Բնության գիրկը թռանք
Մամային կարոտած ծծկերների պես
Արձակո՛ւրդ
Վերջապե՛ս
Մարդա մի նախանձաշարժ ստատուս
Ու հեռախոսներս անջատեցինք
Վրանային ճամբար արշավեցինք
Բարի՛ վերադարձ
Մարդկության մանկություն
Մայր բնություն
Քիչ կար մարդ բայց
Բնությունը հո չէր վախեցել
Ամպերը տակներն արեցին
Ուղիղ գլխներիս
Խառնաշփոթ սկսվեց
Բոլոր արշավականները թաքնվեցին իրենց վրաններում
Ականջները թեթևացած շունչ քաշեցին
Ինչու ինչպես ու ինչ անելու
Զահլա տանող քննարկումներից
Երեկոն եփեցինք խարույկի վրա
Ու կուլ գնացինք վրաններին
Վրանի միջից ծիկրակեցի
Նրա ծիծիկի գմբեթի գագաթնազարդը վեր էր խոյանում
Զմրուխտե անտառների վրա
Մեջները լիքը օձ
Վերը լիալուսին
Առաջինը ո՞ւր կգնայիր
Եթե Ալիսի պես փոքրանայիր
Հարցրի
Ուժեղ քամի էր սկսվել
Լողում էին ծառերը
Անտառի փիրուզագույն ալիքների մեջ
Լող էր տալիս մեջքի վրա
Մեծ արջի համաստեղության
Յոթ աստղերից մեկը
Նրա սուրճի մեջ
Որը կիսատ թողել քնի էր անցել
Գիշերը վերացրեց բառերի միջև սահմաններըմբոշխնելիսկականաչալրջությունկնդիր
իժաբլբուլտրամանուշակագույնովևիցերազումս
Խժռեցի անելիքներիս ցուցակը
Ու սկսեցի փոքրանալ
Հոգսերս վրայիցս թափվում էին
Տիեզարանավը թռցնող հրթիռի կտորտանքների պես
Փոքրանալիս կորցրեցի նախ խոսելու
Ապա քայլելու
Ապա նստելու
Ունակություններս
Ապա այնքան փոքրացա որ
Կարող էի հրաշքների աշխարհի դռնից
Ներս մտնել
Արթնացա
Երկարատև աննպատակ մերկ լող լուսաբացին ընդառաջ
Ես սուզվեցի օվկիանոսի մի ծայրում
Իսկ մյուս ծայրից արևը դուրս պրծավ
Զիզի քարին վեր եկավ
Շռան ամպեր հեռացե՛ք
Արևին ճամփա՛ տվեք
Տվին էլ
Հեռացան էլ
Արևը հաղթեց ամպերին
Շողքը ձգեց սարերին
Արձակուրդի բոլոր օրերին
Զիզի քարը տե՜ս տե՜ս
Պըսպղում է ոսկու պես
Օրըստօրե
Օրըստօրե
Օրըստորէ՞
*
Կակաչները լուսաբացին
Իրենց թերթիկները չռեցին
Ինչպես մետրոյում իրենց բդերը
Անդաստիարակ տղաները
Ելնում է նա վրանի միջից
Հանց գոլորշին սրճի վրից
Ումպ երկուսից միաժամանակ
Դեղին առավոտ ծառ կապուտակ
Քամին խառնում է նրա մազերը
Ինչպես shuffle-ը սիրած երգերը
Երկիրը պիրուետ է անում
Բայց Պլիսեցկայային չի հասնում
*
«Քեզ ասե՞լ եմ որ երբեք ավելի երջանիկ եղած չկամ» Հարցրեց նա հերթական անգամ Հօդս է ցնդել Ուրախությունից գլխարկներն օդ նետելու Մարդկանց հին զվարթ սովորությունը
Արհամարհեցինք ծրագրային տեսարժան վայրերը
Շեղվեցինք կոխկռտված արահետներից
Վազեցինք կակաչների դաշտ
Ամա՛ռ ա
Սեր իմ
Բառերը հագներից հանում են իրենց
Տառերը
Բռնեցի նրա Լ-աձև ոտքերը վրձնի պես
Ու թաթախեցի նրա երկար ա-աձև մազերի դեղին օխրան
Կակաչի դաշտի կադմիում-կարմիրի մեջ
Ու նրա նարնջագույն ծիծաղը հեղեղեց ողջ դաշտը
Լեղապատառ անելով մոտակա
Թիթեռներին մեղուներին մոծակներին մողեսներին
Բզեզներից ճագարներից դաշտամկներից ու եղնիկներից
Հեռու դեպի օվկիանոս էր տռճիկ տալիս գետը
Գետը ծիկրակում էր
Սոճիների փեշերի տակ
Որ վազում էին դեպի բլուրներն արևոտ
Մեր ծուռմռտիկ բառապաշարի միջով
Կակաչների դաշտի մեջտեղում
Օձերից վախեցած կչկչում էր սիրելիս
Վառվում էին մկաններս երեկվա մայրամուտի պես
Նա մի բուռ կակաչ շպրտեց գետը
Երկինքը կանաչեց
Խոտերը կապտեցի
Հո մարդ չկա՞
Ոնց որ չկա
Ու մետալիստների պես կակաչները
Հա գլխով էին անում
Մեր մարմինների ռիթմերին համաչափ
Հո անվտանգության տեսախցիկ չկա՞
Հա հա հա
Ղժժում էին ագռավները
Ծղրտում էին ծղրիդները
Մեր զուսպ տնքոցներին համահունչ
Արագ-արագ-արագ
Մոտենալով փայտփորիկի դխդխկոցների արագությանը
Հո մարդ չկա՞ Տո թքա՛ծ թե կա ու կա կաչի դաշտի միջին Կողք Կողքի Փռվեցին Մեր մորեմերկ մարմինները Որոնց վրաներից արալեզների բծախնդրությամբ իստակ սրբել էինք Լուսաբացին այնքան մանրակրկիտ մաժած մեր մժեղավան քսուքը Դարձել մժեղների կերակրատաշտ Լեղի լեզուներս դուրս գցած Շունչներս տեղն էինք գցում Լեռները հաչում էին Անցնող-դարձող ամպերի վրա Իրենց սուր գագաթների միջև ընկած Ձորերի երախներով Մրջյունները հաղթահարում էին Մեր կիսամերկ մարմինների Լանջերն ու գագաթները Որ վեր կացան միջատների գրկից Ցատկոտեցին սուզվեցին Լռեցին ու լողացին Շոռաչք գետում Որ բաճկոնավոր ճագարի պես էր շտապում Դեպի օվկիանոս Անտեղյակ թե սա է՞լ էր արդյոք Աշխարհի գետերի մոտ կեսի պես Վտանգավոր չափերի հասնող դեղեր պարունակում Ամեն ինչ հետին պլան էր մղված Բացի մեր ներկայից Բաճկոնավոր ճագարի հետևից վազող չկար Մենք էինք մեր այստեղն ու հիման Սիրային եռանկյուն էր
Նա Ես ու Մեր պուճուրիկ Արձակուրդը մեկշաբաթյա կղզյակը Մեր տքնաջան աշխատանքի օվկիանոսում
Ջրի միջից ելանք ու
Թաց մեջքերով մերկ փռվեցինք արևավառ լեռներին
Նրանց գագաթները ծակծկեցին
Մեր սեղանարդաձև մկանները
Իսկ մեր ոտքների մատները մերսում էր օվկիանոսը
Օվկիանոսն ասմունքում էր իր հանգավոր ալիքները
Ալիքաշատախոսությունկնդրելիսկականջախեցիրուցանկալիարժեքանի՞սն ա ժամը
Ժամը
Քանի՞սն ա ժամը
Արևը փակել էր մեր աչքերն ամեն ինչի վրա
Ժամը ծաղիկներն էին
Ժամը օվկիանոսն էր
Ժամը մեր ակնկալինքներն անց հրճվանք էր
Ժամն ինձ նա էր պակաս
Ժամը նրան ես էի պակաս
Ժամը կյանքին արձակուրդ էր պակաս
Ժամը մեզ աշխատանք-կյանք հավասարակշռություն էր պակաս
Արջամկան օրերը վերապրելու փոխարեն
Իսկակական արջամկներին իրենց բնական միջավայրում տեսնելու ժամն էր
Դանդաղ հանգստի բացերը շնչակտուր արագությամբ
Լրացնելու ժամն էր
Ժամը վճարովի արձակուրդից անդին էր
Ժամը վճարովի արձակուրդը վերջացել էր
Ժամը ծակոտող ցավն էր
Ծակծկող ցավ զգացինք հանկարծ
Օվկիանոսի մեջ թաթախված մեր մատների հատվածում
Արյուն չռաց
Սարսափ չռաց
Օվկիանոսի ափին փշրվող ալիքները դարձել էին
Փշրված ավազի ժամացույցի կտորտանքներ
Իսկ ոսկեգույն լողափը ոչ այլ ինչ էր քան
Այդ ժամացույցի փշրված ապակու միջից թափված ավազը
Ուշացել էինք
Գործից
Ժամը ժամից աննկատ անցել է
Օրը ստոր է
Ոտ ու ձեռ ընկանք
Զարզանդած վազեցինք
Նախորդ գիշերվա խարույկից մոխրոտած
Ու խոտերից կանաչած հագներիս շորերը
Ցեխոտված արշավային ոտնամանները
Դարձան վաքսած կաշվե չարոխներ
Սեփ-սև շալվար ու խողովակաձև զուսպ շրջազգեստ
Սպիտակ շապիկներ օսլայված օձիքներով
Ու սազող զուսպ փողկապով
Իսկ մեր սիրելի փոքրիկ արձակուրդը վերածվել էր
Անճոռնի դդմի
Որը մեր ապշած աչքերի առաջ
Ագահաբար կրծում էին
Առնետներն ու մողեսներն ու
Արջամկներն ու դաշտամկներն ու
Ճագարներն ու եղնիկներն ու օձերն ու
Հենց դդմի հարցերը լուծեցին
Արձակուրդի արյամբ պատված մռութները
Թեքեցին մեր կողմ
Կոկիկ գրասենյակային հագուստով կին ու տղամարդ
Լեղապատառ վազում էին անտառի մացառների միջով
Բլուրներն ի վար
Քարեքար
Դեպի քաղաք
Ժամանակ առ ժամանակ իրենց կոկիկ բաճկոնի գրպանից
Հանում էին իրենց հեռախոսները
Անքնությունից վարդագունած աչքերով
Նայում ժամին
Դժգոհ փնթփնթում
Անհետանալով մութ թունելի մեջ
Որ ոռնում էր խցանված ավտոների առաջացրած
Փորկապության ցավերից
Անհամահունչ ու անհամաչափ
Կակոֆոնիկ ազդանշաններով
Ու անթարթ տեսառեգիստրատորներով