Վիտալի Պետրոսյան | Քաղաքական բանախոսություն` պետական ավերված ամրոցում

Կածանի քաղաքական դեմքը

Արցախում բոլոր կածանները
հասնում են անպայման լեռնագագաթի,
որտեղ կա եկեղեցի, որտեղ ճգնում է
ժամանակի ուրվականը:
Արցախում բոլոր քարերը գերեզմանաքարեր են
կամ հուշաքարեր. մարդը կար, մարդը չկա,
իսկ բովանդակ լեռներն ու քարաժայռերն
ուղղակի արձագանքում են քողարկված պատմություն:
Ես բառերի լեզվով ծաղիկներ եմ ցանում
հողի մարմնի մեջ, որ զոհված տղաներն
այն աշխարհում չիմանան այս աշխարհի
քաղաքական գործիչներին` նաև այս երկրի օլիգարխներին:
Բառն աղմկում է մոմի կրակե լեզվակից,
հոսում եկեղեցու մոմասեղաններին,
բայց մոտիկ անցյալում և ժամանակակից
խրամատում հոսում է իմ աղքատի արյունը,
այնինչ ես միջազգային շուկա եմ արտահանում
հենց ժամանակը` իր տարբեր կեցվածքներով:
Կշռում եմ արյունը, կշռում եմ արցունքը,
կշռում եմ այդ գնով ծանրացած «մեծություններ»,
նժարիս թաթերը տեղադրում եմ տողատակերում,
որ զգամ բառի, գոռալու և լռության միջակա տարածքը…
Խնկարկում եմ վաճառք. վաճառվում են
վարկի տակ հայտնված բազմաթիվ արցախցիների հոգիներ,
(նրանց նախօրոք գնում են, տրամադրելով անտոկոս
և անվերադարձ ցեմենտ, որ իրենց «մահվան»
համար կերտեն դամբարան):
Մի հին կրծող գյուղապետ
կրծում է բենզինի վերջին 20 լիտրանոց չեկը
և իր աջ ձեռքով, որով գռփում է փող,
բռնում քաղաքական ամենահայտնի հետույքի
աջ այտը:
Կենսագրում եմ բորսա,
վաճառում եմ գյուղապետներ
և նրանց հայտնի ու անհայտ հետույքների երկու այտերը,
շուկայականից ցածր գներով:
Գյուղապետերի մեծամասամբ անգրագետ
մի դասակարգ հիմա Արցախում իրականացնում է
ստոր կաշառքի և քաղաքական ինքնավաճառման
հին, բայց կատարելագործված սցենար:
Քաղաքական արտի եզրերով քայլում են
կուսակացական «լեգենդներ»,
որոնց քաղաքական մեծությունը
չափվում է արտերի քանակով
և փողի ցմփոր դեզով.
դժբախտաբար, իմ կածանները
հիմա լեռնագագաթ չեն հասնում:
03.01.2020թ.

 

Վաճառվում եմ … գնում եմ

Կապանքներ, կապանքներ, կապանքներ,
մարդկանց դեմքերին, շուրթերին, ատամների տակ,
որպես ծխախոտ և նրանց խոստումները` ծուխ,
քաղաքականության ակնոցներով ուղղված
մարդկային տեսադաշտից դուրս
դեպի ուրվականներ, դեպի սահմաններ, դեպի հայրենիք.
փաստորեն, պետք է մեռնել, որ ընտանիքդ մի քիչ
ԼԱՎ ԱՊՐԻ:
Շրջում է փողի մուրացիկ գրպանն Արցախում
և գնում է հոգիներ, գնում է մարմիններ,
աննախադեպ էժան գներով,
որպես քվեաթերթիկ նետում է ապագայի
պարկի մեջ, ասես կրկեսում ձեռնածուն
կամ ծաղրածուն պարկից հանում է ճագար,
ընդ որում, պարկի մեջ նա նետել էր ճանճ:
Մուրացկանություն.
տերերն ուզում են փրկել կուտակածը,
մարդիկ, մարդիկ, մարդիկ,
ապրում են տերերի ստվերների տակ,
ուզում են ազատվել ստվերից,
արդեն ազատվել են ստվերից:
Հետո մի պատահական թփի տակ ճգնում են
նապաստակներ և ծնում է օրը կերպարներ,
շաբաթը` տերեր, ամիսը` վաճառականներ,
որ վաճառում են Արցախի ներկան ու ապագան
փաստացի դեռ չսկսված ընտրապայքարում
և ցնկնում անբարոյականություն.
երբ վաճառվում է մարմինը,
այն ժամանակավոր է,
երբ վաճառվում է հոգին,
մարդն էլ մարդ չէ:
Հետո միանում են իրար քաղաքական բոլոր պաստառները,
բոլոր սցենարները, կառուցապատվում են բոլոր ճանապարհները,
Արցախի նախագահն (ով էլ որ լինի այս սկզբնաղբյուրից) իջնում է իր բարձունքներից
և ես ու ինքը, ևս երկու հոգի, խաղում ենք բլոտ, նարդի ու շախմատ,
հետո գրում բանաստեղծություն, պատմվածք ու հեքիաթ,
թե ինչպես խաբեցին ժողովրդին
և ով է լինելու հերթական զոհը:
Սցենարից դուրս վխտում են ծառեր,
քամին ուղղակի քամի է
և անպայման բարձրացնելու է
կարճ շրջազգեստներ:
Ծառը թոթափում է բարձունքը
և ստանում ձայնի իրավունք,
քանզի իրեն ջրելու է ոչ միայն անձրևը,
այլև շոյելու են քամիները,
բեղմնավորելու է մեղուն
և ծաղիկները դառնալու են պտուղ:
Նախընտրական տրամադրությամբ
ցանում եմ մեղուներ եղինջի արտում…
12.02.2020թ.

 

Շաբաթօրյակ կամ հինգ երկուսների ներկան

Հավաքում եմ մտքերիս մնացորդները,
շաբաթվա ընթացքում այս ու այն կողմ թափթփված,
հանրագումարի եմ բերում ինձ ազգային ավերակների վրա
և զգում եմ, որ քաղաքական երեք տասնյակ կուսակցություններս
Արցախի ողբերգությունն են` ժողովրդավարության դիմակի տակ:
Իմի եմ բերում անցյալի ուրվականները.
(պատմական խաչմերուկներ են ձուլվել ներկայի ճանապարհին),
հետո հերոսներ եմ հնարում պատմության ողբերգության կածանին,
նրանց բուռ-բուռ մեդալներ եմ շնորհում` մեկ օրում մի քանիսը.
և հուղարկավորում եմ հիշողությունս.
մեռածներն այլևս չեն հառնելու,
ողջ հերոսներն էլ ասելիք չունեն:
Փողի գրպան է` ժամանակակից կամ կարկատած,
նույնիսկ, իբր, մտավորականների ուղեղը,
վաճառված, աճուրդի տակ դրված, քաղաքականացված,
որոնց նրբաթելերով հոսում է կանաչ ոսկու
գարնանային ազդանշանը` ցոփ, ցինիկ,
տղամարդկանց պարագայում` ուղղված հետույքներին,
կանանց պարագայում` հանրահայտ բոլոր անցքերին:
Քաղաքական շաբաթօրյակ է,
ճանաչում եմ մարդկանց,
զտում եմ հայի արյունը պաշտոններից
և արձանագրում եմ այսպիսի ԴՆԹ.
պատերազմի արդյունքը` հաղթանակը,
վայելել են շտաբի առնետները, ովքեր մոտիկից
թուրք չեն տեսել, ովքեր հունցել են քաղաքական ուսադիրներ
և օճառել են ժամանակակից մեջքեր,
լվացել ոտքեր, անհրաժեշտության դեպքում`
խմել այդ ջուրը,
(թող ինձ ներեն բացառիկ բացառությունները),
վերջին դեպքում քշել են Մանվել Գրիգորյանի հանրահայտ
«պոեզդն» այն ուղղությամբ, որ ուղղությամբ հայհոյել է Մանվելը:
Հետո ստեղծվել է քաղաքական բորսա,
մարդիկ վաճառել են իրենց ունեցածը.
հենց հիմա Արցախում վաճառվում է հայության
վերջին 2000-ամյա հաղթանակի խիղճը և արյունը,
հարյուր և ավելի տարեկան ագռավները ապագայի գերեզմանաքարերից
քերում են ժամանակի արցունքը և լցնում մայրերի, ապագա
այրիների և որբերի աչքերի մեջ:
Կենսագրում եմ քաղաքական ընտրություններ.
Արցախում հարուստ կուսակցությունները
վաճառում են առնետներով լի ապագա:
22.02.2020թ.

 

Քարոզարշավ

Խոստանում եմ ձեզ, նախագահ
դառնալու դեպքում, ստեղծել այնպիսի
ֆենոմեն, որ մոռանաք ինձ
և քննադատեք միայն իրեն:
22.02.2020թ.

 

Տարվա բոլոր եղանակներն` Արցախում

Երկնքում սավառնող թռչունների երամը մի պահ կանգ առավ.
այդ պահին երամը թռչում էր գերեզմանոցի վրայով,
առհասարակ, երկնքում թռչող երամները կանգառներ սահմանում են
միայն Արցախում, որովհետև չճանաչված երկրներում
ազատությունը չի վաճառվում:
Երկնքում թռչող թռչունները և նրանց կանգառները երկնքի կոպին
ուղղակի զսպված արցունքներ են,
թռչունները մարդկային աչքեր են`
ուղղված երկնքի անշարժ խաչին:
Չճանաչված երկրներում, ինչպիսին Արցախն է,
քո արյունը պետք է հողին, քո հարկերը պետք են բյուջեին,
քո վարկերը, հատկապես դրանց տոկոսները, պետք են բանկերին,
վերջապես դու, որպես բաժանորդ, պետք ես Ղարաբաղ Տելեկոմին:
Դժբախտաբար, թռչունները կանգառներ չեն սահմանել մեր մահացած
եսերի հուշարձանների վրա, թե չէ, նրանց կանգառները
կդադարեին շարժում լինելուց,
թռչունները կդառնային արցունքներ և կկախվեին երկնքի աչքերից,
հետո ազգային ժողովում ժողովրդին կաշառած մի շարք ընտրյալներ
կսկսեին որոշել, թե այդ արցունքները գարնանային, աշնանային, թե ամառային
արցունքներ են, կամ ուղղակի փաթիլի իլյուզիա են, չնայած ձմեռ չէ,
չնայած առջևում այնպիսի ընտրություններ են,
որ թռչուններն այլևս կանգ չեն առնի մեր երկինքներում:
Չճանաչված երկրներում ազատությունը չի վաճառվում
միայն պատերազմի ժամանակ,
հիմա էժան գնով գնվում են գերեզմանաքարեր, արցունքներ,
արցախցիների հոգիներ, (նյութական բոլոր արժեքներն
արդեն սեփականաշնորհված են)
և էժանագին մտավորականներ,
որոնք պետք է սահմանեն, որ թռչունները
շարունակում են հարգել բոլոր զոհերի
հիշատակը մեկ րոպե լռությամբ:
Արցունքներ են կախվել Արցախի երկինքներում թռչող
բոլոր թռչունների աչքերից, բացի արծիվներից.
նրանք սրել են իրենց կտուցները, բացել թևերը
և պատրաստվում են մեծ թռիչքի:
23.02.2020թ.

 

Քաղաքական բանախոսություն`
պետական ավերված ամրոցում

Գարնան այսօրվա օրագրում
ես մի քիչ կռվեցի ինձ հետ,
հետո հասկացա, որ պատերազմի արդյունքում
արյուն է հոսում կամ մարմնի երակներից դուրս,
կամ` հոգու:
Քաղաքական բոլոր սցենարները
կեղծ են, քանզի մարդիկ` սովորական գյուղացիներ,
պատսպարվել են իրենց մարմնի կամ հոգու հյուղակներում
և կաշկանդվել սեփական պատերի ներսում,
որտեղ կերտում են անիրական, մտացածին,
անկախ պետություններ,
որտեղ իրենք թագավոր չեն:
Իմ հողն ու ջուրը և իմ կենդանի մարդիկ,
իմ զոհված ազատամարտկները, երեխաները,
կանայք, ծերերը և մարդիկ, որ քերում են
արցունք ու քրտինք մի կտոր հացի համար`
և 21-րդ դարում` որտեղ սահմանից այն կողմ թշնամին է,
սահմանից այս կողմ` ներքին թշնամին …
Հիմա բառերը կերտում են ներքին հանգավորում,
հոգևոր պոռնիկների կամ անգրագետների մի շարասյուն
վարգում էր պետական գնացքը (և դեռ վարգում է),
իսկ ազգային ժողովի «լավ սովորող» աշակերտներն
ուղղակի ձեռք էին բարձրացնում,
ասես ֆեյսբուքում ուղղակի լայքում էին
օրենքներին:
Յուրաքանչյուր մարդ ունի իր հոգու տարածքը.
ինձնից դուրս, ամայի տարածքներում, ականապատ դաշտերում,
թափառում է մարդկային կորուսված ինքնասիրությունը
և ընտրում է օճառն ու սպունգը,
քերում է պետականության բազմիցս քերված մեջքը
ժամանակակից օճառների լայն տեսականիով
և հայտնաբերում է սեռական փոքրամասնություններ,
աղանդավորներ և Գյումրիից Երևան ճանապարհին
կորուսված մի կոշիկ, որով հիմա Արցախում
գարեջուր է խմում քաղաքական ինքնախաբկանքը:
Տեսնես կրիաներն ինչո՞ւ են պատյաններ կրում,
տեսնես անասուններն ինչո՞ւ լեզու չունեն,
կամ ունեն, ուղղակի չեն կարողանում խոսել,
տեսնես ինչքա՞ն ենք հանդուրժելու մեր արյան
չգնահատված վազքը ձեր արտերի, «ջրամբարների» ու
Հէկ- երի երակներով, որից սնվում է ազգային կոռուպցիան
և որտեղ մահանում է քաղաքականությունից անպաշտպան
քաղաքացիների մրցավազքը` սեփական արյան ու խրամուղու
տարածքում:
Հենց հիմա, դարուփոսերով ծածկված ճանապարհի
դեմքով վազում են` մարմնից վաղուց բացակա ոտքը`
պրոթեզը, և մանկությունս, որտեղ ես ունեի
սեփական ոտքեր, սոված փոր,
լամպի լույսի տակ դաս սովորելուց կկոցված աչքեր
և անընդհատ դիրքերում գտնվող հորս կարոտը,
մորս արցունքը` դիրքերից եկող դագաղների արցունքակոպին,
(ինքն անընդհատ պատկերացնում էր, որ հաջորդը հայրս է լինելու),
հետո տեսա, թե ինչպես Հադրութի կամավորական գումարտակից
շտաբին են ուղղվում տանկերի փողերը, իսկ շտաբից` գումարտակին,
և ինչպես գրասենյակները
լցվեցին արյամբ, ինչպես փոքրիկ քաղաքիս
ասֆալտե ճաքճքած կնճիռներով մայթերը
սկսեցին ծծել սեփական արյուն սեփական դիակից:
Հենց հիմա ես մտածում եմ.
«Ընտրություններից հետո այս երեսուն
կուսակցություններն ի՞նչ են անելու»:
Մանկությունս, պրոթեզները, ծաղիկները,
հառնում են մի նոր մոլեգնությամբ,
որտեղ ես չեմ ուզում կորցնել իմ երեխայի
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ:
Բառերն ալիքվում են,
իմ ու ձեր հաշվին հարստացած օլիգարխները
մեզ լավություն են անում մեր սեփական փողերով.
և նրանք պետք է դառնան նախագահ, պատգամավոր
ու պետական պաշտոնյա և ևս տասը տարի
կախվեն մեր պարանոցից…
Օրը` լիրբ կնոջ պես,
ուղղակի պտտում է սլաքներն
առանցքի շուրջ:
10.03.2020թ.

 

Քաղաքական կորոնովիրուս

Անարդարությունն այնքան է տնավորվել
բառերի ներսում, բույն դրել սեփական շալվարիս
և վերարկուիս բոլոր գրպաններում,
որ ես դուրս եմ գալիս փողոց,
քայլում եմ մայթի լուսանցքներով,
ծառերի փոխարեն դրոշակներ եմ պարզում
ընդդեմ մի շարք թեկնածուների,
որ հավաքվել քաղաքական աղբամանի շուրջ
և քուջուջ են անում բյուջեից պլստացած կոպեկներ:
Մոլորակն ինքնամաքրվում է կորոնավիրուսյան համաճարակով,
մարդը հասել է նրան, ինչին արժանի է,
բնությունը հատված ծառերի հենակների վրա խմում է
նավթոտ ու մազութոտ ջուրն օվկիանոսների,
որի վրա հենվել է մարդկության ատոմային
մրոտ դեմքը:
Հենց նույն պահին Արցախում
քաղաքական կորոնովիրուսը բնավորվում է
մարդկանց ուղեղներում, ներթափանցում գրպան,
փորձում փրկագնել անցյալի հիշատակները
սեփականաշնորհված պետական բյուջեի
փլատակների վրա:
Սովորական մարդիկ` գյուղացի ու քաղաքացի,
խռնվել են սեփական մոլորության բավիղներում,
թեկնածուներից մեկի ուրվականը
վխտում է քաղաքական արտերում, անտառներում, ՀԷԿ-երում,
մարդը փրկագնում է մարդուն թեկնածուներից,
իսկ նրանք բզկտում են իրար և աճուրդով գնում
քաղաքական աղբարկղի մոտ ընկած
վաճառվող մի քվե:
Օրը քաղաքական կորոնովիրուս է,
մեկուսացած սեփական տան չորս
պատերի մերկության մեջ, խոստումների դատարկաբանությամբ`
ժամանակակից կաշառքի բազմաժանր տեսականիով,
որտեղ իմ ընտրաքվեն թռչում է թեկնածուների
գլխի վրայով, որպես աշնանը չվող թռչուն,
և հայտնվում ազատության մեջ:
Ոչ պատահական ձևով իրար հանդիպեցին կորոնովիրուսի
և ընտրությունների ժամանակները,
հենց հիմա դեպի ինձ է թռչում մի երկնաքար,
իմ քվեն սավառնում է ազատության մեջ,
կորոնովիրուսը մաքրում է մոլորակը աղբից,
մարդը մտածում է փրկվելու մասին,
իսկ թեկնածուներից մեկը փողոցից փողոց,
մայթից մայթ, մուրում է մարդկային խիղճ,
որ խեղդի այդ նույն մարդկանց
հաջորդ հինգ տարիների ընթացքում:
Ֆեյսբուքյան չղջիկներ են սավառնում
կորոնովիրուսով վարակված քաղաքականության
խոհանոցում, պարոն որկորը լափում է
մարդկային հիշողություն և պատրաստվում ճաշի:
21.03.2020թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *