Յորղոս Սեֆերիս | Քրիստոսից հետոյի գարուն

 

seferis

Նորից գարնան հետ
հագած գույներ վառվռուն
քայլվածքով խաղացկուն
նորից գարնան հետ
նորից ամառը
ծիծաղում էր:

Թարմ գունաներկերով
մինչև երակներ մերկացած կրծքով
անարցունք գիշերն ի վեր
ալեհեր ավագներից էլ վեր,
որ զրուցում են շշուկով թե՝
ի՛նչը կլիներ ավելի լավ՝
հանձնեին բանալիները,
թե՞ ձգեին պարանները,
Կախեին օղակից՝
դատարկ թողնելով մարմիններն
այնտեղ, ուր հոգիներն էլ չէին չդիմանում,
այնտեղ, ուր միտքը չէր հասնում
ու որտեղ ծնկներն էին ծալվում:

Նոր գունաներկերով
ավագները բաց թողեցին
ու ամեն բան հանձնեցին՝
և՛ դաշտերը լայնարձակ,
և՛ լեռները կանաչ,
և՛ սերը, և՛ կյանքը,
մառաններն ու տանիքները,
և՛ գետերը, և՛ ծովը.
ու հեռացան արձաններ ասես՝
թողնելով ետևում իրենց
լռություն,
որն անգամ սուրը չի կտրի,
որը չի նվաճի ոչ մի արշավանք,
ոչ էլ ձայնը զրնգուն պատանեկան.

Ու եկել է հզոր միայնությունը,
ու եկել է հզոր զրկանքը
հետն այս գարնան
և նստել է, և փռվել է
ինչպես ցողը վաղորդյան.
և բռնված ցածր ճյուղերից
ծառից ծառ կաթկթալով՝
հոգին է մեր պարուրել:

Բայց նա ժպտաց՝
Հագած գույներ վառվռուն
Ինչպես ծաղկած նշենի
կրակի մեջ դեղնավուն:

Ու քայլում էր արագաքայլ՝
բաց անելով պատուհաններ
դեպի երկինք, ուր երջանիկ են
առանց մեզ՝ դժբախտներիս:
Եվ ես տեսա մերկ կուրծքը նրա
իրանը և ծնկերը նրա
ու թե
ինչպես տառապանքից դուրս գալով՝
բարձրանում է երկինք
Վկան՝ ձեռք չդիպած
ձեռք չդիպած ու անբիծ,
շշունջներից անդին
մարդկանցից անբաժանելին
կրկեսում անծայրածիր
մութ ծամածռություններից անդին
քրտնաթոր պարանոցին
վրդովված դահճի
հարվածելով ապարդյուն:

Դարձել է լիճ միայնությունը,
Դարձել է լիճ զրկանքը՝
Ձեռք չդիպած և չնկարազարդված:

1939 թ. մարտ

Թարգմանությունը հունարենից՝ Շուշան Կարապետյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *