***
Ես երկինքներում
Կապույտ եմ փնտրում,
Որին
Թռչնաթև դիպած չլինի –
Շապի՜կդ պիտի լեղակաջրեմ:
Փետրաթափվելով
Մի թռչուն ընկավ.
Մի՞թե
Սիրտս էր…
***
Ինձ թռչուններ տվեք,
Երկինքը՝ իմ կողմից:
Ելնելու կամք տվեք,
Լեռները՝ իմ կողմից:
Երգելու բան տվեք,
Բառերը՝ իմ կողմից:
Երկնելու տենչ տվեք,
Սիրելը՝ իմ կողմից:
Երդվելու խաչ տվեք,
Խաչվելը՝ իմ կողմից:
Արգելված սեր տվեք,
Քարերը… ձեր կողմից:
***
Չունեցածիս կարոտն ու շարն ունեցածիս
Ժամանակիս ոսկին կրծոտում են ագահ.
Ես էլ մատնվեցի՝ ու՞մ արծաթի խայծից,
Ու՞մ անեծքի խայթից աքսորվեցի ցմահ:
Ու սպասում եմ հիմա՝ հովատակի՞, հավքի՞…
Որն էլ հասնի՝ մեկ է – ո՛չ ճամփա կա, ո՛չ լույս.
Սառցագնդի ճեղքից, ասես սառցե ագի,
Օրորվում է անկանգ օրը գարնանահույզ:
Ափերն իմ երկարել ճաղերից փշեծածկ,
Հույզեր եմ աղերսում՝ ընդամենը մի բուռ. –
Չունեցածիցս ինձ փրփուր էլ չհասավ,
Ունեցածիս համար՝ անծայրածի՜ր մրմուռ…
***
Հատ ընկած հոգիս
Զուգագուլպա չէր`
Փոխեի
(Ուր ձմեռվա
Սոխն են պահում):
Այնտեղ
Մեն-միակ իմ սերն է,
Որ քեզանից
Թաքցնելիս
Սոխ եմ կլպում:
***
Երբ նոր էիր հեռացել,
Կարոտիս վրա
Ձեռքերս էի տաքացնում:
Երբ նոր էիր հեռացել,
Կարոտիս վրա
Թևերս էի տաքացնում:
Երբ նոր էիր հեռացել,
Կարոտիս վրա
Ուսերս էի տաքացնում…
Հիմա
Կարոտս եմ տաքացնում
Ձեռքերիս վրա…
***
Գոնե մատներդ
Թող իմ դռան տակ,
Իմանամ՝
Ցավով ես հեռանում.
Ետ տանեմ ձեռքս
Տաք մոխրամանից
Եվ ետևիցդ
Սիրտս շպրտեմ…
***
Եվ ինձ թվում էր՝
Քո բացված սիրտը
Ծաղիկ է քնքուշ,
Իսկ իմ բառերը
Կա՜թք են անձրևի –
Այնինչ արև՜ են:
Ի՜նչ իմանայի,
Եթե չթոշներ…
Այդպես չի թոշնում,
Այդպես փակվում է
Անձրևանոցը:
***
Մինչև քեզ մոտ գալը
Սենյակում
Խոսում էինք
Զգացմունքներից.
Աթոռներից մեկը
Խոստովանեց –
Երբ սիրում ես,
Ոտքերիցդ երկուսը
Թևեր են դառնում… .
Այդ պահին ես
Ձեռնոցներս էի հագնում:
***
Բառերիս բաղաձայններն էլ
Զգեստիս պես հանիր,
Հրդեհիր կյանքս,
Որ Հռոմ չէ
Եվ չի հառնելու:
Ես կներեմ քեզ,
Ինչպես
Միլոսյան Վեներան՝
Ձեռքեր ունենալիս…
***
Թե այս փշրանքն է միջուկը կյանքիս,
Ինչու՞ չապրեցի թռչունի նման․
Հերիք էր միայն լուռ մի մուրացիկ,
Որ իր հացն ու իմ փշուրը մուրար։
Նա լուսաբացից ձեռքը կբացեր,
Ես՝ իմ թևերը, թևերը չքնաղ․–
Մուրացիկն իրեն թռչուն կկարծեր,
Երբ փակեր ձեռքը թևերիս նման…
***
Իմ անձրևներն էլ ձյան պես կլռեն
Քո պատուհանի ապակիներին:–
Քանի աչքերս մի-մի երկինք են,
Ես դեռ կսպասեմ քո լուռ թևերին,
Որ հոգիս թողած՝ հարավներ թռան,–
Նրանց ետևից ես ու՞ր չեմ հասել,–
Իմ անձրևները ձյուն չէին դառնա,
Թե լուսամուտդ իմ հոգուց բացվեր…
***
Աշնան հրե կարմիրն առնեմ,
Թող որ հետո ընկնեմ գետնին,
Քամիները քշեն տանեն,
Եվ ոչ մի բառ ինձ չգտնի:
Եվ երբ ծառերն իմ ետևից
Սուրճի շրջած բաժակ դառնան,
Մի հեգ թռչուն հոգնած թևի
Դեպի անգույն բախտը աշնան…
***
Ամենաչքնաղ հայելիները աչքերն են թռչնի,
Որ չեն ճաքճքում ո՛չ խորշոմներից, ո՛չ քարից նետած,
Բայց ես կուզեի, մինչև թռիչքս, լռությամբ չնչին
Մեկն ինձ ակնարկեր, որ քարեր կան դեռ խաշամների տակ…
Ու ես վերստին հողաթափերով դուրս կվազեի՝
Մի քանի ժամում նրանց մաշելու տենչով բռնկված.–
Իմ նուրբ սրունքներ, թագուհիներին դուք կսազեիք,
Ու՞մը լինեիք, որ քարկոծվելուց հազիվ քարշ չտար…
Բայց ես արյանս կրակն եմ տարել արևին անգույն,
Ոսկիս եմ տվել՝ առանց բառերի ու առանց վկա.
Ասենք սրտիցս մի քանի կայծ էլ տվել եմ քամուն,
Մի՞թե քամին չէր ինձ իմ տուն բերում թևերի վրա…
***
Երբ անպատյան լռությունդ փայլատակեց
Ու կաս-կարմիր անշարժացավ ոտքերիս մոտ,
Ամենուրեք անունիցս արյուն կաթեց,
Իսկ անունս ծառ էր, ծաղիկ, աստըղ ու ծով․․․
Կներեի, որ անզույգ է պարը հովի,
Կներեի և քայլերս՝ ծովով ցամաք,
Միայն թե իմ մսից պոկած ճամփահողին
Վերջին անգամ ոտնաձայնդ անունս տար․․․
***
Ինչ իմանայի, որ սերս
Քո ծոցագրպանում ես պահել.
Ինչ իմանայի,
Որ հրահանիդ կրակն է
Բռնկել իմ սիրտը:
Հազարավոր բառեր
Մի քանի ձուկ դարձրած
Նորից ծովն եմ նետում.
Պահերը թող մնան –
Հացով եմ ուտելու
Տառապանքս…
***
Թխկիների մոտ կանգնեցի՝
Աշունը ինձ չնկատեց –
Դեղնականաչ շոր կարեցի:
Խնկիների մոտ կանգնեցի՝
Աշունը ինձ չնկատեց –
Ոսկեթելիկ շալ գցեցի:
Կեչիների մոտ կանգնեցի՝
Աշունը ինձ չնկատեց –
Ոսկեշողուն թագ դրեցի:
Կաղնիների մոտ կանգնեցի…
Կաղնիները մոտ կանչեցին –
Լռիկ տերևաթափ եղանք…
***
Սիրտս սև սուրճ լիներ,
Ձյունդ՝ շաքարավազ
Ու ջուր․
Կյանքս սրճեփ լիներ,
Ձեռքերդ՝ շեկ ավազ
Ու հուր –
Սիրտս թափվեր…
***
Տրորի՛ր ասֆալտը,
Նոր է փռված –
Արևի դերը չնչի՜ն-չնչին է.
Դու
Ներբաններիդ այրոցքից գոռա,
Իսկ ես՝
Մոտալուտ պաղությունիցս…