Առաջաբան
Դեռևս 2016թ.֊ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակում նախաձեռնեց «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների շարքը:
Շարքը նպատակ ուներ ուսումնասիրել և գիտահանրամատչելի ներկայացնել հանդուրժողականության և անհանդուրժողականության[1] ակունքներն ու դրսևորումները հայալեզու՝ սերնդեսերունդ փոխանցված տեքստերում՝ փորձելով նաև իմաստավորված բանավեճ ծավալել դրանց շուրջ։ Հետազոտություններն ընդգրկում են հայ միջնադարյան ավանդավեպերը, 19֊րդ ու 20֊րդ դարի դասական արձակը՝ Սփյուռքի գրականությամբ հանդերձ, հետխորհրդային Հայաստանի արձակն ու դասագրքերը:
Գաղտնիք չէ, որ (ան)հանդուրժողականությունը սերտորեն կապված է հասարակությունում խտրականության և կառուցվածքային բռնությունների դրսևորումների հետ։ Չնայած կարևորությանը, այս երևույթի շուրջ զարմանալիորեն քիչ են հետազոտությունները նույնիսկ միջազգային մակարդակում, ի տարբերություն «խտրականություն» կամ «բռնություն» հասկացությունների։ Առավել ևս, նման հետազոտություններ, որքան գիտենք, մինչև այժմ չեն նախաձեռնվել Հայաստանում, հայերենով և հայկական նյութի վրա։ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) որոշեց փոքրիշատե լրացնել բացը և ներկայացնել, թե ինչպես է դրսևորվել ու դրսևորվում այդ «օտար» կամ «նոր» արժեքը հայ գրականության մեջ։
Այսպիսով, 2016թ. մայիսին ԵՀՀ-ն հայտարարեց «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների մրցույթը։ Հաղթող հետազոտողների ու հետազոտական խմբերի ութ աշխատանքներն ու դրանց արդյունքներն ամփոփող երկու վերլուծությունները 2017թ.-ի աշնանը հրատարակվելու են հոդվածաշարի տեսքով, որպես էլեկտրոնային գիրք, «Յավրուհրատ» նախաձեռնության շրջանակում։ ԵՀՀ-ն նախատեսում է հրատարակել նաև ժողովածուի տպագիր տարբերակը: Հոդվածաշարի շնորհանդեսի վերաբերյալ կհայտարարվի հավելյալ:
Ստորև ներկայացնում ենք հոդվածաշարի բովանդակությունն ու դրա մաս կազմող՝ Աշոտ Գաբրիելյանի և Արքմենիկ Նիկողոսյանի հեղինակած «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում» հետազոտությունը:
Բարի ընթերցում:
Գևորգ Տեր-Գաբրիելյան
Անուշ Մարգարյան
Տվյալ հետազոտությունն իրականացվել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակում:
Հեղինակների արտահայտած կարծիքների համար ԵՀՀ-ն պատասխանատվություն չի կրում։
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
- Հայկ Համբարձումյան. «Թշնամու նկատմամբ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ միջնադարյան ավանդավեպերում և «Սասնա ծռեր» էպոսում»
- Մհեր Քումունց, Լուսինե Ներսիսյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները Խ. Աբովյանի բանահյուսական ակունք ունեցող ստեղծագործություններում»
- Վալերի Միրզոյան. «Հանդուրժող խոսք»
- Գայանե Մկրտչյան. «Զարմանալի և աննախադեպ հանդուրժողականությունը Հակոբ Մնձուրու գրականության մեջ»
- Լիլիթ Ավդալյան, Նարինե Հովսեփյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ նոր և նորագույն գրականության մեջ»
- Աշոտ Գաբրիելյան, Արքմենիկ նիկողոսյան. «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում»
- Կարինե Խոջայան, Արմինե Դավթյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության թեմաները հայ գրականության, հայոց պատմության, հայոց եկեղեցու պատմության 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերում»
- Սոնա Մելիքջանյան. «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսեվորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում»
- Արա Նեդոլյան. ««Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» հոդվածաշարքից որոշ տպավորությունների մասին»
- Վարդան Ջալոյան. «Գրականությունը և հանդուրժողականությունը որպես թեմա միջգիտակարգային հետազոտությունների համար»
Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում
ՔՅԱՌԹՈՒ ԵՎ ՔՅԱՌԹՈՒՈՒԹՅՈՒՆ
Կան հասկացություններ, որոնք չեն սահմանվում, քանի որ կարճ ժամանակաշրջանում այդ հասկացությունը կարող է տարբեր ձևափոխությունների ենթարկվել: Այս պարագայում քյառթու հասկացությունը նույնպես յուրօրինակ փոխակերպությունների է ենթարկվել: Դատելով տարբեր մարդկանց թե՛ բանավոր, և թե՛ գրավոր պատմություններից ու հուշերից, ֆիլմերից, երգերից, գեղարվեստական գրականությունից, քյառթուն այն իմաստով, որով ընկալվում է այսօր, Հայաստանի անկախացումից հետո ձևավորված երևույթ է: Իսկ այն հանգամանքը, որ քյառթուն հաճախ զուգակցվում է խորհրդային մտածելակերպի մնացուկի հետ և շատ հաճախ ընկալվում որպես դեռևս խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող երևույթ, պայմանավորված է նրանով, որ խորհրդային շրջանի այսպես կոչված՝ գողականի բազմաթիվ հատկանիշներ բնորոշ են նաև ժամանակակից քյառթուին: Մյուս կողմից՝ շփոթության մեջ կարող է գցել «քյառթու» բառն ինքնին, որը շատ վաղուց է կիրառվում հայ հասարակության՝ հատկապես ժարգոնային բառապաշարում, թեպետ խորհրդային շրջանում «քյառթու» բառը չի օգտագործվել այն իմաստով, ինչ իմաստով այսօր օգտագործվում է:
Ամեն դեպքում մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն անընդհատ ձևափոխվում է: Եվ պատահական չէ, որ մենք քյառթու հասկացությունը ձևակերպելիս կամ քննության ենթարկելիս, կարող ենք նկատել, որ արդի հայ արձակի տարբեր շրջափուլերում, տարբեր ընթացային հատվածներում այն տարբեր դրսևորումներ է ստանում: Օրինակ՝ Զորայր Խալափյանի՝ 1960-1970-ական թվականների գործերում և ժամանակակից արձակագիր Արամ Պաչյանի ստեղծագործություններում քյառթուն դրսևորվում է տարբեր կերպ, և սա պայմանավորված է ոչ միայն հեղինակների աշխարհընկալումների տարբերությամբ, այլև ժամանակի ընթացքում հասկացության և հասկացության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ:
Կան երևույթներ, որոնց վերագրում կամ չենք վերագրում տվյալ հասկացությունը, լավ հասկանալով, որ հասկացությանը ծայրահեղ մոտենալն արդեն իսկ վտանգավոր է, քանի որ երբեմն ծայրահեղությունը միտվում է անհարկի սահմանումի: Այս դեպքում, սակայն, ծագում է կարևոր մի խնդիր՝ սահմանելի՞ է որևէ կերպ քյառթու երևույթը, դիտարկելի՞ է արդյոք մշակութաբանական ինչ-ինչ համատեքստերի մեջ, մանավանդ որ՝ հասարակական ամենատարբեր շերտերում և գրավոր տեքստի ամենատարբեր մակարդակներում եզրը և դրանից ածանցվող այլ եզրույթներ մշտապես շրջանառվում ու քննարկվում են:
Նախ՝ արդյո՞ք քյառթուությունը կարելի է դիտարկել որպես ենթամշակույթ: Խնդիրն էական է նրանով, որ ենթամշակույթ է համարվում հասարակության մշակույթի այն մասը, որը տարբերվում է գերիշխող մշակույթից. ենթամշակույթի կրողները խոսվածքով (ժարգոնի առատություն, բնորոշ բառեր, ռուսաբանություններ, օտարաբանություններ, գողական ժարգոն), հագուստով (հիմնականում սև երանգների մեջ, զուսպ, երբեմն՝ ակնհայտ անճաշակ համադրություններ, ասենք՝ պիջակի և սպորտային շալվարի և այլն), երաժշտական ճաշակով (ռաբիզ, այսպես կոչված՝ բլատնոյ և այլն), ընդհանուր վարքագծով (կոնֆլիկտամետ, հաճախ՝ լպիրշ, բայց նաև՝ անկեղծ ու բռնկուն) տարբերվում են, եթե կարելի է այդպես ասել՝ գերիշխող կամ այսպես կոչված՝ բարձր մշակույթից: Սակայն, երաժշտական ճաշակի օրինակով, պետք է նկատել, որ այն երաժշտությունը, որը հատուկ է քյառթուներին, ավելի մեծ լսարան ունի, քան մեկ այլ երաժշտություն և խոսքը բնավ էլ փոփ-արտի մասին չէ: Կարելի է ասել, որ քյառթուն, ավելի շուտ, հակադրվում է գերիշխող կամ բարձր համարվող մշակույթին և հանդիսանում է հակամշակույթ: Հակամշակույթի հակադրվելու անընդհատական միտումն էլ ուղեկցվում է անհանդուրժողականության դրսևորումներով: Օրինակ՝ Գուրգեն Խանջյանի վեպերում մենք չենք հանդիպում ընդգծված քյառթու կերպարների, սակայն նրա ստեղծագործությունն ամբողջովին մի տարածք է, որը հակադրված է քյառթուական միջավայրին թեկուզ հենց երաժշտական ճաշակի իմաստով: Խանջյանի արձակում այսպես կոչված ջազային, բլյուզային երանգները մեծ դերակատարություն ունեն ոչ միայն կերպարների կերտման, այլև անգամ՝ կառուցվածքային, կոմպոզիցիոն հատույթում: Իբրև օրինակ կարելի է հիշել Խանջյանի ջազային և բլյուզային, անգամ՝ ռոքային էսսեներն ու կոլաժները, որոնք ընդգրկված են նրա «Նամակներ ընթացքից» (Երևան, 2009) գրքում՝ «Կոլաժ-բլյուզ՝ տիբեթյան շան համար», «Կոլաժ՝ Զեմֆիրայի համար», «Առաքելությունն ավարտվեց — Առաքյալը ետ է վերցվում», «Կոլաժ՝ խեղճիկի համար» և այլն: «Նրա միջով առաջ ես գնում՝ ինչպես լավայի կամ հենց իր՝ Քոլթրեյնի արյան միջով, ուր խտացած է նրա ողջ էությունը, ուր երաժշտության կրող է յուրաքանչյուր գնդիկ: Տենորը երբեմն թավջութակի պես խավոտ ու դրամատիկ է հնչում, երբեմն էլ հողմապտույտի պես խոյանում է՝ վեր հանելով հնչյունային ամբողջ ծավալը, որը նման կրքոտ պահերին առանձին տարրերով անորսալի է այլևս: Հնչյունաշարերն այնքան հագեցած են, սերտ, որ անընդմեջ ալիքներով ծածկում են ունկնդրին, պիտի ճգնես գլուխդ բարձր պահել՝ շնչահեղձ չլինելու համար: Բուռն, կրքոտ աղոթքներ են բարձրանում երկինք, նրանցում՝ հարցեր, նաև՝ թողության միջնորդություն մնացողների համար: Ապա՝ կատարյալ համաձայնություն, խոնարհություն, ներդաշնակություն և… Անպարագիր սեր, որ տարածվում է դեպի վեր ու դեպի վար: Ահա վերջին խոստովանությունը, կարճ աղոթքը, և հրաժեշտի տևական հնչյունը նուրբ թրթռալով մարում է՝ դանդաղ տարրալուծվելով Լույսի մեջ… Առաքելությունն ավարտված է — Առաքյալը ետ է վերցվում»: Սա հոգեվիճակ է, ապրում, կեցություն, երաժշտության տեսակ, որտեղ քյառթուն ակնհայտորեն տեղ չունի:
Այս առումով կարելի է ենթադրել, որ քյառթուի համար իսկական ծաղկուն վայր էր խորհրդային հասարակարգը: Հասարակարգի ձևը պարտադրված էր, ինչը չէր կարող հակազդեցություն չունենալ: Խորհրդային հասարակարգում լայն տարածում ունեին մանր խուլիգանությունները, որոնք շատ դեպքերում հասարակության մի ստվար զանգվածի մոտ թաքուն հավանության էին արժանանում: Հասարակարգին հակադրվելը դառնում էր մանր խուլիգանությունների առիթ: Օրինակ՝ խորհրդային հասարակարգում պետական սպասարկման հաստատությունները դարձել էին թիրախներ մանր հանցագործությունների համար: Հիշենք, օրինակ, որ պետական սպասարկման տրանսպորտի միջոցները հանդիպում էին վանդալիզմի՝ փչացվում էին նստարանները և այլն: Պետական վատ կառավարման մասին թեպետ բարձրաձայն չէր խոսվում, սակայն ստեղծվում էին այնպիսի օղակներ, որոնք ունեին իրենց «ճշմարտությունը» և այդ «ճշմարտությունն օրինականացվում» էր կալանավայրերում, քրեական և հանցագործ տարրերով շրջապատներում: Այս «ճշմարտությունը» թափանցում էր նաև ընտանիքներ, հասարակության տարբեր շերտեր և պետք է նկատել, որ բոլոր պետական պաշտոնյաներն էլ իրենց գործնական հարաբերությունները ակամա կառուցում էին այդ «ճշմարտության դեղատոմսերով»:
Այդ շրջանի գրականության մեջ բազմաթիվ օրինակներ կարելի է գտնել հարցերի լուծման տվյալ մեխանիզմի մասին: Օրինակ՝ Վարդգես Պետրոսյանի հենց միայն մեկ վեպում՝ «Մենավոր ընկուզենի»-ում, բազմիցս խոսվում է այն արմատացած, հակաշինարար մոտեցումների մասին, որը գալիս էր պետական ընդհանուր կառավարման մոդելից: Ահա վեպի հերոս Ռազմիկ Սահակյանի մտքերը, որոնք բնութագրում են այդ համակարգը. «Մտքի մեջ հայհոյելն ավելի դժվար է, հայհոյանքդ մեջդ է մնում, կծղում, մի տեսակ զմռսվում քե՛զ մնում, ոնց որ անընդհատ կուլ տաս: Տեսնես ի՞նչ գործի տեր էր, երևի պարապ-սարապի մեկը, կնիկն էլ՝ մի ներկած հավ, կողքին էր, դրա համար էլ աքլորացավ: Ի՞նչ իմանաս՝ կնի՞կն էր, հիմա ո՞վ է իր կնոջ հետ շուկա գնում, սիրածը կլիներ: Հարյուր գրամ պակաս էր երեք կիլոյի մեջ, աշխարհը քանդվե՞ց, դրանք գիտե՞ն, թե ինքը ո՞նց է գլուխ բերում, կիլո դարձնում էդ հարյուր գրամները: Մտքում հաշվեց օրվա եկամուտը. երկու հարյուր քսանութ ռուբլի, վնաս չունի, փող է: Մինչև Արամայիսը բանակից գա, մեքենայի գինը կդրստվի, կկլորանա: Արտոյի ծախսն է, ամսեամիս շատանում է, շան տղեն երեկ մթնդած էր.— Ծխելուս փո՞ղն է մենակ քո վրա, այ հեր,— ասաց,— վաստակածդ թթո՞ւ ես դնում… Իսկ դուք մի քոռ կոպեկ վաստակե՞լ եք…»:
Ընդհանուր խաղի կանոններն էլ ստեղծում էին քյառթուին: Նա հակադրվում էր գերիշխող կամ բարձր մշակույթին, ենթագիտակցորեն հասկանալով, որ դա պետական քարոզի մաս է, և այն սոցիալ-քաղաքական վիճակը, որ ստեղծված է երկրում, բնավ չի արտացոլում բարձր մշակույթն ու ամպագոռգոռ գաղափարները:
Առաջին հայացքից քյառթուին վերլուծելիս նույնիսկ կարող է թվալ, թե գործ ունենք դրական երևույթի հետ, սակայն մեկ այլ դիտանկյունից նայելիս՝ քյառթուի մեջ ամենախոտելի հատկանիշը կարող է հենց այդ դրականը լինել: Պետք է նկատել, որ քյառթուի կերպարը մարտահրավեր է արժեհամակարգին հենց այն իմաստով, որ թեպետ լինելով կարծրացած ու կաղապարված կերպար, իբր ինքն է գնում նորարարությունների ետևից ու պատրաստ է խիզախումների: Այս առումով երբեմն նրա հայացքները կարող են «հիմնավորված թվալ», ինչն արդյունք է միջավայրի ընդհանուր ընկալունակության: Պատահական չէ, որ ինչ-որ առումով Աղասի Այվազյանի «Ստերեոտիպ» պատմվածքում հերոսը արդարացնում է իր կենցաղավարությունը. «— Աշխարհում ամեն ինչ պիտի լինի։ Բնության օրենքն է… Դեռ դուք էլ կարգին չեք հասկանում։ Բայց կա մեծ խորհուրդ դրա մեջ։ Հոգեբանական ներդաշնակություն։ Ոչնչացրեցիք գողերին, մարդասպաններին, պոռնիկներին… Ու մի օր կտեսնեք, որ ոչնչացել է մարդը։ Մարդկության միասնական կերպարը կազմված է դրանց ներդաշնակությունից։— Վուրկը ասես ոգևորվելու վրա էր, բայց հանկարծակի հիշեց ինչ-որ բան և ընկճվեց.— Մենք անպաշտպան ենք։ Հասարակության փսլինքը, դոնդողը, վախկոտները պաշտպանված են։ Նրանք չեն անի այն, ինչ մենք կարող ենք։ Կյանքի դժվարին պարտականությունը մեզ վրա է դրված»։
Նշենք քյառթուի մի քանի հատկանիշներ, որոնք առաջին հայացքից կարող են դրական թվալ, եթե, իհարկե, չենք խորացել այդ հատկանիշների քյառթուական ըմբռնման մեջ.
- ավանդապաշտությունը,
- մաքրակենցաղությունը,
- աստվածավախությունը,
- ճշմարտախոսությունը։
Ընդ որում, քյառթուի ավանդապաշտությունը դրսևորվում է ցածրարվեստ երաժշտությանը կամ ռաբիզին անդավաճան մնալու, ընտանեկան հարաբերություններում քրոջ նկատմամբ գերակայության և այլնի, մաքրակենցաղությունը՝ սեփական հագուստի հանդեպ բծախնդրության, սակայն փողոցը աղտոտելու մոլուցքի մեջ, աստվածավախությունը՝ սրբապատկերների հանդեպ հոգատարությամբ ու մարմնին խաչերի դաջվածքով, սակայն սեփական պատկերացումներով պատրաստ անգամ մարդ սպանելու, ճշմարտախոսությունը՝ զուտ «գողական» աշխարհի պատկերացումներով: Գուրգեն Խանջյանի հերոսներից մեկը այսպես է բնորոշում քյառթուներին. «Դուք վախկոտ եք, դուք վախենում եք տարբերվել, իրար պես հագնվում եք, իրար պես խոսում, իրար պես չրթում-թքում, իրար պես կչկչալով ծիծաղում», կամ՝ «Դու ծիծաղելու փոխարեն կչկչում ես, նստելու փոխարեն՝ պպզում, մտածելու փոխարեն՝ գողական ճշտի կաղապարներով խոսում» [2] :
Ամեն պարագայում գործ ունենք խախտված արժեհամակարգի հետ, որում քյառթուի կերպարը դրսևորվում է որպես ծայրահեղի ու անհանդուրժողի, որն ունի իր «ճշմարտության» չափաբաժինը: Այն, որ այդ «ճշմարտության» չափաբաժինը որոշակի արժեհամակարգի հետևանք է, այլ քննարկման նյութ է, սակայն այդ «ճշմարտությունը» նաև համակարգ է ստեղծում, ինչն ավելի ցցուն է երևում, երբ իրադարձությունները զարգանում են ընդհանուր հասարակությունից դուրս՝ բանակում կամ կալանավայրում:
Վերն ասվածը, և ոչ միայն, քննարկելու համար պետք է պատկերացում կազմենք նաև այն ընտանիքների սոցիալական դիրքի մասին, որոնցում ծնվել է քյառթուն:
Քյառթուն ձևավորվում էր խորհրդային, հետագայում նաև անկախ Հայաստանի այն ընտանիքներում, որոնք հեռու էին անգամ քաղքենի կոչվելուց: Քյառթուի ընտանիքում կրթությունը համարվել է երկրորդական, կարևորվել են ընկերական, մտերիմ կապերը, որի օգնությամբ կարելի է սոցիալական դիրքի հասնել, խրախուսվել է պետության համար անընդունելի միջոցներով փող վաստակելը և այլն:
Թբիլիսիում ապրած Աղասի Այվազյանի ստեղծագործությունը, և մանավանդ նրա թիֆլիսյան պատմվածաշարի գործերը, վկայում են, որ քյառթուական վերը նշված շատ հատկանիշներ ընդհանրական էին ընդհանրապես Անդրկովկասի տարածաշրջանի համար: Որպես լրացում կարելի է հիշել նաև վրացի գրող Նոդար Դումբաձեի HELLADOS պատմվածքը: Պետություն և քյառթու հարաբերության առանձնահատկություններն ակնառու են պատկերված հատկապես Դումբաձեի «Կուկարաչա», «Սպիտակ դրոշներ» վիպակներում:
Քյառթու երևույթի առավել ընդգծված դրսևորումներ երևան եկան հատկապես Հայաստանի անկախացումից հետո, թեպետ առաջին հայացքից կարող է թվալ, թե հակառակը պետք է տեղի ունենար: Իշխանական համակարգի հանդեպ այսպես կոչված ընդդիմությունը տեղափոխվեց ամենուր, որտեղ հանդիպում է հատկապես ավանդույթներից ու ավանդականությունից տարբերվող որևէ բան: Անկախությունից հետո ազատ հարաբերությունների բնույթը Հայաստանում քյառթուության դրսևորման համար պարարտ հող էին: Ընդ որում, այստեղ պետք է հատկապես շեշտել, որ քյառթուությունը հանդես էր գալիս ոչ միայն քյառթուների մոտ, այլ արտահայտվում էր ամենատարբեր խավերում:
Իբրև ընդհանրացում [3] կարելի է ասել, որ քյառթուն հիմնականում երևանյան (այլ քաղաքներում կան դրա տարատեսակները երբեմն), 1995-ից ձևավորված երիտասարդական ենթամշակույթ է՝ ժառանգած շատ տարրեր խորհրդային «գողական», «ցեխավիկային» և «ռաբիզային» բարքերից, որոնց գումարվել է «աստվածավախությունը». այդ ենթամշակույթը, ինչպես շատ այլ ենթամշակույթներ (օրինակ՝ սևամորթներինը մի որևէ դաունթաունում, ԱՄՆ-ում), արտաքնապես «քարոզում» է այն նույն արժեքները, ինչ պահպանողականները՝ շաղախված ուրույն տեղային մշակութային տարրերով: Սակայն, ինչպես և հաճախ այլ պահպանողական մշակույթների դեպքում, այդ քարոզը սին է, քանի որ ներսում սուտ է. քյառթուներն այդ սկզբունքներին խորքայնորեն չեն դավանում իրականում: Նրանց իրական սկզբունքն է՝ «սրանցով պատսպարված՝ չեմ ուզում լրջով սովորել ու լինել՝ ինչ մարդ պիտի լինի, քանի որ այսպես ավելի հարմար է ու յոլա կեթանք»: Քյառթուն դադարում է քյառթու լինել մեծ մասամբ ընկնելով դժվար կացության մեջ. արտագաղթելով կամ շատ դժվար փողային վիճակի մեջ ընկնելով կամ հիվանդանալով: Քյառթուն արտասահմանում, խեղճացած փող խնդրելիս կամ հիվանդանոցում հաճախ իրեն պահում է շատ ավելի համեստ, փորձում է խմբագրել, որքան կարող է: Դա ցույց է տալիս, որ քյառթուությունը հաճախ լոպազության դիմակ է, ամրապնդված երիտասարդական շրջապատի ենթամշակույթի «մոդայով» (երբ շրջապատն օգնում է լինել այդպիսին, և դու էլ դարձնում ես շրջապատն է՛լ ավելի այդպիսին): Եթե քյառթուն մինչև կյանքի վերջ է այդպիսին մնում (կան օրինակներ), գուցե նա հաջողակ կյանք է ապրել՝ առանց մարտահրավերների: Օրինակ՝ որոշ գեներալներ, եթե գողական չեն՝ քյառթու կարող են համարվել, սակայն ոչ-քյառթուն «նախագողական» մակարդակն է ու «նախագեներալային»:
Քյառթուն, բառի խոսակցական իմաստից եթե մեկնենք, ապա բարբառներում, սովորաբար այդպես են անվանում հիմնականում հին հացը: Որոշ գյուղերում բառը կիրառվում է նաև «չոր» իմաստով: Այսպես թե այնպես՝ բառի կիրառական իմաստը լավագույնս է բնորոշում քյառթու-ի էությունը՝ չոր, հին, կամ ավելի ստույգ՝ կարծրացած [4] : Այս իմաստով պետք է ձևակերպել հետևյալը՝ քյառթուն, անկախ ամեն ինչից, անհանդուրժող է, քանզի այն ամենը, ինչ չի համընկնում կյանքի, այսպես կոչված՝ իր պատկերացումներին, նա դրանց հանդեպ ունի ընդգծված անհանդուրժողական վերաբերմունք:
ՔՅԱՌԹՈՒ ԼԵԶՈՒ
Քյառթուներին բնորոշ է որոշակի առանձնացող բառապաշար, այսպես կոչված՝ սլենգ, որը փոփոխվում է տարբեր ժամանակներում և մեծապես պայմանավորված է ժամանակի թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ մշակութային զարգացումների բնույթով: Վերջերս հայալեզու կայքերից մեկը ներկայացրել է ժամանակակից քյառթու լեզվին բնորոշ մի բառախումբ, որը խոսուն է այդ առումով.
«Ցբխել — շատ ուժեղ կոտրել, հարվածել, քարուքանդ անել։ Հորս արև արա — արտահայտություն, որ ասում է ամեն ինչ և չի ասում ոչինչ միաժամանակ։ Լռվել — մի տեղ երկար ժամանակ մնալ։ Ղժժալ — շատ ուժեղ ծիծաղել։ Տժժալ — հաճելի ժամանակ անցկացնել։ Սֆթուց — սկզբից։ Կիշկվել — շատ ուտել։ Բոց — արտասովոր, տարօրինակ, յուրահատուկ։ Աբրանք — իր կյանքի իմաստը չգտած անձնավորություն։ Ծնգցնել — ինչ-որ բաժանորդին մեկ զանգի տեսքով հասկացնել, որ հետ զանգի։ Խուրդվել — անիմաստ բանակցել, զրուցել։ Լյոքշը խրել ա — պարապուրդ, ուղղակի դատարկ անցնող ժամանակ։ Քյալ — մարդկային հարաբերություններում տհաս մարդ։ Բիթի — մարդկային հարաբերություններում հմուտ մարդ։ Գյաբռլամիշ եղա — անհաջող ընկա։ Ոտ ուտել — տակը փորել։ Տապոռ — հաստակող, իր ասածի, կոմպրոմիսի չգնացող մարդ։ Շմոն — խուզարկություն» և այլն [5] ։
Լեզվի գործոնը հատկապես կարևոր է գրականության մեջ քյառթուի կերպարն ու ընդհանրապես քյառթուությունը ներկայացնելու առումով: Այդ իմաստով, եթե համեմատելու լինենք հայ գրականությունը խորհրդային և անկախության շրջանում, ապա տարբերությունը հսկայական է: Իհարկե, խորհրդահայ գրականության մեջ նույնպես քյառթուի կերպարը, թեկուզև այլ փոխակերպումներով, շրջանառվում է (մասնավորապես՝ Աղասի Այվազյանի, Զորայր Խալափյանի, Վահագն Գրիգորյանի, նաև՝ Հրանտ Մաթևոսյանի արձակում), սակայն թե՛ ժամանակին, թե՛ այսօր դժվար է դա ընկալել որպես այդպիսին, որովհետև գրեթե բացակայում է ամենակարևորը՝ լեզվական գործոնը: Այդ կերպարների գործողությունները, վարքը, աշխարհընկալումը, անհանդուրժողականության տարաբնույթ դրսևորումները քյառթուական են, սակայն բառապաշարից բացակայում է բնորոշ լեզվաշերտը, ինչը պայմանավորված է գրականության լեզվի այդ ժամանակաշրջանի էթիկայով: Գրողներն ընտրում էին կերպարների անհատականացման այլ արտահայտչամիջոցներ: Մասնավորապես կարելի է հիշատակել Մերուժանի կերպարը Հրանտ Մաթևոսյանի «Կայարան» պատմվածքից. «— Քա՛ղաքացի:— Նա սուլեց, և այդ սուլոցն սպանեց ինձ:— Ընկե՛ր թղթակից:— Մեքենայի մեջ ժպտում էր Շամուտի բժիշկ Մերուժանը: Նա սուլեց, և այդ սուլոցն սպանեց ինձ: Ընկերն ընկերոջը այդպես չի սուլում, տերը ծառային այդպես չի սուլում, այդպես սուլում են միանգամից վերև թռածները ներքևիններին: Սկսած դեռ իններորդ դասարանից, երևանցի ամեն հովեկ նրանց աստվածն էր: Հետո արդեն աստվածներ էին միայն բժշկական ինստիտուտի հետ որևէ առնչություն ունեցողները: Նրա մայրը՝ թաքուն՝ նրանց ծառան էր, և՝ արդեն ի ցույց գյուղացիների՝ իր Մերուժով թռչողը: Նրա հովիվ հայրը սարից տոպրակով մածուն էր ուղարկելու նրանց համար.— Անշահ մածուն է, այտա, ուրիշ լավ բան չունենք, հովիվ մարդ ենք,— և ժպտալու էր գյուղացու հեռատեսությամբ: Ծաղրվելով-մածունով, պարտքերով-սողալով գրպանեց դիպլոմը, և ահա թափ է տալիս փորի փոշին» [6] :
Անկախության շրջանում նման խնդիր չկար: Ավելին՝ կերպարի անհատականացման գլխավոր արտահայտչամիջոցը դարձավ հենց լեզվի տարբեր բառաշերտերի կիրառությունը: Եվ բնական է, որ քյառթուի կերպարը առավել ընդգծելի է հենց այս շրջանում:
Եթե խորհրդային շրջանում կային լեզվի վերահսկողության տարբեր գերատեսչություններ և գրաքննություն, որը խիստ նորմավորում էր լեզուն, ապա այսօր, դրանց բացակայության պայմաններում, գրական գործերում լեզվական միջոցն ավելի ազատություն ձեռք բերեց և շատ կերպարներ սկսեցին խոսել ուղիղ իրենց լեզվով:
Երևույթն ընդհանրական է, բայց որպեսզի շատ չծանրաբեռնենք օրինակներով, դիտարկենք Գուրգեն Խանջյանի պիեսներից մեկի լեզուն, որը մեր նյութի առումով ունի շատ բնութագրական վերնագիր՝ «Քյառթուական պոեմ»: Նախ՝ հերոսները պատկերված են քյառթուական բնորոշ միջավայրում, բնորոշ կեցվածքով. «Բակ, բակում՝ Գագոն ու Սիսակը, պպզած «բեսեդկի» նստարանին՝ ծխում են, սեմուշկա չրթում, թքում» [7] : Այնուհետև ամբողջ պիեսը, միջավայրի կոլորիտին հավատարիմ, գրեթե ամբողջապես կառուցված է քյառթուական բառապաշարի ամբողջ «հմայքը» ցույց դնող դիալոգներով, որոնց ներկայությունը խորհրդահայ շրջանի գրականության մեջ գրեթե անհնար էր. «Պատկերցընըմ ե՞ս, ապե, ես ու Շուշոն՝ մի բարձի, հորս արև…», «Էղա՞վ, ախպեր, էդ ռեկետն էլ էլ չասես, էտի մեր հըմար զապադլոյա…», «Է, շուտ գայիր, ընգեր, խի՞ էդքան լռվար որ…», «… պրոստը պրիզնատ չես գալի, կամ էլ պրինցիպի ես ընգե» և այլն:
Բերենք նաև պիեսի հերոսներից Մանեի և Գագիկի երկխոսություններից մեկ հատված, որում հստակորեն երևում են մի կողմից՝ գրական հայերենի և քյառթու բառապաշարի էական տարբերությունները, և մյուս կողմից՝ այդ տարբերությունն իբրև հակադրություն դիտելու հեղինակային միտումը:
«— Գիտե՞ս, որ երկար չերևացիր…
— Վըսյոտըկի նկատել ես, որ երկար չեմ երևում, քուր:
— Ոնց չնկատեմ, հազիվ հանգստացել էինք քո մեքենայի դմփդմփոցից ու շչակներից: Ես կարծեցի բանակ են տարել:
— Չէ հա, էս տղեն բանակ կեթա՞, բա սազըմ ա՞… Քու պես աղջկան թողի գել ու գազանին, ինքը էթա բանա՞կ… Թող հարիֆներն էթան…
— Ըհը, կգնան, կկանգնեն սահմանին, որ ձեզ, ձեր տունուտեղը, ձեր ունեցվածքը ձեր փոխարեն պաշտպանեն:
— Հա, թող պաշտպանեն, ինչ կլի որ, զապադլոյա՞, մի բուռ ազգ ենք… Ու ասեմ, որ մենք էլ ստե անգործ չենք, մենք էլ երկրի տնտեսությունն ենք ոտի հանըմ:
— Դու…
— Հա, հենց ես ու հերս, մենք էս երկրի աղն ենք, պետությանը վագոնով հարկ ենք մուծվըմ, մեզ հարգել, խնայել ա պետք, ոչ թե բանակ տանել: Խատյա, պրինցիպի, կյանք, ես կարամ էթամ ծառայեմ, հարց չի, բայց մենակ քեզ պաշտպանելու համար, հա, էսի տոչնի եմ ասում, այ որ դու ասես՝ գնա, Գագո ջան, ինձ պաշտպանի, նույն մոմենտին թվանքը կառնեմ՝ կեթամ:
— Գնա, ասում եմ, գնա պաշտպանի, Գագո:
— Գագո ջան, ջանը մոռացար: Բայց էտի ոչինչ, առանց ջանի էլ կեթամ, պրոստը մի մոմենտ կա. պըտի սպասես, կյանք, ու որ էկա՝ տուտժե քեզ տանըմ եմ մեր տուն… Չէ, լավ կըլի սըֆթից տանեմ:
— Տանես որպես ի՞նչ, աղախի՞ն:
— Ի, բա սազե՞ց… Որպես կնիկ:
— Կնիկ:
— Հա, կյանք, տանեմ թագուհու պես պահեմ: Չես ուզո՞ւմ, իմ կնիկն ըլնես, ուրիշները երազըմ են, հեն ա՝ հերթի են:
— Ես կնիկ լինել չեմ ուզում, Գագիկ, թող հերթ կանգնողները լինեն, ականջիդ օղ արա, եղա՞վ:
— Ականջին թող գոմիկները օղ անեն, քուր, ես ազգայինի նվիրված տղա եմ» [8] :
Երկխոսությունը երևան է բերում նաև փոխադարձ անհանդուրժողականություն լեզվի և մտածողության մակարդակում. հերոսներից ոչ մեկը չի ուզում զիջել մյուսին:
ՔՅԱՌԹՈՒԻ ԿԵՐՊԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Արդեն նշել ենք, որ քյառթուն ինքնին անհանդուրժողականության մարմնավորում է, նաև՝ որ քյառթուի անհանդուրժողականության դրսևորումների մեջ առկա են դրական համարվող տարրեր: Եվ ահա գրողները վարպետորեն օգտվում են հենց այս խաղացկունությունից: Այդ առումով քյառթուի կերպարը մի կողմից ծառայում է որպես միջավայրի հետ հակադրության ներկայացման միջոց, մյուս կողմից՝ օգտագործելով դրական տարրերը, հեղինակը կանգնում է քյառթուի կողքին կամ թաքնվում է կերպարի ետևում՝ քննադատելու երևույթներ, որոնք ուղղակի չի կարող քննադատել՝ վախենալով մեղադրվել ոչ առաջադեմ գաղափարների համար, թեպետ ինքը դրանց կողմնակիցն է իրականում (նույն գենդերային խնդիրներ, գլոբալիզացիայի հարցեր, անգամ՝ քաղաքական դիրքորոշման հարցեր և այլն): Բացի այդ, քանի որ քյառթուն վերին աստիճանի սոցիալականացված երևույթ է, ապա հրաշալի տարբերակ է գրողների համար նրա կերպարի միջոցով վեր հանել ամենատարբեր սոցիալական միջավայրեր ու խնդիրներ: Հաճախ հեղինակը հանդես գալով առաջին դեմքով՝ գլխավոր հերոսին տալիս է «քյառթուական» հատկանիշներ՝ այդպիսով իրացնելով իր գաղափարները:
Այս առումով գրականագետ Ազատ Եղիազարյանը գրում է. «Պատմողը որոշակի վերաբերմունք է ցուցաբերում իր պատկերած իրականության նկատմամբ. նա ոչ միայն «անմիջական վկա» է, այլև որոշակի տեսակետի կրող» [9] : Այս արտահայտությունը կարող ենք օգտագործել ոչ միայն պատմողի, այլ նաև հեղինակի պարագայում, քանի որ պատմողի պատմածն ինչպիսին էլ լինի, այնուամենայնիվ, այն իր վրա կրում է հեղինակի հայացքը, ասել է թե՝ աշխարհընկալումը: Լինում են դեպքեր, երբ դժվար է գնահատել, թե որտեղ է սկսվում ու վերջանում պատմողի ու հեղինակի հայացքը: Դրանք հաճախ նաև նույնանում են:
Ինչպես նշել ենք, հատկապես անկախության շրջանում՝ հեղինակը հաճախ է իր գաղափարների խոսափող դարձնում քյառթուին՝ առանց դա ակնհայտորեն զգացնել տալու: Նման դեպքերում պատումում հայտնվում են քյառթու և քյառթուությամբ հատկանշվող կերպարներ, որոնք քննադատում են նորահայտ ինչ-ինչ երևույթներ, հատկապես՝ կրոնի, գենդերային հավասարության, սեռական փոքրամասնությունների, աղջիկների ու կանանց վարքագծի, ազգային ու ավանդական հարցերի հետ կապված: Օրինակ՝ Նորայր Ադալյանի «Դավայաթաղ» վեպում տարբեր հերոսներ պարբերաբար խոսում են այն բարձիթողի վիճակի մասին, որն ստեղծվել է անկախությունից հետո՝ եվրոպական բարքերի ներմուծմամբ: Այդ համատեքստում քննադատվում է նաև վեպի հերոսուհու՝ Սմբուլի վարքագիծը, և դա որպես ընդհանուր, այսպես ասած՝ թաղային անհանդուրժողականություն է երևան բերում [10] : Ընդ որում, դա մի այնպիսի անհանդուրժողականություն է, որը խորքում հանդուրժողականություն կարող է դիտվել: Քյառթուական միջավայրի ու կեցվածքների դրդմամբ են հատկապես տղամարդիկ քննադատում Սմբուլին, թեև իրենց հոգու խորքում նրանց գրավում է Սմբուլի այդ ազատամտությունը՝ սիրո, սեքսի, պահվածքի առումով, որովհետև դա շանս է, որպեսզի իրենք էլ կարողանան տիրանալ նրան: Այս պարագայում ամենադժվարը տարորոշելն է՝ հեղինակն ինքը այդ երևույթի հանդեպ հանդուրժո՞ղ է, թե անհանդուրժող, ինքը թաքնված է քյառթուի թիկունքո՞ւմ, թե նրան բացեիբաց օգտագործում է որպես իր գաղափարների խոսափող:
Նմանատիպ մի իրավիճակ է առկա Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» վեպում, երբ տատը քննադատում է հերոսին. «Փոխանակ էդքան խոսես՝ մազերդ կտրիր, աղջիկ չես» [11] :
Նման հնարանքների ու վերաբերմունքի միտում կա նաև Գուրգեն Խանջյանի վերջին տարիների արձակում, թեպետ ոչ նախորդների պես ակնհայտ քողարկված: Մասնավորապես՝ «Ենոքի աչքը» վեպում, ճիշտ է, կերպարների՝ Գոռի և հատկապես Գրոֆոյի միջոցով, Խանջյանը բացահայտ անհանդուրժողականության դրսևորումներ է երևան բերում հատկապես ազգային որոշ ավանդույթների, մարդկային կենցաղավարության որոշ մոդեռն ձևերի հանդեպ [12] : Այս միտումներին զուգահեռ կան նաև դեպքեր, երբ հեղինակը, պատումը ներկայացնելով առաջին դեմքով, ինքն է հանդես գալիս քյառթուական հատկանիշներով: Այդպիսի օրինակ է Աբել Միքայելյանի «Քաղաքական հարբեցողություն» վեպը: Այստեղ ակնհայտ է հեղինակի մոտեցումը: Քյառթուական անհանդուրժողականությունը հասարակական-քաղաքական ամենատարբեր ոլորտներում ողջունելի է, որովհետև քաղաքական հարցերը, սկսած ընտրություններից, ապահովվում են հենց այդ միջոցներով: Ըստ Աբել Միքայելյանի՝ ստացվում է, որ քյառթուական անհանդուրժողականությունը ինչ-որ իմաստով նաև պատեհապաշտություն է և, կախված իրավիճակից, կարող է վերափոխվել հանդուրժողականության. կոպիտ ասած՝ նայած ինչի՞ն կողմ կքվեարկեն:
Քյառթուի կերպարի նման գործառույթներից զատ, կարևոր դեր է խաղում նաև քյառթուությունը, այսինքն՝ երբ կերպարը քյառթու չէ, բայց տարբեր իրավիճակներով պայմանավորված հանդես է բերում քյառթուական հատկանիշներ: Դա ավելի շատ կարելի է դիտարկել որպես կեցվածք, կամ քյառթուական բառապաշարով ասած՝ ձև բռնել: Ժամանակակից հայ արձակում այդ «ձև բռնել» կոչվածը կամ քյառթուությունն ավելի շատ է, քան քյառթուն՝ ինքը: Քյառթուությունը կարող է դրսևորվել անգամ առաջին հայացքից անհարիր կերպարների վարքագծում:
Այսուհանդերձ, կա մի տարածված միտում, որ մղում է խորհել ժամանակակից հայ գրողների գաղափարական որոշ հարցադրումների ու համակարգերի շուրջ: Հարցն այն է, որ, այնուամենայնիվ, հեղինակն անհանդուրժող է քյառթուի հանդեպ: Քյառթուն որպես խոտելի երևույթ՝ հաճախ է հեղինակների թիրախ դառնում: Քյառթուի կերպարը ի հայտ է բերում արժեհամակարգի սխալ ընկալումների մի ամբողջ համակարգ: Գրականության մեջ, ընդհանուր առմամբ, հեղինակը բարձր դիրքերից է նայում քյառթուին՝ ցույց տալով նրա ցածր մտավոր ունակությունները, ինչպես նաև ցավ է հայտնում, որ քյառթուն հաճախ հայտնվում է սոցիալական ավելի բարձր սանդղակին, ինչն արտացոլում է հասարակարգի անտրամաբանականությունը: Հաճախ այդ քյառթուն դրսևորվում է հենց իրավապահ օղակներում: Անհանդուրժող քյառթու ոստիկանների կերպարներ կան Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» վեպում: Ամբողջովին քյառթուության քննադատության վրա է հիմնված Վահագն Գրիգորյանի «Առաջնորդի կյանքն ու մահը» երգիծական վեպը, որում ներկայացվում է իշխանական վերնախավի քյառթուական կենցաղն ու գործելակերպը:
Տարբեր են քյառթուի հանդեպ հեղինակային անհանդուրժողականության դրսևորման ձևերը: Երբեմն հեղինակն իր անհանդուրժողականությունը քյառթուին արտահայտում է երգիծանքի և հումորի ձևով: Արտավազդ Եղիազարյանի «Իմ ախպերս» պատմվածքում նկարագրվում է, թե ինչպես է սոցիալական վիճակը խրախուսում քյառթուների դիրքի ամրապնդմանը, սակայն հեղինակը մեղմ հումորով ձաղկում է քյառթուի երաժշտական ճաշակն ու կենցաղավարությունը. «Մանուկ քյարթերը մեծագույն հաճույքով էին երգում, հնարավորինս կլկլան, բարձրաձայն, որ անցորդները տեսնեն՝ գնահատեն, ու հետո հասնեն քուչա, համաքուչեցիներին պատմեն, որ «էն օրը փողոցում կայնանք «Իմ ախպերսը» երգինք» [13] ։
Գրողը, լինելով նաև բարձր գեղարվեստական արժեքների հետամտող, անհանդուրժող է քյառթուական միջավայրի հանդեպ, որը թույլ չի տալիս հասարակությանը հետամտել բարձր արժեքների: Վահան Թամարյանը «Ուղեղի բորբոքում» պատմվածքում ցույց է տալիս, որ ստեղծված վիճակն ունի սոցիալական խոր դրդապատճառներ. «Տան ճանապարհին ջրափոսերը բավականին շատ էին: Դրանցից մեկի պռնկին վեհերոտ ընկած էր դիրիժորական փայտիկ՝ կրծած: Նոտակալներ՝ դարձյալ կրծած: Հաջորդ ջրափոսի պարզաջրվող մակերեսին դանդաղ սառցակալում էր մանրամասն լպստած կտավը: Քաթանի համը երևի դուր չէր եկել՝ ջղայնությունից ատամներով քաշքշել, պատառոտել էին: Գրողը հանկարծ անդրադարձավ, որ մի ջրափոսից դեպի մյուս ջրափոս անվադողերի հետքեր են ձգվում և ինքն անգիտակցորեն քայլում է այդ հետքերով: Այլ ջրափոսերի մոտենալիս նա աչքերը փակում և դողացնում էր» [14] :
Քյառթուն այնպիսի ներկայություն է հայ հասարակության, հետևաբար՝ նաև հայ գրականության մեջ, որ, կարելի է ասել՝ նա անգամ այնտեղ է, որտեղ իրականում չկա: Այս առումով չափազանց հետաքրքիր են այսպես կոչված՝ քյառթուի ստվերով ստեղծված գրական տեքստերը: Դրանցում հեղինակը ներկայացնում է միջավայր, որից դուրս են քյառթուները, սակայն միջավայրն արտացոլվում է այնքանով, որքանով հեղինակն անուղղակիորեն հակադրվում է քյառթուներին: Այդ տեսակ ստեղծագործություններից են Գուրգեն Խանջյանի վեպերը, մասնավորապես՝ «Լուր չկա», «Ենոքի աչքը», որոնցում երաժշտության, նկարչության, արվեստի, գրականության, մարդկային հարաբերությունների այնպիսի տեքստային քննարկումներ են, որտեղ քյառթուն պարզապես բացառված է:
Կարելի է ընդհանրացնել հետևյալը. հեղինակը չի հանդուրժում քյառթուին, երբ վերջինիս անհանդուրժողականությունը կամ դրսևորման կերպը վտանգ է ներկայացնում: Իսկ այն դեպքերում, երբ քյառթուական մոտեցման մեջ տեսնում է ռացիոնալ տարրեր, հատկապես ազգային արժեքների աղավաղման շուրջ անհանդուրժողականության դրսևորումներ, հեղինակը ոչ միայն դառնում է հանդուրժող քյառթուին, այլև դառնում է որոշ իմաստով համախոհ:
ՔՅԱՌԹՈՒԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՈՒՄ
Քյառթուի համար պարզապես անփոխարինելի և չափազանց հարմարավետ տարածություններ են փակ համարվող տարածությունները, մասնավորապես՝ կալանավայրերը և բանակը, որտեղ նրանց այսպես կոչված «ճիշտը» գերիշխող է: Դա էլ, ի վերջո, դառնում է տարբեր անհանդուրժողականությունների դրսորման պատճառ: Ընդ որում, քյառթուի դրսևորած անհանդուրժողականությունները շատ հաճախ վերաճում են անհանդուրժողականության հենց իր դեմ:
Քյառթուի հանդեպ երբևէ ի հայտ եկող ակնածանքը հետևանք է նաև կալանավայրերի «հզորների» հանդեպ խորհրդավորության զգացողության: Երբեմն հեղինակները ևս տրվում են այս խորհրդավորությանը և չեն թաքցնում իրենց ակնածանքը՝ ակամա արդարացնելով տվյալ բարքերում մարդկանց նման դրսևորումները: Լևոն Բարսեղյանի «Մեր մայլի տղեն» պատմվածքում, օրինակ, կարդում ենք. «Քառասունինը բոլորած Մնջո Ռաֆի թաղման օրը քաղաքում արտակարգ իրավիճակ էր: Դեռ սովետն էր, մոտ հազար հարյուր ավտոմեքենա, հարյուրավոր հյուրեր սովետի բոլոր գողական կլաններից, մտավորական խմբերից ու երեք ժամից ավելի փակ փողոցներ: Նման բան մեկ էլ քաղաքը տեսավ քսան տարի անց՝ իննսունվեցին Մատրոսսկայա Տիշինայում մահացած Բարսեղյան Նիգալի թաղման ժամանակ» [15] :
Բերված օրինակը ավելի շատ գողականին կարող է վերաբերվել, քան քյառթուին: Սակայն, հարկ ենք համարում նշել, որ երբ խոսում ենք քյառթուության մասին, այդ հասկացության մեջ անխուսափելիորեն ընդգրկում ենք գողականների սովորական պահվածքը, բարքերը, պայմանականորեն՝ որպես քյառթուության ավելի մասնավոր դրսևորում, իսկ քյառթուությունը՝ որպես գողականության, ռաբիզության և նման երևույթների համապարփակ անվանում:
Այս «հզորներից» դառնալու միտումը շատ հաճախ սկսվում է դեռ պատանի հասակից՝ ընդհանուր բարքերին հակադրվելով, թեկուզև հանցագործության միջոցով, ինչը հաճախ խրախուսվում է և ներքին հպարտության տալիս: «Բակում տռճիկ տվող, պահմտոցի խաղացող այդ լակոտները կռվի ու սովի մի երկու տարում ե՞րբ կտրվեցին դպրոցից, ե՞րբ դարձան տղամարդ՝ քթատակին ու այտերին սևին տվող աղվամազով, համաճարակի պես տարածված ղումարով ու գողությամբ, կրծքերին, ոտքերին, ձեռքերին հազար տեսակի այլանդակ դաջվածքներով, փողոցային իրենց օրենքներով, «գող» հորջորջվելու անզուսպ ցանկությամբ… Խմբով կորչում, թաքնվում էին աչքից հեռու մի տեղ, ախորժակով ճլտացնում սրունքներին, զառ գլորում, պտտվում էին սև շուկայում, գրպան մտնում կամ վրա էին տալիս, հրում, տապալում վաճառողին ու մանղալով փախցնում կասկածելի մսից շամփրած տժտժացող շաշլիկները։ Թե միլիցիայի ձեռքն էին ընկնում՝ դատ-դատաստան էր լինում, երեկվա լակոտը անվանվում էր «մեղադրյալ» և մոր արցունքներին անտարբեր՝ հպարտորեն լսում դատավճիռը»,— այսպես է նկարագրում այդ էվոլյուցիան Մանուկ Մնացականյանն իր «Թաղի զավակը» պատմվածքում [16] :
Կարելի է ասել, որ կալանավայրերի «հզորների» հանդեպ խորհրդավորության զգացողության, ինչպես նաև՝ դրանից բխող սպանվելու, վիրավորվելու, հաշմանդամ դառնալու, անարգվելու վախից ծնված ակնածանքի թելադրանքով է բանակային տարածության մեջ ծաղկում քյառթուությունը՝ իր բոլոր բացասական հետևանքներով:
Թե ինչի կարող է մարդուն հասցնել քյառթուական անհանդուրժողականությունը բանակում՝ լավագույնս ներկայացված է Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի հերոսի նամակներում: Ահա այդ նամակներից մեկը. «Էսպես էլ անհնար էր՝ ամեն օր ծեծի, ստորացման մեջ, տղերքը ինձ չեն հարգում, ընկերներ չունեմ, արդեն բարև էլ չեն տալիս: Լրիվ մենակ եմ մնացել: Վաշտի հրամանատարը բոլորի ներկայությամբ ինչ ասես քրֆեց, վախեցա ձեն հանել, ինքնասիրությունս կորցրել եմ, զգայարաններս լրիվ բթացել են: Տղերքը սեղան սրբելու շորը շպրտում են երեսիս, ամեն առիթով ձեռ են առնում, սեղանի յուղոտ շորը շպրտում են մեջքիս: Երեսիս որ շպրտում են էդքան չեմ նեղվում, բայց մեջքիս՝ ահավոր եմ տանում: Ես ուզում եմ պայքարել ու պայքարում եմ, բայց ոչ կյանքի, ոչ էլ մահվան համար: Պայքարում եմ նրա համար, ինչը չեմ հիշում. պայքարում եմ նախքան ծնունդս կայանալու համար, մի քայլ առաջ պոկվելով, մի քայլ առաջ պոկվելով կյանքի ու մահվան միջից: Ես մի տեսակ հանգիստ եմ. լրիվ հանգիստ եմ, որովհետև ոչ ոք չգիտեր, որ ծնվելու եմ ու ոչ ոք չի հիշելու, որ ծնվել եմ: Տրոյայի պատերազմում մեռած զինվորներին հիմա ոչ ոք չի հիշում, ի՞նչ են զգացել, ո՞նց են ապրել, ի՞նչ են երազում, բայց նրանք ինձ ավելի հարազատ են, քան բոլոր Աքիլլեսներն ու Ոդիսևսները: Նամակը հորս չտաք» [17] :
Կարելի է ասել, որ քյառթուությունը բանակում պարզունակ իրացված գողականն է՝ թյուրընկալումներով, կեցվածքի գերակայությամբ, որը հանգեցնելով անխուսափելի անհանդուրժողականության՝ ուղեկցվում է ողբերգություններով, ճակատագրերի կործանմամբ: Եվ այս առումով, եթե այլ դեպքերում հնարավոր է խոսել քյառթուի և քյառթուության այսպես ասած՝ անշառության մասին, ապա բանակային միջավայրում դա իսկական աղետ է:
ՔՅԱՌԹՈՒՆ ՈՐՊԵՍ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԻՆ
Որքան էլ քյառթուն որպես երևույթ ներկայացվում է որպես հայ հասարակությանը բնորոշ իրողություն, այնուամենայնիվ, կան տեսակետներ, որ դա դրսեկ միջամտություն է մեր նկարագրին: Այդպիսի մի տեսակետ վերջերս հանդիպեց նաև համացանցային գրառումներից մեկում. «Քյառթու» բառն ինքնին ունի թուրքական ծագում, ինձ թվում է՝ մանրանալու խնդիր չկա: Նրանք միշտ հագնում են սևին մոտ գունային գամմայով հագուստ և երկար քթով կոշիկներ: Նայելով հետ՝ կտեսնենք, որ թե՛ խորհրդային ժամանակաշրջանում, թե՛ դրանից առաջ երբեք նման հագուստ չեն կրել, իսկ մեր տարազը շատ վառ գունային երանգներ է ունեցել: Նրանց լեքսիկոնի բառերն են «քուչա, բազառ, խարեբ, մուղամ, կիլդիմ» և նմանատիպ բառեր, որոնք հայերենի հետ ոչ մի կապ չունեն: Լսում են արևելյան, ավելի կոնկրետ թուրքական երաժշտություն: Մտածելակերպը հաստատ հայկական չի, արևելյան չկայացած շեյխի գաղափարներ են: Աշխատավոր հայը երբեք ժամանակ չի ունեցել քուչում պպզելու և երկու դույլ թքելու: Չխոսեմ հարգանքից և մնացած այլ բաներից» [18] :
Այս իմաստով ուշագրավ են այն ստեղծագործությունները, որոնցում քննադատվում է քյառթուն՝ որպես սպառնալիք ազգային և քաղաքացիական նկարագրին: Հիմնականում քննադատության թիրախ են դառնում հագուկապը, երաժշտության մեջ կլկլոցի հանդեպ հակվածությունը, ինչը հատկապես անկախության տարիներին շատ է նույնականացվում ադրբեջանցիների կամ թուրքերի հետ: Վանո Սիրադեղյանի «Գեղեցիկ կնոջ կաղապարը» պատմվածքում ակորդեոն և դհոլ նվագողների նկարագրության մեջ առաջին հայացքից անհանդուրժողական ոչինչ չկա, սակայն խորքում թե՛ նրանց հագուկապը, թե՛ նրանց երգը, և հատկապես նրանց երգի տակ տեղի ունեցող գործողությունը քյառթուություն լինելուց զատ սեփական ինքնության կորստի ցուցիչ են նախանշում գլխավոր հերոս Հարութի համար. «Եվ բրեզենտի գորշ ֆոնի վրա մեքենան լվացող տղաներից երկուսը ակորդեոնով ու դհոլով նրա վիշտը ամոքում էին: Ակորդեոնիստը լենթուշ տղա էր, դհոլչին՝ ավելի նվազ, տարիքով փոքր, սպիտակ վերնաշապիկի թևքերը քշտած ուներ, տաբատը լավ արդուկած էր, կոշիկները սուրքիթ ու լաքապատ էին (երևում էր դհոլչու տղեն), նրա փողքերը վարպետավարի վեր էին քաշված, սև փողքերն ու սև կոշիկներին վառ կարմիր գուլպաները իսկն էին, նա տղայական քաղցր ձայնով սրտանց ձգում էր.
Գետակի ալիքները գնում են խայտալով,
Սիրահարի սրտիցը արտասուք քամելով…
Տղաներից ամենամեծը Հարութի բազկին ասեղով մեծ սիրտ էր ծեծել՝ աշխատում էր նետի վրա» [19] :
Քաղաքական, տնտեսական հարցերում քյառթուն հաճախ կերպավորվում է որպես առաջին դեմք և այդպիսով ցույց տալիս այն անցանկալի հետևանքները, որոնք տեղի են ունենում տվյալ ոլորտներում: Ուշագրավ է, որ որոշ երկրներ ու տարածաշրջաններ քյառթուի բացասական թիրախում են: Ահա մի դրվագ Աբել Միքայելյանի «Կարուսել» վեպից.
«— Լսի՛ր, Մկո՛, ի՞նչ է եղել քո ու Վլադիմիրի միջև,— հարցրեցի ես:
— Իմ ու դրա՞,— զարմացավ նա, իսկ ի՞նչ կարող է լինել: Չլինի՞ կարծում ես՝ փոխել եմ սեռական կողմնորոշումս:
— Ես լուրջ եմ ասում:
— Ոչինչ էլ չի եղել, իսկ ի՞նչ պիտի լիներ:
— Չգիտեմ, գուցե կոպտել ես նրան, ինչ-որ բան ես ասել:
— Միշտ էլ կոպտում եմ ու բան եմ ասում:
Ես ուզում էի լրիվ ուրիշ բան ասել, բայց անկախ ինձանից բերանիցս թռավ.
— Եվ լավ էլ անում ես:
Երբ բոլորը հավաքվեցին, Ֆիլիպը հայտարարեց, որ բանակցությունները մտել են վճռական փուլ, և Հոլանդիայի իր բաժնետերերի հետ խորհրդակցելուց հետո ինքն արդեն որոշումներ է կայացրել ու պատրաստ է դրանց հետ մեզ ծանոթացնել» [20] :
Որոշ հեղինակներ թեպետ չեն դիմում քյառթուների բառապաշարին, բայց ստեղծում են քյառթուներին հատուկ միջավայր: Ազգային ծեսերի աղավաղումը, որը պայմանավորված է քյառթուական միջավայրի ընդլայնմամբ, սպառնալիք են դառնում ազգային նկարագրին: Նման գործերից է Զորայր Խալափյանի «Տրակտորով հարսանիք» վիպակը: Վիպակի վերնագիրն անգամ կարող է տարակուսանք առաջացնել, սակայն վերնագրի այս ընտրությամբ անգամ հեղինակն իր վերաբերմունքն է հայտնում բարքերին: Տրակտորը այս դեպքում ոչ թե գյուղատնտեսական գործիք է, այլ հարսանիքի քավորի անունը: «Հարկ կա՞ բացատրելու՝ ինչու է հայի անունը Տրակտոր: Այդպես էր ցանկացել նրա ծնողը: Երեսնական թվականներին ամենանշանավոր բանը գյուղում տրակտորն էր, հայրը սիրահարվել էր այդ մեքենային: Մեծի անունը Տրակտոր դրեց, փոքրի անունը՝ Չետեզե, որը նույնպես տրակտոր է՝ Չելյաբինսկի տրակտորի զավոդ: Տրակտորներից առաջինը զանազան հիմնարկություններում զանազան մեծ պաշտոնյաների տեղակալ էր միշտ, վարի հետ ոչ մի կապ չուներ, մյուս տրակտորը ևս կյանքում ոչ մի թիզ հող չվարեց, հողագործ հորից նրանց մեջ ոչինչ չկար: Այս մեկը ևս վատ տեղերում չէր աշխատել, հայրը քանի կար (այժմ չկա), դժգոհ չէր տղաներից և իր մաճկալությունն էլ մտաբերում էր որպես մի անտիկ հուշ» [21] :
Քյառթուի ավանդապաշտությունը չի ընդունում կյանքի զարգացման այն միտումները, որը կարող է իր պատկերացումների «տիրույթից» դուրս լինել, ինչպես նաև միամիտ անգրագիտության արդյունք կարող է լինել:
«— Ի՞նչ երգ է,— հարցրեցի:
— Բլյուզ է,— ասաց,— Մոլոսյան բլյուզ: Պապիկս է երգում:
— Պապիկդ նե՞գր է:
— Ամենևին: Սովորական հայ: Թեև մաշկը շատ էր թուխ» [22] :
ՀԱՅՐԱԿԱՆ ՔՅԱՌԹՈՒՈՒԹՅՈՒՆ
Գրականության մեջ տիպական է հայրերի ու որդիների խնդիրը, որտեղ մեծ չափաբաժին ունի անհանդուրժողականությունը: Այս հակադրության մեջ հայրը կարող է և չլինել այսպես ասած՝ դասական քյառթու, բայց սերունդների պայքարում նրա անհանդուրժողականությունը դրսևորվում է որպես քյառթուություն: Դիտարկելի են Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր», Հրաչյա Սարիբեկյանի «Հավերժական շարժիչ», «Ապորիա», Համբարձում Համբարձումյանի «Էդ գիշեր», Նառա Վարդանյանի «Սրբիչը» պատմվածքները:
Հայրական քյառթուությունը ոչ թե նոր երևույթ է, այլ ավանդաբար փոխանցվող վիճակ, որը յուրաքանչյուր ժամանակամիջոցում ամրապնդվում է: Նման իրավիճակներում է, երբ ավանդականն ու քյառթությունը միահյուսվում են և պատրանք ստեղծում, թե քյառթուությունը ավանդներին հավատարիմ մնալն է: Նույն Զորայր Խալափյանի «Տրակտորով հարսանիք» վիպակում հայրական քյառթուության ակնառու դրվագներ կան, բավական է բերել մի դրվագ, որը կարող է նաև ցույց տալ, թե ինչպես է քյառթուությունն արմատավորվում ընտանեկան հարաբերություններում և տանը.
«Պարգևը «Պետական եկամուտները» աջ թևից ձախ թևի տակ տեղափոխելով՝ Աբգարին մի կողմ տարավ.
— Ծառուկից խնդրանք ունեմ քեզ հայտնելու:
Աբգարը նեղացավ. այդ ո՞ր օրվանից Ծառուկը ուրիշի միջոցով է իրեն խոսք ուղարկում:
— Ասա՛:
— Ասեմ,— ասաց Պարգևը:— Յոթին տանը կլինե՞ս:
— Որտե՞ղ պիտի լինեմ: Կլինե՛մ:
— Տա՛նը եղիր: Գալիս են աղջկադ ուզելու:
— Ո՞վ,— չհասկացավ Աբգարը:
— Դու ազապ աղջիկ չունե՞ս:
— Ունեմ:
— Տղերքդ արդեն գիտեն, կնիկդ: Մնում ես դու: Ծառուկը գալիս է աղջկադ իր տղայի համար ուզելու: Գիտի, որ սարթ մարդ ես, դրա համար ինձ ասաց՝ մի հատ զգուշացրու:
Նրանք դանդաղ քայլում էին, Աբգարը կանգ առավ զարմացած, վիրավորված, բարկացած, ասաց.
— Հա՛յ-հա՛յ…
Պարգևը սպասում էր դրան.
— Լսի՛ր մինչև վերջ…
— Չլինելու բան է:
— Կամա՛ց:
— Չլինելու բան է:
— Ծառուկը քո ընկերը չի՞:
— Ասե՛նք: Բայց ես Ծառուկի տուն աղջիկ տա՞մ: Դրա համարձակությանը տեսե՛ք… Թո՛ղ թևս, գնա՛ բանիդ» [23] :
Հայրական քյառթուությունը շատ հաճախ կարող է երևան գալ ոչ թե կոնկրետ գործողության մեջ, այլ զավակների՝ թե՛ տղաների, թե՛ աղջիկների վարքագծում: Նրանց պահպանողականությունը, անհամարձակությունը և այլն ոչ թե սեփական ցանկությունների կամ բնավորության դրսևորում է, այլ հայրերի կողմից սպասվելիք արձագանքի, հիմնականում՝ պատժի, հանդեպ վախի դրսևորում: Այլ խոսքով՝ հայրական քյառթուությունը երբեմն անուղղակի դրսևորում է:
ՔՅԱՌԹՈՒՆ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ժամանակակից հայ արձակում առկա է միջավայրային մի, այսպես ասած՝ տարածություն, որտեղ քյառթուն ուղղակի բնական ներկայություն է՝ առանց հեղինակային ավելորդ ջանքերի: Դա, կարելի է ասել, այն տարածությունն է, որտեղ քյառթուն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Արմեն Շեկոյանի «Մետաքսի ճանապարհը» ժողովածուի պատմվածքները, Լևոն Ջավախյանի այսպես կոչված՝ վերնիսաժային պատմվածքները նմանատիպ տեքստային տարածության օրինակներ են՝ թաղային հեղինակություններով, կոլորիտային կերպարներով: Դրանց յուրահատկությունն այն է, որ քյառթուների և քյառթուության հանդեպ չկա ընդգծված հեղինակային վերաբերմունք: Այդ տեսակ կերպարների միջոցով ավելի շատ ընդգծվում է այդ գրողների պատկերած վիպական տարածության ինքնատիպությունը, և քյառթուն հանդես է բերվում որպես այդ միջավայրի, այսպես ասած՝ գույներից մեկը:
Մասնավորապես՝ Լևոն Ջավախյանի արձակում, կարելի է ասել, բացակայում է հորինումի տարրը, և նրա պատմվածքների հերոսները՝ Վարոն, Աղվեսիկը, Խելքով Ֆելոն, շատ հաճախ նաև ինքը՝ հեղինակը, ճիշտ է, քյառթու չեն, բայց բազմաթիվ հարցերի վերաբերում են քյառթուաբար: Դա տեքստում չի ընդգծվում որպես դրական կամ բացասական երևույթ, դա պարզապես իրենց ճիշտն է, որ հաճախ անգամ քննարկման ենթակա չէ: Այդպիսին են «Հիսունհինգ» ժողովածուի պատմվածքների մեծամասնությունը:
Արմեն Շեկոյանի «Մետաքսի ճանապարհը» պատմվածաշարում այդ նույն ճիշտը ամրագրված է թաղեցիների ապրելաձևի, սովորույթների, կենցաղավարության քարացածության մեջ, որը նույնպես յուրօրինակ քյառթուություն է, որովհետև դրանցից յուրաքանչյուր շեղում արժանանում է եթե ոչ անհանդուրժողականության, ապա գոնե հասարակական պարսավանքի:
Էդվարդ Միլիտոնյանի «Սարի թաղ» պատմվածաշարում, որը հիմնականում հեղինակի մանկության ու պատանեկության հուշերն են, նկատելի է, թե հեղինակը որքան լավ է ճանաչում ու որքան անմիջականորեն է առնչվում նկարագրվածին: Պատմվածաշարում խոսվում է և՛ տարբեր տեղերից Սարի թաղում բնակություն հաստատած բնակիչների ավանդույթներից, և՛ թե ինչպես են այդ նույն ավանդույթները հատկապես երիտասարդների մոտ այլ դրսևորումներ ունենում: Բոլորը ճանաչում են իրար, բոլորին ճանաչում է հեղինակը և նրան խորթ չէ միջավայրը. «Հա, պատահում է մի տնից և միլիցա է դուրս գալիս, և գող, և առևտրական, և ինժեներ: Այդպես է սարիթաղցու ավտոբուսը՝ և օրգանի աշխատող կա, և բանվոր, և գրպանահատ, և դասատու, և սկսնակ բանաստեղծ, և քանոնահար, և անդարդ խոպանչի, և ինչու խոսեն հարստությունից, երբ բոլորը գիտեն դու ով ես, քանի բարեկամ ունես աշխարհի ծայրերում, քանի ծանրոց ես ստանում, տղայիդ քանի տարի տվին, աղջկադ ով է առել: Ինչու ասեն հարստության մասին, ավտոբուսցիք գիտեն, թող քաղաքը չիմանա: Վերջին կանգառ, համեստ, շուկայամերձ, փոշոտ» [24] :
Նմանատիպ գործերում գրեթե միշտ հետադարձ հայացքն է գերիշխող, և այսօրվա հեռվից քյառթուական դիտարկվող երևույթների հանդեպ հեղինակի կողմից դրսևորվող կարոտ կա, որը թելադրում է անգամ անհանդուրժելի թվացող երևույթների հանդեպ ունենալ հանդուրժող վերաբերմունք:
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՔՅԱՌԹՈՒԱՑՈՒՄԸ
Գրականության մեջ հաճախ է պատահում, երբ հեղինակն իր ժամանակն ու միջավայրն ավելի ցայտուն արտահայտելու համար, պատմական դեմքերին կամ գրականության մեջ արդեն կերպավորված հերոսներին է կրկին անդրադառնում, նրանց տալիս յուրատեսակ կերպավորում: Ավելին՝ երբեմն այդ կերպարները հանդիսանում են աստվածաշնչյան հերոսները, որոնց ընկալումները կարծրատիպային են:
Գուրգեն Խանջյանի «Գիր-ղուշ» պատմվածքը յուրօրինակ մոտեցում է ավետարանական առասպելին: Հիսուս Քրիստոսի և տասներկու աշակերտների հարաբերությունը ներկայացվում է քյառթուական միջավայրում: Պատմվածքի հենց սկիզբը ստեղծում է այդ միջավայրը. «Ուսուցիչը հոգնել էր՝ էս աշակերտները գնում-գալիս, կպռշկում էին ու միշտ՝ նույնը. «Ախր, ուստա, մենք սենց ամեն բան թողինք, ընգանք քու հետևից, ու էս ինչքան վախտ ա անապատներով քաշ ես տալի, կարող ա՞ գիդաս ուղտ ենք, ո՛չ խմածներս ա մի բան, ո՛չ կերածներս, ամիսներով կնիկ չենք տեսնում, բա էսի կյանք ա՞, որ մենք ապրում ենք: Չէ, բան չենք ասում, ուստա ես, վրեդ ահագին խելք կա, հարգում ենք, իսկականից հարգում ենք ու հլա սիրում էլ, բայց հետո՞… Բա մի բան չես ասելո՞ւ, կոնկրետ, մեր վերջն ի՞նչ ա, այսինքս՝ վերջը պարզ ա, վերջից էն կողմ մի բան ըլնելու ա՞, մի բանի տեր դառնալու ե՞նք, թե էլի՝ էս բոմժ վիճակը, երկինքներով էլ պտի էլի քաշ տաս էս կողմ, էն կողմ: Չէ, թե ազգին իսկականից պետք ա, մենք ղուրբան, բան չենք ասում, բայց մեջներս մի քիչ կասկած կա, մի նեղացի, հլա քեզ մի րոպե դիր մեր տեղը, դիր ու մարդկայինով նայի» [25] :
Իհարկե, նմանատիպ մոտեցումները արդի հայ արձակում շատ չեն, բայց կան, և փորձում են յուրովի ներկայացնել անհանդուրժողականության դրսևորումները պատմական այլ ժամանակներում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
- Քյառթուն ենթամշակույթ չէ, այն տարբեր վերադասավորումներ է ունենում հասարակության մեջ տեղի ունեցող տեղաշարժերով պայմանավորված: Քյառթուն ցույց է տալիս հասարակության այդ պահի խոտելի երևույթները:
- Քյառթուն ներկայացված է նաև խորհրդային տարիների վերջին շրջանի գրականության մեջ, սակայն գրաքննության, լեզվի տեսչության խիստ հսկողությամբ կերպարը հաճախ չէր ամբողջանում: Սակայն այստեղ երևան եկող նրա դերակատարությունները, նրան ճանաչելի են դարձնում:
- Քյառթուի ավանդապաշտությունը սահմանված չէ ազգային արժեքներով, այլ հանրության մեջ արմատացած կենցաղավարության խոտելի երևույթներով, որն ավանդապաշտության շղարշի տակ անհանդուրժողություն է դրսևորում ազգային արժեքներին:
- Առողջ հասարակության մեջ քաղքենու գոյությունը բնական է, սակայն քյառթուի ձևավորման նախապայման է նաև քաղքենու բացակայությունը:
- Քյառթուն կովկասյան երևույթ է. այն ձևավորվել է նաև միևնույն արեալում ապրող ժողովուրդների կենցաղավարության փոխշփումներով, ուստի Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ տարբեր պետությունները որդեգրել են զարգացման տարբեր ճանապարհներ, քյառթուի միևնույն կերպը Կովկասում հնարավոր է այլևս չտեսնենք:
- Գրողը, լինելով հասարակության անդամ, նաև տեքստում կարող է ընդունել այդ հասարակության տարբեր անդամների դրսևորումները:
- Քյառթուությունը պահից թելադրված պատեհապաշտություն է: Քաղաքական իրավիճակներում քյառթուն հայտնվում և ժողովրդավարական արժեքները փորձում է ճնշել իր «հեղինակությամբ», ինչը նաև ցածր ինտելեկտի հետևանք է:
- Քյառթու իրավիճակը հաճախ ստիպում է ոչ քյառթուին հանդես գալ որպես քյառթու, որպեսզի չբախվի քյառթուի անհանդուրժողականությանը:
- Հեղինակը կարող է և՛ հանդուրժող լինել, և՛ անհանդուրժող քյառթուի նկատմամբ:
- Քյառթուն իրեն լավ է զգում իշխանական օղակներում: Այսինքն՝ նա լավ սերտաճում է վատ համակարգերի հետ:
- Վտանգավոր է այն, որ հանրությունն այսօր էլ թաքուն ակնածանք ունի գողական միջավայրի հանդեպ, որը քյառթու կերպարի ձևավորման հիմնական սնողն է:
- Քյառթուն կարող է առանց բառապաշարի դրսևորվել ու ստեղծել քյառթուական միջավայր:
- Ամեն դեպքում, քյառթուությունը որքան էլ «ավանդապաշտ» մոտեցումներ ունենա, հայրեր և որդիներ հարաբերությունում խզումով ու անհանդուրժողականությամբ է դրսևորվում:
ՔՅԱՌԹՈՒԻ ԿԵՐՊԱՐԸ ՈՐՊԵՍ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՁԱԿՈՒՄ
Աշոտ Գաբրիելյան
Արքմենիկ Նիկողոսյան, բ.գ.թ.
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հետազոտության մեջ ներկայացվել է այսպես կոչված «քյառթու» ենթամշակույթի ներկայացուցչի անհանդուրժողականության կեցվածքը՝ որպես ընդհանրապես անհանդուրժողականության ներկայացում։ Այլ խոսքով, ցույց է տրվել, որ արդի հայ արձակում քյառթուի կերպարն է հիմնականում դառնում միջոց անհանդուրժողականությունը ներկայացնելու համար։ Քննարկվում են ժամանակակից հայ գրողների երկերում արտացոլված՝ քյառթուի անհանդուրժող վարքագծի տարբեր դրսևորումները՝ կրոնական, ազգային (այդ թվում՝ ներազգային), տարիքային, սեռային և այլն, պարզաբանվում է դրանց փաստարկային հիմքը։ Առանձնացվում և քննարկվում են երևույթի ամենատարբեր մասնավոր դրսևորումներ՝ քյառթու և քյառթուություն, քյառթու լեզու, քյառթուի կերպարի գործառույթները գրականության մեջ, քյառթուական անհանդուրժողականությունը բանակում, քյառթուն որպես սպառնալիք ազգային և քաղաքացիական նկարագրին, հայրական քյառթուություն, քյառթուն որպես բնական ներկայություն, ավանդական կերպարների և պատմական միջավայրի քյառթուացումը, որոնցից յուրաքանչյուրում հայ գրողների տարաժանր տեքստերից վերցված օրինակներով բացահայտվում են երևույթի օրինաչափությունները։
Բանալի բառեր — քյառթու, ենթամշակույթ, կերպար, անհանդուրժողականություն, հանդուրժողականություն, ավանդապաշտություն
THE KYARTU CHARACTER AS A REPRESENTATION OF INTOLERANCE IN MODERN ARMENIAN PROSE
Ashot Gabrielyan
Arkmenik Nikoghosyan, cand. phil. sciences
ABSTRACT
The article presents the intolerant attitude of a representative of the so-called “kyartu” sub-culture as a representation of intolerance in general. In other words, it shows that the kyartu character in modern Armenian prose has become the main means for the presentation of intolerance. Various manifestations are discussed of intolerant behavior by kyartu characters in the works of modern Armenian writers, demonstrating religious, national (including intra-national), age-related, gender-related and other intolerance, and a factual basis is presented for them. Various specific components have been elaborated and discussed, such as the kyartu and the concept of being kyartu, the kyartu language, the functions of a kyartu character in literature, kyartu intolerance in the army, the threat posed by the kyartu to the national and civil profile, the paternal side of being kyartu, the kyartu as a natural presence, the kyartu side of traditional characters and historical settings. Each of these is presented using examples from the texts of Armenian authors of various genres, thus revealing the rules of the phenomenon of being kyartu.
Keywords – kyartu, sub-culture, character, intolerance, tolerance, traditionalism
[1] Այսուհետ՝ (ան)հանդուրժողականություն։
[2]Գուրգեն Խանջյան, Արտավազդ-Շիդար, Եր., «Անտարես», 2015, էջ 353:
[3]Ընդհանրացումը կատարելու համար շնորհակալություն ենք հայտնում Գևորգ Տեր-Գաբրիելյանին՝ դիպուկ հուշումների և կարևոր ձևակերպումների համար:
[4]Մանավանդ, եթե սրան գումարում ենք այլ ստուգաբանություններ, նույն՝ «քերթել» բառը, օրինակ:
[5]Copy Paste, «Քյառթու լեզու», 24.11.2011, http://bit.ly/2ro312N, 17.05.2017։
[6]Հրանտ Մաթևոսյան, «Կայարան», էլեկտրոնային տարբերակը՝ http://hrantmatevossian.org/hy/works/id/kayaran, 17.04.2017։
[7]Գուրգեն Խանջյան, նշվ. աշխ., էջ 348:
[8]Նույն տեղում, էջ 355:
[9]Եղիազարյան Ա., Գեղարվեստական պատում (տեսական ակնարկ), Եր., 1986, էջ 24:
[10]Տե՛ս Նորայր Ադալյան, Դավայաթաղ, Եր., «Մշակույթի հայկ. ֆոնդ», 1997, էջ 24-27, 38, 48-52 և այլն:
[11]Հովհաննես Թեքգյոզյան, Փախչող քաղաքը, Եր., «Անտարես», 2012, էջ 21:
[12]Տե՛ս Գուրգեն Խանջյան, Ենոքի աչքը, Եր., «Անտարես», 2012:
[13]Արտավազդ Եղիազարյան, Քաղաքը լուսնի տակ, Եր., «Անտարես», 2014, էջ 38-39:
[14]Վահան Թամարյան, «Ուղեղի բորբոքում», տե՛ս նրա «Արծաթափայլ հազարոտնուկը» գրքում, Եր., ՀԳՄ հրատ., 2005:
[15]Լևոն Բարսեղյան, «Մեր մայլի տղեն», «Գարուն», №1, 2016, էջ 54:
[16]Մանուկ Մնացականյան, Ընտիր երկեր, Եր., «Սովետական գրող», 1987, էջ 74:
[17]Արամ Պաչյան, Ցտեսություն, Ծիտ, Եր., «Անտարես», 2012, էջ 67:
[18]«Ի՞նչ կապ կա հայ ավանդապաշտ տղայի և «քյառթու» կերպարի միջև», 20.04.2013, http://blognews.am/arm/news/50693/inch-kap-ka-hay-avandapasht-txayi-ev-qyartu-kerpari-mijev-kam-taratsvats-amenaskhal-kartsiqy.html, 17.04.2017։
[19]Վանո Սիրադեղյան, Ձեռքդ ետ տար ցավի վրայից, Եր., «Նաիրի», 2000, էջ 201:
[20]Աբել Միքայելյան, Կարուսել, Եր., «Զանգակ-97», էջ 146:
[21]Զորայր Խալափյան, Ծնծղա, Եր., «Սովետական գրող», 1985, էջ 101:
[22]Գուրգեն Խանջյան, «Կոլաժ-բլյուզ՝ տիբեթյան շան համար», Կայարան (XX դարի երկրորդ կեսի հայ պատմվածքի ընտրանի), Եր., «Անտարես», 2012, էջ 181:
[23]Զորայր Խալափյան, Ծնծղա, Եր., «Սովետական գրող», 1985, էջ 87:
[24]Էդվարդ Միլիտոնյան, Արգիշտի արքայի աչքերը, Եր., «Նաիրի», 1994, էջ 41:
[25]Գուրգեն Խանջյան, Նամակներ ընթացքից, Եր., Հեղ. հրատ., 2009, էջ 185: