ՌՈԶԵ ԱՈՒՍԼԵՆԴԵՌ | Ծաղկաթռչուն

Ռոզե Աուսլենդեռ

Ռոզե Աուսլենդեռ ( գերմ Rose Ausländer, իսկական անունը՝ Ռոզալի Բեատրիսե Շերցեր (Rosalie Beatrice Scherzer). 11 մայիսի 1901 -3 հունվարի 1988) — հրեական ծագումով գերմանացի բանաստեղծուհի. ստեղծագործել է գերմաներեն և անգլերեն լեզուներով:
Ծնվել է Չեռնովիցում (Czernowitz), որն այդ ժամանակ գտնվում էր Ավստրոհունգարական կայսրության կազմում: 1907-1919 թվականներին իր սկզբնական կրթությունը ստացել է Վիենայում և Չեռնովիցում (վերջինս 1918 թվականից հետո արդեն Ռումինիայի կազմում էր): 1919 թվականին Չեռնովիցում սկսում է գրականություն և փիլիսոփայություն ուսումնասիրել: Այս ժամանակ էլ խորապես նվիրվում է Կոստանդին Բրյունների (Constantin Brunner) փիլիսոփայությանը:
Հոր մահվանից հետո (1920 թ.) թողնում է իր ուսումնասիրությունները և արդեն հաջորդ տարի (1921 թ.) իր ընկերոջ և ապագա ամուսին Իգնաց Աուսլենդեռի (Ignaz Ausländer) հետ միասին արտագաղթում ԱՄՆ: Այստեղ հիմնում է «Արևմտյան մունետիկ» (Westlicher Herold) թերթը և սկսում բանաստեղծություններ գրել: 1923 թ. հոկտեմբերի 19-ին ամուսնանում է Իգնատ Աուսլենդեռի հետ, սակայն երեք տարի անց սկսում են առանձին ապրել (ապահարզան է տալիս 1930 թվականին): Նույն այդ տարում (1926 թ.) ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն: Առաջին բանաստեղծությունները հրատարակվում են 1927 թվականին «Ամերիկայի օրացույց մունետիկ» (Amerika-Herold-Kalender) թերթում, որը և խմբագրում էր:
1931 թվականին վերադառնում է Չեռնովից՝ հիվանդ մորը խնամելու համար: Հանդիպում և ամուսնանում է Հելիոս Հեխտի (Helios Hecht) հետ: Այստեղ ապրում է մինչև 1936 թվականը, որի պատճառով կորցնում է ԱՄՆ-ի քաղաքացիությունը: Հ. Հեխտի հետ բաժանվելուց հետո թողնում է Չեռնովիցը և մեկնում Բուխարեստ: Իսկ արդեն 1939 թվականին հրատարակվում է նրա բանաստեղծությունների առաջին՝ «Ծիածան» (Der Regenbogen) ժողովածուն (Ալֆրեդ Մարգուլ-Շփերբերի (Alfred Margul-Sperber) միջնորդությամբ): Բանաստեղծությունների ժողովածուն թեպետ քննադատների կողմից դրականորեն ընդունվեց, հանրության կողմից ուշադրության չարժանացավ: Երբ Խորհրդա-գերմանական դաշնագրից (1939 թ.) հետո քաղաքը զբաղեցրին խորհրդային զորքերը (1940 թ.), Ռոզե Աուսլենդեռը ԽՍՀՄ-ի ՆԳԺԿ-ի (НКВД) կողմից ձերբակալվեց՝ իբրև ԱՄՆ-ի լրտես, սակայն երեք ամիս անց բաց թողնվեց՝ փաստերի բացակայության պատճառով:
Բանաստեղծությունների ժողովածուի զգալի մասը ոչնչացվեց քաղաքը բռնազավթած գերմանացի զինվորների կողմից (1941 թ.): Իբրև հրեա՝ նա պետք է տեղափոխվեր Չեռնովիցի գետտո: Այստեղ նա ապրում է երկու տարի և ևս մեկ տարի ծպտված, որպեսզի համակենտրոնացման ճամբար չուղարկվի: Գետտոյում էլ ծանոթանում է Պաուլ ՑԵԼԱՆԻ հետ (ևս մեկ ու վերջին անգամ նրանք կհանդիպեն 1957 թ. Փաիրզում), որի ազդեցությամբ էլ նա արդիականացնում է իր ոճը՝ անցյալում թողնելով դասական-էքսպրեսիոնիստի տոնը: 1944 թ. քաղաքն ազատագրվում է խորհրդային զորքերի կողմից: Ռ. Աուսլենդեռը վերադառնում է ԱՄՆ և կրկին ստանում ԱՄՆ-ի քաղաքացիություն (1948թ.):
Մինչև 1956 թվականը դադարում է բանաստեղծություններ գրել գերմաներենով՝ անցնելով անգլերենին: 1965 թվականին լույս է տեսնում նրա երկրորդ ՝ «Կույր ամառ» (Blinder Sommer) ժողովածուն: Ժողովածուն այս անգամ արժանանում է հանրության ջերմ ընդունելությանը: Ավելին՝ «Հոֆման և Քամփ» հրատարակչության կողմից պարգևատրվում է «Հայնեի արծաթե թալերի» (Silberner Heinetaler) գրական մրցանակով:
1967 թ. վերադառնում է Գերմանիա (ԳՖՀ): Միայն 1975 թվականից հետո է հայտնի է դառնում լայն հանրությանը՝ շնորհիվ հրատարակիչ Հելմուտ Բրաունի (Helmut Braun): 1978 թ. հետո ծանր հոդաբորբի պատճառով չի կարողանում ինքնուրույն բանաստեղծություններ գրել և թելադրում է դրանք: Նա այլևս չի լքում իր սենյակը:
Վախճանվում է 1988 թվականին Դյուսելդորֆում:
Նախընտրած թեմաների մասին ասում է. «Ամեն ինչ եզակի է: Տիեզերականը, դարաշրջանի, բնապատկերի, առարկաների, մարդկանց, տրամադրությունների, լեզվի նկատմամաբ քննադատական հայացքը, ամեն ինչ կարող է լինել թեմա»:
«Ես գրում եմ ինձ համար, բայց հրատարակում ընթերցողների համար: Եվ նրանց արձագանքը արևի շող է ինձ համար, առանց որի, հավանաբար, չեմ կարող աճել»:

