Անահիտ Կորյուն | Թեհրանյան էսքիզներ՝ Խորեն Արամունու «Սատանի ճուտը» վեպի առիթով

Ինչ լավ է՝ մտածում եմ ես, որ Խորեն Արամունու «Սատանի ճուտն» այսպես ժամանակին հայտնվեց իմ ձեռքին՝ Թեհրանից վերադառնալուց ճիշտ մեկ ամիս անց: Եվ գիրքը, որ 1 օրում և ուսանողական հափշտակությամբ կարդացի, ինձ միաժամանակ երկու զուգահեռ իրականություններում հայտնվելու հնարավորություն ընձեռեց: Իրադարձությունների ժապավենը ետ ու առաջ տալով՝ իրանահայ համայնքի պատմությունն այլ շերտերով իմ առջև բացվեց՝ առավել ամբողջական պատկերով: Եվ ակամայից վեպից ստացած տպավորությունները, այնտեղ ներկայացված ժամանակաշրջանը, դեպքերն ու մարդկային կերպարները զուգահեռեցի մերօրյա թեհրանահայության իրականության և առօրյայի հետ:
Միակ բանը, որ երբևէ չի փոխվելու Իրանում, անգամ եթե հազարամյակներ անցնի, անպատմելի շոգն ու տապն է: Չնայած՝ մայիսի 20-ն է ու առավոտյան ժամ, արևն այնպես է վառում, կարծես երևանյան օգոստոսը լինի՝ ճիշտ այնպես, ինչպես Խորեն Արամունու «Սատանի ճուտը» վեպում ներկայացվող 50-60-ականների Թեհրանի մասին նկարագրության մեջ: Դեպի Նարմաք՝ «Սիփան» Միության «Նաիրի» սրահ տանող ճանապարհը չափից երկար թվաց՝ ճանապարհից առաջացած հոգնության և նույն տապի պատճառով: Եվ սրահի դարբասների առջև 20-30 վայրկյան սպասումը մի ողջ հավեժություն ձգվեց: Պրն. Վարդանի հայերեն ողջույնը, այնուհետև սիփանցիների՝ Մուշեղի, Արինեի և Ժակլինի հայտնությունը և կառույցի հյուրընկալ պատերի ներքո հայտնվելը, Հայաստանում գտնվելու տպավորություն ստեղծեցին:
Զարմանալի բան է՝ ինչպես մայր Հայաստանն է օր-օրի սահմաններով փոքրանում և ափաչափ դառնում, այնպես էլ երբեմնի հզոր և շեն հայկական համայնքներն են այդպիսին դառնում՝ Հայրենիքի պես: Թեհրանում հին հայկական թաղամասերը քիչ-քիչ իրանցիներն են գրավում, իսկ հայերը մեծամասամբ ԱՄՆ են արտագաղթում՝ հրեայի անվան ներքո:
Նարմաք և Զարքեշ թաղամասերը միմյանից զատող գետն էլ առաջվա նման վարարուն չէ, ինչպես նկարագրվում է Արամունու «Սատանի ճուտը» վեպում, այսօր այն ցամաք և առանձնապես աչքի չընկնող գետ է: Եվ այն կտրում-անցնում ես՝ մեր դեպքում Նարմաքում հայտնվելու նպատակով: Վերոնշյալ թաղամասերում, ինչ խոսք, բազմաթիվ հայալեզու ցուցանակներով խանութների կարելի է հանդիպել, բայց նաև թուրք և իրանցի խանութպանների ևս կարելի է տեսնել: Հայկական թաղամասերում այդպես էլ խաղացող երեխաների չհանդիպեցի, ինչպես մերօրյա երևանյան բակերում: Մինչդեռ վեպում նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները հիմնականում հայկական թաղերի փողոցներում էին տեղի ունենում և 60-ականների իրանահայն իր կյանքի առաջին փորձառությունը փողոցից էր ստանում:

Թեհրան, 1950-60 թթ.
Լուսանկարը՝ Խորեն Արամունու անձնական արխիվից:

Արամունու վեպում առանցքային նշանակություն ունի Նայիրի դպրոցը. վեպի գլխավոր հերոսներն այնտեղ են նախնական կրթություն ստացել: Ինձ այդ դպրոցում լինել չհաջողվեց: Բայց ես կցանկանայի պատմել Սահակյան դպրոցի մասին, որտեղ մեկ ամիս ապրեցինք: Այն գտնվում էր Թեհրանի Սարդարապատ թաղամասում, որը ժամանակին հայերով էր բնակեցված: Մեկ ամսվա ընթացքում Սահակյան դպրոցի բնակիչներից բացի այնտեղ որևէ հայի չհանդիպեցինք: Միակ հայկական ներկայությունն հաստատող կառույցը հենց այդ դպրոցն էր և դրան կից Սուրբ Վարդան եկեղեցին, ուր ամեն կիրակի պատարագ էր մատուցվում: 60-ականներին 1500 աշակերտ ունեցող հայկական դպրոցն այսօր կեցավայրի է վերածվել: Առաջին հարկում ունեզուրկ և ինչ-ինչ պատճառներով դրսում հայտնված մեր հայրենակիցներն են ապաստանել, իսկ երկրորդը Առաջնորդարանը Հայաստանից ժամանած հյուրերին է տրամադրում: Թե ինչ ճակատագիր է սպասվում ապագայում Սահակյան դպրոցին, միայն Աստված գիտի:
Թեհրանում մեր հայրենակիցները, ի տարբերություն հայաստանաբանակների, և՛ թերթ են կարդում, և՛ ռադիո լսում. լրատվամիջոցները համայնքի ինքնակազմակերպման գործում մեծ նշանակություն ունեն, և դրանց միջոցով են ներքին կապն ապահովվում: Խորեն Արամունու վեպի հերոսի՝ Վարուժի համար «Ալիք» թերթի էջերը սուրբ մասունքի նշանակություն ունեն: Նրա համար ինչպես հացի կտորը չի կարող հայտնվել գետնին, այնպես էլ՝ թերթի էջերը, քանի որ վերջինս հայկական ինքնության ամենացայտուն դրսևորումներից է: Այսօր արդեն «Ալիքի» պատմությունն իրանահայ համայնքի խորհրդանիշներից է և «Արտակ Մանուկյան» թանգարանի ցուցադրության մասն է կազմում: Եվ, փառք Աստծո, կան մարդիկ, որոնք պսակի և մահվան առիթներով նվիրատվություն են անում՝ «Ալիքն» ապրեցնելու համար: Այդ մարդիկ հրաշալի են գիտակցում, որ «Ալիքի» գոյությունն իրանահայ համայնքի առհավատչյան է: Եվ քանի կա «Ալիքը», գոյություն կունենա նաև իրանահայ համայնքը:
Շարքային իրանահայը, որքան էլ որ առօրյա և կենսական խնդիրները լուծելու հոգսերով է զբաղված, նաև համայնքի ակտիվ անդամ է : Նրանց մեծ մասը դաշնակցական է և որևէ միության է անդամակցում: Եվ եթե որևէ կրթական կամ մշակութային իրադարձություն է կազմակերպվում, որպես համայնքի անդամ իր պարտքն է համարում ներկա գտնվել միջոցառմանը: Միջոցառումները միմյանց հանդիպելու, միասին մեկ գավաթ սուրճ վայելելու և համայնքի ներսում կատարվող իրադարձությունները քննարկելու հրաշալի առիթ են:
Ցավոք սրտի, ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում, հայկական հատվածը չափազանց քաղաքականացված է՝ դաշնակցականները և ձախականները հավերժ հակամարտության մեջ են: Եվ մենք, որ Թեհրանում ենք գտնվում մշակութային առաքելությամբ, ուժասպառ ենք լինում այդչափ «դավաճանների» «հայրենավաճառների» առատությունից և, ի վերջո, ինքերս այդ հակամարտության կիզակետում ենք հայտնվում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, այդպես էլ չհասկացան, որ բաժակաճառերով Հայրենիք սիրելու ժամանակները վաղուց անցել են:
Բնականաբար, տպավորված եմ վեպի գլխավոր հերոսներից Հայ Վարդանի կերպարով: Վերջինս դեռևս 80-ականներից գլխի էր ընկել, որ Խորհրդային Միությունը փլուզվելու է և Հայաստանը Արցախի պատճառով պատերազմի մեջ է ներքաշվելու: Նա մեկուկես տասնամյակ զենք էր կուտակում և պատերազմի նախապատրաստվում: Արցախյան ազատամարտի տարիներին էլ Մոնթեի զինակիցն էր:
Ներկայիս Թեհրանում Վարդանին հիշեցնող որևէ մեկին չհանդիպեցի: Սակայն այժմ, երբ մեր Հայրենիքն օրհասական վիճակում է և պետականությունից զրկվելու վտանգի առջև ենք կանգնած, համոզված եմ, որ անհնար է Թեհրանն առանց Վարդան լինի: Կարծում եմ՝ պարզապես ինձ բախտ չի վիճակվել հանդիպել նրան:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *