Լիլիթ Երանյան | Քարե ցնցում

(Ե. Չարենց «Երկիր Նաիրի» )

Կարսում լինելուց և´ առաջ, և´ հետո կարդացել եմ այս վեպը, ու զգացողությունները խեղդել են երկու անգամ էլ: Չեմ խաբի, թե վեպը սիրելի է, որովհետև ճնշել է: Բայց հաստատ այն ձևավորել է տեսակ, որից օտարվել չի լինի: Վաղուց սիրում եմ Հայաստանը ըստ Չարենցի ու նրա վեպի: Ծավալով ոչ շատ մեծ, այլակերպ այդ վեպը այնքան խառը զգացողություններ է թողնում, որ կարող ես գլխապտույտ ունենալ, բայց դրանք կարելի է առանձնացնել մի քանի կետերի մեջ.
Պարտված հայրենիք ու պարտության պատմություն ենք ժառանգել, բայց չունենք դրա ամբողջական գիտակցումը: Պիտի ճանաչել պարտությունը հանուն ապագայի:
Պոետ Չարենցին տվեցին հանճարեղ բնորոշումը, իսկ դա բնության ու տեսակի հաղթանակումն է, բայց այդ հաղթանակող տեսակ Չարենցը ներսում կրում էր պարտության պատմությունը` Կարսի կորուստը: «Երկիր Նաիրին» ճնշում է, խեղդում, ունայնություն տալիս, ու դրա պատճառը պատմվող իրականությունն է: Կարսի անկումը մինչև այսօր էլ հայոց պատմության ամենախայտառակ էջերից մեկն է: Չարենցը անշուշտ պատմության ուսումնասիրությամբ չի զբաղվել, բայց վեպում տվել է Կարսի անկման հիմնական պատճառների ուրվագծերը:
Ու չես հասկանում` թե ով է Չարենցը. միջնադարյան մի գրիչ կամ պատմիչ, որ իրեն անմիջականորեն չառնչվող, կարծես հեռավոր մի իրականության մասին է պատմում, թե իր քաղաքը չափազանց սիրող մի կարսեցի, որ եղել է այս բոլոր իրադարձությունների կենտրոնում: Իսկ Չարենցը չափազանց շատ էր սիրում Կարսը, բայց պիտի հաղթահարեր անցյալը ու ազատվեր կորուստի զգացողությունից հանուն ապագայի. իր Կարսը Երևանն էր:

Նաիրին անբռնելի է, այն կարող է hառնել Չարենցի հոր` Աբգար աղայի դեղնափայլ մազերում ու փայտ ծախող գյուղացու աչքերի մշուշում, բայց պիտի ճանաչել այն ու սիրել մարմնավոր: Չկա Նաիրի, կա Հայաստան:

Չարենցը Նաիրի բառը առօրեականացնում էր` կիրառելով Հայաստանի բառի փոխարեն իր նամակներում, զրույցներում: Ուրեմն ընդդեմ Նաիրիի նրա պայքարը ոչ միայն Տերյանի, այլ նաև իր դեմ էր: Եվ քանի որ ուզում էր գտնել Հայաստան կոչվող մարմնավոր Նաիրին, Չարենցը առաջարկում է աշխատանքի ու հողի ելքը: Կարելի է եզրակացնել, որ ծառ տնկող յուրաքանչյուր հայը թեպետ չի երազում օրերից մի օր հառնող պանծալի Նաիրիի մասին, բայց կառուցում է Հայաստանը:

Հայերենը անսահման է, բայց կատերելության սահմանները Չարենցը ճանաչում էր:

Չարենցի վեպը քարի գույն ունի ու Կարսի շնչառությունը: Չարենցի հայերենը Բերդի ու Առաքելոցի ճարտարապետության ծնունդն է, Չարենցն էլ իր հերթին Կարսի ճարտարապետությունը վեպում դարձրել է գրականություն: Վեպի ժանրը ենթադրում է, որ այն պիտի կարդալ առանձնցած, բայց պոետի այս վեպի որոշ հատվածներ կարելի է կարդալ հրապարակներում հավաքված մարդկանց համար:

Կարսը փրկել այլևս չէր լինի, բայց Չարենցը փորձել է

Մազութի Համոն, որ պիտի լիներ Կարսի փրկիչը, կախաղան է բարձրացվում Քրիստոսի պես: Ոսոխի հրոսակները կախաղան են բարձրացնում կորստի ցավից կաթվածահար եղած Մազութի Համոյին, որ Կարսը չէր լքել, գլխավերևում փակցնելով՝ «Մազութի Համո, Արքա Նաիրի» ցուցանակը: Որպես աշխարհագրական գոյություն ու որպես քաղաքական միավոր Կարսը վաղուց յուրացված է, մեկուսացված է հայկականից, բայց որպես մշակութային տիրույթ Չարենցը փրկել էր իր Կարսը, երբ այլևս փրկել անհնար էր: Չարենցի Կարսը աննվաճ էր: Ու hնարավոր է` 21-դարի սկզբին բնականորեն պիտի հասունանար Կարսի` որպես մշակութային տարածքի «յուրացումը». Կարսը դարձավ նյութ թուրք առաջատար գրողի`Օրհան Փամուքի «Ձյունը» վեպի համար: Բայց Կարսն իր ճարտարապետությամբ այդտեղ անարձագանք է, սառը ու օտար, որովհետև և´ Չարենցը, և´ Մազութի Համոն, և´ վեպի աննշան կարսեցիներից Մեռելի Ենոքը թողել էին Կարսը:
Կարսը մնացել էր մենակ ու անպաշտպան: Երբ տեսա Կարսը իր անկումից մոտ հարյուր տարի անց, այն դեռ մենակ ու անպաշտպան էր:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *