Լուսինե Շահնազարյան | Քե մատաղ


Հատված վիպակից 

Ծննդատնից տուն ճամփին Քնարը չնայեց բարուրի կողմ։

Ազատված ներսը մի նոր բանով էր լցվել, Քնարի մեջ հարցական տարածքներ էին բացվել։ Տուն հասնելուց ամուսինը փորձեց ձեռքը շոյել։ Ամբողջ ընթացքում լուռ քշել էր, աչքերը ճամփին, բայց դիմացը չէր, որ նայում էր Գոռը, այլ հեռու տեղում մտքի գոնե մի թել էր փնտրում, որով կկառթեր իրարից երես թեքած լռությունը։ Հասել էր ամայի ափեր, որտեղից ուռկանը գցում էր ծովն ու դատարկ հանում՝ ավելի շփոթվելով կտոր-կտոր դուրս հանած մամռոտ մտքերից։

Քնարն առաջ մարդու ամեն անճարություն իր վրա կվերցներ, ճարպիկ կնավարկեր երկուսի փոխարեն, իրար կբերեր էնպես, որ Գոռը կարծեր ինքը ոչ թե որսն էր, այլ որսորդը, բայց հիմա էնքան էին հեռացել իրարից, որ մի բան ասելուց պիտի ափերը բերանի շուրջ կիսակլոր աներ ու բաձր գոռար, որ ասելիքը մի ձև տեղ հասներ, ու նույնիսկ էդ դեպքում Գոռը կնոջ ասածը վրաքաշ կաներ, կաթի սերի պես, իսկ տակի բուն էությունը կթողներ էդպես կրակին, որ էփվի, թափվի, կտրվի ու կորցնի իր իմաստը։

Լիֆտը չէր աշխատում։ Ամեն աստիճանը բարձրանալիս Քնարի կարերը պոկռտվում էին տաք մրմուռից, ուռած ոտքերի եզրագծերի շուրջ թողած կոշիկների հարոցն էլ չէր նկատում։ Տուն հասնելուն պես պիտի դրանք շպրտեր, կերակրեր, պարպվեր ու քնե՜ր, քնե՜ր, քնե՜ր։ Բայց փոխարենը դեռ ոտի էր լինելու, գնալ-գալու, իրեն հա ասեին գնա, գնա հանգստացի, ի՞նչ եղար Քնար, մի երկու կտոր հաց կեր նոր գնա, էս էլ Գոռիս կենացը, կամաց էրեխեք, ստեղ վազել չկա, գնացեք էն սենյակում հանգիստ խաղացեք, մի հատ էն հոնի արաղից հըլը բեր էս կոմ, էրեխեն հո չի՞ մրսում, էն բրդից շալը կապեք…

Մտան թե չէ, Քնարը վերջին անգամ որոշեց, որ ներողամիտ պիտի լիներ՝ բարի կամքի էս մեծ դոզային զոռով դիմադրելու փոխարեն։ Էս մարդկանց տեսակն էլ սենց էր, հիմա ինչ։ Իրեն ընդունել էին, չնայած գիտեր՝ ոչ իրենց կամքով, վախից։ Բայց սոխառածի ու ճենճի հոտը շեմից հենց առավ թե չէ, հիշեց, որ սկի իր քիմքի համար չէր էս հավաքը, ինքը կապ չուներ էս հոտի հետ։ Սիրտն ընկավ կոկորդը։ Բարուրը հետը տարավ զուգարան, դուռը կողպեց, բարուրը դրեց սառը մետլախին ու հետ տվեց զուգարանի մեջ։

– Հըլը էնքան էլ լավ չի,- Գոռն արդարացավ ապուշ կտրած հյուրերի մոտ։

Էրէխուն խի՞ տարավ։ Անցե՛ք, անցե՛ք դուք։ Քնար ջա՞ն, լավ ե՞ս։ Դե գիտես, Քնարն ա։ Նստե՛ք, ձյաձ Լյո՛վ։ Թողե՛ք, թողե՛ք ոնց գիտի, տենց անի։ Է հա չէինք կարա՞ էրկու րոպե էրեխուն պահեինք։ Բեեեեե՜։ Բան չկա Հրանուշ ծ’յա։ Դուք ճժերով էս մի սեղանին եք նստում։ Վազվզել չկա։ Բեր-բեր տեսնենք էդ թթի արաղը ինչ ենք անում։ Մեռանք սպասելով, սովամահ էղանք։ Կնիկ, էդ պավիդլոն բեր էս կոմ։ Սիրուշ տատին ա ուղարկել։ Էն երեխեն ի՞նչ եղավ է։ Քնա՞ր քնա՞ր։ Դե նորություն չի, Քնարնա, թե ո՞նց էկավ Գոռիս կպավ… լավ էս օրով մի էլ, Հրանուշ, սիրտդ լեն պահի, քեզ հիշի, ես ի՞նչ, ես բնական ունեցա, կեսարյան չթողեցի անեն, ես փռթոտված եկա տուն, երկու շաբաթ նստել չէր լինում, ոռուգլուխ մի գիծ էր, միդավիկ էի թխում ոտի վրա, ծծերս արունլվիկ, հյուր ընդունելը սենցա՞ խի լինում, դե էսօրվա էրեխեքը շատ ուրիշ են, հարցը էդ չի, դու էլ գիտես՝ սա ուրիշ կենդանի ա, թոռանս բերեք…

Մանրից մի բերան հաց ուտելու, շնորհավորելու, նվերները տալու իրենց իրավունքի տերն էղան հյուրերը, քանի Քնարը հինգերրորդ անգամ դեմքն էր շփում։ Հանդարտվեց։ Մեջն էլ սիրտ չկար թափելու։ Նայեց իրեն հայելուն, օտար մեկը հետ էր նայում։ Չէր ճանաչում միջինին, չէր ուզում ճանաչել։ Ինքն իրեն դավաճանել, թողել, հեռացել էր։ Հայելու միջից Քնարին նայողը իմացողի ժպիտով, իրեն հոշոտելուն պատրաստ բերանի միջից քմծիծաղով հետ էր նայում։ Ժամանակի հարց էր՝ երբ էր էս ամեն ինչը գլխից պայթելու։

Պառկեց բարուրի կողքին։ Սառը մետլախը վառվող ջանը գոլ կապեց։ Մոտեցրեց քիթը էրէխու գանգի փափուկ մասին, որ դեռ չէր ոսկրացել։ Շարակցական նուրբ թաղանթից թարմ թխած հացի ու կաթի նորահոտը Քնարին մի պահ մոռացության մատնեց ու լպստեց էրեխու գլուխը։ Ռունգերը ձագի ամեն շնչիկի արանքից ձայնի ու հոտի մատաղ քաղցրությունն էին որսում, Քնարին էնքան համով էին թվում, որ ուզում էր ուտեր ճտին։

Գոռը զուգարանի դռան կողքով անցնելիս ինքն իրեն հիշեցրեց՝ ոչ մի բանի համար չէր զղջալու։ Քնարին գիտեր։ Հետևից մի քանի տարի քարշ գալուց հետո, Քնարի միջով էր, որ Գոռն էլ իր սեփական բնությանը դեմ գնաց, ինքն իրենից առաջ գնաց. մի ընտանի մաքի առնելու տեղը Քնար առավ։

Էրկու տարի իրար միջի տարածքներն ավիրելու ու ավիրվելու ծարավը կշտացնելուց հետո սկսել էին հանգիստ ու կայացած զույգի հունով հոսել, ու շուրջբոլորը կարծես ներել էին իրենց խառնածին կապը։ Ինքն իրեն վստահեցրել էր, որ ժամանակի ընթացքում կփոխի, կքերի, կհանի Քնարի միջից նրա տեսակին հատուկ հմայականն ու վախենալուն, հենց էն, ինչի վրա սկզբում իրեն էդքան տարել էր, բայց ինչը հարմար չէր երկարաժամկետ զույգավորման համար, իր հագով չէր, ընտանի կենդանու մատերիալ չէր։

Գոռն արդեն իր ցեղի միջի սևն էր, տարբերվողն էր, հետն էլ Քնարից վերցրել էր աղջկա գիշատիչ մղումները, բայց ճիշտ էնքանով, ինչքանով հորթը գայլի հետ կսովորի գազան լինել, Գոռն ընդհամենը առերևույթ փորձանքոտ մտքերով էր տարվում ու նույնքան արագ հոգնում դրանցից, որովհետև իրենը չէր։

Քնարի համար ամուսնու անփույթ փոխակերպումները սկզբում ամլիկ գառան վիթ-վիթ խաղերի պես անուշ էին թվում ու խղճուկ, հետո արդեն հոգնեցնող։ Ու իր շուրջ անձնական սահմաններն իրենից անկախ սկսեց լայնացնել Քնարը. մոտիկ գնալ սկի չէր լինում։ Գոռը որոշեց ուրեմն սեփական սահմաններն ընդլայնել տնից դուրս, ու մղեց իրեն որձոտ գործերի։ Երբ հոնդա սիվիկը փոխեց չորս լիտր ծծող շեվի կամառոյի, իր ցեղի ամենավայրիների շարքում իրարանցում սկսվեց, դիրքերի վերադասավորման կարիք եղավ։ Մի օր էլ մոտեցող կյանքի կեսի ճգնաժամը հուշեց լեռնային այծի սև պատկեր դաջել վզին։ Հետո սկսեց ամեն օր մարզասրահ գնալ, բայց էլի ամեն ինչ էն չէր։

Իր առաջվա փափկության ու հոժարության համար վրեժխնդրությամբ լցվեց ինքն իր հանդեպ, սնամեջ եղջյուրավորների իր ամբողջ ցեղի հանդեպ, որ սեփական ախոռում տեր ու տիրակալ էին, բայց դրսում ոչխարների հոտի համար մի օր մորթվելը ժամանակի հարց էր։

Միգուցե հոգու խորքում Քնարի հանդեպ էր դառնանում, ում մեջ տեսավ իր գլուխը պսակող գոհարը, իրեն էն տեսակը սարքողը, որով իր շրջապատից բոլորից բարձր էր զգում։ Էրեխու ծնունդի օրվանից էլ ավելի հստակ տեսավ իր վերելքի գագաթը։ Գագաթի վատն էն էր, որ դրանից էս կողմ արդեն դեպի ներքև տանող ճանապարհն էր։ Ամեն ինչ մինչև Քնար վերելք էր, Քնարից հետո՝ վայրէջք։ Ու քանի որ իր բնույթի մեջ չկար իրերի մեջ խորանալու ուշքը, էս հարաբերակցությունը հարմար գտավ համարել պատճառահետևանք, դառնացավ Քնարի հանդեպ։ Էսպես Գոռը զուգարանի կողքով անցնելիս ինքն իրեն հիշեցնում էր, ամեն դեպքում, որ ինչ ուզում է լիներ, ոչ մի բանի համար չէր զղջալու, որովհետև ոչխարի համար պարտվելուց ավելի մահացու պարտությունն ընդունելն էր։

Սառը մետլախին գցած ձագը կապտագորշ աչքերը բացեց ու քաղցր շնչառության միջից կամաց մկկաց։
Քնարի խաղաղված դեմքը նորից շուռ եկավ։
Վեր կացավ, նստեց ծնկների վրա ու անհամբեր սկսեց բարուրը քանդել։ Ինքն էլ չգիտեր՝ ինչի հույսին էր։ Քանդեց, քանդեց բարուրը, երևացին նորածնի փափլիկ ուսերը, մանր ձեռքերը ձգվեցին վերև, ու սա նորից մայեց։ Տագնապը մոր ձեռքերը թմրեցրեց, ականջներում սուլոցը խլացրեց հյուրերի ճպճպոցները։ Կտրուկ շարժումով բացեց ձագի փորից ներքև ու ատամները սեղմեց։

Ձագի կեսից ներքև մարմնագույնը տեղի էր տալիս սպիտակ աղվամազերին, որ խտանալով՝ բրդոտում էին դեպի գառան սմբակները։
Ձագը ձգվեց։ Ոսկրոտ ոտիկներին տված ազատությունը սրտով էր։ Սկսեց խլվլալ ինչպես աշխարհի բոլոր նորածինները բարուրից բացվելիս, մենակ թե սմբակների քացիներն ավելի կտրուկ էին, անմարդկային։
Քնարն արագ ետ բարուրեց տղային ու դուրս եկավ զուգարանից։

Բեր, բեր տեսնենք մեր տղուկին։

Բայց Քնարը չթողեց ոչ մեկին տղային իրենց գիրկն առնել։ Ներողություն խնդրեց բոլորից, գնաց իր սենյակ, էնտեղից դուրս վռնդեց իր մահճակալի վրա այծիկլամիշ էղող պուճուրներին ու ներսից կողպվեց։ Հյուրերն էս անգամ արդեն բարձրաձայն բզոտեցին։ Գոռը դուռը ծեծեց, փորձեց համոզել, որ բացի, բայց կեսից թողեց ու սկսեց հյուրերին բացատրություններ տալ, որն ավելի շատ Քնարի տարօրինակությունները վրայից գցելու ու իր հեղինակության կաշին փրկելու աղերսանք էր, քան սեփական երեխուն ծնած կնոջ կողքին ձիգ ողնաշարով կանգնելու փորձ։

Մինչև տնից դուրս գալը հյուրերն ամեն մեկը մի ռեպլիկով մի լավ մաքրեցին տան հատակը Քնարով՝ թողնելով սեղանն ու խոհանոցը կերած-խմածի մնացորդներով, նվերները չբացված, սրտները նեղված։ Գոռի մայրն ուզեց իրադրությունն ու թոռանը իր ձեռքը վերցնել, բայց Գոռը թույլ չտվեց. սահման թերևս ուներ դեռ։

Ճամփեց բոլորին։
Եկավ նստեց թափած սեղանի մոտ։
Ձեռքերն առավ գլուխը։

****

Առաջին անգամ, երբ տեսավ Քնարին գիշերը ածխագույն գայլ կտրած, ներսն անդարձ փոխվեց։ Քնարի պես բան տեսած չկար։ Շնազգիների ջահել գայլուհին պոկվել էր ոհմակից, առել էր Գոռի հոտն ու հետաքրքրասիրությունը հաղթել էր զույգերով ճամփորդելու զգուշավորությունը, ինչպես լինում է անփորձ ճույռերի դեպքում։ Սև ոչխար տեսած չկար Քնարը. միանգամից փռել էր գետնին, բայց Գոռը ոչ բառաչել էր, ոչ պայքարել։ Կախարդված էնպես էր նայել գայլի աչքերի մեջ, ինչպես ոչ մի զոհ դեռ չէր նայել Քնարին։

Գոռինը լեռնային մուֆլոնի զտարյուն ցեղն էր, էս տեսակ կապը կարելի չէր պատկերացնել դեռ մի հինգ-տաս տարի առաջ։ Բայց հիմա ժամանակներն ուրիշ էին։ Երկուսն էլ կարծել էին իրենք իրեց տեղի ու ժամանակների հետ կապ չունեցողները պիտի լինեին, իրենց բաժին հասած հողով ու դարով չէին պայմանավորվելու, ոչ էլ վրեքները դրած ինքնությունն էին ուզում հալած յուղի պես կուլ տալ։

Էդպես Քնարը հանուն Գոռի կամ ի սեր բոլորին դեմ գնալու հաստակողության մանրից խեղդեց իր ներսի գազանին ու գիշատիչ գայլուհուց դարձավ բուսակեր, սիրուն հյուծվեց իր ոսկորների շուրջ, ինքն իր վրա իշխելու իր իմացած ամենադժվար ձևով սանձվեց։ Քնարի ոհմակից ոչ մեկ իրեն չհասկացավ ու չմնաց կողքին։ Ավելի ճիշտ Քնարն էր իր ոհմակին թողել՝ դեռ Գոռի հետ զուգվելով, բայց մուֆլոնից էրէխով մնալն արդեն արգելքների արգելքն էր։

«Տղա»,-ասել էր գելխեղդի խռպոտ ձայնով հեռու բարեկամներից մեկը, որը ծանոթով ուլտրաձայնային հետազոտումը կազմակերպեց մի պայմանով։ Հետո առանց Քնարի դեմքին նայելու ավելացրել էր պայմանը. «Աբորտի համար՝ մի հարկ ներքև, ձախից չորրորդ դուռ»,- ու փակել դոնդողոտ ուռած փորը՝ առանց մաքրելու։ Սա վերջին անգամն էր, որ Քնարն իր ցեղակից գայլերից մեկին կտեսներ։ Սրանից հետո իր որոշման գինը Քնարն ամբողջությամբ վերցրեց իր վրա։

Ծանդրուկ փորի հետ մեծացավ Քնարի մենակությունը, որի մեջ ներփակվեց, սուզվեց միայն իրեն հասու նոր աշխարհում։ Մայրացումը շատ հանկարծ էր էգացրել Քնարին։ Ազատվելուց հետո մեկից սպառվել ու լցվել էր անկայուն վախով գառնածին լինելու անորոշությունից ու ինչքան դրսից նվաղում էր, էդքան գազազում էր ներսից։ Բանի տեղ չդրեց պտուկների շուրջ մգացած եղջերամաշկի ճաք տալը, մսի պակասից անեմիկ մաշկի տակ թրթռացող երակներին, օրերով չքնելուց սրտի մաշվելուն ու մկանների խմորումներին։

Տղան հոր կտորն էր, ամլիկ գառ, ում ընդհատված մկկոցը կցկտուր կապում էր հորն ու մորն իրար, պայմանագրով փոխակապակցված էս էրկուսին բերում մի սեղանի շուրջ իրենց բաժին խոտն ուտելու, քանի մեծանում էր մեկն, ում ոչ գառներն էին վստահելու, ոչ գելերն էին հարգելու։

***
Տարիների հետ Քնարն էլ, Գոռն էլ աճեցին իրենք իրենց բաներ համոզելու գործում։ Քնարը գնալով ավելի հաճախ էր մեկընդմիշտ որոշում, որ ամեն քայլի ու որոշման տերն ինքն էր, որ իր հորթացման ուղին ինքն էր գծել, մենակ թե Գոռի պես զոհի տաքուկ դիրքը չբռներ։ Գոռն իր հերթին գելում էր շրջապատին ՏՏ ոլորտում իր նոր ձեռքբերումներով։ Տարբեր պրոյեկտների համար դրսից ֆինանսավորում ստանալուց հետո ամեն անգամ ներսի ամենատարբեր հոտերին կյանք սովորացնելու պարտքն իր ուսերին էր վերցրել։ Վզին դաջած Էծի մասին աշխատակցուհիները սկսել էին հետաքրքրվել, ցեղուտակը պարտքով փող էր ուզում ամիսը մեկ։ Ուրիշ էլ ի՞նչ էր պետք։ Ու սիրում էր Քնարին էրկու, չորս, տաս, քսան տարի իրար հետ լինելուց հետո իրեն տված կատաղության, գազանության ու սահմանների շեղբերին ոտ-ոտ քայլացնելու համար, բայց ատում էր Քնարին նույն բաների համար, նրա բերած վտանգի համար, որ նույնիսկ հիմա, երբ արդեն իրենց տղան տասնութ էր ու Քնարը քսան տարի միս բերանը դրած չկար, ուզելու դեպքում կարող էր Գոռին մեկից կուլ տալ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *