Ձեռքս ընկավ Ռուբեն Ֆիլյանի «Անծանոթ ինքնակենսագրություն» խորագիրը կրող ժողովածուն Արամ Պաչյանի խորը, ընդգրկուն, բովանդակալից առաջաբանով և մտքով գնացի, հասա հեռավոր 70-ական թվականները, երբ «Գարուն» ամսագրում տպագրվում էին Ռուբեն Ֆիլյանի «Հեքիաթ փուչ ընկույզների մասին» գործը և այլ պատմվածքներ: Եվ ծագեց հարցը, թե հայ նորագույն արձակի ամենահնչեղ անուններից մեկը ինչո՞ւ է փորձում վերարժևորել անցյալ դարի 70-ականների գրական սերնդի ամենախոստումնալից, ամենաինքնատիպ հեղինակներից մեկի՝ Ռուբեն Ֆիլյանի գրական հունձքը: Իհարկե փաստն ինքնին հուզիչ ու սրտաշարժ է: Եվ գիրքն ընթերցելուց հետո կարծես թե կռահեցի շարժառիթը. երկու արձակագիրներին միավորողը մտածողության ընդհանրությունն է. իրերի և երևույթների ելակետային մեկնությունների գրեթե՝ նույնականությունը՝ «Դու այլևս ռեալության ու հորինվածքի մեջ չես, այլ բառի ազատ անկման- գրում է Պաչյանը Ռուբեն Ֆիլյանի գրքի առաջաբանում,- Եվ նա փրկում է քեզ: Փրկություն ամենայն իմաստներից, փրկություն ունայնից, փրկություն ուրիշից, ինքդ քեզնից, փրկություն խոսքից, փրկություն լռությունից, փրկություն քեզ փրկող բառից»:[1]
Ենթադրելի է, որ կարևորը ոչ թե որոնման արդյունքն է, այլ՝ որոնման բուն գործընթացը, ընթացքը՝ անդունդի եզրով: Անզգույշ մի շարժում, և կարող ես հայտնվել անդունդի հատակում: Զգուշավորությունը մարդ-աստվորի բնական հատկանիշն է, մի հատկանիշ, որից ոմանք զուրկ են և որոնց տարերքը վտանգին մշտապես մարտահրավեր նետելն է. «Տեր, տա՛ր մեզ ի փորձություն»: Պայմանականություններն ու հոգեբանական պատնեշները ոմանց նյարդային ցնցումների դուռն են հասցնում, և ոմանք ամեն գնով պատրաստ են խորտակել այդ պատնեշները: Ասացի ամեն գնով, բայց մենք հո լավ գիտենք, որ աշխարհում ամեն ինչ իր ստույգ գինն ունի… «Չկա ուրիշ ուղի տառապանքից ուղիղ» – ասում է Չարենցը: Հետևապես մի ելք է մնում. երբեք ու ոչ մի պարագայում չհանձնվել, չդոփել տեղում, կես ճանապարհին կանգ չառնել, մշտապես մնալ Անհայտ ճանապարհի ուղևոր և այնպես անել, որ հոգու (գաղափարի, երազանքի) փխրուն կավը շարունակաբար թրծվի առեղծվածի կրակներում: Հուսալ, տոկալ, քանզի առջևում թանձրանալու է ձանձրույթի և աշխարհիկ ունայնության գորշ մառախուղը, և ոչ մի՝ կանթեղ, ոչ մի կախարդական լամպ:
Եվ ահագնանալով թրթռում է «Սանսարայի» քուղը: Եվ հյուսվում է «Անծանոթ ինքնակենսագրությունը», և սկսում են առկայծել ֆիլյանական բնագրի նրբերանգները. «Մի օր (մի քանի օր, ամեն ամիս) մարդը հոգնած (առույգ, տխուր, ուրախ, հուզված, էլի տխուր) եկավ տուն (իր ունեցած-չունեցած բոլոր տները) ու սկսեց նամակ գրել (նամակներ, հեքիաթներ, արձակ, բանաստեղծություններ)»: Աբսուրդի տարրերը նրբագեղորեն համադրելով՝ Ռուբեն Ֆիլյանը ելքը գտնում է, իսկ ելքը թերևս կանխանշված հանգուցալուծումն է. «Մի քանի ամիս հետո փոստարկղը բացելիս նա տեսավ, որ չվող թռչունի պես իր նամակը (նամակները, հեքիաթները, արձակը, բանաստեղծությունը) հետ է եկել: Նա բաց արեց այն ու սկսեց կարդալ»[2]:
Փուչ ընկույզներ վաճառող Ռաֆայել ծերունին, ում անգամ թոռը «Ռաֆայել պապի»-ով է դիմով, ոչ մեկի հետ և ոչ մի պարագայում գործարքների մեջ չի մտնում. իր պոպոքը փուչ է ու վերջ. կկգնեն, թե՝ ոչ, թող գնորդները որոշեն: «Փուչ ընկույզ»… հայերեն խոսակցականում տարածված է նաև «փուչ կյանք» արտահայտությունը: Ոմանք այդ սկզբունքով էլ ապրում են. իրենց ներաշխարհի դատարկությունը փորձում են արդարացնել (ըստ իրենց) կյանքի իմաստազուրկ, ունայն լինելու հանգամանքով: Եվ բացվում ու քննության է առնվում «Պոպոքի գործը»: Բացահայտմանը մասնակցում են հեղինակը իբրև վկա, թաքնված տեսախցիկն ու ձայնագրիչը իբրև գրանցող և վավերագրող. ճշտվում է յուրաքանչյուրի վերաբերմունքը պոպոքի հանդեպ, և ֆիլյանական կերպարները մեզ են ներկայանում տեղ-տեղ սարկաստիկ, հեգնական երանգավորումով, տեղ-տեղ սիրով ու ջերմությամբ առլեցուն. «Այդպես պարկ-պարկ է գնում նաև մի մարդ, որի ով լինելը շատ դժվարությամբ է պարզվում։ Կենտրոնից հաղորդում են, որ այդ մարդը հուշանվերների արտադրամասի վարիչն է և նա այդ փուչ պոպոքներից փոքրիկ տիկնիկներ է պատրաստում, նաև ներկում է դրանք, ասեղ հարմարեցնում վրան և տեղադրելով հատուկ պատվանդանի վրա՝ այն դարձնում մանկական փոքրիկ գլոբուս»[3]։
Եվ թրթռում է «Սանսարայի» քուղը և շարունակում են հյուսվել ֆիլյանական (միաժամանակ իրապատում և հրաշապատում) հեքիաթների շարքը: «Չհանդոգյա Ուպանիշադի» յոթերորդ պրապաթաքայի երկրորդ քհանդայում ասված է. «Արդարև խոսքն ավելին է քան անունը… Վասնզի, եթե խոսքը չլիներ, անհնար կլիներ իմանալ արդարն ու անարդարը, ճշմարիտն ու սուտը, բարին ու չարը, հաճելին ու տհաճը: Հիրավի, խոսքն է այս ամենը իմանալի դարձնում: Հարգի՛ր խոսքի խորհուրդը»: Իսկ Ռուբեն Ֆիլյանի «Հեքիաթ սպիտակ պոչով շան մասին» պատմվածքում կարդում ենք. «- Սա բառ չէ։ Ու ամենակարևորը՝ այստեղ քամի չկա։ Ես հիմա հասկացա՝ ընդհանրապես քամին ավելորդ է ու կարող ես չհիշել այդ մասին, որովհետև դա քամու պես մի բան է, իսկ այստեղ քամի չկա ու պետք էլ չէ… Բառերով չեմ կարողանում ասել, բայց ուրիշ ձևով էլ չեմ կարող։ Ախր չափազանց գեղեցիկ է, ու քամի էլ չկա…»[4]
Եվ գիտակցականն ու ենթագիտակցականը զուգորդվում են: Թրթռում է «Սանսարայի» քուղը, և Ֆիլյանը կորուսյալ ժամանակի որոնման ճանապարհին է և եզրահանգում է. «Բայց չէ՞ որ մենք շատ հոգնած էինք… կամ գուցե մենք նկատում էինք, բայց վախենում էինք զրկվել մարդկանց մեջ լինելու հաճույքից, չնայած այդ մեզ ձանձրացրել էր…»[5]: «Անընթեռնելիությունը այս աշխարհի: Երկփեղկված է ամեն ինչ» – ասում է Պաուլ Ցելանը: Եվ աշխարհի իրականություն ընթերցելու ֆիլյանական համառ և անձանձիր ճիգը և նույն այդ աշխարհի երկփեղկվածությունը դիտարկելու փորձը՝ «Մի քանի դեպք ևս հիշեց ու դրանք էլ իզուր թվացին։ Բայց նա զգաց, որ եթե այսպես շարունակի հիշել, ապա շուտով կպարզվի, թե իր ողջ կյանքը իզուր է անցել։ Եվ հենց ճիշտ ժամանակին դադարեցրեց հիշողությունները…»[6]:
Ռուբեն Ֆիլյանը երբեմն իրերին և երևույթներին է նայում սկեպտիկի կասկածամտությամբ, բայց այդ կասկածամտությունը հատուցվում է անսովորն ու անտեսանելին բացահայտելու հոգևոր բերկրանքով և հույսով. « -Այնտեղ պատերազմ է,- բղավում է նա, ցույց տալով դիմացի շենքը,- իսկ այս ծառը չգիտես ինչու ծաղկել է…»[7]:
«Աշխարհում ամենակարևորը մենակ մնալ կարողանալն է», – ասում է ֆրանսիացի փիլիսոփան: Ռուբեն Ֆիլյանը գիտակցում է, որ իր մենությունը «բնածին» է և փորձում է սեփական մենության դիտանկյունից ընկակել այլոց մենությունները: Ինքնահայեցողությունը իբրև ելման կետ ընդունելով` Ֆիլյանը ձգտում է պեղել մարդու ներաշխարհի հուզական ու զգացական ամենաթաքուն և խորը շերտերը: Այստեղ է, որ դիտողական ընկալումները և ճանաչողության համաբնույթ լինելը դառնում է առանցքային գործոն: Հատկորոշվում են բերկրանքի, տրտմության, տագնապի, ցավի (նաև՝ կորստյան) նրբերանգները. «… Քանզի միևնույն է՝ մնալ, թե մեկնել հեռու, քանզի ինչ-որ բանի կորուստը կարելի է փոխարինել հենց միայն այդ ինչ որ բանով…»[8]:
Եվ ցուցանվող (նկարագրվող) պատկերը (պատումը) ներկայացվում է անհավանական, գլխապտույտ առաջացնող զգացական շրջածիրում: Եվ քանզի բարձրագույն հոգեվիճակները արտածվում են ցածրագույններից, Ֆիլյանը փորձում է տեղորոշել նախասկզբնական հոգեվիճակների ակունքները: Դեռևս անտիկ բնախոսներն են վկայել, որ առանց մարդու ներաշխարհի գաղտնիքները քողազերծելու, հնարավոր չէ թափանցել բնության առեղծվածների մեջ: « -Սակայն չէ՞ որ երբ մարդու մեջ մի բան ոչնչանում է՝ դրա փոխարեն, կամ դրա դատարկված տեղը ինչ-որ մի ուրիշ բան պիտի դնել, լցնել, տեղադրել,- մտածեց նա։ Նա մտածեց նաև, որ իր մեջ զգացումները բնակեցնելու տեղի մեծ պաշար կա և նախկինում պաշարի մեծ մասը տրամադրել էր այդ ձայնին՝ իսկ ձայնը այլևս չկա»։⁸
Իսկ «Ելք» պատմվածքի «չհուսահատվածի» շուրթերով հնչում է ճակատագրական հարցը. «Մի՞թե ես արդեն համաձայնվել եմ անվերջ փնտրելու մտքի հետ»[9]:
Ֆիլյանական պատումային գծին հետևելիս, զգում ես, թե փաստի զգայական ընկալումը և ստեղծագործական երևակայությունը ինչպես են փոխլրացնում միմյանց: Եվ կարծես միջանցքներ են բացվում ներաշխարհի և արտաքին աշխարհի բնամիջավայրերի միջև: Թռչնի պես ազատ ճախրելու ցանկությունը իրականացնելու ճանապարհին ստեղծված պայմանականությունները (տաբուները) մշտապես խզումի, հակադրության պատճառ են դառնում: Եվ նման շարունակական խզումներից խուսափելու համար ելքը դարձյալ ներքին ձայնին ապավինելն է: Եվ ակնկալված ճշմարտությունը Ֆիլյանը ձգտում է ստանալ ոչ թե միջնորդավորված, այլ՝ առձեռն: Եվ երազում է ճախրանքի մեջ տեսնել այն Մեծ թռչնին, որը թևածում էր դեպի ան-իմանալին: Ֆիլյանի ստեղծած բոլոր կերպարները՝ սկսած Ռաֆայել պապից, նաև կենդանիները՝ թռչող ձին, սպիտակապոչ շունը, կույր լուսատիտիկները, չվող թռչունները, խենթ են և այդ խենթության մեջ ձև ու ձևականության նշույլ իսկ չկա։ Դա այն խենթությունն է, որը երկրի երեսից վանում է ձանձրույթի ու տաղտուկի փառը և աշխարհը դարձնում է թափանցիկ, լուսավոր և առինքնող։
Եվ թրթռում է «Սանսարայի» քուղը, և արձակագիր Ռուբեն Ֆիլյանի կյանքի, ճակատագրի կտրուկ շրջադարձը: «Եթե երկրագնդի վրա կա մի վայր, ուր տեղ ունեն բոլոր երազանքները՝ սկսած առաջին իսկ օրերից, երբ մարդը սկսեց գոյության երազը, ապա դա Հնդկաստանն է» – ասում է Ռոմեն Ռոլանը իր «Ռամակրիշնայի կյանքը» գրքում: 70-ականների վերջերին Ռուբեն Ֆիլյանը դուրս է գալիս երկրից: Եվ սկիզբ է առնում Ֆիլյանի անաբասիսը: Մեկնում է Ֆրանսիա, ճամփորդում է Եգիպտոսով, Հորդանանով և հաստատվում է Հնդկաստանի Գոա նահանգում: Պատահականությամբ Ռուբենը կարող էր հայտնվել հնդկական մեկ այլ վայրում, ասենք՝ Բենգալում կամ Քամալպուրում: Կոնաձև շինություններ, բրնձի դաշտեր, արմավենիներ… Ահա Ռուբենը բրահմանյան ծերունիներով շրջապատված, հանրահայտ լայն ժպիտը դեմքին: Հանկարծահաս տեսիլքը… Ահա Ռուբենը ափը հպել է աներևույթ հյուսվածքին և սպասում է իր փնտրած Ձայնի արձագանքին… «Ամարա կալա»՝ սեփական Ես-ի պատյանից ազատագրվելու բուդդայական այդ անկյունաքարային դրույթը, և մակերեսից խորքը սուզվելու ֆիլյանական այդ համառ, տաժանակիր ճիգը, երբ գիտելիքն ու իմացությունը ծնրադրում են տիեզերական անհուն, անքննելի լռության առջև: Դեպի գաղտնիքը ընթանալու երկու ճանապարհ կա. խոնարհության հասնող երկյուղածություն, որից ածանցվում է զգուշավորությունը կամ՝ վտանգաշատ իրադարձությունների հորձանուտում հայտնվելու կամքն ու պատրաստակամությունը: Իսկ Ռուբեն Ֆիլյանը ընտրել էր վերջին ուղին:
Հասկանալի է, որ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի՝ Հեթում Ֆիլյանի թոռը դյուրությամբ չէր ընդունելու տարագրության վճիռը: Վեպի հրատարակության արգելքը և (այլազան հանգամանքներ), և Ֆիլյանը հստակ գիտակցում էր, որ խորհրդային գաղափարախոսության անողոք մամլիչը մշտապես խոչընդոտելու է գալիքի իր երթը: Բացվելու, ծավալվելու իր բոլոր հնարավորությունը ի չիք է դարձնելու, և հարկադրված էր ընտրել տարագրության ուղին, և Ռուբեն գնում էր իր «գոյության երազի» ետևից: Ես համոզված եմ, որ օտար «հրապուրանքները» Ֆիլյանին անհրաժեշտ են եղել իր գեղագիտական բարձրակետին հասնելու համար, բայց նա մշտապես մեկ գերխնդիր է ունեցել. ամեն գնով պահպանել հայի իր տեսակ, իր նաիրյան մտածողության ինքնատիպ կերպը. «Գիշերային ձյունը ավելի էր սաստկանում, իսկ փաթիլները թափվում էին ու գնալով ավելի խոշորանում՝ կարծես օրացույցի թերթիկներ։ Եվ կամ վերցնում ենք ձյան մեկ փաթիլը ու վրան կարդում`
1-ը հունվարի, 1979 թ.
ծնվել է ՌՈՒԲԵՆ ՖԻԼՅԱՆԻ
«Անծանոթ ինքնակենսագրությունը»
Պատկերացրեք»:[10]
[2] Էջ 19
[3] Էջ 30
[4] Էջ 40
[5] Էջ 41
[6] Էջ 42
[7] Էջ 57
[8] Էջ 66
[9] Էջ 95
[10] Էջ 142