Սումգայիթի զոհերի հիշատակին
Ազնվատոհմ խնձորենու շիվը պատվաստված էր վայրի արմատից քիչ վեր, ու քանի դեռ պատվաստի տեղը հողի հետ չէր շփվում՝ շիվն աճում, մեծանում էր ազնվական ծառի բոլոր կանոններով: Բայց, ահա, քամին հող բերեց, կուտակեց ծառաբնի շուրջը, պատվաստի տեղը թաղվեց հողի մեջ, ու վայրենությունն իսկույն խլրտաց արմատի հիշողության մեջ. նա վայրի շիվեր արձակեց և այդ շիվերին տալով իր ողջ կենսահյութը՝ նրանց տասնապատիկ արագ աճեցրեց: Եվ խեղդվեց, չորացավ ազնվատոհմ շիվը…
***
Բանաստեղծը՝ յոթանասունին մոտ, թոշնած այտերով, բայց դեռ տռուզ մի տղամարդ, սիրում էր առավոտյան վաղ արթնանալ, խոզանակով մաքրել ատամները, բերանից վանել ծխախոտի գարշահոտությունր, լվացվել ու առաջին սիգարետը վառելով, նստել գրասեղանի մոտ: Սուրճը՝ հետո: Սուրճը՝ երբ կինը կարթնանա, հուշիկ քայլերով, որպեսզի ամուսնուն չխանգարի, ննջարանից խոհանոց կգնա և քիչ անց մազերն ուսերին սփռած, ժպիտն երեսին, գոլորշի արձակող բաժակը ձեռքին զգույշ կբացի աշխատասենյակի դուռը.
— Սալամ, մոալիմ…
«Մոալիմ», այսինքն՝ ուսուցիչ, այսինքն՝ վարպետ էր անվանում կինը ամուսնուն, որովհետև բանաստե՞ղծ էր, թե՞ որ իրենից տարիքով բավականին մեծ էր և ավելի շուտ իրեն հայր կսազեր, թե՞ զգում էր՝ դա բանաստեղծին դուր էր գալիս… Իսկ գուցե, այդ բոլորր միասին առկա էին և ամփոփվում էին մի բառի մեջ՝ «մոալիմ»… Խալաթի տակից ընդգծվող կոնքերը մեղմիկ ճոճելով նա մոտենում, սեղանին էր դնում սուրճի բաժակը: Բանաստեղծը ճակատը ձեռքի ափից չէր կտրում, հայացքը դիմացի գրոտած թղթին՝ նա դանդաղ պարզում էր մյուս ձեռքն ու անսպասելի կսմթում կնոջ հետույքը:
– Էլի սկսեցի՞ր,— քիչ կոտրատվելով հետ էր մղվում կինը, – այ թե չարաճճին ես, հա՜… – Այդ հետ քաշվելու պահը և այդ «չարաճճին» էր բանաստեղծին ամենից շատ դուր գալիս:
– Վարդս…, – շշնջում էր բանաստեղծը:
Հիմա այս ոչ մեծ քաղաքում, ուր եկել էր իր հիվանդ մորն այցելության, նա էլի առավոտյան վաղ էր արթնացել, լվացվել և այլևս իր անելիքը չիմանալով՝ իրեն մի տեսակ օտար էր զգում: Ճիշտ է՝ մոր տունն իր փուլերով էին կառուցել, իր խորհրդով էին ոչ մեծ այգու ծառերն ընտրվել, և ծառերի բերքից մայրաքաղաքի իր բնակարանն անմասն չէր մնում, բայց միևնույն է՝ իր տան տաք մթնոլորտը չկար, որի ներկայությունն արդեն բավական էր, որպեսզի մուսաները թրթռային նրա ուղեղում: Փոխարենը՝ ճաշասենյակի կահույքին շարված պլաստմասսայից կաղապարված սառը, անհաղորդ արձանիկներն էին, որ հիմա արհեստական լույսի տակ ավելի արհեստական էին թվում:
– Ինչ տեսնում՝ բերում, տնկում է տանը,— փնթփնթաց բանաստեղծը և ձեռքերը մեջքին դնելով՝ գլուխը կախ, աննպատակ պտտվեց ճաշասենյակում: Դրսում դեռ մութ էր: Չնայած մոտալուտ գարունն իրեն արդեն զգացնել էր տալիս, բայց առավոտյան ծովի կողմերից փչող քամին դեռ սառնաշունչ էր, և նրա հպումից զնգզնգացող լուսամուտի ապակու ձայնը՝ մրսեցնող: Բանաստեղծը դող զգաց, մոտեցավ, շոշափեց ջեռուցման խողովակները, որ քաղաքի իշխանություններն իր պատվին էին մոտակա բնակելի շենքի կաթսայատնից անցկացրել: Խողովակը սառն էր:
– Էհ, – գլուխն օրորեց բանաստեղծը, – երկիրը երկիր չէ:
Նա խոհանոց գնաց, վառեց գազօջախը, ձեռքերը պարզեց բոցին, զգաց, թե ինչպես է տաքությունը ներծծվում մարմնի մեջ, և դրանից մարմինը հաճելի փշաքաղվեց: Նա վայելեց երանության այդ պահը, ապա ափերն իրար շփեց և նստելով խոհանոցի սեղանի մոտ՝ ծխեց: Լավ կլիներ, եթե բանաստեղծին սուրճ մատուցեին: Բայց մայրը դեռ քնած էր. նա երեկոյան երկու քնաբեր հաբ խմեց:
– Ախ, էս պառավները, – հիշելով՝ ինքն իր հետ խոսեց բանաստեղծը:— Ղեղի համար խելքն իրենցը չի:
Կինն էր բանաստեղծին ուղարկել մորն այցելության:
– Զարմանում եմ,— ասել էր,— ես որ մորդ չզանգահարեմ՝ դու նրան կհիշե՞ս…
– Ես ու դու մի մարդ ենք,— ասել էր բանաստեղծը:
– Գնա մորդ տեսության,— ասել էր կինը, – հիվանդ է:
– Ի՞նչ է եղել…
– Մեջքն է բռնվել:
– Մահանա,— քթի տակ ժպտացել էր բանաստեղծը, – ինձ է ուզում տեսնել:
– Դա քի՞չ է,— ասել էր կինը:
– Իսկ էն աղջի՞կն ուր է…
«Էն աղջիկը» բանաստեղծի՝ մորից հարազատ, հորից խորթ եղբոր աղջիկն էր, որ տատի հետ էր ապրում: Բանաստեղծը նրան չէր սիրում՝ շատ էր ինքնուրույն և իրասածի, բայց հանդուրժում էր, որովհետև մոր կողքին գտնվող միակ կենդանի շունչն էր:
— Էն աղջիկը,— ասել էր կինը,– գնացել է Մոսկվա՝ բան-ման առնելու: Միայն թե՝ շատ է հետաքրքիր՝ ո՞ւմ փողերով է առնում՝ հարբեցող հո՞ր…
Բանաստեղծը հասկանում էր, որ կինն իր փողերն է ակնարկում: Նա մորն անփող չէր թողնում: Եվ որպեսզի տհաճ խոսակցությունը չշարունակվի՝ գրկել էր կնոջ մեջքն ու ասել,
– Միասին գնանք, վարդս, մի օրով:
– Բա ուսանողնե՞րս…
«Այդ ուսանողների պատճառով բանաստեղծը երբեմն խանդի վայրկենական բռնկում էր ունենում: Կինը հետ մնացողներին տուն էր կանչում և ամեն մեկի հետ առանձին էր պարապում.
– Վո՞ թիզ յու նեյմ…
– Մայ նեյմ իզ Յավար:
– Հաո՞ւ դու յու դու…
– Թենք յու վերի մաչ:
– Իհարկե,— ուսանողի գնալուց հետո աաում էր բանաստեղծը,— որ քո նման վարդը ինձ էլ տուն կանչի, սուրճ ու կոնյակ հյուրասիրելով հետս պարապի՝ ես էլ հետ կմնամ ու թենքյու վերի մաչից էն կողմ չեմ գնա:
– Մոալիմ… , — ամոթխած ժպիտով ասում էր կինը:
Եվ հաջորդ պահին բանաստեղծն իրեն, իր մաստակն ու հեղինակությունը մտովի համեմատելով իր ներկայության ժամանակ աչքերը միշտ հատակին հառած այդ փսլնքոտի հետ, խաղաղվում էր և ասում.
– Պարապիր, բարի գործ ես անում:
Կինը հպվում էր ամուսնուն, այտը սեղմում այտին.
– Բարությունը չի մոռացվում…, – նրա գոլ շշուկից բանաստեղծի ականջը տաքանում էր ու հաճելի սարսուռը տարածվում մարմնով մեկ:
Դրսից ավտոմեքենայի հռնդյուն լսվեց, մարդկանց ձայներ լսվեցին: Բանաստեղծը կտրվեց մտքերից: Մոտիկում մի շուն սկսեց կատաղի հաչել:
– Մաքսուդի շունն էր,— ասաց բանաստեղծը և հիշեց երեկոյան թեյի սեղանի շուրջ բացված խոսակցությունը. այգու պատով կից հարևան Մաքսուդն էր եկել ու պատմում էր.
– Հրապարակում ինչքան ժողովո՜ւրդ, ինչքա՜ն… Ես ասեմ՝ տասը հազար, դու քսանն ասա:
Մաքսուդը ջրում էր Զեյնաբ խանումի այգու ծառերը, փորում, կանաչի էր ցանում ստվերից ազատ մասերում, շուկա գնալիս կատարում նրա հանձնարարությունները, և դրա համար էլ բանաստեղծը հանդուրժում էր Մաքսուդին:
– Ի՞նչ էին ուզում, Մաքսուդ,— հարցրեց Զեյնաբ խանումը:
– Հայերից էին խոսում, հայերից…
– Ինչո՞ւ պիտի չխոսեն,— անսպասելի բռնկվեց բանաստեղծը:— Կանգնել Ղարաբաղն են ուզում:
– Ո՞նց են ուզում,— չհասկացավ մայրը:
– Ասում են՝ հերիք է ինչքան ձերը եղավ, հիմա էլ Ղարաբաղը մերը պիտի լինի:
– Իրենց ասելով հո չի՞,— ուսերը վեր քաշեց Զեյնաբ խանումը:
– Պատկերացնո՞ւմ ես,— մորը դիմեց բանաստեղծը:
– Էդ ան հավատները չխրատվեցի՞ն,— օրորվեց Զեյնաբ խանումը: – Թուրքերի սարքած ջարդն ու գաղթը մոռացա՞ն, Բաքուն մոռացա՞ն, Շուշին մոռացա՞ն…
– Մեղք են,— ասաց Մ աքսուդը:
– Էդ հարցում՝ մեղք չկա: Էդ հարցում՝ մեղք բառը մոռացիր,— խստացավ բանաստեղծը:
– Մոռանամ,— խեղճացավ Մաքսուդը: — Որ ասում ես՝ մոռանամ: Գիտունը դու ես:
– Շուշին հիշո՞ւմ ես,— քիչ թեքվելով տղայի ձեռքը բռնեց Զեյնաբ խանումը: Բանաստեղծը կկոցեց աչքերն ու քիչ անց ասաց.
– Ջարդերը՝ չէ, բայց հրդեհը ոնց որ հիշում եմ:
– Չէ, դրանք հեչ խրատվել չունեն,— ձեռքը ծնկին զարկեց Զեյնաբ խանումը:
– Դու պատմիր, Մաքսուդ, հրապարակում էլ ի՞նչ կար,— ասաց բանաստեղծը:
– Պատմելու բա՞ն է,— Մաքսուդը բանաստեղծի տուփից սիգարետ վերցրեց, ամաչեց բոցատուին ձեռք տալ՝ լուցկին իր գրպանից հանեց, և նրա աչքերը երջանկությամբ լցվեցին, երբ բանաստեղծը նրա քթի տակ շրխկացրեց բոցատուն: Մաքսուդը երանությամբ ներս ձգեց ծուխն ու արտաշնչելիս ասաց.
– Անուշ թութուն է…
– Ասում ես՝ ինչ տեսար հրապարակո՞ւմ,— չհամբերեց բանաստեղծը:
– Խոսեցին, գոռգոռացին՝ հետո վրա տվեցին, սկսեցին հայերի դուքանները վառել: Գոռում էին՝ մահ հայերին…
– Հետո՞…
– Հետոն չգիտեմ: Վախեցա ոտատակ ընկնեմ, թողեցի, եկա տուն:
– Ըհը,— արտաշնչեց բանաստեղծը, և չհասկացվեց՝ գո՞հ է իր լսածից, թե՞ դժգոհ:
Մի պահ լռություն տիրեց:
– Էս բոլշևիկներից խելքդ ի՞նչ է կտրում, մոալիմ,— վերջապես խոսեց Մաքսուդը:— Առաջ էնպես էին սեղմում՝ մարդու շունչը կտրվում էր, հիմա էլ բոլորի կապը բաց են թողել:
– Բոլշևիկները միշտ ճիշտ են, Մաքսուդ,— ասաց բանաստեղծը:— Դու էդ բանը ականջիդ օղ արա:
– Անեմ,— ուսերը հնազանդ վեր քաշեց Մաքսուդը:
– Դու բոլշևիկներին բան չասես,— հարևանի վրա մատ թափ տվեց Զեյնաբ խանումը:— Տղաս էլ է նրանցից: — Մայրը ձեռքը պարզեց, շոյեց բանաստեղծի մազերը:
– Բա ո՞նց չի նրանցից,— ժպտաց Մաքսուդը:–– Դրա համար էլ բան եմ Ուզում ասել, բայց ամաչում եմ:
– Մի ամաչիր, ասա,— աչքերը փոքր-ինչ խորամանկ կկոցեց բանաստեղծը:
– Դե որ ասում ես՝ ասեմ: Ասա՝ ինձ հեռախոս տան:
– Հեռախո՞ս,— աչքերը խոշորացրեց բանաստեղծը: — Հեռախոսն ի՞նչ ես անում, դու ես՝ քո չոր գլուխը…
– Եսի՞մ,— ուսերը ձգեց Մաքսուդը:— Ասում են՝ հարմար բան է:
Դրսից նորից մեքենայի հռնդյուն լսվեց, մարդկանց ձայներ լսվեցին: Բանաստեղծը մտովի դեռ Մաքսուդի խնդրանքի վրա ժպտալով նայեց ժամացույցին, ժամը յոթից քիչ էր պակաս: Նա ելավ, ճակատը լուսամուտի ապակուն հպելով նայեց, մթան մեջ ուրվագծվում էին այգու ծառերը: Մոտիկում, ցածրում վարդի թփերն էին: «Վարդ» միտքը կնոջը հիշեցրեց ու նույն պահին էլ բանաստեղծական ներշնչանքը խլրտաց նրա ներսում: Բանաստեղծը նստեց, ծոցագրպանից հանեց ծոցատետրը, գրիչ հանեց և արագ-արագ սկսեց գրել.
Տարիքն առած բլբուլը նայում է կոկոն վարդին, երգում է, վարդի գովքն է անում: Բլբուլն ուրիշ ճար չունի՝ պիտի ջահելանա, որ դառնա կոկոն վարդին արժանի: Չպետք է մոռանամ, որ ջահելանալու միտքն է լինելու հիմնական ասելիքը:
Բանաստեղծի սիգարետը վառեց, աչքերը կկոցած ծխեց, մտածեց-մտածեց ու սկսեց գրել.
Վարդը քամուց օրորվում էր,
Շորորվում էր, վայ աման,
Ծեր բլբուլի ջահել սիրտը,
Սիրո ցավից ճաքած սիրտը,
Տրորվում էր, վախ աման…
Բանաստեղծն արագ էր գրում, որպեսզի չկորցնի ներշնչանքի պահը:
Ծեր բլբուլի երգը կարծես
Կոկոն վարդին չէր հուզում,
Նա գլուխը օրորում էր՝
Ծերս ես, երգդ չեմ լսում:
Ախ, վայ, աման, չէս լսում…
Բանաստեղծը ներս ձգեց ծուխը ներշնչանքի մի նոր ալիք որսալու համար, ու հենց այդ պահին էր, որ դրսից աղմուկ, ճիչ ու ծղրտոց լսվեց: Նա դժկամությամբ, ելավ, խոհանոցի լուսամուտից նայեց և հասկանալով, որ այդ աղմուկը հակառակ կողմից է՝ ճաշասենյակ գնաց, ձիգ տվեց, բացեց խոնավությունից ուռած պատշգամբի դուռը: Պատշգամբից նրան ամեն ինչ երևաց, դիմացը բնակելի շենքի բակն էր՝ մեջտեղում կուչ եկած կաթսայատնով: Բակում ժխոր, իրարանցում, հայհոյանք, ճիչ ու ծղրտոց էր: Մի քանիսը մետաղյա ձողերով հարվածում էին դեմքն արյան մեջ կորած երիտասարդին ու հրում դեպի բակի կենտրոնը: Երիտասարդը փորձում էր գլուխը ձեռքերով պաշտպանել, ու այդ պահին էր, որ վազելով մոտեցավ մեկ ուրիշն ու կացինն իջեցրեց նրա գլխին: Երիտասարդը տապալվեց գետնին:
– Առանց հայհոյանքի,— լսվեց մեգաֆոնի ձայնը: — Շուրջներս ազեր են, ամոթ է:
Բանաստեղծը հայացքով փնտրեց մեգաֆոնը ու չնկատեց, թե ինչպես ընկածի վրա շշից հեղուկ լցրեցին ու լուցկին գցեցին վրան: Բանաստեղծը բոցի բռնկվելը տեսավ և տեսավ, որ բոցը տեղաշարժվում է:
– Էդ ի՞նչ եք անում,— բղավեց բանաստեղծը:
– Հայերին են վառում:
Մաքսուդն էր: Ներքևում, մեջքը Զեյնաբ խանումի տան պատին հենած, ծխում էր:
– Բա որ քամին կրակը մեր տները գցեց…
– Չի գցի,— ասաց Մաքսուդը:
Բանաստեղծն ուզեց պատասխանել, բայց մեգաֆոնի ձայնը խանգարեց.
– Այ քույրիկ, ինչո՞ւ ես գլխներիս ջուր լցնում: Մենք քեզ ի՞նչ ենք արել…
Հանկարծ դաշնամուրի նվագ լսվեց: Դաշնամուրի նվագն այնքան էր անսպասելի, որ մի պահ բակի աղմուկը լռեց: Եվ բանաստեղծը տեսավ, թե ինչպես ձգելով մուտքից բակ հանեցին մորեմերկ աղջկան:
– Հարսին հոր տանից հանելու նվագն է,— Մաքսուդի՞ն, թե՞ ինքն իրեն ասաց բանաստեղծը:
Աղջկան հրելով բերեցին, անցկացրեցին կաթսայատան պատի հետևը և կորցրեցին բանաստեղծի տեսադաշտից:
– Առանց շտապելու, եղբայրներ,— հնչեց մեգաֆոնից: — Բոլորիդ էլ հերթ կհասնի:
– Հե՜յ գիտի ջահելություն,— կանչեց բանաստեղծը: — Ի՞նչ կասես, Մաքսուդ…
– Ճիշտ խոսքին ի՞նչ ասեմ,— ուսերը վեր քաշեց Մաքսուդը:— Բայց դու դեռ պինդ ես:
– Չեմ դժգոհում, Մաքսուդ, չեմ դժգոհում… Պիոներական վզկապը վզին տասներկու-տասներեք տարեկան տղան ոտաբոբիկ, հագին մի կարճ վարտիք, հանկարծ հայտնվելով նետի պես սուրաց ու անհետացավ:
— Էս թմբլիկ լակոտը էն ոսկրոտ աղջկանից հազար անգամ լավն էր,— խոսեց բանաստեղծը:— Ի՞նչ կասես, Մաքսոլդ:
Մաքսուդը պատասխանելու էր, բայց հայտնվեցին տղային հետապնդողները: Երկուսի ձեռքերում էլ մետաղաձողեր կային:
– Էն լակոտն ո՞ւր փախավ…
– Էսպես տվեց, էն տների արանքով գնաց,— ասաց Մաքսուդը:
– Էդպես վնա՞ց որ,— կասկածեց բանաստեղծը:
– Հա,— ասաց Մաքսուդը:— Էլ նրան չեն գտնի:
***
Մաքսուդը սողնակով փակեց այգու դռնակը, առաջ գնաց, կանգնեց, հայացքով տնտղեց այգին: Ոչ ոք չերևաց: Միայն շունն էր շղթան ձգելով կատաղի հաչում: Մաքսուդը նկուղ գնաց, լույսը վառեց: Տղան խրվել էր անկյունը, պպզել հեկեկում էր ու վզկապով քիթը սրբում: Մաքսուդը քայլ արեց: Տղան գետնից վերցրեց փոքրիկ կացինն ու կանգնեց: Նրա աչքերը խոշորացած էին, և գազանի աչքերի փայլ կար նրանց մեջ: Մաքսուդն անշարժացավ: Պարզ չէ՝ Մաքսուդը գիտե՞ր ինչ է նախամարդը, բայց այսպես ոտաբոբիկ, կարճ վարտիքով, մերկ ու կացինը ձեռքին տղան շատ էր նմանվում նախամարդուն:
– Խելա՞ռ ես,— վերջապես խոսեց Մաքսուդը:– Դո՞ւ չես իմ ծառերից թուզ թռցնում…
Տղան անձայն թափահարեց գլուխը:
– Հայրդ ո՞ւր է…
Տղան սեղմեց ատամներն ու գլուխն օրորեց: Դրսից գալիս, հասնում էր ճիչն ու վայնասունը, որ երբեմն խլանում էր մեգաֆոնի ձայնից:
– Նրանք քեզ չեն գտնի,— ասաց Մաքսուդը:— Ես քեզ կպահեմ: Կացինը գցիր:
Մաքսուդը վերցրեց սյունից կախ հնամաշ վերարկուն, մոտեցավ, պարզեց տղային:
– Հագիր, ամոթ է:
Տղան վերցրեց վերարկուն և առանց կացինը ձեռքից բաց թողնեքու գցեց ուսերին, ձգեց, իրար վրա բերեց փեշե¬րը:
– Հանկարծ չմտածես էստեղից դուրս գալ,— ասաց Մաքսուդը:— Ես գնամ քեզ համար շոր-մոր բերեմ:
– Մի գնա,— վերջապես խոսեց տղան: — Վախենո՞ւմ ես…
Տղան թափահարեց գլուխը:
– Բա քո շորերն ո՞ւր են…
– Դպրոց էի գնալու,— փղձկաց տղան:— Վրայիցս պոկեցին:
***
Բանաստեղծը չնկատեց, թե ինչպես մայրը պատշգամբ ելավ: Բակում սպանդը շարունակվում էր, բայց բանաստեղծի ուշադրության առարկան միլիցիոներների խումբն էր, որ քիչ հեռվում կան գնած նայում էր:
– Էս ի՞նչ մսահոտ է,— ասաց Զեյնաբ խանումը: — Քնիս մեջ երգ ու նվագ էի լսում՝ հարսանի՞ք է…
– Հայերի հարսանիքն է,— ասաց բանաստեղծը:— Դու գնա, սա կնկա նայելու բան չի:
– Չհասկանա՞մ ինչն ինչոց է,— նեղացավ մայրը:
– Գնացինք, գնացինք,— ասաց տղան, մոր ուսը գրկեց, դուրս բերեց պատշգամբից, հետևից ծածկեց դուռը:
– Թ՛ողնեիր նայեի, էլի,— չհանգստացավ մայրը: Բանաստեղծի աչքն ընկավ կահույքին դրված պլաստմասսայե արձանիկներին, ու նա ասաց մորը…
– Էս անպետք բաները որտեղի՞ց ես ճարում, բերում գցում տունդ…
– Սիրուն են: Չես ուզում՝ հավաքեմ:
– Հավաքիր:
Երկար ու ձիգ հնչեց հեռախոսի զանգը:
– Վարդս է:— Բանաստեղծը ժպտալով գնաց, վերցրեց լսափողը:
– Դո՞ւ ես,— հարցրեց տղամարդու ձայնը:
– Ես եմ,— տարակուսեց բանաստեղծը,— ո՞վ է…
– Իսմայիլովն է:
– Լսում եմ, մոալիմ,— ձգվեց բանաստեղծը:— Ո՞նց տեղս իմացաք…
– Կինդ ասաց:
– Ձեզանից չէ– պրծում չկա,— կատակեց բանաստեղծը:
– Չկա, – ասաց Իսմայիլովը:— Երեկ ի՞նչ է կատարվել այդտեղ: Տեսե՞լ ես…
– Այսօր եմ տեսել…
– Ի՞նչ ես տեսել…
– Սպանում են, վառում են, ջարդում են: Ուրիշ բաներ էլ կան, մայրս կողքիս է, ասելն ամոթ է:
Մայրը, որ ականջը տղայի խոսակցությանը, արձանիկներն էր հավաքում, շարում թասի մեջ, տղայի խոսքի վրա գործը կիսատ թողեց, թասը դրեց սեղանին, գնաց պատշգամբ, ելավ:
– Ուրեմն իմացիր,— ասաց Իսմայիլովը,— շտապ հոդված ես գրելու:
– Ինչի՞ մասին:
– Հայ և ազերի ժողովուրդների բարեկամության: Մեր դարավոր եղբայրությունը կա՞, թե՞ չկա…
– Կա, իհարկե, կա,— գլխով հաստատեց բանաստեղծը:
– Մի քանի խուլիգան-ռեցիդիվիստ, հասկանում ես, ո՞նց կարող են սեպ խրել մեր եղբայրության մեջ: Պա՞րզ է…
– Պարզ է, սիրելիս, պարզ է:
– Հիմնական շեշտդ դա է լինելու: Կատարվածի մասին՝ մի երկու բառ: Եղա՞վ…
– Պարտադի՞ր է, որ ես գրեմ,— իրեն թանկացրեց բանաստեղծը:
– Մեզ հեղինակություն է պետք,— ասաց Իսմայիլովը:
– Շնորհակալություն,— ասաց բանաստեղծը:
– Վաղը պիտի հանձնես, մյուս օրը տպելու ենք:
– Կհասցնե՞մ…
– Պիտի հասցնես: Երեկոյան մեքենան կգա հետևիցդ: Հաջողություն:
Բանաստեղծը դրեց լսափողը, նայեց՝ մորը չգտավ ու, տեսնելով կրնկի վրա բաց թողած պատշգամբի դուռը, պատշգամբ գնաց:
– Էս ցրտին կանգնե՞լ ես,— զայրացավ մոր վրա: — Հետո էլ մեջքի ցավից ես խոսում:
– Էդ ի նչ են անում,— օրորվեց Զեյնաբ խանումը:
Բանաստեղծը բռնեց մոր ձեռքը, ճաշասենյակ տարավ:
– Սուրճ սարքիր, մինչև ես կսափրվեմ:
Նա «դիպլոմատից» հանեց արտասահմանյան էլեկտրական սափրիչը, գնաց հայելու մոտ, սկսեց սափրվել: Սափրվելիս հիշեց, որ երեկոյան մեքենան գալու է, որ այսօր ինքը հանդիպելու է կնոջը:
– Վարդս,— շշնջաց, և դարձյալ ներշնչանքը թրթռաց ներսում:— Ծեր բլբուլը,— ասաց, մտածեց, էլեկտրասափրիչը կզակի վրա մի քանի անգամ վերուվար արեց,— ծեր բլբուլը հանգիստ չունի,— ուրախացավ գտնված տողի համար, սափրվելը կիսատ թողեց, գնաց, նստեց ճաշասենյակի սեղանի մոտ, գրպանից հանեց ծոցատետրն ու գրիչը և սկսեց բարձրաձայն արտասանելով գրել.
Ծեր բլբուլը հանգիստ չունի,
Դադար չունի, վայ աման,
Վարդի տեսքից խենթացել է,
Իր տարիքը մոռացել է,
Մոռացել է, վախ աման…
– Մոալիմ…
Դռան մեջ Մաքսուդն էր, առջևում՝ տղան: Տղան նույն վերարկուով էր, ներկոտ տաբատով, խունացած զինվորական վերնաշապիկով, բոբիկ ոտքերը՝ քրքրված կոշիկների մեջ:
Վերարկուի գրպանից կարմրին էր տալիս պիոներական վզկապի ծայրը:
– Ո՞վ է,— չհասկացավ բանաստեղծը:
– Էն թմբլիկ տղան է,— ժպտաց Մաքսուդը:— Տես ինչ կարմիր թշեր ունի,— ասաց ու կսմթելով տղայի այտը, նրան առաջ մղեց:
Բանաստեղծը դանդաղ ոտքի ելավ:
– Ես նրան ասել եմ, որ դու պաշտոնով մարդ ես, որ դու չես թողնի սպանեն, որ շոր կառնես, ինչ սիրտն ուզի՝ կառնես… Մենակ՝ նա պիտի քեզ լսող լինի…
Մաքսուդն էլի բաներ ասաց, բայց բանաստեղծը նրան չէր լսում:
– Դու դուռը կողպիր, Մաքսուդ,— շշնջաց բանաստեղծն ու շարժվեց դեպի տղան:
Տղան բնազդով ամեն ինչ հասկացավ, պոկվեց Մաքսուդի ձեռքերից, կողմ փախավ:
Մաքուդը դուռը կողպեց, շրջվեց, քայլ արեց տղայի կողմը:
– Դու նրան բռնիր, Մաքսուդ…
– Ո՞ւր պիտի փախչի,— ասաց Մաքսուդը:— Զուր տեղը մեզ չարչարելու է:
Սենյակի դուռը հրեցին, ապա թակեցին: Երևի Զեյնաբ խանումն էր սուրճ բերում բանաստեղծի համար:
– Ա՛յ, գալիս են,— ասաց Մաքսուդը,— գալիս են քեզ սպանեն…
Տղան փախավ սենյակի հակառակ ծայրը և գոտկատեղից հանեց կացինը:
– Էդ ե՞րբ թռցրեց, որ ես չիմացա,— փնթփնթաց Մաքսուդն ու մեխվեց տեզում:
Բանաստեղծը ետ գնաց, ծեփվեց պատին:
Դուռը նորից թակեցին: Տղան վանդակն ընկած գազանի պես այս ու այն կողմ էր նայում, փախուստի ելք էր փնտրում ու չէր գտնում:
– Բռնիր նրան, ասում եմ,— բղավեց բանաստեղծը:
– Կացինը գցիր,–— ասաց Մաքսուդը ու շարժվեց դեպի տղան:— Ախր դու խելոք տղա ես…
Տղան կացինը կախեց, և Մաքսուդին թվաց, թե նրան մոտենալու ամենահարմար պահն է, և այն է, մոտենալու էր՝ տղան նախահարձակ եղավ ու կացինն իջեցրեց Մաքսուդի գլխին: Բանաստեղծը գոռաց, պատին քսվելով շարժվեց դեպի դուռը, որ անխնա թակում էին: Եվ հանկարծ տղան նկատեց պատշգամբի դուռը. վազեց, բացեց և նետվեց պատշգամբից: Բանաստեղծը դա տեսավ:
– Մարդասպան,— բղավեց, վազեց պատշգամբ: — Բռնեք դրան, մարդասպան…
Կաթսայատան մոտից մի քանիսը մետաղաձողերը ձեռքներին վազեցին ընդառաջ…
– Ով է, ո՞ւր է…
– Էստեղից թռավ, նոր թռավ, բռնեք էդ լակոտին:
Եվ մինչ մետաղե ձողերը ձեռքներին տղաները այս ու այն կողմ էին վազում՝ անսպասելի բան կատարվեց, վերևից քրքրված կոշիկներ ընկան: Բանաստեղծը դա տեսավ, վեր նայեց ու տեսավ, թե ինչպես ամպի միջից դուրս սահեց և քամուց ճոճվելով վար իջավ ու ընկավ ներկոտ տաբատը: Հետո հնամաշ վերարկու ընկավ, զինվորական խունացած բլուզ, պիոներական վզկապ, կացին… Ու երբ քամին տեղփոխ արեց ամպը, և կապույտ երկինքը բացվեց, բանաստեղծը տղային տեսավ, նա համբառնում էր վեր, վեր և որքան բարձրանում էր, արեգակն այնքան ավելի էր լուսավորում նրա մարմինը, որ մերկ էր և միայն կիսավարտիք ուներ հագին: Երկնքից շեփորի ձայն էր լսվում…
1988
Այս պատմվածքը պետք է (չգիտեմ ինչպես ) երակային ճանապարհով ներարկել Վահրամ Պետրոսյանին և իր (ընգ’երներին) , այլապես մի հիսուն-հարյուր տարուց կրկին շան ու գելի բաժին ենք դառնալու…
Հետո էլ մեղադրում եք ժամանակակից հեղինակներին գռեհկաբանության ու ընթերցողի հանդեպ ունեցած անպատասխանատու վերաբերմունքի մեջ… տեսեք, թե ինչ ազնիվ գրականություն է, ինչ մաքուր գիր է, ինչ հոգածություն է ազգային ինքնության հանդեպ:
Շնորհակալություն Գրանիշ ակումբին:
Առաջարկում եմ թարգմանել ֆրանսերեն,որոնք են հեղինակային իրավունքի ձեր պայմանները թարգմանության հրատարակման դեպքում
Առաջարկը ընդունված է: Կարող եմ ներկայացնել նաեւ այլ պատմվածքներ եւ երկու կինոսցենար: Ինձ հետ կարող եք կապ պահպանել ars@arminco.com հասցեով:
Շնորհակալություն`
Աննա Մնացականյան