Գոհար Աքելյան | Ընթերցանությունը ՏՏ դարում

Գոհարիկ Աքելյան

10634389_896947077000771_1752244306_n

Այս լազերային սկավառակը կարող է ավելի շատ ինֆորմացիա պարունակել, քան այստեղ գտնվող բոլոր թղթերը՝ միասին վերցրած: Բիլ Գեյթս, 1994

Ընթերցանությունը ՏՏ դարում

Արդյո՞ք պետք է մանրամասն խոսել ժամանակի ընթացքում գրաստեղծման և համապատասխանաբար ընթերցանության ձևերի փոխվելու մասին: Համենայն դեպս, ես տրամաբանության փոխարեն զգացական ընկալման գլուխ բարձրացնելու պահին միշտ մտքով էքսկուրս եմ անում ժայռապատկերներից սալիկներ, դամբարանագրերից պապիրուսներ, մագաղաթ, բամբուկ, թուղթ էվոլյուցիայի հետքերով: Վստահաբար՝ քարից փափուկ պապիրուսին անցնելիս շատ ու շատ մարդիկ ասել են, թե ճշմարիտ գիրը պիտի կարծր քարի վրա լինի, որ ձեռքերում քարի սարսուռը զգաս և առնես թեթև մգլահոտը: Չե՞ք կարծում, որ մագաղաթից հրաժարվելը՝ հօգուտ թղթի նույնպես հուզական առումով կարող էր սթրեսային լինել: Պատահական չէ, որ կավե սալիկներ օգտագործվել են աշխարհի տարբեր երկրներում՝ ընդհուպ մինչև 19-րդ դարը: Հետաքրքրական է, բայց տպագիր գրքերի զգարանային ընկալման մասին միայն դասական գրքասերները չէ, որ խոսում են, այլև տարբեր գիտնականներ և հոգեբաններ:

Բոլորովին վերեջերս կարդացի թեմային հանգամանորեն անդրադարձող մի հոդված, ուր հետևյալ մեջբերումն էր արված. «Ընթերցանությունը մարդու և տեխնոլոգիաների փոխհարաբերություն է, – ասում է նորվեգիական Ստավանգերի համալսարանի բանասիրական գիտությունների պրոֆեսոր Էն Մանգենը: – Հնարավոր է՝ թղթի շոշափելիությունն ու ֆիզիկական հաստատունությունը հանգեցնում է որոշակի իմացական և զգայական փորձառության»: Նույն հոդվածի պնդմամբ՝ որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ընթերցանությունը թղթից ավելի խորքային է, քան ընթերցանությունը էկրանից, իսկ այլ ուսումնասիրություններ էլ, թերևս որևէ տարբերություն չեն գտնում: Ընդ որում, հոդվածում շատ երկար խոսվում է համակարգչային էկրանից ուղղահայաց ընթերցման անհարմարությունների մասին՝ վերջում հավելելով, որ դա արդեն ժամանակավրեպ հարցադրում է, քանի որ բազմաթիվ ծրագրեր և գաջեթներ գալիս են լուծելու սքրոլ (նավարկումային) թերթման թերությունները:

Մեկ այլ նմանատիպ հրապարակման մեջ էլեկտրոնային ընթերցանության դեմ գլխավոր հակափաստարկն այն է, որ ընթերցանությունը ֆիզիկական գրքից ենթադրում է քարտեզագծման պես ինչ-որ գործընթաց, որի օգնությամբ հնարավոր է դառնում ավելի հստակ վերհիշել կարդացածը, քանի որ տեսողական հիշողությամբ տպավորվում է տվյալ էջի որոշակի մասում որոշակի բովանդակության տեղակայումը (օրինակ՝ ա՞ջ, թե՞ ձախ հատվածում), ինչպես նաև մտապատկերային զուգորդմանն են նպաստում թղթի առանձնահատկությունները, իլյուստրացիաները և այլն: Մինչդեռ էլեկտրոնային գրքերի պարագայում ֆիզիկական զուգորդումներով մտապատկերային քարտեզագրումը հնարավոր չէ, ինչն էլ թուլացնում է թե´ կենտրոնացման և թե´ մտապահման բնատուր հնարավորությունները: Հետաքրքիր է, որ 2013-ի ապրիլի 11-ին հրապարակած այս նյութն ասածները հավաստելու համար ներկայացնում է այնպիսի գիտափորձեր, որոնք արվել են համակարգչի էկրանից ընթերցանությամբ (և ոչ էլեկտրոնային ընթերցիչով): Իսկ գիրքը, որին հղում է տալիս հոդվածագիրը, այն է՝ «Անթուղթ գրասենյակի մասին միֆը» (հեղինակներ՝ Էբիգեյլ Սելլեն, Ռիչարդ Հարփեր), հրատարակվել է 2001-ին և իհարկե թեական ու վիճելի քննարկումների հիմքում դրել է կրկին համակարգչային ընթերցանության խնդրահարույց կողմերը: Սա ընդգծում եմ ոչ այնքան առաջ քաշված տեսակետները մերժելու, որքան ցույց տալու համար հասարակության հստակ նախատրամադրվածությունը, որի արդյունքում թեմատիկ հոդվածների մեծ մասը չգիտակցված կամ գիտակցված միտումնավորությամբ անտեսում է էլեկտրոնային ընթերցանության արդի ձեռքբերումները և փաստերը լղոզում իրար՝ հօգուտ սեփական նախապաշարմունքի:

Theguardian.com կայքում հրապարակված մեկ այլ հոդված էլ, վկայակոչելով Քինդլ (Kindle) ընթերցանությանն ուղղված ուսումնասիրություններ, որոնք բոլորը փաստում են ընթերցանության այս տիպի ակնհայտ թերությունները ավանդական ընթերցանության հետ համեմատած, չի ապահովում գիտականության պատշաճ նորմերը՝ չնշելով, թե գիտափորձին մասնակցած անձինք էլեկտրոնային ընթերցանության ինչպիսի փորձառություն ունեն, արդյո՞ք նախկինում ևս երբևէ Քինդլ ընթերցիչից օգտվել են և այլն: Տարակուսանքն առաջացավ մասնավորապես այն պատճառով, որ հիշատակված ուսումնասիրություններից մեկի կապակցությամբ հոդվածագիրը նշում է, որ փորձին մասնակցել է միայն երկու փորձառու Քինդլ ընթերցող: Նման հայտարարությունից հետո փոքր-ինչ անհավաստի են թվում հետազոտության արդյունքներն ու պնդումները: Իմ նպատակը էլեկտրոնային ընթերցանության առավելությունները կուրորեն առաջ մղելը և թերությունները անտեսելը չէ, սակայն խիստ ցանկալի կլիներ, որպեսզի հետազոտությունների անցկացման և առավել ևս մեծ քանակությամբ տպագրվող հանրամատչելի հոդվածների հեղինակման ժամանակ ուշադրություն դարձվի օբյեկտիվության, գիտականության և սենտիմենտալ նոստալգիկ հույզերի բացասման նախապայմանին: Այսպիսի ոչ պրոֆեսիոնալ հոդվածները, ցավոք սրտի, չափազանց շատ են:

Բերեմ ևս մեկ օրինակ, որն ինձ հանդիպածներից ամենավառ և սարկազմիկն է, ու այսքանով հարցը համարենք փակված: Lifehacker.ru կայքում ոմն Ալեսքանդր Մարֆիցին գրախոսել է Ջեյսոն Մերկոսկու «Այրելով էջը» (եթե բառացի թարգմանելու լինենք) գիրքը՝ չմոռանալով իր տեսակետը հիմնավորել նաև համապատասխան մեջբերումներով: Հոդվածը կարդալուց հետո ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսինն էր, որ Քինդլի ստեղծմանն անմիջականորեն մասնակցած մարդկանցից մեկը՝ Մերկոսկին, թեական վերաբերմունք ունի էլեկտրոնային գրքերի հանդեպ և համարում է, որ թղթե գրքերն այնուամենայնիվ անփոխարինելի են: Առավել հիմնավոր պատկերացում ունենալու համար կարդացի գրքից որոշ հատվածների ռուսերեն թարգմանությունը, որը pdf ֆայլի տեսքով կցված էր հոդվածին: Այս համառոտ ծանոթացումը բնագրին արդեն իսկ զգացնել տվեց, որ ինչ-որ բան այն չէ: Ներբեռնեցի գրքի օրիգինալ՝ անգլալեզու և ամբողջական տաբերակը ու սկսեցի հանգամանորեն ուսումնասիրել: Այն, ինչ գրել և ասել է հեղինակը, առհասարակ որևէ կապ չունի գաղափարախոսության հետ, որը փորձել է Մերկոսկու անունից ներկայացնել լրագրող Մարֆիցինը: Դեռ ավելին՝ օրիգինալ գիրքը «Էլեկտրոնային գրքերի հեղափոխությունը և ընթերցանության ապագան» երկրորդ վերնագիրն ունի, որը որևէ կերպ արտացոլված չէ ռուսերեն թարգմանության վերնագրում՝ «Книга 2.0»: Գրքին էպիզոդիկ դեռևս կանդրադառնամ, այստեղ ուզում եմ ավելացնել միայն, որ էլեկտրոնային գրքերի ստեղծման օրվանից մինչև ներկան պատմական անդրադարձը և ընթերցանության ապագայի տեսլականն այնքան փաստարկված, զուսպ և համակողմանիորեն ուսումնասիրված էր, որ, լինելով Քինդլի ջերմ երկրպագու, գրքի ընթերցանությունից հետո չկարողացա դիմանալ հեղինակին մի քանի բառով տպավորությունս հայտնելու գայթակղությանը և գրեցի Ջեյսոն Մերկոսկուն  Լինքդին սոցիալական ցանցի միջոցով: Պատասխան նամակը, որն իրեն երկար սպասել չտվեց, եզրափակվում էր հետևյալ նախադասությամբ (թող որ ներվի ինձ այստեղ մեջբերել). «Ebooks truly are revolutionary, aren’t they? 🙂*»: Չգիտեմ էլ՝ արդյո՞ք Ալեքսանդր Մարֆիցինը կարդացել էր Մերկոսկու գիրքն ամբողջությամբ, միտումնավո՞ր էր աղավաղել գրքի բուն ասելիքը, թե՞ պարզապես չէր ըմբռնել, բայց փաստը մնում է փաստ, որ այսօր մարդիկ էլեկտրոնային ընթերցանության հանդեպ հիվանդագին նախապաշարումներ ունեն և փորձում են ամեն գնով փոքրացնել նոր տեխնոլոգիայի արժանիքները՝ հույս ունենալով այդ կերպ փրկել թղթե գիրքը և իրենց ընկալմամբ՝ ԳԻՐՔՆ առհասարակ:

Գերարագ տեմպերով զարգացող տեխնոլոգիաների դարաշրջանում լուրջ և ծանր տոնով եզրակացություններ անելն անհեթեթ է, և ես հստակ գիտակցում եմ, որ իմ ցանկացած դիտարկում կարող է ժամանակավրեպ դառնալ ճիշտ այն պահին, երբ ես կավարտեմ այս հոդվածը: Այնուամենայնիվ, տեսնենք, թե ինչպիսինն է դաշտը ներկայումս, ինչպիսի հնարավորություններ է տալիս թվային ընթերցանությունը:

Նախ և առաջ, անթիվ-անհամար են հավելումները, որոնք նախատեսված են տարբեր սարքավորումների էկրաններից հարմարավետ կարդալու համար: Որպես մեկ աստիճանով ավելի հին տեխնոլոգիա՝ բաց թողնենք ստացիոնար համակարգիչների և նոթբուքերի էկրանից կարդալու համար ստեղծված ծրագրերը. դրանք այլևս արդիական չեն, առավել հարմարավետ է սմարթֆոնով կամ պլանշետով կարդալը: Էլեկտրոնային ընթերցանության (e-reading) համար նախատեսված հատուկ ծրագրերը, ի հակասումն հոռետեսների և «սովետի ժամանակներից» այս կողմ գրքի հետ ոչ մի ֆիզիկական և հոգևոր կոնտակտ չունեցած անձանց նախապաշարումների, մեծ պահանջարկ ունեն: Դրանց մասին ամեն օր գրվում են գրախոսականներ (ռեվյու)` այսպես կոչված «այթիշնիկների» (ՏՏ ոլորտի մասնագետներ/լրագրողներ) և ինտերնետ աշխարհի ամենայն հեղինակություն-աստվածություն ՕԳՏԱՏԵՐԵՐԻ կողմից (նկատեք, որ «շարքային ընթերցող» արտահայտությունը կորցնում է իր նշանակությունն ու նշանակյալին[1]):

Դրանց մրցակցային զուգադրումները լուրջ ուսումնասիրությունների տեղիք են տալիս, այդպիսի հավելումներ ստեղծվում են բավականին հաճախ, և վերջապես դրանք մեծ պահանջարկ են վայելում, ինչի մասին վկայում են ներբեռնումները: Այս ծրագրերի գլխավոր հատկանիշները, որոնք կարևորում է ժամանակակից ընթերցողը, հետևյալք են` վճարովի՞ է, թե՞ անվճար, ի՞նչ ֆորմատներով է աշխատում, ունի՞ առընթեր օնլայն գրախանութ, ինչպիսի՞ գրքեր են այնտեղ ներկայացված, որքանո՞վ հեշտ է կազմակերպված գրքի ներբեռնումը և այլն: Շատ կարևոր է հատկապես հարմարավետ, պարզ և գեղեցիկ ինտերֆեյսի առկայությունը, ընդ որում, պրակտիկությունն ու էսթետիկությունը համարժեք մեծություններ են: Այնուհետ շատ կարևոր են կարգավորումները` տառատեսակ և դրա չափերի փոփոխում, գիշերային/ցերկային ռեժիմներ, նշումներ անելու հնարավորություն, էջանշանի տեղադրման ֆունկցիա և այլն: Հավելյալ ճոխություններից է սոցիալական ցանցերի ինտեգրումը, ինչը ապահովում է ընթերցանության և հասարակական մտածողության նոր մոդելի փոխադարձ կապը` ընթերցանությունը դարձնելով ոչ թե ժամանակի նավակից դուրս մնացած, այլ միանգամայն արդի հաղորդակցման և ինքնաարտահայտման ձև: Ստատուսի տեսքով մեջբերումներ, Like, մեկնաբանություններ` սրանք եթե անգամ թիթիզություններ են, ապա բոլորովին ոչ 21-րդ դարյան. հուշատետրեր, բանաստեղծական ծաղկաքաղի ալբոմներ, դասարանների պատերին փակցրած թևավոր խոսքեր` արդյո՞ք արարքը նույնը չէ և միայն արարման հարթակը տարբեր:

Քանի որ «Ընթերցման համար լավագույն հավելումները», «5 ամենալավ ընթերցիչները» և այլն, այս ոճի հոդվածներ չափազանց հաճախ են լինում, ինձ իրավունք վերապահեմ ձեր ուշադրությանը ներկայացնել մի քանի այդպիսի «լավագույն» ծրագրեր` ըստ իմ նախընտրած հոդված-ուսումնասիրության: Android օպերացիոն համակարգով աշխատող ընթերցանության ծրագրեր, որոնք արժանի են ուշադրության` Aldiko Book Reader, PocketBook Reader, Cool Reader, FBReader, Google Play Книги, Kobo: iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերից օգտվողները կարող են ընթերցանությունը վայելել հետևյալ ծրագրերով` Shortbook, iBooks, Айчиталка, Bookmate: Եվ իհարկե Windows Phone օպերացիոն համակարգի հավելումներից` Coffee Reader, Fiction Book Reader, READU, ЛитРес: Читай!, Raccoon Reader: Բնականաբար սրանք ընդամենը մի քանիսն էին բազմաթիվ նմանատիպ ծրագրերից: Էլ ավելի հետաքրքիր են ոչ թե պարզապես ընթերցանության համար գործիք ծառայող, այլ ընթերցանությանը նպաստող հավելումները:

Ինձ նմանատիպ ծրագրերում ամենից շատ հիացնում է ոչ թե դրանց գործառական նշանակությունը բուն իմաստով, այլ մտահղացումը և միտվածությունը` ինչպե՞ս անել, որ մարդիկ ավելի շատ կարդան, ավելի հարմար կարդան: Կասեք նմանատիպ հավելումների հեղինակների համար գրականությունն ընդամենը բիզնե՞ս է, թող որ (թեպետ ես համամիտ չեմ և մյուս կողմից`  մի՞թե գրատպությունն այլ բան է), և այնուամենայնիվ, նկատեք, թե ինչպիսի լայն շրջանառության մեջ է դրվում «ընթերցանություն» կոչվող ֆենոմենը:

Այժմ ավելի առարկայական: Ես այս պահին կարող եմ մտաբերել առնվազն 5 հավելում, որոնք ոչ ավել, ոչ պակաս, ստեղծված են արագ ընթերցանության համար: Այս ծրագրերի շնորհիվ դուք կկարողանաք կարդալ մինչև րոպեն 500 բառ արագությամբ` միջինացված րոպե/200-ի փոխարեն: Հիշատակված ծրագրերն են` Spritz, Speed Reader, Fastreader, Sprint Reader, SB.Reader: Ո՞րն է վերջիններիս կողմից առաջարկվող նորարարական տեխնոլոգիան: Այս հավելումներով գիրք կարդալիս էկրանին հայտնվում է ընդամենը մեկ բառ և ոչ թե նախադասությունը կամ հատվածը ամբողջությամբ և փաստորեն, առանձին բառերով կարդալը արագացնում է ընթերցանության տեմպը: Ոմանք անգամ պնդում են, որ այդպիսով բարելավվում է մտապահումը, կենտրոնացումը և այլն: Բոլորովին այլ հարց է` իրո՞ք դա այդպես է, թե՞ ոչ, պե՞տք է կարդալ ավելի արագ, քան դա կարողանում ենք անել «բնական եղանակով»… Եկեք պարզապես ուշադրություն դարձնենք ընթերցակարգի նոր հնարավորությունների և ինքնադրսևորումների վրա:

Անձամբ ես «ընթերցանության համար» շարքի հավելումներից իմ սմարթֆոն եմ ներբեռնել և օգտագործում SmartFiction ծրագիրը: Ո՞րն է այս ծրագրի, այսպես կոչված, մեխը: Ամեն օր («ամեն օր»-ը կարծեմ մի փոքր չափազանցված գովազդ է. որքան ես եմ հասցրել նկատել, պատմվածքները ամեն օր չեն թարմացվում)  նոր կարճ պատմվածք` համաշխարհային գրականությունից: Եթե որևէ սպասասրահում ես, տրասնպորտում` խցանման մեջ կամ պարզապես ձանձրանում ես, բացում ես հավելումը և կարդում «օրվա պատմվածքը»: Ըմմ, ես թե՛ YouTube-ի և թե՛ դասական ռադիոյի սիրահար եմ: Երբեմն հաճելի է լսել որևէ պատահական երգ և կամ բացահայտել անծանոթ կատարողի: SmartFiction-ն այս իմաստով իմ ռադիոն է, ընդ որում, այդ օրն առաջարկվող պատմվածքը հավանելու դեպքում այն կարող եք պահպանել ձեր ֆավորիտների ցանկում: Ի դեպ, հավելման հեղինակները բավականաչափ սրամիտ են թրենդային գրականություն հրամցնելու հարցում. եթե որևէ պատմվածքի էկրանավորում հայտնվել է կինոթատրոններում, ապա վստահ եղեք, որ մոտակա օրերը դուք զարմանքով կբացահայտեք, որ ձեր տեսած ֆիլմը ինչ-որ փոքրիկ պատմվածքի հիման վրա է ստեղծվել: Այժմ դուք գիտեք` ինչու եմ ես սիրում այս ծրագիրը:

Կան իհարկե շատ ավելի ֆունկցիոնալ և օգտակար ծրագրեր ու գաջեթներ, օրինակ` FingerReader, որը կօգնի թույլ տեսողությամբ մարդկանց չզրկվել ընթերցանության հաճույքից, աուդիոգրքեր, որոնք հրաշալի լուծում են թե՛ տեսողական խնդրի հետ կապված ընթերցանության կոնֆլիկտի, թե՛ ուսումնական-դաստիարակչական պլանում, ինչպես նաև պարզապես «ընթերցանության» նոր ձևաչափ են առաջարկում գրքասեր մարդկանց: Կան նաև հրաշալի հավելումներ կոմիքսների սիրահարների համար. բոլոր սիրելի կոմիքսները հնարավոր է ձեռք բերել անմիջապես լույս ընծայվելուց հետո` մատչելի գներով. մի՞թե դա շատերի երազանքը չի եղել փոքր տարիքում, երբ արտասահմանյան կոմիքսները դժվարությամբ էին ճարվում մեր երկրում: Եթե դուք այդ մասին մինչ օրս էլ երազում եք, ուրեմն Мировые Комиксы Marvel, Comics, NARR8, DC Comics հավելումները ձեզ անպայման պետք կգան: Հետաքրքրական են նաև այնպիսի ծրագրերը, որոնք, հաշվի առնելով ձեր ընթերցողական նախասիրությունները կամ հիմք ընդունելով առաջարկված հարցաշարին տված պատասխանները, պարբերաբար ձեզ առաջարկում են` ինչ կարդալ: Նոր գրականության ծանոթանալու արդյունավետ միջոց է, կարծում եմ: Եվ ինչպես ասում են գրեթե բոլոր գովազդներում` սա դեռ ամենը չէ:

Ընթերցասիրության դրսևորման բոլորովին, բոլորովին ֆենոմենալ մի ձև ևս, որն ամբողջությամբ արտապատկերում է դարի մտածողությունը և փաստորեն ինքնորոշման ամենատարածված կերպը. խոսքը սոցիալական ցանցերի մասին է: Մեր օրերում մեր վարվեցակարգը շատ կողմերով պայմանավորված է ոչ միայն իրական հանրային հարաբերություններով, այլև նույն մոդելի վիրտուալ արտապատկերման տարածությամբ՝ համացանցով և մասնավորապես սոցիալական ցանցերով, որը, իրականում արտապատկերման գործառույթից բացի նաև կազմակերպչական, քարոզչական գործառույթ է իրականացնում: Եթե հաստատում ենք, որ զուգահեռ իրականությունում զետեղված վիրտուալ հասարակությունը կյանքը պասիվ պրոեկտողի դերում չէ, այլև ակտիվ վերաձևողի, ուրեմն սոցիալական ցանցերը, որպես արժեհամակարգային կրիչներ, մեծ հետաքրքրություն են ներկայացնում իրենցից: Այժմ պատկերացրեք, թե մեր հարցադրման կոնտեքստում որքան առավել ևս կարևոր են գրականության ու ընթերցանության «մասին» կամ «համար» սոցիալական ցանցերը: Այդպիսիք, պարզվում է, բավականին շատ են: Թվարկեմ դրանցից ինձ հայտնիները՝ Kobo’s Reading Life, Shelfari, Scribd, Wattpad, HarperCollins’ Bookperks, Copia, Nook Friends, inReads, Book Country և բոլորիս քաջ հայտնի  Goodreads-ը:

Այս սոցիալական ցանցերում հավաքվում է գրքասերների մի մեծ հասարակություն, ովքեր միմյանց հետ քննարկում են իրենց սիրելի գրքերը, «կիսվում» մեջբերումներով, տալիս գնահատականներ կարդացած գրքերին, խաղում բլից հարցրերով խաղեր՝ գրքերի մասին, կազմում իրենց գրքերի ցանկը (վիրտուալ գրադարակ), տեղեկանում նոր գրքերի, հեղինակների մասին և այլն և այլն: Մոտավորապես նախաինտերնետային հասարակությանը հարազատ ընթերցասերների ակումբների պես մի բան, բայց շատ ավելի ակտիվ և ֆունկցիոնալ, քանի որ դրանցում ներգրավվում են միաժամանակ շատ մարդիկ, ինչպես նաև կարող են հաղորդակցվել օրվա ցանկացած պահի, ցանկացած վայրից: Սրանցից ամեն մեկը յուրովի խթանում է գրքասեր կոլեկտիվ մտածողության ձևավորմանը, ստեղծում հատուկ հարթակ, ուր ամեն ինչ գրքերի մասին է՝ հարմարավետ ինտերֆեյսով, հղումներով և անհրաժեշտ ինֆորմացիայի պաշարով: Ուշադրություն դարձրեք՝ ինչ հաղորդագրություն է հղում Scribd-ը իր այցելուներին. «Ֆիլմերի սիրահարներն ունեն Netfix-ը, երաժշտության սիրահարներն ունեն Spotify-ը և գրքասերները (անկախ նրանից արդյո՞ք կարդում են գեղարվեստական գրականություն, թե՞ լավ վաճառվող աղբը ընդգծումն իմն է՝ Գ.Ա.) այժմ ունեն Scribd-ը»: Kobo’s Reading Life-ում առաջարկում են ստեղծել ընթերցանության օազիս՝ Reading Mode կարգավորումով, որի դեպքում կանջատվեն պլանշետի Facebook, Skype և այլ ծանուցումները՝ ստեղծելով ընթերցանությամբ ՏՏ աշխարհից փախչելու, ինչպես նաև ընթերցանության համար պլանշետի մարտկոցի խնայման հրաշալի տարբերակ: Իսկ Book Country-ն և Wattpad-ը ստեղծված են ոչ միայն ընթերցասերների, այլև հեղինակների համար, ովքեր կարող են հրապարակել իրենց գրքերը այդ հարթակներում:

Ի դեպ, գրող-ընթերցող ընդհանուր հարթակի ստեղծմանը միտված են բազմաթիվ «գրքամոլ» կայքեր, հատկապես այնպիսիք, որոնք նախատեսված են էլեկտրոնային գրքերի ներբեռնման համար: Ինչպես օրինակ  Free-eBooks կայքում հնարավոր է ստեղծել սեփական հաշիվ և վերբեռնել ձեր հեղինակած գրքերը: Շատ-շատ են էլեկտրոնային գրքերի վճարովի կամ անվճար ներբեռման համար կայքերը, որոնց շնորհիվ անհրաժեշտ գիրքը գտնելը դառնում է վայրկյանների հարց` վերացնելով տարածության և ժամանակի պատնեշները, որոնց բախվում եք ֆիզիկական գրքի ձեռքբերման դեպքում: Էլեկտրոնային գրքերի և էլեկտրոնային գրախանութ-գրադարանների այս առավելությունները այնքան շատ են և ակնառու, որ դրանք չգնահատելը պարզապես ծիծաղելի է: Զուգահեռում ունեցեք քաղաքային և բջջային հեռախոսների, ստացիոնար և պորտատիվ համակարգիչների օրինակները և ասեք` արդյո՞ք հրաշալի չէ տեխնիկայի հսկայական առաջընթացը: Սմարթֆոնի հավելյալ հնարավորությունները շեղո՞ւմ են մարդկանց, բավակա՞ն էր միայն զանգելու կոճակը: Անկեղծ լինենք ինքներս մեզ հետ. եթե որևէ մեկը չի գնահատում իր ժամանակը և էլեկտրոնային ընթերցիչը կամ սմարթֆոնը շեղում է իր գործունեությունից, ապա նա առանց որևէ բարձրագույն տեխնոլոգիայի էլ ժամանակ մսխելու հրաշալի միջոցներ կգտնի:

Իրավացի է Ջեյսոն Մերկոսկին, ով ասում է, որ «հեղափոխությունն այն, է երբ հանդիպում են տեխնոլոգիաները և մշակույթը»: Եթե կան տեխնոլոգիաներ և չկա մշակույթ, ապա, այո, մենք կունենանք միայն մտավոր պարապուրդ և գաջեթների ավելցուկ: Եթե կարծում եք, որ մեր հասարակությանը էլեկտրոնային ընթերցանությունը որևէ կերպ կարող է վնասել, գուցե փնտրե՞նք այն, ինչ պակասում է առհասարակ` ընթերցանության մշակույթը առանձնապես և մշակութայնացումը ընդհանրապես: Ապա թե ոչ, տեխնոլոգիաների մասով ամեն ինչ կարգին է վստահաբար: Մերկոսկին նույնքան իրավացի է, երբ նկատում է, որ էլեկտրոնային գրքերով կարելի է լուծել խնդիրներ, որոնք դժվարությամբ էին իրականացվում նախկինում, օրինակ` ուղարկել ահռելի գրադարան Աֆրիկայի հեռավոր գյուղերից մեկը` չվախենալով կարանտինից, պահումներից և այլ խնդիրներից: Իսկ հայկական գյուղերի, զորամասների կիսադատարկ կամ հնացած գրադարանները չունե՞ն այս խնդիրը: Ազգային գրադարանը որքանո՞վ է լուծում ափդեյթի հարցը, ո՞ր թվականի հրատարակություններ են ամենաթարմ մասնագիտական ռուսալեզու գրքերը, որքա՞նով է ներկայացված օտարալեզու գրականությունը: Իհարկե էլեկտրոնային գրքերը և էլեկտրոնային ընթերցիչները հրաշալիորեն կլուծեին այս հարցը: Կարող եք առարկել, թե ոչ միայն գյուղերում, այլև մայրաքաղաքում էլեկտրոնային ընթերցիչներ բոլորը չեն կարող գնել: Անշուշտ: Իսկ հետաքրքի՞ր է իմանալ, թե այդ հարցն ինչպես են սկսել կարգավորել աշխարհում:

Օրինակ անցած տարի Տեխասում պիտի բացվեր մի գրադարան (ավելի թարմ տեղեկություններ, ցավոք, չունեմ), ուր նախնական փուլում լինելու էր 100 էլեկտրոնային ընթերցիչ և ևս 50-ը հատուկ երեխաների համար, որոնցով ընթերցողները կկարողանային կարդալ ոչ միայն գրադարանի տարածքում, այլև որոշ ժամանակով տուն տանել, ինչպես նաև գրադարանին պատկանող գրքերը փոխանցել իրենց կրիչների վրա: Բացի էլեկտրոնային ընթերցիչներից գրադարանում լինելու էին նաև այլ սարքեր` նոթբուք, համակարգիչ, պլանշետ: Իսկ որ ամենակարևորն է` այդ ամենը հասանելի էր լինելու ընթերցողներին անվճար:

Մոտավորապես նույն ժամանակահատվածում նմանատիպ մի նախագիծ որոշեց իրականցնել Մոսկվայի հանրային գրադարանը` տրամադրելով ընթերցողներին էլեկտրոնային գրքեր. «Ընթերցողը ստանում է անհատական համար և գաղտնաբառ, ընտրում մոբայլ սարքավորման անհրաժեշտ հրատարակությունը և պատվիրում որոշակի ժամանակահատվածով: Գրադարանում առաջարկվող էլեկտրոնային գրքերում պահպանված են իլյուստրացիաները, էջադրումը և շրիֆտը: Գրադարանի աշխատակիցը տեսնում է պատվիրված գրքերը և պատվերների վիճակագրությունը: Այսպիսով, չեն խախտվում հեղինակային իրավունքներն ու հարակից իրավունքները, իսկ գրադարանը հանդես է գալիս որպես միջնորդ տեքստի իրավական սեփականատիրոջ և ընթերցողի միջև»[2]: Ներկայացված գրքերը կարելի է ստանալ թե´ սեփական սարքի վրա, թե´ գրադարանապատկան էլեկտրոնային ընթերցիչով[3]:

Էլեկտրոնային ընթերցիչներն առհասարակ, նոր դարաշրջան են բացում ընթերցանության մշակույթի և ընթերցանության պատմության մեջ: Տարբեր գաջեթներ, հավելումներ` սրանք բոլորը հրաշալի լուծումներ են, սակայն էլեկտրոնային ընթերցիչները կամ այսպես կոչված ի-ռիդերները ընթերցանությանը մոտենում են ոչ թե որպես բազմաթիվ հնարավորություններից մեկի, այլ ամբողջապես կենտրոնացած են կարդացողության պրոցեսի վրա և դրա շնորհիվ էլ լիարժեք  փոխարինում են ավանդական, ֆիզիկական գրքին: Այսպիսի ահռելի չափերի հասնող լայնածավալ գրատպության օրերում, կարծեմ, էլեկտրոնային ընթերցչի գաղափարը ավելի քան տեղին է նաև բնապահպանական նկատառումներով` հօգուտ անտառների և շրջակա միջավայրի:

Ըստ News.softpedia.com կայքի հոդվածներից մեկի՝ երբևէ ստեղծված առաջին ի-ռիդերը կամ գոնե նախատիպը պատրաստ է եղել դեռևս 1989-ին, այսինքն՝ մի տարի ավելի վաղ, քան ստեղծվեց Sony-ի Data Discman DD-10 էլեկտրոնային ընթերցիչը: Այս ընթերցիչն այդպես էլ չի հանվել վաճառքի, բայց որպես փաստ խիստ հետաքրքրական է: Երկու LCD էկրանից բաղկացած սարքը չափերով բավականին մեծ է և հավանաբար ոչ այնքան հարմար ընթերցանության համար, մինչդեռ մտահղացման հեռանկարային լինելը շուտով շատերն էին հասկանալու: Պատահական չէ, որ այսօր ՏՏ արդյունաբերությունն առաջարկում է ընթերցանության գաջեթների հսկայական տեսականի: Շուկայում առկա բազմաթիվ ապրանքանիշերն առաջարկում են երկու տեսակի տեխնոլոգիայով պատրաստված էլեկտրոնային ընթերցիչներ՝ LCD էկրաններ (հեղուկբյուրեղային տեխնոլոգիա) և Е-ink էկրաններ («էլեկտրոնային թղթի» տեխնոլոգիա): Վերջինս առաջին անգամ մշակվել է Sony ընկերության կողմից 2005 թվականին: Եվ թեպետ շոկի, այցելություններ ապահովելու կամ պարզապես հոդված հորինելու համար «LCD vs Е-ink» թեմայով հրապարակումներ հաճախ են երևան գալիս, վաղուց ևեթ պարզ է, որ ընթերցանության համար առավել հարմար են թղթյա տեխնոլոգիայով սարքավորումները, որոնք հեղուկբյուրեղային էկրանների պես չեն փայլում արևի տակ, չեն հոգնեցնում աչքերը երկարատև ընթերցանության պրոցեսում և ավելի երկար են պահպանում մարտկոցի լիցքը: Եթե դուք տեղյակ չեք, թե որոնք են այսօր ասպարեզում առկա ամենահարմար և որակյալ էլեկտրոնային ընթերցիչները, առաջարկում եմ ծանոթանալ Cnet.com կայքի կազմած «2014-ի լավագույն ի-բուք ռիդերների» թոփ հնգյակին, որք են՝ Amazon Kindle Paperwhite (2013), Barnes & Noble Nook GlowLight, Barnes & Noble Nook Simple Touch, Amazon Kindle (2012), Kobo Glo. Մոտավորապես նույն ցանկն է առաջարկում նաև Toptenreviews.com կայքը՝ նույն ապրանքանիշերի սարքերի վերադասավորությամբ: Ես իմ կողմից կուզեի ավելացնել ևս մեկ հետաքրքրական սարք PocketBook ընկերության կողմից՝ միանգամայն օգտակար հնարավորությունով: Խոսքն այս տարվա մարտին հանրությանը ներկայացված PocketBook Aqua 640 մոդելի մասին է, որը տեղակայված տեսախցիկի շնորհիվ կարող է լուսանկարել փաստաթուղթը և թվայնացնել վերջինիս տեքստային պարունակությունը: Սակայն տեղեկություն, թե որ լեզուներով է աշխատում սարքը, չգտնվեց: Ի լրումն նշեմ, որ ընթերցանության համար նախատեսված բոլոր հնարավոր սարքերի և ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկություններ քաղելու համար կարող եք հետևել The-ebook.org կայքի հրապարակումներին: Այսքանը թերևս հրաշք-սարքերի տեխնիկական կողմի մասին: Այժմ կուզեի ուշադրությունը հրավիրել ընթերցանության այս նոր տեխնոլոգիայի կոնցեպտային կողմին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ընթերցիչը: Մեկ գիրք, որում զետեղված են բազմաթիվ այլ գրքեր: Ընդ որում, եթե խոսելու լինենք մասնավորապես Kindle ընթերցիչի մասին, որը ներկայումս ոլորտի առաջատարն է, այն նաև գրքերի փոխկապակցման հարթակ է, ուր գրքերը ոչ միայն ապրում են կողք կողքի միևնույն տարածքում, այլև համակցված են որոշակի տրամաբանությամբ և միասնաբար մեկ այլ գիրք կազմելու փորձառություն են դրսևորում: Առայժմ սարքի My Clippings և վերջերս ավելացած Vocabulary Builder հավելումները գրքերի համատեղմանը ուղղված գլխավոր գործիքներն են: My Clippings-ում հավաքվում են բոլոր այն մեջբերումները, որոնք դուք Kindle-ում զետեղած ձեր գրքերում երբևէ նշել եք՝ չկորցնելով իրենց դեմքը, քանի որ դրանցից յուրաքանչյուրի մոտ նշվում է, թե դա որ գրքի որ էջից է մեջբերված և վրան սեղմելու դեպքում կարող եք անմիջապես փոխադրվել հենց այդ գրքի համապատասխան հատվածը: Այսինքն, մեկ կազմի տակ դուք ունենում եք ձեր սիրելի բոլոր մեջբերումները, որոնք էլ իրենց հերթին ակտիվ հղումներ են դեպի այդ գրքեր: Իսկ Vocabulary Builder-ում հավաքվում են բոլոր այն բառերը, որոնք Kindle ընթերցանության ժամանակ ստուգել եք բառարանով: Ձեր անձնական բառարանում հայտնվում են ոչ միայն ձեր ստուգած բառերը, այլև այն նախադասությունները, որոնցում կիրառված են եղել դրանք՝ համապատասխան նշումով, թե որ գրքից է և կրկին դեպի վերջինս նավարկելու հնարավորությամբ:

Հիպերհղումային այս մեխանիզմը այսօր այնքան կիրառական է, որ չենք էլ անդրադառնում դրա գաղափարական և մշակութաբանական կողմին: Մինչդեռ հիպերտեքստ-երևույթը սկզբանվորվել է ոչ թե տեխնոլոգիական աշխարհում, այլ գրականության մեջ՝ 20-րդ դարի կեսերին: Հիպերտեքստային ապագայի տեսլականի մեծ նվիրյալ էր իհարկե Բորխեսը, ում կոդավորված ձևակերպումները տալիս են մեկ ընդհանուր գրքի կամ տիեզերք-գրադարանի այն իդեան, որի ոչ միստիկ, այլ շատ գործնական և պարզ լուծումը առաջարկում է էլեկտրոնային ընթերցանությունը. «Խոսում են (լսել եմ) «տենդագին գրադարանի մասին, ուր բախտի քմահաճույքին թողնված հատորները անընդմեջ վերադասավորմամբ փոխում են իրենց ձևերը, ամեն ինչ հաստատում, մերժում ու խառնում, որպես ցնորված մի աստվածություն»»[4]:

Պիտի որ սխալված չլինեմ, պնդելով, որ ինչ-որ առումով իմ ձեռքի տակ կա արդեն այն «տենդագին գրադարան»-ը, որի մասին խոսում էր Բորխեսը. իհարկե ի նկատի ունեմ Kindle ընթերցիչը: Բորխեսն ինքը շատ էր ազդված իռլանդացի ինժեներ և փիլիսոփա Ջոն Ուիլյամ Դանի բազմաժամանակյա իրականության մոդելով[5], ըստ որի՝ ժամանակային չափման երեք (անցյալ, ներկա, ապագա) ձևերն էլ հավերժ են: Ժամանակային ընկալման հենց այս նորարարական ձևաչափն էլ ընկած է համակարգչային վեպերի հիմքում և էլեկտրոնային ընթերցիչների ապագայում: Հետաքրքրական է այս առթիվ Kindle-ի հեղինակի կարծիքը, ըստ որի, գոյություն ունի միայն մեկ գիրք՝ ողջ մարդկության մշակույթի գիրքը, որը, ըստ Մերկոսկու, ինչ-որ առումով Ֆեյսբուքը հիշեցնող ցանց կարող է լինել, որում բոլոր գրքերը փոխկապակցված կլինեն: Սա հենց այն դարակազմիկ աշխարհընկալումն է, որով նշանավորվեց 20-րդ դարը, և որի գործնական իրականացմանը իր ողջ գործունեությամբ ձգտում է 21-րդ դարը:

Պատահական չէ, որ Մերկոսկին, ի թիվս այլ սիրելի հեղինակների, հիշատակում է նաև Բորխեսին, ինչպես նաև առանձնակի կերպով նշում իր համակրանքը ամերիկացի գրականագետ Ջոն Լիվինգսթոն Լոուսի «Ճանապարհ դեպի Զանադու» գրքի  հանդեպ, որը անգլիացի գրող Սամուել Թեյլոր Քոլրիջի կարդացած բոլոր գրքերի հետազոտության հիման վրա գրականագիտական դետեկտիվ է առ այն, թե ոնց է ծնվում գրողը ողջ կյանքի ընթացքում կարդացած այլ գրքերից: Էլեկտրոնային ընթերցիչները, փաստորեն, ոչ միայն գրքերի գիրքը դառնալու հավակնություն ունեն, այլև ստեղծում են յուրաքանչյուրիս ինքնակերտման քարտեզը՝ ամպային տեխնոլոգիաների շնորհիվ պահպանելով մեր կարդացած բոլոր գրքերի ցանկը: Եվ վերջապես ևս մեկ ակնարկ նետենք համակարգչային գեղարվեստական գրականություն[6]  կոչվող երևույթին, որի հիպերտեքստայնության ապահովման համար հեռանկարային  տեխնիկական լուծում է ընթերցանությունը ոչ թե անհարմար համակարգչային էկրանից, այլ ի-ռիդերից:

Տեսնենք, թե ինչ է ասում այդ մասին Վ. Ռուդնևը  «Գոյություն ունի <…> այդ գրականության առնվազն մեկ դասական: Եվ ազգանունն էլ դասականի համար միանգամայն համապատասխան է՝ Ջոյս, թեպետ, անունը ոչ թե Ջեյմս է, այլ Մայքլ և գրել է ոչ թե «Ուլիսը», այլ «Կեսօր» համակարգչային վեպը: Այս վեպի առանձնահատկությունն այն է, որ վերջինս ադեկվատ հնարավոր է ընթերցել միայն համակարգչի էկրանից: Վեպը կառուցված է այնպես, ինչպես կառուցվում է հիպերտեքստը: Դրանում կան «կոճակներ», որոնց սեղմելով հնարավոր է սյուժեի ուղղությունը տանել հետ կամ առաջ, փոխել հատվածների տեղերը, խորանալ հերոսուհու նախապատմության մեջ, փոխել վատ ավարտը և այլն»[7]-թարգմանությունը ռուսերենից հեղինակային՝ Գ.Ա.: Տեղին է հիշել նաև Պավիչի հեղափոխական հիպերհղումային վեպերը և մասնավորապես «Խազարական բառարանը», որոնք իրենց կառուցվածքով և ներքին մշակութաբանական միտվածությամբ ոչ միայն արդարացնում են էլեկտրոնային ընթերցանություն կոչվածը, այլև ընդգծում վերջինիս անհրաժեշտությունը:

* Էլեկտրոնային գրքերն իսկապես հեղափոխական են, այնպե՞ս չէJ

[1] Պատահական չէ, որ ամեահայտնի ընթերցիչի`Kindle-ի ստեղծմանը ուղղակիորեն մասնակցած և մեծ ներդրում ունեցած Ջեյսոն Մերկոսկին էլեյտրոնային ընթերցման մասին իր գրքում հետևյալ միտքն է հայտնում. «էլեկտրոնային գրքերի հեղափոխության մեջ գլխավոր գործող անձինք հենց իրենք` ընթերցողներն են»: Այս առթիվ անտեղյակ ընթերցողներին առաջարկում եմ ծանոթանալ Ռոլան Բարտի 1967թ.-ին գրված «Հեղինակի մահը» էսսեին, որը էական ազդեցություն թողեց 20-րդ դարավերջի փիլիսոփայական-գեղագիտական մտածողության վրա:

[2] http://leaders.am/2013/07/24/public-library-e-books/

[3] Տե´ս նաև Ֆլորիդայի Պոկիտեխնիկական համալսարանի առանց ֆիզիկական գրքերի գրադարանի մասին այստեղ՝ http://www.theverge.com/2014/8/31/6090397/this-universitys-library-doesnt-have-a-single-paper-book

[4] Լուիս Բորխես, Բաժանվող արահետների այգին, http://www.yev.azg.am/?oper=a7&num=120#_ftn6

[5] Տե´ս «Փորձարկումներ ժամանակի հետ» գիրքը

[6] Տե´ս նաև http://www.pressmon.com/cgi-bin/press_view.cgi?id=1740985

[7] Вадим Руднев. Словарь культуры XX века, http://lib.ru/CULTURE/RUDNEW/slowar.txt

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *