***
Քեզ բարուրել եմ, դրել ծնկներիս` օրոր եմ ասում…
Իմ օրորները ռազմի երգեր չեն
արդեն շատ վաղուց…
Բայց դու չես քնում,
չես խաղաղվում դու …
Ու ես չգիտեմ, թե ինձնից հետո
ինչ ես անելու…
Ու՞մ ձեռքն ես բռնելու,
ու՞մ հետ ես քայլելու,
ու՞ր ես գնալու…
Ի՞նչ ես դառնալու,
ու՞մ ես սիրելու…
Դու ծնկներին ես…
Ո՜նց կուզենայի` հակառակ լիներ.
ու ե՛ս ննջեի ծնկներիդ վրա,
հայացքիդ ներքո,
կրծքիդ շքի տակ…
Հետո զարթնեի, վազեի դեպի
Մեծ Հրապարակ
ու բղավեի.
ԵՐԿԻ՜ՐՍ,
Սե՜րս,
Հպա՜րտս,
Ուժե՜ղս…
Ինձ քի՜չ է մնացել…
Այնպե՜ս եմ ուզում ծնկներիդ ննջել…
Ու դու՛ ինձ երգես օրորդ տաքուկ…
Աշխարհը լսի,
լսի, զարմանա`
ո՜նց ես փայփայում քո Պոետին դու…
***
Այս պատմությունը մի օր կավարտվի…
Ու դու ձեռքերդ պարզած երկնքին
կասես.
-Աստվա՜ծ իմ, ի՞նչ է ուզում այս կինը ինձանից …
Ու տերևի պես, որ հալածվում է քամու բերանին,
կտանես Սերս ինչ-որ հեռու տեղ,
ուր մենք երկուսով կլինենք միայն
ու մեր Երանին…
Աչքերիս կիջեցնես հայացքը հողիդ,
ականջիցս կկախես բառդ հնադարյան,
շուրթերիս հայրեններ կշարես նորից
ու շարականներ կդնես հոգուս,
որ հուշիկ շրշան…
Ու մենք մեկմեկու կներենք անձայն…
…Այս պատմությունը կսկսվի մի օր,
երբ գա իմ որդին …
Ու դու ձեռքերդ պարզած երկնքին կասես.
-Աստված իմ, ի՞նչ է ուզում այս տղան ինձանից…
Ու տերևի պես, որ հալածվում է քամու բերանին,
կտանես նրա Սերն հեռու մի տեղ,
ուր դուք երկուսով կլինենք միայն
ու ձեր Երանին…
Աչքերին կիջեցնես հայացքը քո տաք,
ականջից կկախես բառդ ճշմարիտ,
շուրթերը կօծես Հույսով անհատակ
ու երազանքներ կշարես բախտին,
որ քեզ հավատա…
Ու դուք մեկմեկու կներեք անձայն…
Ու նա քո Սերը գրկած կշտապի ինձ վերադառնալ…
***
Կռացել քո դիմաց, թամբ եմ դարձրել մեջքս,
որ ոտքդ դնես, կյանքիս բարձրանաս…
Որ Նվիրումս սանձես դու մի քիչ`
չթվամ մարդկանց ես խելքապակաս…
…ԵՐԿԻ՛Ր իմ, հիշում ես.
մի օր պայտեցիր իմ Նվիրումը,
որ երազանքներս անցավ ընթանան
ու նրանց ոտքը դեմ չառնի քարի…
Որ քայլեն համառ ու չտրտնջան…
…Բայց արդեն քանի՜ ու քանի տարի,
դեռ տեղ չեն հասել, դեռ գնում են լուռ`
իմ Նվիրումը թևերից կախած…
… Կռացել քո դիմաց, թամբ եմ դարձրել մեջքս,
որ ոտքդ դնես, բախտիս բարձրանաս…
Որ Նվիրումիս սանձը չթողնես,
ու վարգեմ այնտեղ, ուր դու էլ չկաս…
***
Ախր, շա՜տ փոքր ես…
Ու դրա համար Քեզ Մեծ Սեր է պետք,
որ աշխարհի ամենասիրուն բանաստեղծությունը դառնաս …
Որ կրկընեն քեզ, ամեն տեղ կարդան.
շշուկով` թեկուզ, թեկուզ` կիսաձայն…
Որ քեզ անգիր անեն ու… Չմոռանան…
…Քեզ մեծ ձեռքեր են պետք,
որ բռնեն` չնկնես,
որ քեզ տաքացնեն, բայց հանկարծ չայրվես,
քեզ շոյեն հուշիկ, բայց չթուլանաս, չսիրահարվես…
ԵՐԿԻ՛ՐՍ, Հևքս…
Ախր, շատ փոքր ես…
Ու դրա համար Քեզ մեծ Խիղճ է պետք,
որ աշխարհի մեծ երակին իջնես,
որ քեզ տրոփեն, կոփեն քո Սերը…
Դու փոքր ես, Մեծս…
Ու դրա համար քեզ հենց ե՛ս եմ պետք,
որ իմ քչությամբ քո Ցավը չափես…