Ո՞Վ ԵՄ ԵՍ

Երբ հուսահատ եմ
բանաստեղծություններ եմ գրում

զվարթ եմ
երբ բանաստեղծություններն են գրվում
իմ մեջ

Ո՞վ եմ ես
երբ
չեմ գրում

ՆԵՏԻՐ ՔՈ ԵՐԿՅՈՒՂԸ

Երկյուղը քո
օդ նետիր

Շուտով
կհասնի քո ժամանակը
շուտով կաճի երկինքը
խոտի տակ
քո երազանքները կթափվեն

Ոչմիտեղ

Դեռ
մեխակը բուրում է
երգում է կեռնեխը
դու դեռ կարող ես սիրել
խոսքեր պարգևել
դու դեռ այստեղ ես

Եղիր այն ինչ կաս
Տուր այն ինչ ունես

ԵՍ

Ես ընդամենը
մարջան եմ
ծովում
հիշողությունների
և սպասում եմ
քամուն

Արքայադուստր
որսա
ինձ
դիր ինձ
պարանոցիդ շուրջ

Դա կլինի
իմ երջանկությունը

 

ՄԻԱՅՆ ԳԻՏԵՄ

Դու հարցնում ես ինձ
ինչ եմ ուզում
ես դա չգիտեմ

Միայն գիտեմ
որ ես երազում եմ
որ երազն ապրում է ինձ
և ես ճախրում եմ
նրա ամպերում

Միայն գիտեմ
որ սիրում եմ մարդկանց
լեռներ այգիներ ծովը
քանզի բազմաթիվ մահեր
իմ մեջ են ապրում

Ես խմում եմ իմ
ակնթարթները
միայն գիտեմ
որ դա ժամանակի խաղն է
վերևում և ներքևում

 

ԻՄ ՇՈՒՆՉԸ

Իմ խոր երազներում
երկիրը լաց է լինում
արյուն

Աստղերը ժպտում են
իմ աչքերում

Մարդիկ գալիս են
բազմագույն հարցերով
գնացեք Սոկրատեսի մոտ
պատասխանում եմ

Անցյալը
բանաստեղծեց ինձ
ես ժառանգեցի
գալիքը

Շունչս կոչվում է
Այժմ

 

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ

Իրականացավ
գնչուհու գուշակությունը

Քո երկիրը
քեզ կլքի
դու կկորցնես
մարդկանց և քունդ
կխոսես
փակ շուրթերով
օտար շուրթերի հետ

Կսիրի քեզ
միայնությունը
քեզ կգրկի

 

ԳՐԵԼ II

Խոսքերը
գրվում են
իմ մեջ:

Նրանք այցելում են ինձ
շնչակտուր
ընդունում եմ նրանց:

Նրանք պտտվում են իմ շուրջ
ես գրում եմ նրանց պտույտը

 

ԾԱՂԿԱԹՌՉՈՒՆ

Ծաղկաթռչուն
իմ բանաստեղծությունների կրկնակը
խայթով փետրավորված
երբեմն թռչում է
երկինք
հուսահատ ձայն ունի
մինոր
մաժոր
հանց թռչուն
սիրուց հետո ճչում է
հանց ծաղիկ
դիմադրում և բացվում է
լույսի մեջ

ՇՐՋԱՊՏՈՒՅՏ II

Քո հայացքն
իմ աչքի մեջ:

Իմ ձեռքում
մատիտը:

Քարեր իմ ոտքերի տակ
Անիվներ իմ քայլվածքի կողքին:

Օդ իմ շնչառության մեջ
իմ բերանում
բառը:

Քո հայացքն իմ աչքի մեջ:

       Թարգմանությունը գերմաներենից՝ Թոնդրակի և Մարիամ Կարապետյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *