Սիբրում վարձակալած բնակարանը, որի համար ամեն ամիս ճարպակալած ու խռպոտ Նադենկային աշխատածիս կեսն եմ տալիս ու մի քոռ կոպեկ չի մնում սնունդի համար, կատարյալ ճիճվաբուն է: Մեկ սենյականոց իմ խցից հիասքանչ տեսարան է բացվում դեպի սիբիրյան կեղտոտ փողոցները: Բնակարանը, որում շուրջ տասն ամիսն է հանգրվանել է նվաստս, նման է մեղանչողի խցի: Ամենափոքր սենյակում իմ ճռճռացող երկաթե մահճակալն է, որի վրա հանգչում է տնից մի կերպ աշխարհի ծերը քարշ տված մաքուր բրդե ներքնակը, երկու բարձ ու մի լաթի հսկայական կտոր: Անկյունում խնամքով ծպտված է տասը տարվա ճամփորդություններից հոգնած, աշխարհից խռոված երկանիվ ճամպրուկն ու երկու ձեռք շոր, որով մաշում եմ սիբիրյան ցրտերը: Միայնակ ապրող տղամարդու համար բավականին մաքրակենցաղ եմ: Չնայած, դժվար է անկանոնություն մտցել մի վայրում, որտեղ քեզնից, մի սեղան, երկու աթոռներից բացի ոչինչ չկա: Սրանց գումարած՝ սովետից մնացած դռնակը կախ ընկած դարակը, երեք մեծ ու փոքր բաժակ, երեք ափսե ու մի քանի մանր-մունր բաներ, կազմում են իմ դղյակի զարդարանքը: Այս տունը նվազ տանելի է դարձնում միայն հին հեռուստացույցը, որով ամեն օր տարբեր լեզուներով աշխարհի ամեն ծայրից կանչում, որոնում են մեկին:
Թաղամասը, որում հանգրվանել եմ ես, հիշեցնում է ժամանակակից սոդոմ-գոմորային խառնուրդ: Հարևաններս մեծամասամբ ռուսներ են, մի երկու այլազգի, ու ոչ մի հայ: Եթե երեկոյան ժամերին որոշես դուրս գալ ու մի երկու պտույտ անել փողոցներով, մեծ հաշվով կհանդիպես մանկահասակ տղաների ու աղջիկների սիրային պատմություններին, թեթևաբարո կանանց ու նրանց հարբած հաճախորդների սակարկումներին, թմրադեղերի սիրահարների վիճաբանություններին, կարճ ասած՝ այն ամենին, ինչը մեր օրերում ակտուալ է: Սակայն ճիշտ չի լինեի ասել, որ ես շրջապատված եմ կատարյալ անբարոյական մթնոլորտով: Օրինակ Նատաշկան՝ ծերուկ Իվանի նրբիրան ու հաճոյախոս աղջնակը, ցրում է օդի մեջ կախված տհաճ մթնոլորտը: Հագին ունի մինչև ծնկները հասնող մորթե վերարկու, արևաշող խոպոպները մեջքին թափված, գլխարկի տակից հազիվ նշմարվում են կապույտին խփող աչքերը: Ամեն առավոտ հանդիպում ենք աստիճանների վրա, ես, որպես կանոն, տեղեկանում եմ ծերուկի առողջությամբ, Նատաշկան հարցնում է, թե արդյոք չի՞ անցել երթուղայինը և կարիք չունե՞մ որևէ բանի, հետո տոպրակը նետում է աղբամանը, մայթին փռված կատուն շարժում է պոչն, ու առավոտը սկսվում է բարի: Որպեսզի խուսափենք անցանկալի դատողություններից, առաջ ընկնելով ասեմ, որ ես Նատաշկայի հորեղբոր տարիքին եմ: Երբ անառակ որդու իմ ճամպրուկով եկա այս քաղաքը, ծերուկ Իվանը առաջինն էր, որ ինձ օգնության ձեռք մեկնեց ու ծանոթացրեց Նադենկայի հետ, կարճ ասած, այս ճիճվաբնում հայտնվելուս համար ես պարտական եմ ծերուկին, ուստի շաբաթը մեկ-երկու անգամ անցնում են նրա մոտ, մի-մի բաժակ խմում ենք, պատմում եմ հայկական թոնրի լավաշից ու ամեն տեսակ դիպվածներից մեր ազգի մեջ ու նորից մեկնում իմ խուցը:
Տեղին կլինի ասել, որ այս հավաքովի թաղամասի պատկերն ամբողջացնող վերջին դետալը ես եմ, իմ՝ կովկասցու բեղ-մորուսը, ձութի պես սև դեմքն ու խոշոր աչքերը: Տարիքիս համեմատ փոքր-ինչ հասակավոր եմ, մազերիս մեջ ալիքներ կան ու ձեռքերս դողում են: Իսկ, այ, եթե փորձեք հարցնել Նադենկային՝ իմ ճարպոտ ու հարբեցող տանտիրոջը, ես իսկական դոնժուան եմ, մաչո: Դե այստեղի կանայք միշտ էլ այլ աչքով են նայում կովկասցիներին: Ինչ վերաբերվում է ինձ, ասեմ, որ նվաստս տեղի թերթերից մեկի համար շաբաթը մեկ կարճ մի հոդված է գրում կամ մի նողկալի լիրիկական սիրային զեղում, ու մինչև հաջորդ շաբաթ ապրում մի երկու կոպեկով, որի կեսն էլ պահում է դղյակի տիրուհու համար: Եթե ինձ հարցնեք, մեր թերթ կոչվածը իսկական զիբիլ է: Քաղաքային նորություններ են, աստղային զազրելի պատմություններ, մի երկու ակնարկ սպանությունների ու հանցագործությունների մասին, որտեղ մանրակրկիտ ներկայացվում են հանցագործության մեխանիզմները, կարծես ընթերցողին գլխի գցելու համար, մի քանի տափակ հումոր, ու իմ՝ ոչ պակաս տափակ հոդվածները ամենատարբեր թեմաներով: Իսկ թե ես ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ, երկար պատմություն է: Որպես սկիզբ ասեմ, որ գրիչ բանեցնելու համար այնքան էլ անպիտան չեմ, իսկ այ ձեռքս բահ վերցնել չեմ կարող: Իսկ այնտեղ, որտեղ ես ապրում էի երիտասարդ տարիներին, գրիչը տեղ չուներ, կամ շարժվում էր միայն մի քանի պնակալեզների ձեռքին: Կարճ ասած, պոեզիայի դաշտերում երաշտ էր: Մոլախոտը ծածկել էր ամեն արդար բան, փողը կասեցնում էր գրի ընթացքը, ամբիոնները լի էին գրագողներով, փառքի դափնիները զարդարում էին սխալ պարանոցներ: Բոլորը տեսնում են ու բոլորը լուռ են: Մի քանի «մեծանուն» հարկերի տակ վխտում էին նորօրյա պոեզիայի «աստվածները». որքան տարօրինակ արտաքնապես, այնքան աստվածանման, որքան կրքոտ ու շինովի, այնքան հետաքրքիր: Այստեղ ներկայացվածության խնդիր էր: Նրանք, ովքեր սովոր էին ամեն պատեհ ու անապատեհ առիթով քսմսվել ու շողոքորթել վերադասի քարտուղարին անգամ, լցնում էին բեմերը, իսկ մեզպեսները մնում էին պատուհաններից անդին: Մենք հեռու էինք «գրողական» միջավայրից: Այստեղ ծիլը, որը չէր աճում սահմանված հունով, արմատահան էին անում, եթե մինչև իսկ մանանա էր պտղավորելու: Մեզպեսները չգիտեին սիրտ մաշող, կուրծք պատռող, կրքից պայթող ձայնով ինչ_որ բան կարդալ։ Բառերը, որոնք դուրս էին գալիս մեր շուրթերից, ձևական արտահայտչամիջոցներ չէին, մտացածին ու շինովի հույզերից զուրկ, այնպիսին էին, ինչպիսին կան ու թե կրքոտ էլ հնչում էին, լոկ գիշերները, այն էլ՝ մեկի համար։ Մեր տաղանդը մեկին երջանկացնելու մեջ էր ու թե ինչ_որ բան էլ գրում էինք, էլի այդ մեկի համար էր։ Արվեստը, որում ապրում էինք մենք, մշակույթը, որը քարոզում էիր դու, գիրը, որը գովում էին նրանք, մեզ հետ բնավ կապ չուներ: Մենք չենք կարդացել աշխարհը ցնցած, ամենակարդացված գրքերը, փոխարենը ծամում, կուլ ենք տալիս Աստվածաշունչը ու ձեռքներս հանգիստ է։ Մեզ չեն ճնշում ոչ Նիցշեն, ոչ Ցիցերոնը, ոչ Մարկեսը, ոչ այն մեկը, որ պիտի գա. մեզ ճնշողը մենք են։ Գրում ենք խմելու նման՝ երկու դեպքում՝ երբ սիրահարված ենք և երբ սիրահարված չենք։ Կարճ ասենք, մենք գտնվում ենք ոչ այնտեղ ու ոչ այն պահին:
Բայց դրանք բաներ են, որոնք հասու են միայն քեզ ու քեզպեսներին, իսկ երեխաները պահանջում են ուտել: Նրանց համար միևնույնն է թե ով ումից ինչ է փախցնում, ում պոչը ում տակ է: Նրանց համար աշխարհի գերագույն անարդարությունն այն է, որ հարևան կրպակում պաղպաղակ կա, բայց առնող չկա: Ուստի հոգևոր քաղցը մղվում է երրորդ, չորրորդ պլան ու առաջնահերթ է դառնում հացի խնդիրը: Քանի դեռ երեխաներ չկան, դու կարող ես մի երկու բաժակ այստեղ-այնտեղ գցելով սովդ մեղմել, մի տեղ քնել, մի տեղ արթնանալ, բայց նրանք, այդ փոքրիկ մարդուկները, պահանջում են, որ իրենց ստամոքսները լի լինեն աշխարհի ամենատարբեր բաներով: Նրանց համար միևնույնն են աշխարհի բոլոր պատերազմները, ներանձնային դրամաները: Աշխարհը մի մեծ կտոր հաց ու պանիր է ու խաղաղ քուն: Իսկ նրանց հայրիկը մի երկու զրտի-պրտի ոտանավորով հաց բերել չի կարող: Ու ժամանակի հետ վաղեմի կատարյալ սիրեցյալը վերածվում է անբան հոր ու գրիչը՝ ինքնաձաղկումից թե ինքնանսեմացումից, դադարում է շարժվել:
Նման ժամանակներն են, որ գրողից սարքում գրող ու ցավ, բառերի կույտ, սուտ սենտիմենտալ ու այլ ելք չի մնում, քան վերցնել մանգաղն ու մուրճը: Բայց նման պահերին է, որ ինչ-որ տեղից մի հոգնած պահի գալիս է փրկար զանգը: Իսկ զանգը շատ չուշացավ: Վաղուց հաշտված այն մտքին, որ գիրն ու ես իրար կանգնած ենք մեջքով ու մեր ճանպարհները այլևս չեն խաչվելու, Մոսկվա մեկնելու միտքը փրկարար օղակ էր: Իսկ ինչի՞ց կամ ումի՞ց էր փրկում այն: Մի տուն մոր ու հորի՞ց, երկու զավակի՞ց, սիրած կնոջի՞ց, քաղաքի՞ց, ծանոթ-անծանթոների՞ց, թե՞ ինքս ինձնից: Գնացքը կշարժվի ու ետևում կմնան բոլորը, իսկ ես դեռ երկար կգնամ ինձ հետ ինչ-որ տայգաներով, ինչ-որ փողոցներով, ինչ-որ մարդկանց հետ ու որքան հեռանամ, այնքան կծանրանամ:
Բայց գնում եմ ու միակ բանը, ինչից վախենում եմ այս անծայրածիր տիեզերք կոչվածում, դա ես եմ, քանզի իմ մեջ է, որ ապրում ու մեռնում է Աստված: Միակը, ինչից սարսափում եմ, դա ես եմ, քանզի ինձնից լավ ոչ ոք չգիտի իմ նողկալի թուլություններն ու հիվանդագին կրքերը: Միակը, ում սիրում եմ պաշտելու աստիճան ու ում վրա պատրաստ եմ թշնամաբար թքել, դա ես եմ, քանզի իմ մեջ են պարփակված աշխարհի բոլոր երևելի ու աներևույթ կեղտերն ու սրբությունները: Միակը, ում հետ պարզճակատ նստում եմ հացի ու ումից փախցնում եմ հայացքս մեկ-մեկ, դա ես եմ, քանզի ինձնից լավ ոչ ոք չգիտի իմ գործած մեղքերի թիվ ու կշիռը ու միակն եմ, ում առաջ աշխարհից խռոված գալիս եմ ծնկի: Հավատացյալ եմ ու հավատուրաց, հազարից մեկ էլ սատանայի հետ քնում, աստծո հետ աչքերս բաց եմ անում: Ժայռից գլորես՝ ժայռաբեկոր եմ, ոչ կոտրվում եմ, ոչ խեղդվում: Հաբեշի պես սև եմ, ամպի պես սպիտակ, իմ տունը այնտեղ է, ես՝ անհայտում: Ու այսպես շարունակ, տարեցտարի, աշխարհից կտրված ու մեջին աշխարհի, իմ երգերն եմ երգում, իմ հողերն եմ հերկում, աշխարհից ոչ դուրս եմ, ոչ էլ ներսում:
Մոսկվան ինձ դիմավորեց գրկաբաց՝ հարազատի նման, քծնող՝ լրբի պես ու խոստացավ պահել այնքան, որ կկամենար իմ հոգին: Իր բարիքները գլխիս թափեց միանգամից ու սկսեց մեկիկ-մեկիկ ետ առնել, իսկ երբ առնելու բան չմնաց, ցրտեց, ցրտահարեց ինձ էլ հետը: Բայց վերադառնալը հավասար էր պարտվելուն, հավասար էր ընդունելուն, որ էշի մեկն ես ու քո տեղը փարախն էր: Ուստի պետք էր սպասել: Այն ժամանակը, որը անցնում էր ինչ-որ տեղից ինչ-որ զանգի սպասելով, անցկացնում է Մոսկվայի փողոցներում թափառելով, հեռագրասյանը հենված, ինչ-որ պատի տակ մտքերի մեջ ընկած ու հետո՝ Սիբիրի ճամփին: Այդ օրերի միակ լուսավոր կետը, որը դաջվել է իմ հիշողության մեջ, Կիրովականից ստացած «Նոյեմբերյանն» ու խզբզած փոքրիկ նամակներն են, որոնք ես կարդացի հազար անգամ, կուլ տալու պես ու ամաչեցի: Ու նստեցինք հացի՝ ես ու ես.
– Շատը գնա՜ց, քիչը մնաց թասդ բեր, մի-մի բաժակ նոյեմբերյան հետո դու քո ճամփով, ես՝ իմ: Երկու օր էլ, երկու տարի կամ երկու դար, իսկ լավագույն դեպքում՝ երկու շաբաթ հետո: Տեսնես ի՞նչ է անում. բոլորին քնեցրել, փեշը քշտել, տաշտը դրել ու լվացք է անում: Մատաղ գառս կանչե՜ց, կուրծքը բաց է. սիրուն է էս գիշեր հերն օրհնածը: Օրորոցը ճռռաց, գառնուկը վեր թռավ, հոր կարոտն է քաշում կամ սոված է: Տեսնես ի՞նչ է անում. խաշամը գոգն առած կարմիր լոբին ջոկում-ջոկջոկում է ու կաթի մեջ ընկած թանն է թթվում: Նստի՜ր, նամակ գրիր, մեջը սիրուն բառեր, ոսկեջրած բառեր, արհեստական: Պատմիր ոնց է քաշում, ոնց է մաշում հոգիդ, ձեռքերիցդ կգա՞: Կնգան գրելն ի՞նչ է, որ գլուխ չես բերում, դու էստեղ՝ Սիբիրում, նա՝ արևոտ լանջին Արարատի, հիմա փեշը բացել ու պտույտ է գալիս, հիմա արևն էլի աչքը մեջքին գցել ու ծնկներն է շոյում, մեղկ ուսերն են դողում, դու էստեղ՝ Սիբիրում՝ մոռացվածի նման, կորցրվածի նման, որբի նման անտուն ու անտանիք:
Մթի մեջ բաժակը բերնեբերան լցվեց, տաբատդ թրջեց, կաթի պես կուլ գնաց: Հացի կծվահամը չառար: Ժամացույցը տարել, թաղել եմ ետևի սենյակում, որ երեսով չտա, որ այսօրն էլ անցավ՝ անպտուղ անցավ, անարդյունք: Լուր չկա, լուր բերող չկա, տվող չկա, սպասող էլ: Ժամը քանի՞սն եկավ. ժամհարին կախեցին. լուսաբաց է՝ լույսերը տվել է հերն օրհնածը: Աստիճաններին հանդիպիր Նատաշկային, երեսդ շուռ տված անցիր. ան-ցիր, ցիր-ու-ցան, ցան-կա-պատ: Պատը քանդիր: Այս գրողի տարած աշխարհում այսքան պատերը ինչու՞ եք սարքում. դրսում պատեր, տանը պատեր, ներսում պատեր: Տունը աշխարհից, ներսը դրսից, զավակը հորից ինչու՞ եք բաժանում: Դրա համար էլ իմ մոտիկը, հարազատը չի տեսնում. իմ պատի ետևում գիշերը կծվածահոտ բերեց, իմացա՞ր: Պատերը քանդեք, որ ժամացույցները կախելու տեղ չունենան, ժամհարին էլ՝ խաչեք, որ ձեն չտան, որ երեսով չտան, որ այսօրն էլ անցավ, անպտուղ անցավ, անարդյունք: Լուր՝ չկա, լուր բերող՝ չկա, լուր տվող՝ չկա, սպասող՝ կա՜…
Գիշեր է, լույսերը Աստվածը հանգցրեց: Խելոքը գժվում է, խելառին՝ քուն չկա։
Իմ տունն ու իր միակ բնակիչը խոնավությունից ճաք են տալիս։ Անձրևոտ օրերին պատուհանագոգից ջուրը թափվում է ներս ու իսկական մակընթացություն է սկսվում։ Հետո վրա է հասնում ծերուկ Իվանը ու սկսում խոսել աշխարհի թանկ ու էժանից, Մախաչկալայի շեկ մազերով սիրուններից, որ զինվորների համար հաց ու խնձորներ էին բերում, ու սիրտս գնում է մեր կողմերը։ Արարատի լանջին հիմա սինձը գլուխը դուրս է հանել, ջահել կանայք ու աղջիկները գնում են հանդի միջով՝ փեշերը քշտած, ծիծաղը շուրթերին։ Մատաղ գառները հիմա հասակ են առել, անցած տարվա շալվարները կոճերից բարձրացել, թևերը կարճացել են։ Գառ մայրիկը ձայնը գցել ու ցեխերի մեջից քարշ է տալիս.
-Հրես հերդ կգա։
Իսկ հայրիկը չկա։ Ով գիտի որ շենքի մի խցում թղթերի մեջ կորած երկու բառ է գրում, երեքը փոխում, հետո պատռում ու հայհոյում աստված ու կյանք։ Շաբաթվա վերջին կստանա իր հազար ռուբլին, հինգ հարյուրը Նադենկային, հարյուրի հաց կառնի ու մի շիշ օղի, մնացածն էլ ծրարը կդնի, երկու սիրուն բառ էլ վրան ու հեռագրատան ճամփեն կբռնի։ Փոստում աշխատող աղջիկը հարզատի պես ժպտում է, մի անգամ էլ հարևանցի ասաց, որ մեր թերթի հավատարիմ ընթերցողն է ու մի համարում շատ է հավանել այսինչ բառը, այնինչ միտքը և այլն։ Այսօրվա ծրարը անկանոն հաստ ստացվեց։ Հուզմունքով բերանը փակեցի, ստուգեցի ու հանձնեցի փոստին։ Եւս մի շաբաթ ու պատասխան նամակը չի ուշանա։ Երկու օրից կհասնի Մոսկվա, հետո կգնա մղոններով անդին, դաշտերի միջով ու տափաստաններով։ Երևանում կստուգեն, կուղարկեն Կիրովական ու այնտեղ էլ մեկը՝ սրտի դողով կառնի ու տուն կփախչի։
Հիմա երևի վերնահարկում նստել ու ծրարն է բանում։ Փողը մորս կտա, հին ադաթ է, տան մեծն է հոգում փողի հարցը, իսկ ինքը նամակը կառնի, ծոցը կդնի, որ գիշերը կարդա։ Ու այստեղ՝ Սիբիրում, ծերուկ Իվանի հետ մի շիշ «Նոյեմբերյան» բանած մեկը Նատաշկայի եփած ճաշը կուտի ու մտքերով կգնա, են սիրունը ծոցը կմտնի, որ նամակը կկարդան։
«Ողջույններ հայրիկից։ Սիբիրյան ցրտերը սկսել են կոտրել։ Արմենակիս հասակը մոռացել եմ, չկարողացա հագուստ գնել, փողի մի մասով գնիր, սպորտային կոշիկներ էլ, մի սիրուն բան էլ Անահիտիս գնիր, մի քանի մազակալ ու զրտի-պրտի բաներ։ Մայրիկին համբուրին, դեղերը գնիր, աչք չփակես։ Երկու նոր հոդված եմ գրել, վաղը կտպեն, եթե բարեհաջող գնա, շաբաթվա վերջին հազար ռուբլի կուղարկեմ։ Նադենկայի փողը տվեցի։ Հոգի կին է, էլ չեմ ասում ծերուկ Իվանի մասին, Նատաշկան էլ ձեզ բարևներ է ուղարկում։ Արմենակին ասա, թող պապին չչարչարի։ Խուցս ամռան հետ այնքան էլ վատը չէ, իսկական պալատ է, նույնիսկ մեծություն է անում։ Ամառային Սիբիրն էլ իր հետաքրքրությունն ունի, չեմ հավատում, որ կարող եմ քայլել առանց վերարկու ու չդողալ։ Նույնիսկ պատուհանն եմ բացել։ Տաք հացի հոտ է գալիս։ Թոնիրն արդեն վառո՞ւմ եք։ Իսկ փայտ կա՞։ Երեկ գիշերը քնիցս արթնացա։ Երազիս կարմիր շորով էիր ու հանդից տուն էիր գալիս, ձեռքիդ մեջ մի փունջ կակաչներ, իսկ ես ինչ-որ բան էի գրել ու սպասում էի գալուդ։ Այդտեղի գրական կյանքից ի՞նչ կա։ Էլի բեմերը լի՞քն են։ Ինձնից այդպես էլ գրող դուրս չեկավ, չէ՞։ Նույնիսկ քեզ մի խելքը գլխին նամակ չեմ կարողանում գրել, իսկ դու գրում ես ու գրում, պատմում ես ու պատում, պահում ես կապը իմ ու աշխարհի հետ։
Կիրովանում հիմա գիշեր է, բայց դու մի քնիր, ես կորցնում եմ լույսի վաթսուն վայրկյան, վաթսուն զարկ, վաթսուն շունչ։ Մի քնիր, ես կորցնում եմ քեզ հետ զրուցելու վաթսուն հնարավորություն, մոտդ գալու վաթսուն փորձ, վաթսուն ձախողում։ Մի քնիր, ես գողանում եմ աշխարհից վաթսուն վայրկյան, վաթսուն տող, վաթսուն երգ, ես կորցնում եմ շունչը լսելու կարողությունս։ Մի քնիր, իմ ձեռքերը կորցնում եմ շոյելու տեղը։ Հանգցրու լույսը, իմ կոպերը ծանրացել են արհեստական ճառագայթից, թող մթան մեջ հաշվեմ գույները սենյակի, թող անեմ վաթսուն քայլ։ Մթի մեջ կրճատվում են մղոնները, օվկիանոսները գալիս են քթիդ մոտ։ Մթի մեջ Մոսկվան ափիս տակ է, դու էլ՝ մեջը։ Մթի մեջ ձևերը ուրիշ են, փափուկ ու տաք են, գագաթները հարթ են, կլորը ձև չունի, շուրթերդ մեղր են քամում։ Դու՝ էնտեղ՝ օվկիանոսի ծայրին, բայց հիմա՝ քթիս տակ, մի քնիր, որ շնչեմ հոտի վաթսուն բացիլ։ Մի քնիր, ես կորցնում եմ խելագարվելու վաթսուն վայրկյան, բժշկվելու վաթսուն հնարավորություն: Թող գրկի, օրորի քեզ մութը. կամաց, անշշուկ, աչքերս փակիր։ Կիրովականն է, գիշեր է, քնել են բճերը։ Մի քնիր, կրկնիր, որ Մոսկվան, ուր որ է, քթիս տակ է. դու էլ մեջը…»
Երեկոյան աշխատանքից գալուց կրպակից հաց, պանիր ու օղի առա։ Որոշել եմ ծերուկ Իվանի հետ մի լավ խմել։ Զանգը տվեցի, դուռը Նատաշկան բացեց՝ իրեն հատուկ ժպիտով ու քնշությամբ։
Ծերուկ Իվանի տեղը հյուրասենյակի պատուհանի տակ է։ Որքան տուն մտնես, բազկաթոռի մեջ կծկված ինչ-որ բան է կարդում։ Պարզվեց՝ հեռագիր ունեմ։ Հեռագրերը երբեք լավ բան չեն ավետում։ Դրանցում երբեք սիրո, կարոտի կամ սպասումի տողեր չկան։ Առանց բացել էլ գիտեմ. մեռել է հայրս։ Տաս ամսվա մեջ մաշվեց, գնաց։ Սրտին չնստեց որդու հեռանալը, հասկացավ, բայց երբեք բերանը չբանաց։ Եթե ձեռքս մուրճ ու մանգաղը դրած լիներ, հիմա կողքին կմնայի, բայց ինձնից գրքի մարդ սարքեց, որ բնավեր թողնեմ։ Դրա համար Արմենակիս տան տղա էր սարքում, որ մոր կողքին մնա, մորից չհեռնա, հայրենիք ու ծնող սիրող մարդ լինի։ Նրա կռիվը իր հողի հետ էր, իր մանգաղի հետ էր։ Աշխարհի ցավը իր ցավն էր, իրենը իր մեջ էր խեղդում։ Ես ամենքի զավակն եղա, իրենը՝ չէ։ Քառասունս բոլորեց մղոնների վրա, օտար ճամփաներին, օտարի ձեռքին նայելով։ Հիմա էլ, հազար աշխարհ այն կողմ, Նատաշկայի հոր հետ բաժակ եմ զարկում, իմի հետ մի կուշտ չխմեցի։ Ես գրի մարդ էի, իմը սենյակում փակվելն ու գրել ջնջելն էր։
Հեռագրատուն գնացի, ու «ստացան» ճամփա ընկավ Կիրովական։ Իսկ ես փողոցից փողոց անցա, թաղից թաղ մտա ու միտք արեցի, թե ապրելն, ինչ խոսք, հրաշալի է, բայց երբեմն մեռնել է պետք։ Ուշացած մահը ուշացած սիրո պես բան է՝ վրադ թանկ է նստում։ Ես փորձեցի տարանջատել կյանքի ու մահվան սահմանը ու դրանց արանքում մնաց մեկ մետր՝ սիրո, ատելության, չարի ու բարու համար։ Ես հասկացա նաև, որ ատելությամբ արված մեկ քայլը ավելի արագ է կրճատում սիրով արված քայլերի թիվը ու երբ դրան գումարվում է չարի մեկ-երկու քայլ, բարու համար տեղ չի մնում։ Ու մեկ մետր հողակտորի վրա բուսնում են փշեր ու տատասկներ ու երբ քո հոգին փորձում է կյանքի ու մահվան սահմանները միացնել իրար, արյունոտվում են ձեռքերը։ Ինչ-որ մի պահից սկսած ես հասկացա, որ իմաստ չունի հոգում պահել նախանձի ու ցավի սերմերն ու սկսեցի սեր ցանել փողոցի կատուների համար։ Այդ օրվանից իմ որովայնում սկսեցին ծաղկել վարդագույն գլխիկներով ծաղիկները ու աշխարհն ավելի լավը դարձավ։ Ես սկսեցի ավելի հաճախ ժպտալ, ավելի քիչ լալ, ավելի հաճախ լռել, շատ լսել, ավելի շատ աղոթել, ավելի քիչ շաղակրատել, քայլել դանդաղ, բայց հստակ։ Ես սովորեցի ավելի շատ տեսնել, ավելի քիչ նկատելու տալ, ավելի շատ հավատալ, ավելի քիչ հերքել։ Ես սկսեցի գոհանալ երկու ցորենահատիկով ու իմ ներսում բուսնեցին հազարները։ Ես դադարեցի թակել այն դռները, որոնց ետևում ինձ չեն սպասում, դադարեցի սեր մուրալ այն սրտերից, որոնց արյունն ուրիշ երակներով է հոսում։ Ես սովորեցի վեր կենալ ճոխ սեղաններից ճիշտ ժամանակին, քանի դեռ ինձ չեն մատուցել նորեկների քիմքին։ Ես սովորեցի շատ սպասել, քիչ շտապել, քիչ երազել, շատ գործել, ես սովորեցի շատ սիրել։ Ես սաստեցի իմ հոգու դևերին ու նրանք դարձան հլու-հնազանդ պաշտպանները իմ։ Ես սկսեցի ներել ու նկատեցի, որ իմ թքի հետ էլ մաղձ չի թափվում ու դադարել եմ գիշերը շուռումուռ գալ անհանգիստ քնից։ Ես ազատ թողեցի բոլորին ու վերադարձողների համար պալատներ կառուցեցի իմ հոգում։ Հիմա ես գիտեմ, որ մեկ մետր ճանապարհը այնքան էլ կարճ չէ սիրելու համար։ Երբ դուք սկսում եք ատել, ձեր վայրկյանները վերածվում են դժոխային ժամերի ու ճանապարհը ծածկվում է խճերով, իսկ ձեր ատելության առարկային ոչինչ, ոչինչ չի պատահում արտասովոր։
Վերջին հաշվով աշխարհը հրաշալի է։ Ես ոչ մի տեղ չեմ տեսել այսքան եդեմական պղծություն, աստվածային ժանտ ու կատարելություն։ Այստեղ մարդիկ կատարյալ ստում են, կատարյալ շողոքորթում ու սիրում իրար՝ կատարյալ։ Հիմա ես գիտեմ, որ մահը այնքան էլ սարսափելի երևույթ չէ, այլ ժամանակավոր տեղափոխություն դարից դար։ Հիմա ես գիտեմ, որ նրանք իրավունք ունեին մեռնելու, նրանք պարտավոր էին մեռնել, որ աշխարհը շարունակեր հրաշք թվալ ապրողների աչքին։
Աշխարհն, իրոք, հրաշալի է, բայց երբեմն մեռնել է պետք՝ ժամանակին։ Ժամանակից շուտ եկած մահը վաղահաս հղիության պես բան է՝ պտուղից հաճույք չես ստանում։ Իսկ հոր մահը երբեք ժամանակին չի գալիս։ Ես հղի եմ վշտով։ Իսկ այսպես ապրելն ում էր պետք։ Աշխարհից նեղացա, տեղս փոխեցի, պարզվեց տեղս չէր հոտած, այլ ես։ Որքան էլ հեռացա, մղոնները կտրեցի, չբաժանվեցի ինձնից։ Իմ ծանրությունը զգացի Մոսկվայում, հետո Սիբիրի մռայլ փողոցներից մեկում հասկացա, որ բախտը չեմ որոնում, ունենում են, կամ չէ։ Իսկ իմ բախտը մի սիրուն կին ու երկու զավակ էր, որ գողացել էի Աստծուց։ Երբ հասկացա, որդուս շալվարն արդեն կոճերին էր հասել ու ձայնը խռպոտել էր։ Նրա հայրը ինտիլիգենտ էր, Սիբիրյան թերթերում էր բանում, ամեն շաբաթ փոստով փող էր ուղարկում ու պատվերներ տալիս, թե զուրկ չպահեք երեխեքին։ Իսկ երեխեքը զուրկ մեծացան, աչքները՝ դուրս, հայացքները՝ կարոտ, ժպիտները՝ սոված։ Մի տարի սպասեցին, երկու տարի սպասեցին, հետո սովորեցին ու սովորությունը անտարբերության հիմքը դրեց։ Երեխեքը սկսեցին քիչ գրել, երկու էջը դարձավ մի, հետո քսան տող, հետո երկուսը, հետո՝ մայրիկի միջոցով բարևներ։ Իսկ այդ մեկը չդադարեց գրել։ Ամեն կիրակի փոստից տուն վազեց, նամակներդ կարդաց ու միտք արեց նոր գրվող վեպերիդ մասին։ Շաբաթվա մեջ նոր գրած էջերը ծրարեցիր, ուղարկեցիր, կարդաց, ետ ուղարկեց հսակայական նամակի հետ. «այսինչ տողը փոխիր, այսինչ տեղը բաց թող» ու ծնվեցին վրա-վրա ձեր վեպերը։
Արդեն վաղուց քառասունը բոլորել, դարակես ես հասել, ոչ աշխարհի այս կողմում ես, ոչ այն։ Մեր տխմար թերթը մեծ քանակությամբ վաճառվում է, շաբաթական չորս հոդված են ուզում։ Այսպես մի ամիս էլ ու մի փոքրիկ վիպակ գրքով աշխարհ կգա։ Կառնեմ ու տուն կգնամ։ Քեզ համար կբերեմ՝ որպես չարչարանքիդ ապաշխարհանք։
«Կիրովականում սիբիրյան ցուրտ է, մարտյան խելահեղ գիշեր։ Մեր մեջ Մոսկվան է, մի քանի հարյուր մղոն ու ես քո կինն եմ հեռվից հեռու։ Որոնիր, գտիր ինձ ինչ-որ տեղ, ինչ-որ այգի մտիր։ Լաց չլինես։ Հեռագրասյուն չկա այս կեղտոտ քաղաքում։ Դու բարակ շորով ես։
Շուտ տուն արի։»
Ետևում Սիբիրն է, շուտով Մոսկվան։ Էլի լրբի պես կդիմավաորի, կխոստանա պահել այնքան, որքան հոգիդ կուզի։ Իր շռայլություները կթափի գլխիդ ու կառնի հատիկ-հատիկ։ Ու երբ ոտքերդ կմտնեն Երևան, կհասկանաս, որ կյանքը կարճ եղավ, չարչարեցիր, չարչարվեցիր դու էլ հետը։ Կհասկանաս, որ բախտը հենց ինքն է, որ կա՝ Կիրովականը, մի սիրուն կին ու երկու առողջ զավակ։ Կհասկանաս, որ կյանքը կարճ եղավ աշխարհից նեղանալու համար։ Քո կռիվը քեզ հետ եղավ ու աշխարհի մազն էլ չծռվեց։ Ինչ տարան՝ քեզնից տարան, ինչ խլեցին՝ քեզնից խլեցին, ինչ շահեցիր՝ դու շահեցիր։ Փոխվեցին դեմքերը, փոխվեցին դերերը, նորերը եկան, հները գնացին, նորովի խաղացին հին դերերը։ Աշխարհը իր տեղում մնաց, դու էլի նույնը մնացիր, որքան էլ հեռու գնացիր, նույն տեղին դեմ առար։
Եթե ես կյանքի ևս մի քսան տարի ունենայի, ամեն օր աչքերս բացելիս կշշնջայի քեզ, որ սիրում եմ։ Ես ավելի շատ հորս հետ շախմատ կխաղայի ու կպարտվեի՝ տուրք տալով ծերունական խաղին։ Ես որդուս հետ կգնայի հանդերը ու դստերս հետ դուրս կգայի զբոսանքի։ Մորս թոնիրը կտանեի ու կնստեի հետը մինչև ուշ գիշեր։ Ես չէի ցանկանա հաղթել այնտեղ, որտեղ պատերազմ չկա, ես խաղաղություն կորոնեի ոչ թե հազարի սարի ետևում, այլ քո գրկի մեջ։ Ես իմ լավագույն երգերը կնվիրեի քեզ, իմ վերքերը փակ կպահեի քեզնից ու կհամբուրեի ցավծդ տեղը։ Եթե ես կյանքի ևս մի քսան տարի ունենայի, կգրկեի քեզ այնպես, ասես վերջին օրն է, որ իմ գրկում ես։
Գիշերը կրճատվում են մղոնները, աշխարհները խառնվում են իրար: Դու նորից ծվում ես իմ գրկի մեջ, որ աշխարհի վրա դրախտ լինի ու խաղաղության կոչ անում:
Կիրովականից մի քանի մղոն հեռու իմ քույր Նատաշկան պատրաստում է ծերուկ Իվանի անկողինը, Նադենկան իմ խցում նոր մեղանչող է խծկում: Բոլորը լուռ են: Արմենակը քնի մեջ խոսում է, Անահիտը բախտի երազներ է հյուսում: Եթե նա սիրահարվի գրողի, նրա կյանքը դժվար կլինի, քոնի պես, իսկ եթե Աստված կամենա ու նրան սիրահարվի գրողը, նա կապրի անվերջ, ինչպես դու պիտի ապրես այնքան, որքան կապրեն իմ կիսատ-պռատ ձեռագրերը:
Ոսկրերս կոտրտվում են հոգնությունից, ու դու խոսում ես ու խոսում, պատմում ես ու պատմում, կապում ես ինձ նորից աշխարհի հետ: Մի քնիր, հետս էլ կրկնիր, որ աշխարհն, ահա, ափիս տակ է, դու էլ մեջը: