Դռան վրա գրված էր «Դևեջյան»։ Նալբանդյան փողոցի վրա գտնվող բնակարանը հիմա դատարկ է, պատշգամբին վաճառքի մասին գրություն է փակցված։ Երբ հարցուփորձ արեցի, բոլորը բակում ժպիտով էին հիշում տանտերերին։ Արդեն մի հինգ տարի կլիներ, որ վաղուց չէին երևացել, հեռացել էին թաղից։ Ակնաբույժ Արամ Թերզյանը մեկ-մեկ ընտանիքին հավաքում-տանում էր Դալմայի բաղերը, որտեղ կոմունիստ զոքանչից մի փոքր հողակտոր էր ստացել ու ամառանոց կառուցել։ Խաղ էին անում, ուրախանում էին միասին: Արամը տառապում էր հոդացավերից և միայն այգում` հողի մեջ իրեն քիչ թեթև էր զգում։ Շատ ժամանակ էր անցել այն թվերից, երբ ուսանող էր ու նոր էր եկել Երևան: Մի դեղին բրդե բլուզ էր հագնում ու երկար կանգնում հրշեջների կամարի տակ, սպասում էր ընկերուհուն՝ Սոնային։ Աղջիկը տանը խաբում էր բոլորին, թե գնում է ինչ-որ ընկերուհու հետ պարապելու, թռնում-վազում էր աստիճաններով՝ արանքում հատ տանելով զուգագուլպան, գրկում էր ընկերոջը և լայնահուն ժպտում։ Նրանք խենթանում էին իրար համար: Ապագա բժիշկը՝ լույսն ու մութը կորցրած, համ սովորում էր, համ էլ աշխատում։ Դասերին քնում էր, մոռանում նույնիսկ սպիտակ խալաթը տանել, իսկ երեկոյան Սոնային տուն էր բերում կոնսերվատորիայից։
Թաղի հին բնակիչներից միայն դերձակն էր մնացել: Նա հիշում էր նախկին հարևաններին մեկ առ մեկ։ Հենց նա էլ պատմեց ինձ, որ այն ժամանակ ինքն էր կարում Սոնայի բոլոր գեղեցիկ զգեստները։ Աղջիկը կոճակներ էր առնում, ինքը ձևում ու գալիս կրպակ դերձակի մոտ։ Մի կերպ Սոնան համոզեց մորը՝ տիկին «սարսափելուն» ու նշանվեց Արամի հետ։ Ամուսնացան, իրենք իրենց ապրում էին։ Արամն ավարտեց, դարձավ ակնաբույժ, հիմա կարծեմ դասախոսում է համալսարանում և վիրահատութոյւններ անում Անգլիայում։ Զոքանչը, բնականաբար ֆշշացնում էր նրան, երբ հանկարծ Սոնան անհարկի հիշում էր Արամի խելքի ու բարի սրտի մասին։ Նրանք տղա ունեցան երկար չարչարանքներից հետո՝ Արամն արդեն 35 կլիներ։ Փոքրիկին ի պատիվ բժշկի հոր կոչեցին Արթուր։ Չարաճճի ու բազմաշնորհ երեխա էր, երբ նեղացնում էին հոր նման քթի մեջ էր խոսում։ Տատիկը նրան տանում էր ռուսական դպրոց իսկ երեխան, ինչպես բոլոր փոքրիկները, կրակի կտոր էր, ավազակ, որ տանիքներին հեծանիվ էր քշում ու քիթ–մռութը արյունոտ տուն գալիս փողոցային ծանր մարտերից հետո։ Տատը բողոքում էր.
-Աղջի՛կս, դառագայա, երեխադ ճիշտ հայրն է: Ես էլ ասում եմ ու՞մ է այդպես բութ քաշել։
Դաշնամուրի տար նրան, թող գոնե երաժշտություն սովորի, որքան թերություն կա
հայրական կողմից է ժառանգել, ամաչում եմ դպրոց գնալ։
– Հոր պես չարաճճի է մա՛մ, ու՞մ է պետք անհույս խելացի ու լուրջ երեխան։
– Ամեն վարկյան Առա՜մ,Առա՜մ… զզվեցնում ես արդեն, այդքան գովաբանել սեփական ամուսնուն չի կարելի սիրելի՛ս, նելզյա՜։
Հինգ րոպեում կես ժամ էր խոսում տիկին Ալիս Դևեջյանը։ «Հարգելի Ալիսը» , ինչպես փեսան էր փաղաքշաբար անվանում նրան, պինդ կին էր, ամրակազմ, գանգրահեր ու գեղեցկատես և իր իսկ հավաստմամբ՝ սիգարետ փորձել էր առաջին անգամ Վորոբյիխայում՝ ջութակահար Կոգանի ամառանոցում։ Նա սառնարյուն էր: Բնության ամենամեծ պարգևը, որ տրվել էր նրան, հավանաբար հպարտությունն էր և բացահայտ քամահրանքը, որ շաղ էր տալիս բոլոր նրանց նկատմամբ, ովքեր, ասենք, չգիտեին գործածել կտորե անձեռոցիկ կամ սուրճը մատուցում էին առանց մի գավաթ ջրի։ Կինն ատում էր գռեհիկությունը և պաշտում էր բարքերի ազնվությունը սեփական երեխաներից ավելի։ Դե տարիներն անցնում էին, քաղաքը փոփոխվում էր, հները մոռացվում էին, գալիս էին նորերը, համն ու հոտն էր կորում։ Արուսի հարևանների կեսն արդեն մեռել էին: Երբեմն սուրճի էր գնում բեյրութցի ընկերուհու մոտ ՝ տիկին Սիրարփիի: Զրուցում էին, սրճում, ծխում կանանցով, վերջում, իհարկե, բաժակ նայում։ Ալիսը կենսախինդ և ուժեղ կին էր, չնայած՝ թոռանը դաստիարակում էր ինքնակալի դաժան բռնապետությամբ։ Երեխան էլ ինչ լեզու ասես չփորձեց սովորել… տանում էր պարի, լողի, դաշնամուրի, վերջում պարզվեց պատանին հոր նման ֆիզիկաից է ուժեղ…
Հիրավի խստաբարո կին էր՝ սկզբունքներով և կարծրացած գաղափարներով։ Կյանքն, ինչ խոսք, վարձ էր առել տիկին Ալիսից՝ գլխին փլելով ամեն բան, ինչ նախկինում գին ուներ. ամուսինը մահացել էր երկարատև հիվանդությունից հետո, արժեքները գլխիվար շուռ էին եկել անկախությունից հետո, երբեմն ծերունական վախերն էին այցի գալիս նրան, մահվան սարսուռները գիշերը սողում էին մահճակալի տակ։
Դերձակը շարունակում էր ընտանիքի պատմությունը.
– Ունեցած-չունեցածը տղան էր, որ վաղուց դատապարտվել էր ազատազրկման ու նստած էր Գորկիի հատուկ ռեժիմի գաղութում։ Չնայած Արամի միսը ծամում էր, սակայն բժիշկը համբերատար էր, նա կարծես սկսել էր հասկանալ զոքանչին։ Արթուրը դեռ մանկահասակ էր, երբ Ալիսի տղան մահացավ,- դերձակն ասաց, ու սկսեցին հառաչանքները թափվել թելերով լի սեղանին,- ջահել, սիրուն տղա էր, ոնց որ Ալեն Դելոնը լիներ։
Տղայի մահից հետո փեսան մի օր տուն եկավ ու նստեց բազմոցին, սկսեց ծխել։ Լավ ցուրտ օր էր, ծոցագրպանից հանեց երկու տոմս ու ասաց.
– Սո՛ն, վաղը գնում ենք Պրահա, ուզում եմ ցրվես մի-քիչ, հանգստանաս, էս ամենն արդեն չափազանց է, արձակուրդ եմ ձևակեպել, իսկ երեխան կմնա մորդ մոտ։
-Գու՞ցե տանենք,- ասաց Սոնան,- մա՛մ,ի՞նչ կասես…
– Արթուրը կմնա ինձ մոտ, չնայած լավ կլիներ, որ դայակ կանչեիր, Արա՛մ: Դուք գնում եք, իսկ ես դառնալու եմ ձեր խնամատարը: Աստվա՛ծ իմ, ախր ինչո՞ւ ես ինձ հետ այսպես վարվում:
Իրարանցում սարքեց Ալիսը. նա գոռգոռում էր՝ լացը խոսքին խառնելով։
-Լսի՛ր, խիղճ ունեցի՛ր, ի՞նչ ես ուզում, եթե դժվարանում ես երեխուն կուղարկեմ մերոնց մոտ,- պատասխանեց փեսան։
-Էդ էր պակաս… պարապմունքներից կտրելու ես, ուղարկես չգիտեմ որ գրողի ծոցը, գնա ու վայրենացած հետ դառնա։ Հազիվ եմ կյանքս նվիրելով դաստիարակել։ Ախր ձեզից ի՞նչ ծնողներ, դուք տարվա կես հանգստի մեջ եք, մյուս կեսին էլ էնքան ուշ եք տուն գալիս, որ երեխան դեմքներիցդ կարոտ է մնում։ Փող- փո՜ղ, կյանքներդ դրել եք փող շինելու մեջ, չեք էլ հասկանում, որ մանկության ժամանակ ծնողի ու երեխայի մեջ առաջացած անդունդը ոչ մի նվերով ու թանկ պարգևով չեք լցնի…
Դեկտեմբերն էր, ձյունը ճռճռում էր մարդկանց ոտքերի տակ, քաղաքը սրթսրթում էր: Ձմեռվա երկար գիշերներին Արթուրը բարձրաձայն գիրք էր կարդում տատի համար, Ալիսը ժպտում էր ու ծխում։ Նրա բազկաթոռի վերևում կախված էր իր և Շոստակովիչի մեծ լուսանկարը, որն առնված էր ոսկեջրված շրջանակի մեջ: Խոհանոցում թեյնիկը քլթքլթում էր կրակին, իսկ կինը ակնոցը քթի ծայրին դրած՝ թոռան անվանատառերն էր ասեղնագործում դպրոցական շապիկին։
Նրանք հետ եկան Պրահայից և լիքը նվերներ էին բերել Արթուրին. տոնածառի խաղալիքներ՝ բյուրեղյա գնդեր ու եղնիկներ, հրեշտակներ, գեղեցիկ զարդեր գունավոր ապակուց։ Տատը երկար նայեց արկղերին ու ժպտաց, սկսեցին երուսով զարդարել փոքրիկ տոնածառը, մինչ կին և տղամարդ կռիվ էին անում բեռնակիրների հետ։ Ալիսի ծխախոտը, մազերը, երկար եղունգները Արթուրի համար դեռ մանկուց ստեղծել էին կանացի մի կերպար, որից նա խուսափում էր, բաց և ուներ անսահման ակնածանք ու միայն տարիներ հետո նա պիտի առիթ ունենար հասկանալու և գնահատելու այն էությանը, որի բարոյական նորմերն ու կամային հատկությունները տապալելու էին իրեն անսհաման սիրո և սրտային բարության միջոցով։
Ժամանակները փոխվել էին, հարևաններից շատերը վաճառեցին տներն ու անհետացան, կյանքը նեղացավ և ամենահամառները կպած մնացին իրենց համոզմունքերին, դաստիարակությանը։ Կյանքն անշարժացավ ավագ սերնդի համար. նրանք կարծես հրաժարվեցին տեղափոխվել այս հազարմյակը։ Տարիները թռան, անցան: Ալիսի նման վիթխարի ու պինդ կինը խեղճացավ տղայի մահվանից հետո, մեջքը կոտրվեց, դարձավ խոցվող ու լռակյաց, տանից համարյա դուրս չէր գալիս, միակ ընկերը ծրության օրերին Սիրարփին էր: Նստում էին ու մի գլուխ զրույց անում։ Կինը փորձում էր խոսել ճակատագրի հետ, ավաղ՝ պատասխանող չկար։ Հայր ու տղա նոր տուն էին ուզում տեղափոխվել, գնել էին անգամ կահույքը, բայց տիկին Դևեջյանը հայտարարեց՝ «Միայն իմ դիակի վրայով»։ Թոռնիկն անհուսորեն փախչում էր տատից, նրա անտանելի խրատներց ու կանխազգալու կարողությունից՝ կանացի ինտուցիայից, որ հետևում էր տղային ամենուր՝ խոհանոցից մինչև զուգարան։ Նա դեռ նոր էր ճանաչում աշխարհը ու այն ավելի լավ ըմբռնելու համար ուշ էր տուն գալիս։ Բոլորը քնում էին հանգստությամբ, միայն հյուրասենյակում՝ ամեն գիշեր, մթան մեջ երևում էր տատիկի սիգարեթի կայծկլտացող լույսը։ Նա սպասում էր Արթուրին…
Ի վերջո բժշկի բարեկեցիկ ընտանիքը տեղափոխվեց նոր տուն՝ նորոգված, ընդարձակ ու լուսավոր։ Արթուրը մեծացել էր, դարձել իր շրջապատի ամենափնտրված դեմքերից մեկը, ընդունվել էր համալսարան ու սիրահարվել իրենից մեծ մի աղջկա։ Ոչ ոք ոչինչ չգիտեր: Վերցնում էր հոր մեքենան, գնում իրենց հին թաղերը: Նա կարծում էր , որ տատը գեստապո, դաժան կին էր, որ չէր հասկանում ինչ է ջահելությունը, սերը, սխալվելու և ուղղվելու կարողությունը։ Ալիսը իր պահած երեխային կարոտ էր մնում, Արթուրը ամիսներով չէր հիշում նրան:Արամն ու Սոնան զբաղված մարդիկ էին, փեսան աշխատում էր կլինիկայում, դասախոսում բժշկական համալսրանում, իսկ աղջիկը երաժշտության տեսություն էր դասավանդում Մոսկվայի կոնսերվատորիայում։ Արդեն երևում էր ծերունազարդ կնոջ մայրամուտը։ Աղջիկն ու փեսան իմացել էին Արթուրի ընկերուհու մասին։ Դեմ էին, Ալիսն ինքը զարմացած էր ու զայրացած։ Արթուրը տատի մոտ չէր գնում միայն նրա համար, որ չլսեր նրա բարոյախրատական երկարաշունչ ճառերը։ Վերջին ընտանեկան բուռն բախումից մի ամիս էլ չէր անցել, մեկ էլ մի օր ինչ-որ մեկը սկսեց ծեր կնոջ դուռը ջարդել։ Խեղճ կինը վախեցած հասավ դռանն ու տեսավ թոռանը, որը զայրացած, կատաղած շան նման հարձակվեց տատի վրա ու հրեց նրան։
– Ի՞նչ է եղել այ վայրենի, էս ո՞ւր, կանգնի՛ր շուտ։
Պատասխան չկար, կատաղած տղան դարակներն էր քանդում, կինը մի կերպ բռնեց նրա վերարկուից ու հետ քաշեց։
– Թո՛ղ,- ասաց Արթուրը ,- արդեն զզվել եմ բոլորիցդ, հերիք է էլի, ե՞րբ եք հասկանալու, որ արդեն մեծ մարդ եմ…
-Ի՞նչ է այ բալա, ի՞նչ է պատահել, հանգստացի՛, խոսի՛ տեսնեմ…
Երիտասարդը չէր լսում, փոթորկում էր, շուռ տալիս աթոռները, տատը ոտքը քարշ տալով հետևում էր նրան։ Տղան հասավ վերին դարակներից մեկին ու չիմանալով հրեց-գցեց ծանր արկղը։ Տուփն ընկավ ոտքերի տակ ու փշուր-փշուր եղան ամանորի զարդերը, որ հայրն էր նվիրել։ Արթուրը հանդարտվեց ու աչքերը չռած նայեց կոտրված ու փայլող ապակիներին։
-Հը՜մ, շան լակո՛տ – բղավեց Ալիս ու ձեռքի զմրուխտե կոշտ մատանիով և իր ունեցած վերջին պառավական ուժով ապտակեց թոռան մռութին։ Արյունը կաթ-կաթ հոսեց տղայի շուրթից։
-Ի՞նչ ես ուզում,- ասաց նա:
– Փող, որ գնամ Աննայի հետ, գնամ-պրծնեմ բոլորիցդ, տա՛տ– ասաց ապշած ու ընդարմացած տղան։
-Ու՞ր պիտի գնաս,ամեն բան թողնես ու գնաս մի պոռնիկի պատճառով,- շպրտեց ատամների արանքից կինը՝ փայլեցնելով աչքերը։
-Հասկանո՞ւմ ես, սիրում եմ, կա՛մ ինքը, կա՛մ ոչ մեկ։ Արթուրը պինդ ձեռքով բռնել էր նրա թևքը ու լարված դողում էր։
-Թո՛ղ , հիմար տղա՛, թո՛ղ ասում եմ ,- բղավեց կինը։
Մի շարժումով շտկեց հպարտ տեսքը, կաղին տալով գնաց սենյակ, բերեց բամբակն ու անուշադիրը, նաև ինչ-որ կապոց։ Նստեց աթոռին, քաշեց թոռան թևից ու տղան ինքնաբերաբեր չոքեց նրա առաջ։ Տատը նրբագեղ ու կնճռոտ ձեռքեր ուներ, նա մշակեց շուրթը և մատներով հարդարեց թոռան քրտնած մազերը։ Արթուրը ուժասպառ գլուխը դրեց տատի փափլիկ ծնկին, մի պահ լռեցին՝ առանց ավելորդ խղճի խայթի։ Տղան այնքան վճռական էր, որքան ծերունազարդ կինը, տիկին Ալիսը կապոցը դանդաղ խոթեց նրա պիջակի գրպանը ու ասաց.
– Է՜հ, ինձ ի՞նչ կա, մի սիրտ է, էն էլ շուտով կկանգնի, ո՞վ է ի՞նչ տարել էս կյանքից։ Այ բալա՛, մենակ էսքան տարի հետո եմ հասկացել, որ էս աշխարհում պետք էր ապրել ներելով, առանց պարտադրելու՝ մեկ–մեկ զիջելով հիմար ու սրտային պահանջներին։ Սիրի՛ ինչքան սիրտդ կտա, եթե էնքան ուժեղ չէին ծնողներդ, որ քեզ հետ պահեին էդ աղջկանից, ուրեմն ես չեմ պահի։ Ա՛ռ, գնա՛, ես մի տղա ունեի, նրան իր կյանքի պարզ երազանքներից հեռու պահեցի ի՞նչ դարձավ: Գնա՛, շան լակո՛տ, գնա՛, Աստված հետդ։