն:
Ամառային օրերը անցնում են քամու ու լույսի արագությամբ: Տարեմուտի նման` մեհրի մեկն էլ տոն է, և չի հաջողվում խաղաղ ու հանգիստ քնել: Նոր դասարան, նոր տետր ու պայուսակ, նոր դասեր, և մի քայլ առաջ: Մոտ է տասներեքերորդ տարեդարձս, որին հաջորդելու է տասնչորսերորդը: «Տասնչորս»-ը մուտքի դուռ է դեպի մեծերի աշխարհ, դեպի անծանոթ, առեղծվածային, երկյուղալի տարածք: Այդ մասին չենք խոսում, բայց երկուսս էլ մտածում ենք մոտալուտ յուրահատուկ օրվա մասին, ու մեր սրտերը ուժգին տրոփում են: Այնպես չլինի՞ բաժանվենք:
Վեցերորդ դասարանի դասասենյակը երրորդ հարկում է: Միջանցքի լուսամուտից կարող ենք հետևել Ֆիրուզքուհի արական դպրոցի աշակերտներին: Աղջիկներից ոմանք անստորագիր նամակներ են գրում և պատուհանի ճեղքից զգուշորեն նետում նրանց կողմը:
Առաջին դասին թելադրություն ենք գրելու: Ես ու փոքր ընկերուհիս, ինչպես միշտ, կողք կողքի ենք նստած: Գրչածայրով փորագրում ենք մեր անունները փայտե սեղաններին: Փոխանակում ենք մատիտներն ու ծիծաղում: Երջանիկ ենք, ու մեր գրպանները լի են ցատկախաղի խիճերով:
Դասարանի դուռը բացվում է: Տնօրենն է: Կանգնում ենք: Գլուխներս շրջում ենք դեպի տնօրենը: Ծպտուն չենք հանում: Դասարանի շեմին կանգնած է երկար ու բարակ մի աղջիկ. դպրոցի սաներից ոչ մեկին նման չէ: Ինձ կամ ընկերուհուս էլ նման չէ: Ոսկեգույն երկար ծամերով է և կապուտակ խոշոր աչքերով: Տնօրենը ներս է կանչում նրան: Անունը Սվետլաննա է: Տնօրենը պարզաբանում է` Սվետլաննան ռուս է, պարսկերեն գրել-կարդալ լավ չգիտի: Մեզանից մեկը ամբողջ տարվա ընթացքում պիտի օգնի նրան: Ո՞վ: Հայացքը պտտում է մեր դեմքերի վրայով: Տնօրենն իմ անունն է տալիս: Ի՞մ: Ասում է. «Վերցրո՛ւ պայուսակդ, գնա՛, վերջին շարքում նստի՛ր»: Չեմ ընկալում: Գժվել եմ: Փոքր ընկերուհուս եմ նայում: Տեսնում եմ` ապշած, հետաքրքրասեր հայացքը հառել է նորեկին: Իմ տեղն ընկերուհուս կողքին է: Դա է մեր ընկերության կանոնը, և բոլորն այդ մասին գիտեն: Ոտքերս սոսնձվել են հատակին: Չգիտեմ` ինչ անեմ: Ընկերուհիս անհանգիստ նայում է մե՛կ ինձ, մե՛կ տնօրենին, մե՛կ Սվետլաննային: Վերցնում եմ պայուսակս, փակում, կանգնում: Ո՛չ, չեմ կարող: Անհնար է: Ինչո՞ւ այդ տխմարները չեն հասկանում, որ իմ տեղն այստեղ է, փոքր ընկերուհուս կողքին, որ մենք կպած ենք իրար ու հավերժական ընկերության ուխտ ենք արել: Տնօրենն է՛լ ավելի բարձր կրկնում է կարգադրությունը, և նրա սպառնալից տոնը ինձ հետ է պահում: Նստում եմ օտար դասընկերուհուս կողքին, որի անունը չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ, և կուլ եմ տալիս արցունքներս: Ընկերուհիս էլ է անհանգիստ ու բարկացած: Մատիտով գծում է սեղանին ու կրծում եղունգները: Կռանում է: Կարծես պատրաստվում է բողոքել: Ուզում է ինչ-որ բան ասել: Շրջվում, ինձ է նայում: Սվետլաննան նստում է նրա կողքին` իմ տեղը: Ամեն ինչ այնքան արագ է տեղի ունենում, որ չենք հասցնում հասկանալ: Տնօրենը կարգադրում է, որ ողջ տարվա ընթացքում ընկերուհիս օգնի Սվետլաննային: Ողջ տարվա՞, ընկերուհուցս հեռո՞ւ: Իմ նստարանից մինչև նա` ինչպես այստեղից մինչև աշխարհի ծայրը: Կարծես հազար պատ է բաժանում ինձ ու նրան, հազարավոր քաղաք, լեռ ու ծով: Առաջին անգամ է, որ առանձին ենք նստում: Սվետլաննան ինչ-որ բան է ասում փոքր ընկերուհուս: Ի՞նչ: Գուցե անո՞ւնն է ասում, ազգանո՞ւնը, որը դժվար է արտաբերելը և մինչև օրս չեմ սովորել: Ինչքա՜ն շուտ ընկերացան, ասես տարիներ ի վեր ճանաչել են միմյանց: Սվետլաննան ինչ-որ բան է գրում սեղանիս վրա: Ուզում եմ իմանալ` ինչ: Ուզում եմ լսել նրանց: Կողքիս նստած աղջիկն արմունկով խփում է: Նայում եմ նրան: Ծիծաղում է: Չեմ սիրում նրան: Գեշ է, հիմար ու ալարկոտ: Մի կողմ եմ քաշվում: Մաթեմատիկայի տետրում թռչունների նկարներ է փակցրել: Ցույց է տալիս ինձ: Ի՜նչ անամոթ է, երեսառած: Ատում եմ նրան: Հետ եմ քաշվում: Կարոտում եմ ընկերուհուս: Ուշք ու միտքս նրա կողմն է: Ի՞նչ է ասում: Ի՞նչ: Ի՞նչ: Ի՞նչ: Այրվում եմ, կարծես ջերմություն ունեմ: Կողքիս աղջկանից տհաճ հոտ է փչում, քննություներն էլ չի կարողացել հանձնել, ու ես ամաչում եմ նրա կողքին նստել: Գիտեմ` Սվետլաննան բուրում է, գիտի շատ բաներ, որոնցից մենք անտեղյակ ենք: Նախանձից սիրտս կծկվում է, աղիներս` գալարվում: Ո՞վ էր սա, որտեղի՞ց եկավ: Անախորժություններն ինձ են սպասում: Գիտեմ: Ձեռքիս սպիին եմ նայում և խղճում ինքս ինձ: Ինչո՞ւ ընկերս չի բողոքում: Ինչո՞ւ թույլ տվեց, որ այդ անտեր, անտուն օտարականն իր կողքին նստի և իմ տեղն իրենով անի: Գլուխս շիկանում է: Վեր եմ կենում: Դասընկերներս շվարած ինձ են նայում: Ուսուցչուհին ինչ-որ բան է գրում տետրում: Գլուխը կախ է: Ասում է` գրե՛ք, տողի սկզբից: Աշակերտները պատրաստվում են գրել: Բացում են տետրերը: Փոքր ընկերուհիս ինձ է նայում: Հասկացնում է` նստեմ: Անհանգստանում է ինձ համար: Սվետլաննան պայուսակից թուղթ ու գրիչ է հանում: Չէ՛, չեմ նստի: Չե՛մ գրի: Սիրտս զարկում է: Գլխումս, մարմնումս, ձեռքերիս ու ոտքերիս մեջ պտույտ է տալիս համարձակությունից ավելի զորեղ մի զգացողություն, գուցեև մի տեսակ խենթություն, մի տեսակ տխմարություն, որ մինչ այդ չեմ ունեցել ու չգիտեմ` ինչ է: Քայլում եմ: Ի՞նչ եմ ուզում անել: Չգիտեմ: Չեմ մտածում: Քնած եմ ու վատ երազ եմ տեսնում: Սվետլաննային չհասած` լսում եմ անունս: Ուսուցչուհին է, բղավում է: Սաստում է: Ոչինչ չի կարող ինձ կանգնեցնել: Ուսուցչուհու մանրիկ աչքերը մոտեցել են իրար: Ձայնն արձագանքում է գլխիս մեջ. «Վերադարձի՛ր տեղդ, էշի՛ մեկը»: Նա ինձ չի սիրում, գիտի՝ միշտ չարաճճիություն եմ անում: Տեղիցս չեմ շարժվում: Ծնկներս դողում են:
-Դո՛ւրս եկ դասարանից, չքվի՛ր:
Փոքր ընկերուհիս իմ համախոհն է: Հանրահաշվի ուսուցչուհին սիրում է նրան, բայց հոգնել է նրա հանդուգն պահվածքից: Վեր է կենում: Մոտենում է ինձ: Բռնում է հյուսքս, քաշում, հրում: Ինձ դասարանի ամենաթունդ պախարակումն է սպասում. կանգնում եմ դասընկերներիս առաջ: Ուսուցչուհին պահանջում է, որ երեք անգամ բարձր «թու» գոռան:
-Թո՛ւ:
-Թո՛ւ:
-Թո՛ւ:
Փոքր ընկերուհիս վեր է կենում: Գալիս, կանգնում է կողքիս: Բռնում ենք ձեռք ձեռքի:
-Թո՛ւ:
Սրտաբուխ ապտակ է մեզ բաժին հասնում: Իմն ավելի ուժգին է, գլուխս պտտվում է: Սվետլաննան սառնասրտորեն նայում է, ասես իրեն չի վերաբերում: Աստծուն է հայտնի` որքան վատն է: Ուսուցչուհին սպառնում է` եթե չվերադառնանք տեղներս, երկուսիս էլ կվռնդի դասարանից: Գոհ եմ: Նույնիսկ կարելի է ասել` ուրախ եմ: Երկուսս էլ դպրոցի հերոսներ ենք դարձել, ողջ դասարանը հիացած մեզ է նայում: Վերադառնում եմ տեղս` դասարանի վերջնամաս` ինքս ինձ ասելով. «Ամեն ինչ առաջվա պես կլինի: Ամե՛ն ինչ»:
Շարունակվում են փսփսոցները Սվետլաննայի ականջին: Նա ինձ դուր չի գալիս: Մեզ նման չէ. սպիտակամաշկ է, գեղեցիկ, բարձրահասակ: Զգում եմ նրա առավելությունը, ու նախանձը կրծում է սիրտս: Հասկանում եմ` այս օտարականը, այս կապուտաչյա աղջիկը եկել է, որ մնա և աղավաղի մեր խաղերը:
Մի շաբաթ է, ինչ Սվետլաննան նստում է տեղս: Դասամիջոցին էլ ընկերուհուս բաց չի թողնում: Դասերը հրաշալի են անցնում, մաթեմատիկայից քսան է ստանում: Միշտ հաղթում է: Չեմ ուզում խաղալ նրա հետ ու մի կողմ եմ քաշվում: Երեք հոգանոց խաղերը չեմ սիրում: Փոքր ընկերուհիս ծիծաղում է: Ասում է` մեր երկու հոգանոց ընկերության ուխտը հավերժ է: Կրկին քույր լինելու ուխտ ենք կապում, որն իր կանոններն ունի. որևէ մեկի կերակուրը չպիտի ուտենք, ուրիշի հետ չպիտի խաղանք: Փոքր ընկերուհիս խարդախում է. Սվետլաննային էլ է ընդգրկել մեր միաբանության մեջ: Ասում է` խղճում է այդ աղջկան: Ուզում է` ես էլ նրա հետ սիրալիր լինեմ: Չէ՛: Չեմ կարող: Սվետլաննան իմ թշնամին է: Զավթել է աթոռս ու դևի նման հափշտակել ընկերուհուս: Սվետլաննան ռուս է: Սվետլաննան թուդեական է: Սվետլաննան «Սեթարե» կինոթատրոն է գնում: Սվետլաննան ազատ է: Մենակ է գնում, գալիս: Սվետլաննան կարող է գիշերել սրա-նրա տանը: Սվետլաննան մայր չունի, ապրում է հորաքրոջ հետ: Սվետլլաննան այն ամենն է, ինչ ես չեմ: Սվետլաննան ճիշտ փոքր ընկերուհուս նման է: Ինչպե՞ս մրցեմ նրա հետ: Ուժս չի պատի: Գիշերն արտասվում եմ վերմակի տակ և Աստծուց խնդրում` Սվետլաննան մեռնի: Ուտելիքից հրաժարվում եմ, և մայրս անհանգստանում է: Հազս սկսվում է: Փոքր ընկերուհիս ավելի քնքշալի է, քան նախկինում: Ինձ համար քաղցրեղեն ու գրքեր է բերում: Անունս գրել է երկու ափերում: Կեսօրից հետո` հրաժեշտ տալիս, համբուրում է այտերս. մի բան, որ երբևէ չէր արել: Նույնիսկ թողնում է` ցատկախաղում հաղթեմ: Բայց նրա արարքների մեջ ինչ-որ խորամանկություն է թաքնված, և ես դա զգում եմ: Կարծես խղճում է ինձ: Խռովել եմ նրանից, և որքան նազս տանում է, այնքան ավելի վատն եմ դառնում: Գիտեմ` ստում է, բայց չեմ կարողանում նրան բռնացնել: Ամեն աստծո օր ասում է. «Էդ զզվելի Սվետլաննան իմ ընկերուհին չէ: Ուղղակի դասերը պատրաստելիս ես պետք է օգնեմ նրան»: Հետո ծաղրում է ինձ, ծիծաղում, ասում. «Նախանձկո՛տ, նախանձկո՛տ, չունես անգամ հանգիստ օր»:
Թուբա խանումը մոգություն ու կախարդություն անել գիտի, հոգիների ու փերիների ընկերն է: Նրան պատմում եմ, որ մի շատ վատ-վատ աղջիկ է եկել մեր դպրոց: Յոթ սարի հետևից է եկել: Կախարդ է, ինձ հմայել է և չի թողնում` բարձր գնահատական ստանամ: Ուզում եմ, որ նա իր քաղաքը վերադառնա ու ձեռք քաշի ինձնից:
Թուբա խանումին նրա իրերից է պետք: Գողանում եմ Սվետլաննայի ռետինը, որը Թուբա խանումը մաս-մաս է անում: Թղթի պատառի վրա ինչ-որ պատկերներ է նկարում: Գորտ է, օձ և մի կին, որ պոզեր ունի: Գնում ենք այգու խորքը: Թփերի մեջ փուշ ու եղինջ է փնտրում: Ծաղկի մի քանի հունդ է ճզմում, այդ ամենը մանրացնում, լցնում թաշկինակի մեջ ու կապում: Լուսինը տասնչորս օրական է: Թաշկինակը պահում է լուսնի ցոլքերի տակ ու աղոթք մրմնջում: Վախենում եմ նրանից: Ուզում եմ փախչել: Հորում ենք թաշկինակը, և ես ողջ գիշեր դողում եմ անկողնուս մեջ ու հազում: Մղձավանջներ եմ տեսնում: Մահվան, հորն ընկնելու, անծանոթ քաղաքում կորչելու մասին երազ: Փոքրիկ ընկերուհուս ու Սվետլաննային եմ տեսնում, բռնել են ձեռքերս, ու պտտվում ենք, պտտվո՜ւմ, պտտվո՜ւմ: Ճչում եմ: Չեմ ուզում նրանց հետ խաղալ: Մի քանի հոգանոց խաղերը չեմ սիրում: Փոքրիկ ընկերուհիս միայն ինձ է պատկանում: Ի՛նձ: Քնիս մեջ էլ եմ լալիս և առավոտյան ժամանակին չեմ արթնանում: Արագ գլխիս եմ գցում գլխաշորը և առանց նախաճաշելու` վազում դեպի հորս մեքենան: Ուշացել եմ: Մնում եմ կանգնած: Բոլորն ինձ հետ թշնամացել են: Նույնիսկ հայրիկը: Ատում եմ բոլորին: Պայուսակս նետում եմ, ճչում ու ոտքով հարվածում Հասան աղայի կոճին: Գժվել եմ: Մի ծանր բան է կարծրացել կրծքումս: Մարմինս ցավում է, և այդ ցավը տարբերվում է մնացած ցավերից: Կարծես ջերմում եմ: Արածներս ու ասածներս իմ կամքից անկախ են: Մայրս մեղր ու կաթ է բերում և ջանում է հանգստացնել ինձ: Չեմ ուզում: Չեմ խմում: Մեկնվում եմ մահճակալին ու հեկեկում: Հազար տարի է` այդպես չեմ լացել: Մայրս գուրգուրում, փաղաքշում է: Համբուրում է գլուխս: Տեղյակ չէ` ինչ է կատարվում, բայց տեսնում է` տառապում եմ, և այդքանն էլ բավական է: Բռնում եմ նրա ձեռքը: Երանի՜ կարողանայի պատմել: Երանի՜ կարողանայի զրուցել նրա հետ: Երանի՜ դեռ պստլիկ երեխա լինեի ու տեղավորվեի նրա գրկում: Տեսնում եմ` մեծ լինելը դժվար է, և սիրտս նեղվում է:
Հետկեսօրին մաթեմատիկայի քննություն ունենք: Մայրիկի պնդմամբ ինչ-որ բան եմ ուտում: Սիրտս խառնում է: Հասան աղան հագնում է կոշիկները, ու ճամփա ենք ընկնում:
Փոքրիկ ընկերուհիս Սվետլաննայի հետ կլաս է խաղում: Հենց ինձ տեսնում է, վազում է ընդառաջ և առաջարկում է` մինչև զանգը տալը խաղանք: Այս խաղում միշտ հաղթում է մեր խումբը: Պիտի թիմերի բաժանվենք: Սիրտս արագ-արագ զարկում է: Փոքր ընկերս է թիմի առաջնորդը: Միշտ էլ նա է առաջինն ընտրում թիմակիցներին, և բոլորը գիտեն` առաջինը հենց ինձ է ընտրում: Դա է մեր խաղի կանոնը: Իսկ Սվետլաննա՞ն: Թող հայտնվի հակառակորդ խմբում: Ավելի լավ:
Փոքր ընկերուհիս ստիպված է ընտրություն կատարել: Սա կյանքիս ամենակարևոր պահն է, կա՛մ ես, կա՛մ նա: Փոքր ընկերուհիս պատրաստ է: Ասում է. «Այսօր երկու-երկու ենք ընտրում»: Ի՞նչ: Բոլորը միաբերան բղավում են`ի՞նչ երկու-երկու, չէ՛, չի լինի: Շատ էլ լավ կլինի. Նույնիսկ երեք-երեք է հնարավոր: Փոքր ընկերուհիս է գլխավորը և բոլոր խաղերի առաջնորդը: Ընդունում են նրա ասածը: Ինձ ու Սվետլաննային է ընտրում: Չեմ խաղում: Ասում եմ` հիվանդ եմ, գլուխս պտտվում է: Մի կողմ եմ քաշվում: Ընկերուհիս տխրում է: Ասում է` երեսառա՛ծ. խռովկա՛ն, և թոթվում է ուսերը: Նստում եմ աստիճաններին ու նայում: Տե՛ր Աստված, Թուբա խանումի անիծյալ հմայիլը բա ի՞նչ եղավ:
Մաթեմատիկայի քննություն ենք հանձնելու, սիրտս դող է ընկել: Մաթեմատիկայից գլուխ չեմ հանում, ընկերուհիս էլ նեղացել է և իմ կողմը չի նայում: Այնպես եմ տառապում, որ վախենում եմ նուրբ ու անզոր սիրտս ճաքի:
Երեք խնդիր պետք է լուծենք: Առաջինը չեմ հասկանում, անցնում եմ երկրորդին: Կա՛մ ես, կա՛մ Սվետլաննան: Սիրելի՛ Թուբա խանում: Հրաշագո՛րծ Թուբա խանում: Աստվա՛ծ, մի բան արա՛, թո՛ղ այս օտարականը, այս դևը, որ եկել է աշխարհի այն ծայրից, հետ գնա: Բոլորն արագ-արագ գրում են: Կարդում եմ երրորդ խնդիրը: Կողքիս նստած անբան տխմարն էլ ուզում է արտագրել ճերմակ թերթիկիցս: Բզում է, հարցնում` վեց անգամ ինը՞: Տարուբերում եմ գլուխս: «Յոթ անգամ ո՞ւթ»: Չգիտեմ: Գլուխս չի աշխատում: Երրորդ դասարանից բազմապատկման աղյուսակն անգիր գիտեմ, հիմա որքան ջանում եմ, ոչինչ չեմ հիշում: Թվերը խռնվել են գլխիս մեջ, պտույտ են տալիս ու չեն բազմապատկվում: Կողքիս աղջիկը գրում է, գծում: Մատները թանաքոտ են: Մատիտի ծայրը սեղմում է սեղանին, քաշում: Ծայրը ջարդվում է: Հարցնում է. «Ինն անգամ յո՞թ»,- և ծամում է մատիտի գլուխը: Չգիտեմ: Չգիտեմ: «Վեց անգամ ո՞ւթ»: «Ութ անգամ ո՞ւթ»: Բոլորը գրում են, նույնիսկ կողքիս նստած հիմարը: Ժամանակն անցնում է: Սիրտս այնպես է խառնում, որ քիչ է մնում փսխեմ:
Ով ավարտել է, կարող է դուրս գալ: Ուսուցչուհին նայում է ժամացույցին: Փոքր ընկերուհիս ու Սվետլաննան վերջացնում են միաժամանակ: Վեր են կենում: Թերթիկները դնում են սեղանին ու դուրս գալիս: Ընկերուհիս նեղացել է ինձնից, իմ կողմը չի նայում: Երեխաները մեկ-մեկ վեր են կենում և գնում: Որոշները մաքրագրում են և շատ արագ են գրում: Կողքինս խորամանկում է: Աղյուսակը գրել է ծնկներին: Կոճակներն արձակում է և փնտրում «ութ անգամ ինը»: Դասարանը դատարկվում է, թուղթս ճերմակ է: Անունս եմ գրել վրան: Զանգը հնչում է: Բոլորը գնացել են, դասարանը դատարկ է: Ուսուցչուհին վերցնում է թերթիկս ու հեռանում: Մրմնջում եմ` ութ անգամ յո՞թ, վեց անգամ հի՞նգ, տասն անգամ տաս՞ը, հազար անգամ հազա՞ր, և արցունքները հոսում են աչքերիցս, թափվում օձիքիս, կաթկթում սեղանին, մաթեմատիկայի գրքին ու նրա վրա, ով մի մեծ զրո է դարձել:
Գիշերը քունս չի տանում: Մայրիկս իմ վիճակը կապում է նիհարության, թուլության ու վիտամինների պակասի հետ և օրական երեք ճաշի գդալ ձկան յուղ է լցնում բերանս: Քունս չի տանում, և ականջներումս հնչում է ըներուհուս ձայնը. «Սրանից հետո ես ու դու մի հոգի ենք: Քեզ հետ ինչ լինի, ինձ հետ էլ է լինելու»: Ցատկում եմ մահճակալից: Ուզում եմ մեռնել, փոքր ընկերուհիս էլ ինձ հետ կմեռնի: Ականջ եմ դնում: Բոլորը քնած են: Տան լռությունից սիրտս դող է ընկնում: Դուրս եմ գալիս միջանցք: Բոբիկ եմ: Սիրտս արագ-արագ զարկում է: Դեռ ձմեռը չի եկել, բայց ցուրտ է: Բացում եմ շքամուտքի դուռը: Բոլորը քնած են, բացի ինձնից: Լացս գալիս է: Մի պահ մտածում եմ մորս մասին, թե որքան է տխրելու, երբ մեռնեմ, և ոտքերս թուլանում են: Թուբա խանումը քնած է նախասրահում և խռմփացնում է դևի նման: Սուտասան Թուբա` իր անօգուտ կախարդանքներով: Այնպես եմ ուզում ոտքով հարվածել նրա մեծ հետույքին: Դուրս եմ գալիս: Սառցակալում եմ, մերկ եմ: Գիշերանոցս բարակ է, ուսակապերով: Ծառերը խոժոռ հայացքով ինձ են նայում: Երկար են, սև, ճյուղերն ասես կախարդի ոսկրոտ մատներ լինեն: Շարժվում են, հետ ու առաջ անում և քչփչում իրար ականջի: Մոտենում եմ ջրավազանին: Լուսնի պատկերն արտացոլված է ջրում, և ավազանի եզրի ծովահարսի արձանը հետևում է ինձ: Նրանք բոլորն էլ գիտեն, որ ուզում եմ մեռնել ու փոքր ընկերուհուս հետս տանել: Դա միակ խաղն է, որին Սվետլաննան չի մասնակցում: Մեր երկուսի խաղը: Սվետլաննան նախանձից կմեռնի: Նայում եմ ձեռքիս հին սպիին: Մի անուշիկ ձայն ականջիս տակ մրմնջում է. «Քեզ հետ ինչ լինի, ինձ հետ էլ է լինելու»: Ի՜նչ լավ է: Շա՜տ լավ է: Անիծյա՛լ Սվետլաննա: Դա մե՛ր խաղն էր, մեր երկուսի՛: Մասրենու մի բարակ ճյուղ եմ պոկում: Փուշը խրում եմ վերքիս մեջ, սեղմում եմ. ամուր. մինչև վերջ: Արյան բարակ շիթ է հայտնվում մաշկիս: Ծորում է մինչև ափս: Փոքր ընկերուհուս արյունն է: Դողում եմ, ցրտից ատամներս կափկափում են: Սառցակալել եմ, և սառույցը պտտվում է մարմնիս մեջ, ոսկորներիս, գլխիս, շնչառությանս խորքերում: Փակում եմ աչքերս ու հաշվում մինչև հարյուրը: Պարեկը սուլում է, հարևանի կատուն պտտվում շուրջս: Վերևի սենյակի լույսը վառվում է: Մեկը վեր է կացել: Թերևս հայրիկն է: Սառել եմ: Ոտքերս չեմ զգում: Գուցե մեռե՞լ եմ: Մեռնելու միտքն ինձ այնքան է վախեցնում, որ ակամայից վազում եմ: Մտնում եմ տուն, շրխկացնում շքամուտքի դուռը: Թուբա խանումը կիսարթուն հարցնում է` ո՞վ է, և կրկին խռմփացնում: Պառկում եմ մահճակալին, սողոսկում վերմակի տակ: Ծանր հիվանդությունն սպասում է ինձ: Գիտեմ` դարձյալ բժիշկ Քոսուրի, կրկին դեղերի հաբ ու սրվակ, նորից մայրիկի խենթացնող անհանգստությունը: Թեքվել եմ կողքի, և վերջ չունեցող հազս բոլորին սարսափահար է արել:
Փոքր ընկերուհիս գալիս է ինձ տեսության: Նեղացած եմ, վերմակը երեսիս եմ քաշում: Ծիծաղում է, խոսում. այսպես թե այնպես մեր միջով սև կատու է անցել: Լացս գալիս է: Նրան բանի տեղ չեմ դնում: Պառկում եմ՝ դեմքով դեպի պատը: Նշանակություն չի տալիս: Նորից է գալիս. օրումեջ: Դասերի մասին է պատմում, Սվետլաննայից մի բառ անգամ չի ասում: Ինքն իր նման է, առաջվա նման: Աստիճանաբար հաշտվում ենք: Մեր խոսակցությունների ու զվարճությունների տուտը բացվում է: Ողջ օրն սպասում եմ նրան, և սիրտս բավականությունից տրոփում է: Երբեմն Սվետլաննայի անունը հայտվում է լեզվիս ծայրին, ուզում եմ հարցնել՝ որտե՞ղ է, ի՞նչ է անում, բայց չեմ համարձակվում: Գիտեմ՝ էնտեղ է. Դասընկերներս հասցնում են դպրոցի նորությունները: Կարծես ուրիշի հետ է ընկերություն անում, մեզնից ձեռք է քաշել: Ուրախ եմ, երջանիկ եմ և արագ-արագ ապաքինվում եմ: Ուտում եմ, քնում և ցանկանում եմ շուտ վերադառնալ դպրոց:
Ամեն ինչ կարգին է, առաջվա նման: Լավագույն շարադրությունը ես եմ գրել ու քսան ստացել: Հաղթանակածի զգացողություն ունեմ:
Ձմեռնամուտ է, և մի քանի օրից ծննդյանս օրն է: Ծննդյանս տոները փոքր ընկերուհուս հետ եմ նշում, միայն նրա հետ: Նրանք, ովքեր հավերժական ընկերության ուխտ են կապում, ուրիշի հետ չեն կիսում կարևոր բաները, անգամ իրենց ուտելիքը:
Սվետլաննան դեռևս իմ նստարանին է նստում, բայց դա կարևոր չէ: Նույնիսկ մի անգամ ասաց, որ կարող եմ վերադառնալ տեղս: Մերժեցի ու հպարտությամբ թոթվեցի ուսերս: Սիրտս հանգիստ է: Վերագտել եմ ընկերուհուս, գիտեմ՝ իր խոսքի տերն է, ու մեր ընկերությունը հավերժական է: Սվետլաննայից՝ այդ ոսկեծամ վհուկից, էլ չեմ վախենում, բայց ինչպես նախկինում, հիմա էլ չեմ սիրում երեք հոգով խաղալը և պատրաստ չեմ որևէ մեկի հետ կիսելու փոքրիկ ընկերուհուս: Ընկերուհիս ասում է՝ կարելի է երեք կամ տասը հոգու սիրել. չեմ հավատում: Խորամանկում է, ուզում է կողքին պահել ինձ էլ, Սվետլաննային էլ: Ես գիտեմ՝ եթե հայրս որևէ կնոջ նայի, մայրս նրա աչքերը կհանի, եթե քեռիս ուրիշին սիրահարվի, կինը վշտից կմեռնի:
Հասան աղան խոստացել է ծննդյանս տոնին ծիրանաչրով փլավ եփել, մայրս էլ մի սկուտեղ սառնանույշ է պատրաստել:
Ծննդյանս օրը ձյուն է գալիս: Դա տարվա առաջին ձյունն է, և բոլորը դրսում են: Ձյունը մաքրողները գոռում են, մեքենաները սահում են. խցանում է: Քաղաքը մի տեսակ բարի իրարանցման մեջ է ու երջանիկ, ասես այդ օրը ողջ աշխարհն է նշում իմ ծննդյան տոնը:
Դասին հարբածի նման նիրհում եմ, և գլխիս մեջ թվերը վերափոխվում են տոնական մոմերի: Ուշք ու միտքս ժամը չորսն է, րոպեներն եմ հաշվում: Ամեն ինչ հենց իմ ուզածի պես է: Այնքան երջանիկ եմ, որ ամաչում եմ: Վաղը տասներեք տարեկան եմ դառնալու, և տասնչորսամյակին մի քայլից էլ պակաս է մնացել: Տասնչորսն օտար հնչերանգով զնգում է գլխումս: Այրվում եմ, ականջներումս արձագանք կա: Մտքումս անդադար կրկնում եմ այդ թիվը, և մարմինս բավականությունից հալչում է: Աշխարհի լավագույն իրադարձություններն ինձ են սպասում, և փոքրիկ սիրտս տրոփում է ուրախությունից: Որոշված է՝ ընկերուհիս դասերից հետո կգա մեր տուն և կմնա գիշերը. միայն ես ու նա, առանց Սվետլաննայի: Վերջին ժամին ուսուցչուհին ներկա-բացակա է անում: Անունս լսելուն պես բղավում եմ՝ ներկա՜: Դասընկերուհիներս ծիծաղում են: Ներկա՜ եմ, ներկա՜ եմ, ներկա՜ եմ: Ցատկում եմ տեղիցս, պայուսակս օդ նետում, բռնում: Փոքրիկ ընկերուհիս զրուցում է Սվետլաննայի հետ: Սվետլաննան կիտել է նոթերը: Հասկացել է՝ ընկերուհիս ինձ է ընտրել, կատաղել է: Բավականություն եմ զգում: Մտքումս ասում եմ. «Նախանձկո՛տ, նախանձկո՛տ, չունես ոչ մի հանգիստ օր»:
Վազում եմ դուրս: Պտտվում եմ, ընկնում ձների մեջ: Դպրոցի մուտքի մոտ Հասան աղան սպասում է մեզ: Փոքրիկ ընկերուհիս շուրջն է նայում: Գրպաններն է տնտղում: Կարծես վատ տրամադրություն ունի: Չի խոսում: Ասում եմ. «Շո՛ւտ արա, արի՛ գնանք»: Չի պատասխանում: Ուրախ չէ, և աչքերի խորքում քողարկված ասելիք կա: Ափով սեղմում է այտն ու ատամնացավից տնքում: Սվետլաննան դուրս է գալիս դպրոցից: Մեր կողմը չի նայում: Կարմիր գլխաշորով է: Անցնում է: Ռետինե սև սապոգներ է հագել: Արտասովոր գեղեցկություն ունի և հագնված է ճաշակով: Կրկին զգում եմ նրա գերազանցությունը, և սիրտս տակնուվրա է լինում: Ինչպե՞ս մրցեմ նրա հետ: Երանի՜ չլիներ: Երանի՜ չքվեր: Փոքրիկ ընկերուհիս նայում է նրան: Հետևում է ծամածռված ու խոժոռ հայացքով: Ատամը ցավում է: Նվում է: Ուզում եմ գրկել ու համբուրել նրա փոքրիկ ճերմակ ձեռքերն ու ցավող այտը: Թվում է՝ իմ բոլոր ատամներն էլ են ցավում, և ես ուրախ եմ: Ես ու փոքրիկ ընկերուհիս մի հոգի ենք: Ինչ նրան պատահի, ինձ էլ է պատահելու:
Շեմիրանի ավտոբուսը չի երևում: Ընկերուհիս ցանկանում է զանգահարել հորը: Առաջին անգամ եմ լսում, որ հորից պիտի թույլտվություն վերցնի: Ասում է. «Դու գնա, ես հետո կգամ»: Չեմ համաձայնում: Կիտում է հոնքերը: Ձեռքը դրած այտին՝ տնքում է: Ասում է. «Պիտի գնամ բժշկի: Երկու փողոց այն կողմ է: Դու գնա: Ես կգամ»: Ուզում եմ ասել՝ չէ, ուզում եմ բողոքել, ուզում եմ նրա հետ լինել: Վախենում եմ նրա բարկացած աչքերից: Գիտեմ՝ պետք է համաձայնեմ: Քարի նման մի բան կարծրացել է սրտիս: Ընկերուհիս գնում է: Արագացնում է քայլերը: Վազում է: Անցնում է մյուս փողոցն ու անհետանում: Ծրագրերս ի չիք են դառնում: Հասան աղան անհանգիստ է: Ձյունը գլխին է նստել: Ասում է. «Համա՛ռ երեխա, առաջ ընկիր, գնանք»: Ուշք ու միտքս ընկերուհուս կողմն է: Պիտի գնայի նրա հետ: Իսկ եթե ատամը քաշե՞ն: Իսկ եթե շա՜տ-շա՜տ ցավի՞: Պիտի հետը լինեմ, ձեռքը բռնեմ ու օգնեմ նրան: Հասան աղային ասում եմ. «Էստեղ սպասի՛ր, մի քիչ հետո կգամ»: Գոռում է: Վազում է հետևիցս: Սպառնում է, որ չի սպասի, որ հենց այսօր կվերադառնա իրենց գյուղը, որ մորս կասի, ու էլի նման բաներ: Ավելի արագ եմ վազում: Փողոցի վերջում փակուղի է: Ձյունը ծածկել է ոտնահետքերը: Աջ կողմում ավերակ է, մի կիսակառույց շենք, հետո ցանցկեն կարճ ցանկապատ: Դողում եմ, սառել եմ: Հազում եմ: Ձեռնոց չունեմ: Մատներիս ծայրերը սառցակալել են: Փնտրում եմ բժշկական ցուցանակը: Միակ ձայնը, որ լսում եմ ձյան թափվելու ձայնն է՝ միապաղաղ, երկարատև՝ քնաբեր շշունջի նման: Ամեն ինչ սավառնում է օդում, նույնիսկ տներն ու ծառերը, ես ու գետինը: Նայում եմ ձյան թափվելուն, թվում է՝ ճախրում եմ, և գլուխս պտտվում է: Ասես անծանոթ քաղաքում եմ կամ այլ աշխարհում, հավերժական ճերմակության ու երազի աշխարհում:
Ընկերուհիս անհետացել է, ընկղմվել ձյուների մեջ: Կուզեի՝ կողքիս լիներ Հասան աղան, լավ ու բարի, պարզ ու սիրալիր Հասան աղան:
Պատուհաններից մեկը լուսավորված է: Այն բացվում է, և երևում է ծաղկավոր գլխաշորով մի կնոջ գլուխ: Խոսում է բակում գտնվող մարդկանց հետ: Օտար լեզվով ինչ-որ բան է ասում: Նման է Սվետլաննային: Փակում է պատուհանը: Սիրտս միանգամից կասկած է ընկնում: Ուզում եմ հետ գնալ: Վախենում եմ: Կորցրել եմ ինձ: Առաջ եմ գնում: Ատամս շամփրում է: Գիտեմ՝ դա ընկերուհուս ցավող ատամն է: Ասել էի՝ այսօր տասներեքամյակս է: Մի ուրիշ անգամ կկտրենք մեր ձեռքերն ու բաց վերքերն իրար կհպենք, որ Սվետլաննան չքվի այնպես, ասես չի էլ եղել՝ ո՛չ անցյալում, ո՛չ ապագայում, երբևէ և երբեք:
Տների մեծամասնությունը երկաթե ճաղավանդակներով փոքր բակեր ունի: Վերջին բակում ձնեմարդ կա՝ երկու խոշոր սև աչքերով, կանաչ մատիտը բերանում, ինչպես ծխախոտը, կարմիր գլխաշորը գլխին: Ինձ է նայում: Տեսնում է: Մրսում է: Խղճում եմ նրան: Այտը փքված է: Թվում է՝ նրա ատամն էլ է ցավում: Ձայներ են լսվում. ծիծաղի ձայներ: Բակի խորքում՝ սոճիների հետևում, երեխաներ են խաղում: Լավ չեն երևում: Մի ձնագնդի դիպչում է ձնեմարդու գլխին, և կարմիր գլխաշորը թեքվում է: Նայում եմ ճաղավանդակների արանքից: Սվետլաննայի գլխաշորն է: Համոզված եմ: Ձյունը լցվում է աչքերիս մեջ ու օձիքիցս ներս: Ուզում եմ հետ դառնալ, բայց ոտքերս սոսնձվել են գետնին: Երանի՜ Հասան աղան ինձ հետ լիներ: Երկու հոգի քամու նման սուրում են բակի այս կողմից այն կողմը: Ցատկում են ձնեմարդու թիկունքում, թավալ տալիս ձյուների մեջ, վազում իրար հետևից, և նրանց ճիչն ու ծիծաղը թնդում են փողոցում: Սվետլաննան կանգնել է դեմքով դեպի ինձ, բայց ինձ չի տեսնում: Դեմքը ցրտից կարմրել է, ոսկեգույն մազերը թափված են ուսերին: Այնքան գեղեցիկ է, որ նրանից վախենում եմ: Ամենակարող է, ամենակարող: Կախարդ է, և եթե ինձ տեսնի, վերջս կտա: Փոքրիկ ընկերուհիս կանգնած է նրա կողքին: Ձեռքերը լիքն են ձնագնդիներով: Նետում է Սվետլաննայի վրա ու ծիծաղում: Վազում են իրար հետևից: Նրանց երջանկությանը չափ ու սահման չկա:
Թուբա խանում, էշի մեկը, դու էլ, քո անօգուտ կախարդանքներն էլ:
Աչքերս վազում են ընկերուհուս հետևից, սուտասան, խարդախ, կեղծավոր, դավաճան փոքրիկ ընկերուհուս: Խաբվել եմ, և դա առաջին մեծ սուտն է, որ ինձ մոլորեցրել է: Մատներս սառել-կպել են ձողերին, արցունքներս գլոր-գլոր թափվում են: Ծակում է մարմնիս ինչ-որ հատվածը. դա ո՛չ գլուխս է, ո՛չ ատամս, ո՛չ էլ սիրտս. մտքերիս մեջ է, խոսքերիս խորքում, կամ սրտիս ամենա-ամենախոր անկյունում: Մի տեսակ նոր ցավ է, անծանոթ թախիծ, նրանցից, որի մասին մայրս խոսում է Ազար մորաքրոջ հետ, և երկուսն էլ արտասվում են:
Թուբա խանումն ասում է. «Ուշադի՛ր եղիր, տասներեքը չարագուշակ թիվ է: Ամեն իրիկուն աղոթի՛ր ու թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ արա»: Հայրիկն ասում է. «Պիտի գնաս Ամերիկա: Սովորես, փող աշխատես, մարդ դառնաս»: Մայրիկը խոսում է ապագայի, սիրո, ամուսնության, կանացի գաղտնիքների մասին:
Նեղացել եմ փոքրիկ ընկերուհուցս և շարունակում եմ նեղացած մնալ: Նրան ոչինչ չեմ ասել, բայց ինքը գիտի: Մեկընդմեջ նայում է ինձ: Հայացքում ասելիք կա, որը դող է գցում սիրտս: Գուցե ցանկանում է հիշեցնել մեր ուխտի մասին: Չեմ հավատում նրան, սրտիս դռները կողպել եմ նրա առաջ:
Ֆիրուզքուհի դպրոցն ավարտում եմ: Եղբորս ուղարկում են արտասահման, իմ անունն էլ գրանցում Արդարադատ Անուշիրվանի անվան դպրոցում: Նոր ընկերներ եմ գտնում, անօգուտ ընկերներ: Բազմիցս սիրահարվում եմ, լաց լինում սիրածս տղաների համար ու մտքիցս հանում նրանց: Վերքերը մորմոքում են սիրտս, ժամանակն ապաքինում է հոգուս նուրբ քերծվածքները, բացի ձեռքիս հին սպիից և մանկությանս հիշողությունների խորքում թաքնված երեխայական ցավից:
Տարիներ անց Սվետլաննան կրկին հայտնվել է՝ փոստային կորած աղավնու նման, ճանապարհից նոր հասած, հոգնաբեկ, թևաթափ, փետրաթափ և անուժ: Նայում եմ նրան ու հասկանում, որ Թուբա խանումի մոգությունն ի վերջո իր գործն արել է, և սիրտս նեղվում է: Նրա խոշոր երկնագույն աչքերը զուրկ են հեռավոր հիշողություններից, և օրերի ու իրադարձությունների ջախջախիչ անկումների, դառն ու քաղցր բյուրավոր փորձությունների ոտնձգությունների ու հարձակումների մեջ Ֆիրուզքուհի դպրոցն ու փոքրիկ ընկերուհիս թռել են նրա մտքից:
Հեռվից տղաս կանչում է ինձ: Ուրիշ երեխաների հետ խաղում է ափին: Խորը շունչ եմ քաշում: Սրտիցս մի ծանր բեռ է ընկնում: Կործանարար ու դառը վաղեմի նախանձի բեռը: Երանի՜ ընդունած լինեի երեք հոգով խաղալու պայմանը: Նստում եմ երեխաների մոտ: Մեկը շուռումուռ է գալիս ներսումս: Մեկը սողոսկում է մաշկիս տակ ու ականջներիս մեջ մի ձայն շշնջում է. «Ընկերություն, ընկերություն մինչև մահ»:

Թարգմանությունը պարսկերենից՝ Նունե Հովհաննիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *