Սուտ էլ կա սուտ էլ։ Դեղին մամուլի մի հայտնի կայքի հանգույն, որ իր «խայտառակություն» գլխագրերը դասակարգել էր սովորականի, ազգայինի, միջազգայինի ու տեիեզերականի, մենք էլ տուրք կտանք նման մի թուլության, բայց այդքան չենք մանրանա։ Ինչ կարիք կա տնտղել լկտի ստի, պարզապես ստի, անմեղ ստի ու ստի այլ տեսականու նրբերանգները։ Մենք կկենտրոնանանք քաղցր ստի վրա, ստի մի տարատեսակ, որի շուրջ սիրո ու հանդուրժողականության մի այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ դարեդար մթագնել է մեր ուղեղը։ Նույնիսկ Սևակն է նման մի բան ասել այն մասին, թե սուտ կա, որ ճիշտ արժե, իսկ դասականները, ինքներդ գիտեք, հազվադեպ են սխալվում։ Մեր ունկերն այնքան են սովորել լսել այդ քաղցր սուտը, որ ցանկացածին, ով հանդգնում է դառը ճշմարտությունն ասել, հանում են դավաճան, ու թե խիղճները իսպառ կորցնեն, խարույկի վրա կայրեն։ Հա, էն էլ ասեմ, որ մենք ասելով, նկատի ունեմ մեր քաջարի ազգին, որ ամենահզորներից ամենահզորն է, անպարտելի հանց Հռոմեական կայսրերը (թեև սրանք էլ ի վերջո ընկրկեցին) ու կարող է ցանկացած թշնամու ջարդել ու լցնել ձորը, եթե իհարկե կամենա։ Այդպես ջարդել-փշրելով էլ եկել հասել ենք քսանմեկերորդ դար, բայց չգիտես ինչու, մի զարմանալի պատահականությամբ մեն ու միակ երկիրը չենք այս աշխարհի խայտաբղետ քարտեզին։ Դեռ մի բան էլ խոշորացույց է պետք ու սուր աչք մեզ գտնելու համար։
Այնպես որ, երբ Նախարարը կանչեց ինձ ու հարցրեց, թե արատավոր այդ երևույթի մասին հեքիաթը հիշո՞ւմ եմ, մտքիս միանգամից «Սուտլիկ որսկանը» եկավ։
– Ինչ «Սուտլիկ որսկան», ինչ բան, էն մյուսը, էն՝ որ թագավորն իր թագավորության կեսը խոստանում է նրան, ում ասած ստին ինքը չի հավատա։ Ուրեմն, եթե հիշեցիր, պիտի անես հակառակը, այսինքն մի այնպիսի սուտ ասես, որ բոլորը հավատան, ուզենան հավատալ։ Քաղցր սուտ է կոչվում։
– Աչքիս վրա, պարոն նախարար,- խոստացա ես,- հո երեկվա երեխան չեմ, հինգ նախարար եմ փոխել, բոլորն էլ ճշմարտության անափ սիրահարներ։
Նախարարը թփթփացրեց ուսիս, բացեց սառնարանի դուռը, հանեց մածունի ամանը, մի կողմ շպրտեց կափարիչն ու հարցրեց․
– Ի՞նչ գույնի է։
– Բնականաբար սև,- ծեփեցի ես։
– Ապրես, շատ առաջ կգնաս,- քաջալերեց նախարարը։
Նախարարը սովորական նախարար էր, ոչ նախորդներից էր տարբերվում, ոչ էլ հաջորդներից։ Ինչու պետք է նրա մերած մածունը մյուսներից տարբերվի։ Քանի մարդ չկա, մի գաղտնիք բացեմ. երբ տասը տարի առաջ ստանձնեցի մեր հնամենի ու հերոսական երկրի գլխավոր մունետիկի պատասխանատու պաշտոնը, նազիր-վեզիրները միանգամից ասացին, որ ավանդական, եթե չասենք ազգային արժեքի հարց է, դարեդար եկած, իզուր պետք էլ չէ փորձել մի բան փոխել, պետք է ասել այն, ինչ հաճելի է մարդկանց, ճիշտ է, լեզուդ դառնությունից կտտպա մի քիչ, բայց վերջում հաստատ կանցնի։ Ես էլ տվայտանքի մատնվեցի, ինչ ասես փորձեցի․ էլ սառը ջուր, էլ վարդ-մանուշակ, էլ չգիտեմ ինչ, նույնիսկ եկեղեցի գնացի նշխարիկներ կուլ տվեցի, տտպոցը չանցավ։ Բայց համառությունը միշտ էլ պտուղ է տալիս ու ի վերջո գտնելու էի կախարդական դեղամիջոցը․ օրվա չափաբաժին սուտը ափեղ-ցփեղ շաղ տալուց հետո ուտում էի մեր ավանդական խորիզով գաթան, ու ստից դառնացած բերանս քաղցրանում, քաղցրանում, դառնում էր մեղր։ Կարևոր էր, որ գաթան ազգային բաղադրատոմսով թխված լիներ, Բագրատունիների արքունիքից պեղած, համեմունքը տեղը տեղին, խորիզը փխրուն։ Այնքան էի հմտացել այդ հնարանքի հարցում, որ մի օր զգոնությունս կորցրեցի։ Ահա թե ինչ պատահեց։ Կարևոր մի օր, երբ ճշմարտությունը լիուլի հորդացել էր իմ շուրթերից աշխարհն ի սփյուռ, ու դառնահամը պատել էր քիմքս, հրավիրվեցի ավանդական հաղթական հանդիսությանը։ Սեղանները ծփում էին պարսկական սև խավիարի, ռուսական բալիկների, ֆրանսիական ոստրեների ու ճապոնական սուշիի ծանրությունից, բայց ես մոլեռանդորեն փնտրեցի ու ամենամոռացված, ստվերում մնացած սեղանիկին գտա իմ սիրելի գաթան, վստահաբար թագավորական հրովարտակով թխված, և սկսեցի քաղցած գայլի նման ագահաբար կուլ տալ երանելի պատառները։ Թեև քաշվել էի մի անկյուն, իբր թշնամու աչքից հեռու, պարզվեց երկու քաղքենի կնոջ սրատես աչքից չի վրիպել այդ հույժ կարևոր պահը։ Ահա թե ինչպիսի խոսքուզրույց է տեղի ունեցել լեզվի վարժ շարժումով ոստրե ոստրեի հետևից խփշտող այդ երկու կանանց միջև (գիտեք, փոքր երկիր ենք, ինչպես և կարելի էր ենթադրել՝ լուրը բերանից բերան թափառելով մի քանի օր հետո հանդարտ եղյամի պես պիտի իջներ ունկերիս)․
– Աշխարհի էս բարիքները թողած, գաթա ա խեղդում,- ասել էր առաջինը,- իբր հայրենասեր ա։
– Ֆու, գյուղացու գլուխը ինչքան էլ եփես, ականջները հում են մնում,- փռթկացել էր երկրորդը։
– Հաստատ տնից բերած կլինի,- քանդվել էր առաջինը։
– Գրպանից հենց նոր հանեց,- մեռել-պրծել էր երկրոդը,- երևի տատն էր հետը դրել։
– Լավ, ախչի, կարմիր ծովախեցգետինները իրենց ոտքով եկան, ինչի հետևից ես ընկել,- պայծառացել էր առաջինը, ու սրանք իմ տխուր գաթան մոռացած վերադարձել էին օվկիանոսի բարիքների զեխ ու շվայտ գիրկը։
Այդպես էլ ուրախ, երբեմն ոստրեասեր կանանց մեղմ քմծիծաղին ու կսմիթին արժանանալով, հալած յուղի պես կանցկացնեի գլխավոր մունետիկի իմ ազգանվեր ծառայությունը, եթե չլիներ այն, ինչ եղավ։ Մի օր Նախարարը հերթական անգամ կանչեց ու նետեց մարտահրավերը.
– Սկսվել է պատերազմը, այնպես արա, որ բոլորը հավատան, թե հաղթելու ենք, անկախ պատերազմի ելքից,- բացատրեց նա,- մի քիչ լեզուդ կտտպա, կանցնի։
– Դեղամիջոցը գտել եմ, մի անհանգստացեք,- վստահաբար ասացի ես,- կարևորը` արքունական բաղադրատոմսով պատրաստված լինի։
Հենց նույն օրն էլ կոկորդս մաքրեցի ու խրոխտ ձայնով ազդարարեցի, թե մեր սահմաններին երկրաշարժ է տեղի ունեցել, իրականում ոչ մի ռումբ էլ չի պայթել, ուստի խուճապի պետք չէ մատնվել։ Հիշեցրի, որ 88-ի երկրաշարժի ժամանակ էլ էին ասեկոսեներ տարածվում, թե իբր երկրաբանական զենք է կիրառվել։ Մտքում էլ գցեցի-բռնեցի, թե այս մեկը կարելի էր արդարացված ստերի շարքին դասել, եթե կա նման մի բան։ Իսկ թե ով է դատավորը, աստված գիտի, գուցե՝ սատանան։
– Բա ու՞ր են մեր երեխեքը,- անսպասելի հարցրեցին մարդիկ։
– Ցավոք, փլատակների տակ են մնացել,- կմկմացի ես,- հուսամ դեռ կենդանի են։
Այդ օրը վախեցա երկնքին նայել, վախեցա տեսնել հրեշտակների հետ զրուցող մեր երեխաների աչքերը, նույնիսկ գաթան կուլ չգնաց, քիչ էր մնում խեղդվեի։ Լավ էր, մեկը բռունցքով խփեց մեջքիս, օդի ճանապարհը բացեց, բայց մինչև շրջվեցի՝ փրկարարս անհետացել էր։
Իհարկե մի քանի օր հետո ստիպված էի ահազանգել, թե նենգ թշնամին, օգտվելով բնական աղետից, դավադրաբար շփման գծի ողջ երկայնքով հարձակվել է մեր սահմանների վրա։ Միջազգային ողջ հանրությունը դատապարտում է այդ լկտի ոտնձգությունը և ամոթանքի սյանը գամում թշնամուն։ Այս վերջինն ասելուց հետո զգացողություներս նկարագրելու համար տտպել բայը թերևս շատ փափուկ հնչի, լեզուս պարզապես մրմռաց, բաց վերքի վրա ցփնած աղի սաստկությամբ։ Նույնիսկ Աշոտ Երկաթի հատուկ բաղադրատոմսով թխված գաթան չմեղմեց այրոցը։
– Թեև թշնամին ճեղքել է պաշտպանական գիծը, որևէ կասկած չկա, որ նրանց ուժերը սպառվում են, և շուտով մեր հուժկու հարվածից ծվեն-ծվեն լինելով՝ ստիպված անձնատուր կլինեն,- հայտարարեցի ես։
– Իսկ ո՞ւր են մեր երեխաները,- հանկարծ հարցրեցին մարդիկ։
– Հրեշտակների հետ են զրուցում,- մտքում ասացի ես, այնքան ցածր, որ ես էլ չլսեցի, միայն ներքին աչքով տեսա։
Ավելորդ է ասել, որ գաթան գնալով դառնանում էր։ Մի մարդն ինչքան գաթա կարող է ուտել։ Գիշերը երազում տեսա, թե իբր Գինեսի ռեկորդի եմ արժանացել գաթա ուտելու համաշխարհային մրցույթում, ու որպես պարգև ինձ են նվիրել մի մեծ շեփոր։ Կանգնում էի արքայական պալատի պատուհանագոգին ու հաղթանակի շեփորականչ հնչեցնում։ Մեկ-երկու, մինչև ագռավն եկավ, կտցահարեց լեզուս ու տարավ։ Քարով խփեցի, բայց քարը տեղ չհասավ։ Լեղապատառ վեր թռա, ուրախանալով, որ երազ էր։
Երազից արթնանալու մտքից այնքան էի ուրախացել, որ հնչեղ ձայնով ավետեցի, որ ամբողջ աշխարհի մեր հայրենակիցները մեկ մարդու պես վաճառել են տները և զենք ու զրահ կապած թռնում, չէ, չեն թռնում, գլխապատառ սուրում են օգնության։ Այդ անգամ լեզուս չտտպեց, բայց ասածս մինչև լույս փսխում էի, լեղին հորդում էր Նիագարայի ջրվեժի պես։
– Բա ո՞ւր են մեր երեխաները,- հարցրեցին մարդիկ, բայց ես չլսելու տվեցի։ Մի պահ ուզում էի ասել, թե իրենք են մեղավոր, թող չծնվեին, իրենց մայրերն են մեղավոր, թող չհղիանային, ու ոչինչ էլ չէր լինի, բայց վախեցա։ Վախեցա այս անգամ ագռավն իրական կյանքում գա ու երազից լեղապատառ վեր թռնելու շանս էլ չընձեռվի։
Առավոտյան գնացի նախարարի մոտ ու ասացի որ խոսելու բան ունեմ, ասացի, որ բժիշկները լեզվի քաղցկեղ են կասկածում ու ցանկանում եմ ապաքինվել, ուստի ցանկալի է նոր գլխավոր մունետիկ գտնել։ Խնդրեցի ինձ ուղարկել լուռումունջ աշխատանքի, ուր բերանս գոց կպահեմ, միանալ փրկարարական ջոկատներին, գուցե փլատակի տակից մի երեխա հաջողվի փրկել։ Նախարարը փորձառու մարդ էր, թփթփացրեց ուսիս ու ասաց, որ վաղվանից միայն ճշմարտությունն ենք ասելու, ասաց, որ կփռեմ քարտեզը, կպարզեմ խոշորացույցը ու ինչ տեսնեմ կասեմ, անմեղ երեխայի պես։ Թե չէ հոգնել, քաղցկեղ, գիշերային մղձավանջներ, փլատակներ, երեխաներ, չգիտեմ ինչ, ի վերջո պատերազմ է, ես էլ՝ տղամարդ։
– Քեզ ձիգ պահի, ամեն ինչ լավ կլինի,- եզրափակեց նա։
Մեր նախարարը իմաստուն մարդ էր, այնպիսի մի խոշորացույց էր տվել, որ փռում էի քարտեզը, պահում ոսպնյակը, բայց այն ոչ թե մոտեցնում, այլ ավելի էր հեռացնում իրադարձությունները, այսինքն կարողանում էի տեսնել միայն, որ ինչ-որ մժեղներ թե մջյուններ անխնա կոտորում են մեկմեկու, թե ով ում բարեկամն էր կամ թշնամին, մնում էր միայն ենթադրել, իսկ ես լինելով լավատես մարդ ու չցանկանալով կոտրել մեր զորքի ոգու կորովը, պարզապես մեխում էի, թե հաղթելու ենք, որևէ կասկած չկա։ Ոչ կասկածի որդն էր ողնաշարս կրծում, ոչ էլ երազի սև ագռավը։
Մինչ օր օրի մոտալուտ հաղթանակը ավելի ու ավելի իրական էր դառնում, գաթան ավելի ու ավելի էր դառնանում։ Ոչ արքունական բաղադրատոմսն էր օգնում այլևս, ոչ խոշորացույցը, ոչ էլ երազի միջի շեփորի որոտընդոստ արձագանքը։ Ու մի օր, երբ հաղթանակին մնացել էր ընդամենը մի օր, ես կորցրեցի շեփորը ու անօգուտ փնտրտուքի տառապանքից հիվանդացա։ Ափսոս, դափնիներից հավանաբար ինձ բաժին չեն հանի, կգրեն վիրավորների շարքում, կմոռանան։ Հենց հաղթանակի գիշերն էլ սպիտակ խալաթներով բժիշկները, կամ գուցե հրեշտակները, խմբվեցին շուրջս, իսկ քիչ հեռվում նշվարվեց խնդմնդացող երկու քաղքենի կանանց ուրվագիծը, որ մատների ու լեզվի վարժ շարժումներով ձեռի հետ ոստրե էին խփշտում։ Բայց ես նրանց չէի լսում, երկնքից ինձ էին ժպտում մեր երեխաները։
Հաղթանակի լուսաբացին, երբ խավարը ցրվեց ու կկոցած աչքերս լույսով ողողվեցին, գաթա ուտելու անհագ քաղց զգացի։ Ցավոք, գաթայի փոխարեն մահճակալիս մոտ դրված սեղանին կաղամբով կարկանդակներ, գառան մսով բյորեքներ ու խրթխրթան չիպսեր հայտնաբերեցի, մի քիչ էլ՝ ադիբուդի, որ կինոնկար նայելիս որոճամ։
– Դուք հրաշքով փրկվեցիք, անուշ լինի,- ավետեց բժիշկը, որ գուցե իմ հրեշտակն էր, իսկ միգուցե` սատանան։