Քաղաքում փուչիկներ են, մեծ փոքր, զարդանախշ, երկարավուն ու գնդաձև, շտապող ու անշտապ օդում սավառնող: Տոնահանդես է, ու քաղաքը լիքն է խճճված թելերով իրար քարկապված օդախտացումներով: Մի քանիսը լարից պոկվեցին, բարձրացան վեր ու կորան տեսադաշտից, կլորագլուխ մեկը պլթաց՝ կար ու չկա:
Զարդանախշովը աջ-ձախ նայեց, իրեն արժան մեկին չգտավ, որ զրուցի, առանձնացավ մյուսներից, ձգվեց, երկարեց ոտքերն ու սահեց երրորդ հարկի լուսամուտից ներս:
Արթնացավ։ Ետ տարավ վարագույրը։ Օրը խոստանում է արևոտ լինել։ Նստեց հայելու դիմաց։ Դեմքն այսօր քիչ ճմրթված է, բացեց օդահաբերի տուփն ու «ամենա»-ներից ընտրեց երկու կոճակ՝ « ամենա-ամենա»-ն ու «ամենա- ամենա -ամենա»-ն, դրեց լեզվի տակ: Աչքերի փայլը տեղն եկավ։ Հետո սեղմեց հեռախոսի ձայնագրիչը ` «աննմա՜ն» իր ձայնով խոսեց հեռախոսը. այտերը վարդագույն երանգ ստացան, արյունը խաղաց երակներում ։
– Անկրկնելի՜, – ընդառաջ վազեց դռնապան Ճիճուն ու խոնարհվեց մինչև գետին, աչքերը արագ-արագ թարթեց ու մի քիչ էլ փքվեց, այնպես որ, երբ մսավաճառ Գայլի կրպակի կողքով էր անցում ՝ «անզուգակա՜ն»-ի վրա շուռ էլ չեկավ, բայց մի «օդակում» ավել՝ կլորացավ:
Հանդիպում ուներ գրասենյակում ։
– Սքանչելի՜,- ներս մտնելուն պես կռկռաց Գորտը, որ մասնագիտությամբ դերասան էր ու բերել էր իր հեղինակային «Անկրկնելին» մոնո-ներկայացման պրեմիերայի հրավիրատոմսերը, Գորտի «մուսան» ու միակ հերոսը Զարդանախշովն էր:
Մի քիչ թանկ գին ուզեց Գորտը, բայց ինքն առատաձեռն է՝ չսակարկեց:
– Չքնաղագե՜ղ,- ծամածռվեց Գորտը, համբուրեց Զարդանախշովի ձեռքն ու իր կլորիկ հոնորարը ստանալով՝ անհետացավ դռների հետևում:
Փքվածությունից՝ վզի ժապավենը նեղեց, ձեռքը տարավ, որ թուլացնի:
Նայեց պատերին կախված իր դիմանկարներին, որ նկարիչ Սարդն է արել, հետո մի բան պակաս թվաց, միացրեց համակարգիչը, չէ´, սովորական սելֆիով չես զարմացնի: Սեղմեց կոճակը: Քարտուղար Ծղրիդը հայտնվեց կողքին:
– Սքա՜նչ…- սկսեց Ծղրիդը, գլխի շարժումով հասկացրեց՝ այսօր եղել է:
– Անմրցելի՜,- արագ կողմնորոշվեց Ծղրիդն ու տեղավորվեց համակարգչի առաջ: Հինգ րոպե ֆոտոշոփ ու Զարդանախշովի դեմքը հայտնվեց Փարիզի ամենահայտնի կուտուրիեների կողքին, ցուցադրությունների սրահում:
– Իդելակա՜ն, – շողոքորթեց Ծղրիդը, որ նպատակային մեկ-երկու բացթողում էր արել, Ծղրիդի աճպարարությամբ նկարը հայտնվեց լուրերի առաջին հորիզոնականում՝ շքեղ վերնագրով:
Ձեռքով նշան արեց, որ Ծղրիդը վերցնի հրավիրատոմսերը, որ պիտի բաժանվեին քաղաքի կարկառուն Փուչիկներին:
Մոգակա՜ն է՝ հիացավ լրահոսում շողշողացող իր պատկերով, աչքերը փակեց ու պատկերացրեց բոլոր ծափերն ու բրավոները, որ պիտի լսի այսօր երեկոյան, ներկայացման պրեմիերային: Մի քանիսը նախանձից կպայթեն, ավելի լա´վ:
Վզին գցեց ծանր ադամանդե մանյակը, խեղդում է, բայց պետք է: Մտավ գեղեցկության սրահ, այնտեղի քծնահաբերից էլ մի քանիսը «կուլ տվեց», օծանելիքի խանութի մոտ կանգնեց. անշուք է, աջ-ձախ նայեց, տեսնող չկա՝ մտավ:
– Համեցե´ք ,- ժպտաց Ծաղիկ անունով աշխատակցուհին:
Մինչ ինքը հիանում էր խանութի մեծ հայելում իր շքեղ արտացոլանքով, աշխատակցուհին հերթով առաջարկեց բոլոր մոդայիկ բույրերը: Ընտրեց ամենաթանկը:
Դուրս գալիս աշխատակցուհին մոտեցավ պատուհանին.
– Հրա՜շք է:
Տարօրինակ զգացում. գլուխը պտտվեց, ճնշումն ընկավ, երեք շունչ օդ պակասեց ։
– Հրա՜շք է, չէ՞, այսօր է ծաղկել,- կրկնեց աղջիկը, պատուհանագոգից վերցրեց փոքրիկ կավե ամանով մանուշակը:
Բըռռ, հիանալ ինչ-որ անշուք ծաղկո՞վ: Զգաց՝ խեղդվում է, արագ դուրս եկավ խանութից: Պայուսակից հանեց հաբերի տուփը, երեք «ամենա» դրեց լեզվի տակ, շնչառությունը կարգավորվեց:
…Դահլիճը լեցուն էր. ծանոթ-անծանոթ Փուչիկներ, աջից, ձախից հիացական բացականչություններ:
Գորտը վատ դերասան է, ինքն էլ գիտի, բայց հիմա ո՞վ է դրան ուշադրություն դարձնում: Քաղաքի ամենաթանկ դահլիճն է վարձել, ամենապատվավոր Փուչիկները ներկա են:
– Օ՜, ձկներ օվկիանի, օ՜, աստղեր երկնի, բացե´ք ձեր աչքերը,- սկսեց Գորտը՝ ակնհայտ արհեստական պաթոսով, ճակատից մաքրեց չեղած քրտինքը, հազաց ու շարունակեց,- թե՞ կույր եք ու անզգա, – դադար տվեց (ինչպես վայել է հանճարեղ դերասանին, մինչև հայացքով գտավ իր հերոսուհուն).
– Ահա´ նա, Ան-կրկնելի՜ն, Ան-զուգակա՜նն, Ան-մրցելի՜ն…
Դահլիճը թնդաց ծափերից, լողաց, դեմքերը լղոզվեցին, փքվե՜ց, փքվե՜ց ու…
Առավոտյան Լուրերը ոչինչ չհայտնեցին:
– Հիասքանչ՜, – ընդառաջ վազեց դռնապան Ճիճուն հերթական Փուչիկին ու խոնարհվեց մինչև գետին:
Իսկ Գորտն արդեն նոր՝ «Հիասքանչը» ներակայացման աֆիշն է տպում: