Արման Գիզյան | ՄԱՅՐ-Հայրենիք

Մայթեր կան, որ փողոցներից չեն տարբերվում։ Ձյան շերտը ծածկել էր՝ առանց այդ էլ չնշմարվող բաժանարարը։ Մայթեզրի՞ն էր կանգնած, թե՞ փողոցում՝ չգիտեր։ Սևեռուն Նայում էր ձյանը։ Երկար նայելուց թվում էր, թե փաթիլները մեկիկ-մեկիկ համբարձվում են երկինք, ամպեր, որտեղից եկել են։ Վեր համբառնող փաթիլների հետ միասին, նույն ռիթմով գոլորշին էր բարձրանում բաժակից՝ ջերմացնելով դեմքն ու պնչերը լցնելով սուրճի բույրով։
Կաթկթում էին տանիքները, սլանում էին մեքենաները, խողովակները թսոցով դուրս էին թռնում գազի բալոններից, շունն անցնում էր փողոցով, մետաղադրամն ընդունում էր սրճեփ սարքը, շան բերանում տոպրակ էր, ձյունը ճռճռում էր ոտքերի տակ, մեքենաներն անձայն ընթանում էին, փաթիլները լապտերի տաք լույսին փայլատակում էին, տոպրակում մի բան կար, ուտելու մի բան, տաք սուրճից մի քանի կաթիլ թափվեցին ձյան մեջ, շունը պոչը խաղացնելով անցնում էր փողոցը, մի մեքենա ազատվեց, մյուսը մտավ լիցքավորվելու, մի սառույց կոտրվեց, շունն անցնում էր փողոցը, մեքենան գնում էր փողոցով, շունը չէր տեսնում մեքենան և մեքենան չկանգնեց ու անցավ, ասես ոչինիչ չեղավ։
— Կարո, ա՜յ, Կարո, մե ժամմ էլ քեզի կկանչեմ:
Բայց Կարոն անշարժ էր, սուրճի բաժակը ձեռքին կանգնած էր կամ արդեն փողոցին, կամ էլ մայթեզրին։ Մոտեցավ լիցքավորողն իր հաստ ու անհարմար կոմբենեզոնով։ Մոտենալով՝ Կարոյի հայացքն ընկավ շան վրա և միայն նոր լսեց նրա ոռնոնցն ու բոսոր ձյունը։
— Ծո, հլը շանն աշե, ինչ օրի ընկավ։
Ուսերը թոթվելով մրթմռթաց լիցքավորողն, ու շարունակեց,- լավ է, որ ձմեռ է, հոտը չի ընկնի։ Կարոն քմծիծաղ տվեց և շարունակեցին նայել, թե ինչպե տարբեր կողմերից մոտեցան շան ձագերը, ինչ փաղաքշանքով էի լիզոտում մահամերձ շան վերքերն ու ասես խելքը կորցրած՝ թպրտում արձակելով խեղճ վնգստոց։ Կարոն շրջվեց, վերցրեց լիցքավորողից իր վճարի մանրադրամը՝ մի քանի հարյուր դրամ, դրեց գրպանն ու նայեց նրան
– Դու հլը ըդոր թուլեքին աշե, թուլեքին։
Մինչև Լիցքավորողը նայեց ու մտածեց, որ կարելի է դրանցից ամենաթմբլիկին տանել, պահել, Կարեն արդեն իր Օպելի ղեկին էր։
Գազալցակայանից դուրս գալուց հետո միանգամից վառեց ծխախոտը։ Կարոն հասարակ վարորդ էր, ո՛չ էսթետ էր, ո՛չ գուրման, ո՛չ էլ խմիչքից էր հասկանում, բայց մի բան լավ գիտեր․ սուրճի և ծխախոտի համերից իրար սազական ուրիշ բան չկա։

 

22։31
Կում-կում խմելով սուրճը, աչքի տակով անցկացնում էր գրեթե ամբողջովին լուծված խաչբառը։
— Մեքենա 19,- լսվեց ռադիոընդունիչի ձայնը․
— Հա, Սուսա՛ն ջան,- պատասխանեց Կարոն, բաժակը տեղադրելով հարմարանքի մեջ:
— Պատվեր կա, շարժվի Տերյան 21 հասցեով:
— Եղավ, հմի կերթամ,- գործի գցեց շարժիչը, մինչև այն կտաքանար, հիշեց տանջող հարցը,- Ա՜ն, մե հատմ ժիր երկրի անուն ըսա։
— Ժիր երկի՞ր,- դիսպետչերը, չիմանալով հարցի խաչբառային էությունը, փութաց պատասխանել,- Ռուսաստան։
— Դու էլ հո չսիր, ռսից ի՞նչ ժիր, ըդոնք մենակ ալկաշության մեջ են ժիր։
— Ի՜,- հառաչեց Սուսանը,- աշխարհքի կեսը ռսի ձեռն է, դու կսես ալկաշ, կրնա հենց ալկաշ պտի էղնիս, որ աշխարհը վերցնես,- ինքնապաշտպանվեց Սուսանը և միանգամից շարունակեց,- չե՞ս հիշե, պարսիկներն էլ փղերին խմցրել, եկել Հայաստանը գրավել էին։
— Չէ, էդ վախտ էդտեղ չեմ եղել,- Կարոյի սրամտությունը չնկատեց Սուսանը:
— Ավտոդ սարքեցի՞ր,- հարցրեց կինը։
— Հա, մե ժամմ առաջ վերցրի արհեստավորի մոտից, հլը որ լավ է։ Ա՜ն,- կարծես մի բան հիշելով՝ խեղճացած ձայնեց Կարեն,- եկուցվանից ընձի շատ պատվեր տուր, հա՞։
— Դե, որ եղնի կուտամ,- վրա տվեց կինը։
— Սուսան, լրիվ մեռած է քաղաքը, էսօր խադավիկն էլ՝ էդ կսե, որ գործ չկա, մարդ չիտե՝ ինչ էնե։
— Ընչի՞ մենակ քաղաքը, երկիրն էլ։ Ոչ գյուղն է գյուղ, ո՜չ քաղաքը՝ քաղաք։
— Ոչ էլ մենք ենք՝ մենք,- կիսաձայն և կարծես ինքն իրեն ասաց Կարեն:- Լավ, ես էլ տեղ հասա,-ասաց Կարոն՝ կանգնելով ռեստորանի մոտ։
Կայանատեղիում բազմաթիվ մեքենաներ կային, իսկ երաժշտության ձայնը հասնում էր մինչև մոտակա խաչմերուկ․ «Հարսնիք է»,- մտածեց Կարոն։ Իսկապես հարսանիք էր, հաստատեց մի երիտասարդ, ով պատվիրել էր տաքսին։
— Ու՞ր կերթանք,- հարցրեց Կարոն։
Նույն պահին երիտասարդն էլ հարց ուղղեց․
—Կարելի՞ է ծխել,—և շփոթվելով՝ պաստախանեց,— տուն։ Կարոն զարմացած նայեց երիտասարդին և երկուսով ծիծաղեցին։ Հասցեն պարզելուց հետո նրանք ճամփա ընկան։ Ճամփա ասածն էլ երեք ու կես կիլոմետր էր։
—Դե, որ հարցնես կը՝ ծխե՛,- ասաց Կարոն։ Մթության մեջ աչքը մի կարմիր բան ծագեց։
—Ծխե՞ս,—հարցրեց երիտասարդը՝ պարզելով կարմիր «Մարլբորոյի» տուփը։
Կարոն բազմանշանակ ժպտաց, նայեց առջևը՝ փողոցին, բայց տեսավ ողջ պատանեկությունը։
—Ջահել վախտերս ես էլ կարմիր «Մարլբորո» կծխեի, Կիրովի վրեն Վարուժմ կար, դախլի տակից՝ է՜լ «Մարլբորո», է՜լ «Քամել», է՜լ «Բոթաս», ինչ ըսես՝ ծախեր կը։
— Ընչի՞, բոթաս չկա՞ր, ձեր վախտ։
— Մենակ «Բոթաս» էր, որ կար, ըդիկ սպարտիվնի կոշիկի ֆիրմա էր։ Հետո ինչքան սպարտիվնի կոշիկ բերին՝ մեկ է, անունը մնաց բոթաս,- մինչև երիտասարդ ուղևորը կըմբռներ, Կարոն ավելացրեց,- լավ դե, հլը տուր ջահելությունս հիշեմ,- վերցրեց ծխախոտը, մի ծայրից բռնեց, հոտոտեց այն ամբողջ երկայնքով և դրեց շուրթերին։ — Քանի՞ տարեկան ես։
—Քսանյոթ,-պատասխանեց երիտասարդը։
—Բայց, տեսակմ կխոսաս։
—Դե տասը տարուց ավել Երևան կապրիմ, դպրոցս ավարտել եմ, գնացի սորվելու․․․
—Տղես էլ Երևան կսորվի,- առանձնակի հպարտությամբ նշեց Կարոն,- վախտին ես էլ կսորվեի․․․ լավ, որ կրթված տղա ես, ընձի ժիր երկրիմ անուն ըսա,- ուղևորը սկսեց մի փոքր կմկալ, ասես ուսանողը քննության ժամանակ:
— Ժի՞ր ժողովուրդը՞, թե՞ ղեկավարությունը,- Կարոն ինքն էլ հարցի շուրջ չէր մտածել և չկարողացավ պատասխանը գտնել, թե ո՞ր դեպքում է երկիրը համարվում ժիր, որովհետև անտեր խաչբառում որևէ բացատրություն կամ հուշում չէր տրվում։ Երիտասարդը շարունակեց խորհել,- եթե ժողովուրդը՝ ուրեմն չինացիք, իսկ եթե վերցնենք ղեկավարությանը՝ երևի թե Ամերիկան։
— Չեղավ,- ասաց Կարոն, երիտասարդը զարմացած նայեց,— հինգը տառ է պետք:
Երիտասարդը լռեց։ Քիչ հետո Կարոն հարցրեց․
— Աչքիս կնիկ, երեխա ունիս, ըդոր համար էլ շուտ կերթաս տուն։
—Չէ, ըդպես բանի համար հլը ջահել եմ,- ժպտաց երիտասարդը— մեր դասարանցու հարսնիքն էր։ Շուտ կերթամ տուն, միշտ էլ ամենաշուտը ես եմ գնացել, հորս համար մեկ է, շատ խիստ մարդ է։
— Հերս էլ էր խիստ։ Զոռով շուտ նշանեց, որ թոռներին շուտ տեսնի։ Քու տարիքիդ տղուս առաջին դասարան կտանեի,- նայելով երիտասարդի դեմքին՝ ժպտաց, որովհետև պատկերացրեց իրեն նույն տարիքում, աշխարհի դարդն ուսերին, իսկ կարող էր լինել նույնքան անհոգ և զվարթ։
— Կարևորը՝ հերդ գոհ էղնի,- ուղևորը կարծեց, թե ամենապատեհ բանն ասաց ստեղծված իրավիճակում։
— Չէ,- ժպտաց Կարեն,- ըդպես էլ գոհ չեղավ, նշանդրեքիցս երկու ամիս հետո մեռավ։ Մենակ թողեց ընձի՜ էլ, մո՜րս էլ․․․- Երիտասարդը կտրուկ փոխեց դեմքի արտահայտությունը․
—Ցավակցեմ կը։
—Ապրիս, – ուսերը թոթվելով ասաց Կարոն ու լռեց, երիտասարդը ևս, չգիտեր էլ ինչ ասեր, արդյո՞ք պատշաճ էր որևէ բան ասելը։ Երկար կլռեին, եթե քաղաքը չափազանց փոքր չլիներ։
— Էստեղ կանգնի,- ասաց երիտասարդը, գումարը վճարեց և կրկին ուղղեց «Մարլբորոյի» տուփը.
— էս էլ վերցրու։
—Ապրիս, բայց ունիմ։
—Հերս, որ իմացավ՝ գլուխս կջարդե,- և մաստակը դնելով բերանը՝ շարունակեց,- մեկ է՝ պտի թափեմ, ափսոս է։
—Լավ, շնորհակալ եմ, բայց գոնե փողիդ կեսը հետ տամ,- այդպես է այս քաղաքում, տաքսիի մեկ ուղևարձը համարժեք է մեկ տուփ «Մարլբորոյի»։
—Ամոթ է- երիտասադրը ծխախոտի տուփը դրեց նստատեղին,-դե բարի գիշեր,- փակեց դուռն ու գնաց։
23։14
Կարոն ճամփա ընկավ։ Կանգնեցրեց մեքենան բակում, վերցրեց փասթաթղթերը, ծխախոտի տուփը և մտավ տուն։ Տունն արդեն երկար ժամանակ վերանորոգած չէր, բայց ամեն ինչ կոկիկ էր և խնամքով կահավորված։ Հանեց վերարկուն ու գլխարկը, կախեց պահարանում և հայելու մեջ իրեն նայեց, վերցրեց սանրն ու նոսրացած մանզերը սանրեց։ Սանրը դնելով պահարանում՝ շտապեց մտնել սենյակ։
—Նա՞զ, Դա՞վ,— գլուխը երկարացրեց դեպի հյուրասենյակ. մարդ չկար։ Ձեռքով մի շարժում արեց՝ կարծես մի բան հիշելով։ Արագ մտավ խոհանոց։ Բացեց գազօջախին դրված կաթսան։ Հնդկաձավարով փլավ էր։ Միացրեց գազօջախը։ Ճաշեց։ Երեք լիտրանոց տարայից բաժակի մեջ լցրեց բալի կոմպոտը։ Խմեց։ Վառեց ծխախոտը։ Նստեց միայնության մեջ։ Միայնության ու լռության։ Լռությունը երբեմն սոսկալի է լինում։ Միացրեց հեռուստացույցը և նորից ծխեց։ Կարմիր «Մարլբորոն», մեկ-մեկ՝ մխիթարանք է։

 

***
Երբ զարթուցիչը զանգեց, Կարոն միանգամից տեղից վեր թռավ։ Նախկինում մի քանի անգամ կհետաձգեր տեղից վեր կենալը։ Ալարկոտ շուռումուռ կգար տեղաշորում, իսկ հիմա վեր կացավ առույգ և սթափ։ Կատարեց առավոտյան գործողությունները, սուրճը խմեց, ծխեց։ Դուրս եկավ տանից։ Նստեց մեքենան, միացրեց տաքացուցիչը, որովհետև իսկապես ցուրտ էր, դիմապակու վրա եղյամ էր բռնել։ Դուրս եկավ և սկսեց մի լաթի կտորով տրորելով մաքրել եղյամը։ Լսվեց ռադիոընդունիչի ձայնը։
— Սուս, գործ կա՞,- ոգևորությամբ հարցրեց Կարոն՝ մոռանալով անգամ բարևը։
— Հա, բայց Կայարանից պտի վերցնես, տանիս «պասպորտ սեղան» ու «օբրատնի»,- դիսպետչերը խոսեց դանդաղ, ասես թղթի վրայից վատ ձեռագրով գրություն կարդար։
— Էսօր ի՞նչ օր է,- հարցրեց Կարոն, արդեն փողոցով երթևեկելիս։

 

8։47
— Շաբաթ է, պտի արագ մարդուն հասցնես, որովհետև մինչև կեսօր կաշխատին։
— Թու՜,- ընդհատեց Կարոն,- երկու ձեռքերի ափերով խփելով ղեկին,- ես էլ գիտեի երկուշաբթի է, սեցի լավ գործ կեղնի։
— Հերի՜ք լաս, անցած շաբաթ ամենաշատը դու ես փափաղ էրել։
— Հա բայց, տղոնցից մենակ իմ ավտոս էր փչացել, էդ մեկը չես հաշվե, չէ՞։
— Դե ուրեմն ո՜չ ընձնից բողոքե, ո՜չ էլ գործից, ո՞վ է մեղավոր, որ հեչ բախտ չունիս,- թեթևությամբ արձանագրեց Սուսանը։
— Հասա,- ասաց Կարոն, Սուսանը մի բան էլ էր ասում. կա՛մ հաջողություն էր մաղթում, կա՜մ կրկին ծաղրում նրա բախտը, բայց Կարոն չլսեց։ Իջացրեց ռադիոընդունիչի ձայնը և սպասեց, մինչև ուղևորը կնստեր մեքենան։
— Բարի օր, ապ ջան, պասպորտս տանինք «օվիռ»՝ «պեչատ» խփեն՝ երկուշաբթի օրը Կրասնոդար կերթամ,- ինքնագոհ ասաց ուղևորը և շարունակեց՝ պատուհանից արհամարհական հայացք գցելով,- հեչ մնալու տեղ չէ, ախպե՜ր ջան։
— Ընչի՞ որ,- հարցրեց Կարոն։
— Ուրդեղ հաց՝ ընտեղ կաց,- հակիրճ էր ուղևորը։
— Թե՞ ամեն ծաղիկ իրա հողի մեջ լավ կաճի։
— Ծաղի՞կ,- հարցը հռետորական էր, որի վրա սկսեց ծիծաղել, որովայնը, որ ընկած որ ոտքերի արանքում թպրտում էր ծիծաղից,- ի՞նչ ծաղիկ, անապատի էն փշերից ենք,- կտրուկ լրջացավ ուղևորը,- քամին որ կողմ փչեց՝ էդ կողմն էլ կերթանք, ուղտի փուշ կսե՜ն, ի՞նչ կսե՜ն՝ չիտեմ։
—Ես օրինակ երկրից դուրս չեմ եկել,- ասաց Կարոն՝ վարելով մեքենան, և մի պահ այնքան հարազատ թվաց ջրափոսը, որի մեջ ընկավ, թեպետ տեղն անգիր գիտեր:
— Դե, որ քամին լավ փչեր՝ երթայիր, հմի էս նույն գործիցդ մե հինգ անգամ շատ փող կառնեիր։
—Հա՞ որ,- կասկածեց Կարոն։
—Հա՛ հբը։ Ես էլ բրիգադ կհավաքեմ՝ երթանք։ Մեկմ կար՝ խաբեց չեկավ։ Բրիգադս թմմեմ՝ երթամ։
Ոստիկանության վարչության մոտ կանգնեց Կարոն, անանուն ուղևորը խնդրել էր սպասել նրան։ Կարոն լուռ սպասում էր։ Նա չկար։ Էլի ծխախոտ վառեց։ Տեսավ, որ ուղևորը դուրս եկավ։ Միացրեց շարժիշը։ Ուղևորը, քթի տակ մրթմռթալով, նստեց մեքենան։
—Տեսնի՞ս կը ըսոնց, ո՛չ կրնան նորմալ աշխատին, ո՛չ կթողաղ, որ մենք իրանց տեղն աշխատինք, ո՛չ կթողան երթանք ուրիշ տեղ աշխատինք,- շնչակտուր խոսում էր ուղևորն իր դժգոհ հայացքով:— Ըսոր աշե, որ դուրս գուքա,— ասաց նա՝ տեսնելով, որ աշխատող կինը վերարկուն ուսերին գցած դուրս էր գալիս։ Մեքենայում նստած՝ ձեռքը պարզեց և կամաց գոռաց,- քուրիկ ջան, ու՞ր կերթաս։
—Ի՞նքն էր,- ճշտեց Կարոն։
—Հա, կսե, թե ընդմիջում է,- դժգոհեց ուղևորը։
—Արի՛,- ասաց Կարոն և արագ դուրս եկավ մեքենայից:
— «Ու՞ր»— Հետևից գոռում էր ուղևորը։
—Ալլա՛,— կանչեց Կարոն։ Կինը շրջվեց, տեսավ, ժպտալով մոտեցավ, նրանք գրկախառնվեցին, հարցուփորձ արեցին միմյանց որպիսությունից։
—Նազոն լա՞վ է,- հարցրեց Ալլան։ Կարոն գլխով արեց, և խնդրեց, որ օգնի ուղևորին՝ շուտ խփեն կնիքը։ Նրանք մտան ներս, իսկ Կարոն վերադարձավ մեքենա։
Քիչ անց ուղևորը դուրս եկավ շենքից՝ արդեն ուրախ տրամադրությամբ։ Նստեց մեքենան, շնորհակալություն էր հայտնում, հրավիրում էր տուն՝ ուտել-խմելու, թեկուզ տապակած կարտոֆիլ ու մի-մի բաժակ թթի օղի, կամ էլ թե սև սուրճ և «մոսկովսկի» կոնֆետ։ Կարոն սիրալիր հրաժարվեց։
— Կարո-, վճարելուց հետո ուղևորը մեկնեց իր ձեռքը:
Կարոն ժպտաց, նրան չգիտես ինչու ուրախացրեց դա։
— Իմ անունս էլ է Կարո,- ասաց Կարոն:
— Մտածեմ կը, ամեն դեպքում հեռախոսիս համարը տամ,— ասաց ուղևոր Կարոն մեքենայից դուրս գալով,— մարդ ես, մեկ էլ տեսար փոշմնար, «շոֆեռի» գործ էլ կա, կամ էլ եթե ընկեր-բարեկամ էղնի՝ ձեն հանես,— վարորդ Կարոն դիմապակու տակից դատարկ «Մարլբորոյի» տուփը պատռեց և տվեց ուղևորին, որը համարը գրելով դրեց դիմապակու տակ,- բայց նայե հա, «իսան» էղնի։
Հաջողություն մաղթեցին միմյանց: Կարոն գնաց։ Կարոն մնաց։ Մի քանի անգամ պտտվեց հրապարակով, հետո դուրս եկավ կենտրոնական փողոց, կանգնեց մայթեզրին՝ սպասելով, որ մեկին պետք կլինի տաքսի։ Պատուհանն իջացրեց, ծխեց, խաչբառն աչքով ընկավ։ «Ժիր երկրի» վանդակները այդպես էլ մաքուր էին մնացել։ «Հինգը տառ»,- մտածեց Կարոն։ Վերջերս ռադիոյով լսածը հիշեց, որ Տիգրան Մեծին բոլոր թագավորներից ամենաշատն են օպերաներ ձոնել։ Չգիտեր ինչու միտքը դա եկավ, գուցե ներքին հպարտություն էր, և որպեսզի խեղդի այդ հպարտությունը, որի հետ առնչություն չունի, ինքն իրեն ասաց․- «Օպերա գնացողն ո՞վ է, որ Տիգրան Մեծին հիշե։ Հմի ջորջբուշերին ու չինգիզխաներին ավելի շատ կճանչեն, որովհետև էն մեկը արևմուտքում է, մյուսն էլ՝ արևելքում, իսկ մենք, ո՛չ կարգին արևելքցի ենք, ո՛չ արևմուտքցի, ո՛չ նորմալ եվրոպացի, ո՛չ էլ ղայդին ասիացի»․․․
Մտքերը ցրվեցին, երբ մի տաքսի եկավ և սկսեց ազդանշան տալ։ Տաքսիստների լեզվով նշանակում էր, որ կանգնել է ինչ-որ մեկի տեղը։ Հեռացավ Կարոն։ Վերցրեց հեռախոսը և մեքենան վարելիս զանգեց․
—Ալո՞, Ն՞ազ։
— Ըսա Կարո,- հեռախոսագծի այն ծայրից լսվեց կնոջ ձայնը, կտրուկ և հստակ։
—Ի՞նչ կա, լա՞վ ես,- հարցրեց Կարոն, ավելի լավ հարց չկարողացավ մտածել։
Կինը դժգոհ ժմփացրեց։ Թեպետ կինը մոր տանն էր, Կարոն՝ մեքենայում, բայց տեսավ, ինչպես կինը զզվանքով հեռախոսափողը հեռացրեց ականջից։
—Երեկ Դավոյին զանգեցի՝ չպատասխանեց,- դժգոհեց Կարոն։
— Հերի՜ք է երեխուն զանգես, ավելի լավ է մտածե, թե ի՞նչղ պտի վարձը տաս:
— Հա՜, հա՜, կուտա՜նք,- համոզեց Կարոն։ Կարծես ցրելով տհաճ թեման՝ հարցրեց․
— Պուճուրը լա՞վ է, իսկույն ժպտաց՝ դստեր մասին հիշելով, թերևս միակ մարդն էր աշխարհում, ով սիրում էր նրան, առանց որևէ պահանջի։
— Հա,- կտրուկ պատասխանեց կինը։
Կնոջ հետ խոսելուց հետո անտանելի սով զգաց։ Բերանում վատ համ էր կուտակվում՝ ծխախոտից և դատարկ ստամոքից։ Մեքենան վարելով ործկում էր, սրտխառնոց էր սկսվել։ Պլաստիկ շշով ջուր ուներ մեքենայի մեջ, ջուրն էլ տաքացել էր և միայն սրտխառնոցը ուժգնացրեց։ Մթերային կրպակի մոտ կանգ առավ, երկու հատ գաթա գնեց, երկուսն իրար հետ մի ափի մեջ կտեղավորվեին, կերավ։ Մի քանի կում գաղջացած ջրից խմեց։ Կանգնած էր մեքենան, մինչև ռադիոընդունիչով կապվեց Սուսանը։
— 19, ու՞ր ես կորել, պատվեր կա։
— Այ միշտ ըսպես լավ լուրերով զանգե, ու՞ր պտի երթամ,- Կարոյի դեմքին կրկին ժպիտ հայտնվեց, հանկարծ ինչ որ ծանոթ աղմուկ լսեց, որից հետո Սուսանը պատասխանեց.
— «Ղարս» հյուրանոց քշե, «չայս» էլ թափով,-դժգոհեց կինը, որից հետո Կարոն հասկացավ, որ ֆրթոց էր լսում,- գիտե՞իր, որ սև «չայն» ու կանաչը, նույն խոտն է, նույն թփից են՝ երկուսն էլ։
— Հբը ընչի՞ է մեկը սև, մյուսը՝ կանաչ,- հարցրեց Կարոն։
— Ամեն ինչի քոքն էլ նույն տեղից է,-ասաց կինը, քիչ դժգոհելով՝ հարցից,- ես ի՞նչ իմանամ, Կարո՜։
— Մարդ չի մնացել, էն մեկին տարա «օվիռ», բրիգադ է հավաքել, որ երթա։ Թե ու՞ր կերթան, ընչի՞ կերթան,- զարմացած մենախոսեց Կարոն, ուսերը թոթվելով:
— Աշխատելու, էլ ու՞ր,- Սուսանը հակիրճ էր։ Կարոյին թվաց, թե նա թեյից կում անելուց հետո կշարունակի, բայց վերջինս լռեց․
— Կուզե՞ս ճիշտն իմանաս՝ փախնին կը, տուն տեղ, թողած կփախնին։ Կնիկ երեխա, թողած կփախնին։ Երազանք, նպատակ թողած՝ կփախնին։ Գերեզմանները թողած կփախնին․
— Վերջացրու էդ պոեզիադ, հա՞,- կրկին դժգոհեց դիսպետչերը,- հո ամեն մարդ չի՞ կրնա ելնի երթա։ Գիտե՞ս հեշտ է։ Չէ, երթալու համար էլ պտի տղամարդկություն ունենաս։
— Թարկե, հա՜,- կոպտեց Կարոն, ինքն էլ միշտ մտածում էր հարցի շուրջ, արդյո՞ք գնալու համար հարկավոր է քաջություն, թե՞ ոչ։
Կարոն անջատեց ռադիոընունիչը և կայանելով մեքենան՝ միացրեց ռադիոն։ Քիչ անց ուղևորները եկան։

 

12։24
Երկուսն էին՝ մինչև երեսուն տարեկան երիտասարդներ։ Երկուսն էլ՝ ուսապարկերով, նստեցին հետևի նստատեղին. «Զույգ են»,— մտածեց Կարոն։ Նրանց արտաքնից էլ կարելի էր ենթադրել, որ ռուս են։ Ընդամենը ուզում էին քաղաքով շրջել։ Կարոն համաձայնեց, ուրախացավ։ Տուրիստները, թե անգամ լավ չվճարեն՝ նրանց կարելի է լավ խաբել։ Չնայած Կարոն խաբելու մեջ էլ էր միջակ։ Խոսակցության ընթացքում պարզվեց, որ Մոսկվայից են, միասին ճամփորդում են, որ արդեն երկու տասնյակից ավել երկիր են այցելել, բայց Հայաստանը, որը քթներին կպած է, նոր են եկել։ Կարոն նրանց շրջեց քաղաքով մեկ, ցույց տվեց բոլոր հետաքրքիր և ոչ այնքան վայրերը, պատմեց անեկդոտներ, պատմություններ, ասաց որ Գյուրջիևն է այստեղ ծնվել։
—А, кто он?, —հարցրեց աղջիկը, ում անունը Մաշա էր։
—Ну он виликий философ, мистик, родился здесь, хотя путешествовал много, потом жил во Франции, где и скончался, ну типичный армянин, же,-բացատրեց Կարոն ու ծիծաղեց։
—Первый раз слышу о таком, -պատասխանեց տղան, ում անունը Լյոշա էր և շարունակեց,- ну как этот: Камю, тоже прожил во Франции и умер, а родился в Алжире.
– Ну во Франции либо занимаются любовью,-ասաց Մաշան աչքով անելով Լյոշային,- либо умирают от скуки.
Տղան աշխատում էր ծրագրավորող, աղջիկը՝ գրաֆիկ դիզայներ։ Կարոն ծրագրավողներից միայն գիտեր, որ լավ փող են աշխատում, իսկ գրաֆիկ դիզայնի մասին առաջին անգամ լսեց։ «Հաճելի երեխեք են»,- մտածեց Նա։ Նրանք հավանել էին քաղաքը, դա Կարոյին շոյում էր և ստիպում ավելի շատ խոսել քաղաքի, ժողովրդի, հետաքրքիր դեպքերի մասին։
—Вы, какой-то классный водила,- հանկարծ ասաց Մաշան։ Լյոշան այդ խոսքի վրա սկսեց ծիծաղել, Կարոն լավ չհասկացավ, թե ինչ նկատի ունի, անհասկանալի դեմք ընդունեց՝ նայելով հայելու մեջ։
—Ну, мы уже несколько дней у вас, многих повстречали, люди в целом норм, но все такие хмурые, а вы даже ни разу не сказали про тяжелую судьбу вашего народа,- մեկնաբանեց Լյոշան։
Կարոն ժպտաց։ Հաճելի էր նրան, թեպետ, որ նա պատմեր իր խնդիրների մասին Մաշան ու Լյոշան միանգամից կփախչեին մեքենայից։ Նա ընկղմվեց իր խնդիրների մեջ։ Մեկումեջ նայում էր նրանց հայելու միջով, ականջի ծայրով լսում նրանց, շարունակում վարել մեքենան, կանգնել երբեմն, որպեսզի նրանք խանութ մտնեն կամ լուսանկարեն այս կամ այն ավերակը, ինչ-որ շենք ու հուշարձան։ Արևը սկսել էր արդեն հեռանալ։ Կարոն անգամ սկսեց հոգնել նրանցից՝ նրանց անհոգությունից, երջանկությունից, անգամ նրանց բազմերանգ վերարկուներից, վառ մազերից, աչքերից կապույտ՝ սև քաղաքի մեջ։
—А, где можно вксуно поесть?,- հարցրեց Մաշան։
Կարոն նրանց տարավ մի հացատան մոտ ու հարցրեց,
—Подождать, или уехать?-և Լյոշան պատասխանեց․
—Ну, что Вы, мы и Вас приглашаем на обед.
—Спасибо, но нет,-կտրուկ պատասխանեց Կարոն,- если еще куда-то надо, я в машине подожду.
—Вы же, тоже ничего не ели, а мы хотим угостить Вас,-ժպտալով ասաց Մաշան։
—Разумеется угосисть, ну что, пошли? -պնդեց Լյոշան,- к тому же посоветуете что нам заказать.
Համոզեցին Կարոյին, տարան Հացատուն։ Հաց կերան, թան խմեցին, բնականաբար ամեն ինչ մեծ ախորժակով։ Թանն էլ հավանեցին, լավաշն էլ, խորովածն Էլ։ Հետո սկսեցին իրար ականջի փսփսալ, Կարոն նայեց պատուհանից դուրս։ Արդեն մթնում էր, նրա աչքերը սառեցին։ Լյոշայի ձայնից վեր թռավ։
—Мы решили еще остаться, а потом пешком сразу домой,- այդ ընթացքում Մաշան պայուսակից հանեց մեծ դրամապանակը՝ տվեց Լյոշային։ Նա հանելով տասը հազար դրամանոց՝ ասաց,- Хватит?- Կարոն տեսավ գումարը, ներքուստ ուրախացավ, սակայն հրաժարվեց։ Բայց, երբ Մաշան խնդրեց, որ վերցնի, Կարոյին այլ ելք չմնաց, հենց խնդրանքին էլ սպասում էր՝ վերցրեց գումարը։
Հաջողություն մաղթեց նրանց։ Իսկական հաջողություն։ Հացատնից դուրս գալուն պես հասկացավ, որ չէր ծխել ողջ օրը: «Երբ հետդ խոսում են, ծխելու մասին էլ ես մոռանում»,- մտածեց Կարոն և կուշտ փորով ուտելուց հետո սիգարետը դրեց բերանը։ Եվ որովհետև քամի էր՝ նա մի անկթարթ կանգ առավ, որպեսզի վառեր սիգարետը և լսեց իր անունը․ -«Կարո», շեշտադրված «ա» տառով, և «ր»-ի փոխարեն «ռ»-ով։
— Հա՞,- ասաց Կարոն շրջվելով։
—Завтра отвезешь нам к Арарату?- հարցրեց Լյոշան, որը Մաշայի հետ կանգնած էր հացատան մուտքի մոտ՝ երկուսն էլ առանց վերարկուների։
— Куда?,- զարմացավ Կարոն
– Ну к Арарату же ,- ժպտալով պատասխանեց Մաշան, և նրանք Լյոշայի հետ գրկախառնվեցին։
— Какой Арарат?
—К горе, —ասաց Լյոշան,— на счет цены договоримся. Хотим подняться. Там вообще есть альпинистские группы, проводники?
—Вы хотите поднятсься на Арарат?-հարցրեց Կարոն։ Երիտասարդները չհասկացան նրա ծիծաղը։
— А, что тут удивительного? Мы с Машей и на Эльбрус поднимались,-ասաց Լյոշան, իսկ Մաշան ավելացրեց․
—Это же известная гора.
—Да, но для этого, вам нужно ехать в Турцию, найти таксиста турка, чтоб отвез к Арарату,-ժպտալով պատասխանեց Կարոն։
—Это еще почему?- զարմացավ Մաշան,- это же ваша гора։
—Ну да,- պնդեց Լյոշան։
—Но он в Турции, как и вся западная Армения.
—А, как же коньяк?- զարմացավ Մաշան, —ну ладно.
– А коньяк вроде наш, может и это уже не наш.- ուսերը թոթվելով պատասխանեց Կարոն
Լյոշան, պահի տակ գիտակցեց հայ ժողովրդի ծանր բեռը, որը քիչ առաջ ծաղրում էր մեքենայում, բայց արդեն ցուրտ էր դրսում և ուզում էր շուտ ներս գնալ, որ Google map-ով նայեր Արարատի դիրքը։

 

17։02
Մի երիտասարդ մայթից ցատկեց մեքենայի դիմացը։ Հազիվ քսան տարեկան լիներ՝ սև հագուստով, սև աղվամզերը դեմքին։ «Կրեդիտս» վարկային էր հարկավոր երիտասարդին, որը այդքան էլ հեռու չէր։
—Առաջ բանկերը շաբաթ, կիրակի չէին աշխատաի,-զարմացավ Կարոն։
—Բանկերը՝ հա, էս վարկայինը ամեն օր բաց է, քսանչորս ժամ։
—Թալանի ձև է,- ասաց Կարոն, հայրական խիստ տոնով։
—Պետքի վրով է, ձյա՜ձ,- վճռական պատասխանեց երիտասարդը։
Նա անհանգիստ շնչում էր, նյարդային և կտրուկ շարժումներ էր անում, ջղաձգվում էր։ Մատներն էր ճտտացնում։ Կարոն սկսեց նյարդանալ նրանից, երբեմն նայում էր նրան, նորից նայում դիմացը։ Լուռ էին ճանապարհի մեծ մասը։
—Ձյաձ, մի հատ սիգարետ տուր,- ասաց երիատասարդը։
—Վերցրու՛,- Կարոն հայացքով ցույց տվեց սիգարետի տուփը՝ դրված փոխանցման տուփի բռնակի մոտ։ Երբ հասան տեղ, երիտասարդը գրպանից հանեց մետաղադրամները և բավականին երկար հաշվելուց հետո՝ լցրեց Կարոյի ափի մեջ։ Ավելի ուշ նկատեց, որ երիտասարդի հեռանալուց հետո, անհետացել էին իր աշխատած հազար դրամանոցն ու մետաղադրամները՝ դրված սիգարետի տուփի տակ։ Բայց այնքան հոգնած էր, որ շուտ մոռացավ անխիղճ լակոտի մասին։

 

17։35
— Համար 19-ը, ուրտե՞ղ ես,- հարցրեց Սուսանը։
— Ռուս պասաժիր էիր տվել՝ քաղաքով ման կուտայի,-Կարոն լռեց երիտասարդի մասին, որովհետև ստիպված կլիներ գումարը կիսել ընկերության հետ։
— Լավ փող տվի՞ն։
— Հա, հենց հետս հանդիպման գաս՝ պատիվ կուտամ,- ծիծաղեց Կարոն։
— Քա, այ տղա, փողոցը սկի տեսնիս՝ չես ճանչե։
— Է, ուրտից ճանչեմ, որ իրար չենք տեսել, բայց որ խոսաս՝ կիմանամ։
Կարոյի բջջային հեռախոսին զանգ եկավ, նա քիչ շփոթվեց, հրաժեշտ տվեց դիպետչերին։ Ավարտելով խոսակցությունը՝ փոխեց մեքենայի ուղղությունը, որից հետո շտապեց ցերեկն եղած հասցեով՝ ոստիկանության վարչություն։

 

17։51
— Լավ էլ, շուտ դուրս եկար,-ասաց Կարոն, երբ Ալլան՝ «օվիռի» աշխատակիցը նստեց մեքենան՝ հենց նրա կողքին, Կարեն ժպտաց նրան ու շարունակեց— որովհետև գերազանցիկներն, որ կմեծնան, էլի չե՞ն ուշանա:
Ալլան ծիծաղեց․
— Որովհետև դպրոցի կողքը կապրեինք,- պատախանեց Ալլան։
Կարոն լավ գիտեր Ալլայի տան տեղը, նրա հասցեն դեռ չէր փոխվել։
— Աշխարհի երեսին քանի՞ երկիր կա, Ալլա,- Ալլան զարմացած նայեց նրան, Կարոն շարունակեց,- մեր դասարանի գերազանցիկն ես՝ քեզի հարցմ տամ, ո՞րն է աշխարհի ամենաժիր երկիրը։
Ալլան շփոթվեց, նայեց Կարոյին, ուզեց բերանը բացել, սակայն զսպեց իրեն, ծիծաղեց։
— Դու էլ պակաս սորվողը չէիր, պոլիտեխնիկ էլ դու ես ընդունվել,- արդարացավ կինը։
— Բայց դու գոնե ավարտել ես, ես չէ։ Ըստ քեզի ամենաժիր երկիրը ո՞րն է։
— Հայաստա՞նը,- կմկմալով պատասխանեց կինը, դե հա վիճակներս վիճակ չէ, բայց թե հազարավոր տարիներ կանք՝ ժիր ենք էլի, որ էսքան մնացել ենք։
— Ալլա՞,- դժգոհեց Կարոն,- ժողովուրդը էլի ժիր է, բայց ես քեզի կհարցնեմ ժիր երկիր,- Ալլան թոթվեց ուսերն ու լռեց, Կարոն անմիջապես նոր հարց տվեց,- հլը ըսա անձնական կյանքում նորություն կա՞,- հարցրեց Կարոն։
— Անհամբեր կսպասեմ պաշտոնի բարձրացման,- կատակեց Ալլան։ Կարոն ժպտաց՝ ստանալով հարցի պատախսանը։— Դու ըսա, Նազը լա՞վ է,— օրվա մեջ երկրորդ անգամ նույն հարցը տվեց,— Էլի առաջվա նման համով ճաշեր կեփե՞։
— Հա՜, երեկ էլ գրեչկայով ու տավարի մսով ընտիր փլավ էր եփել, էնքան կերա, մինչև հմի կուշտ եմ, պատասխանեց Կարոն։
— Տեսքիցդ չի երևա,- երկակի ժպտաց կինը։
— Կհիշե՞ս,- հարցրեց Կարոն, մատով ցույց տալով դպրոցի կողմը։ Նրանք գրեթե հասնում էին Ալլայի տան մոտ։
— Չէ, մոռացել եմ,- կտրուկ պատասխանեց Ալլան,- բայց ժպիտը դեռ դեմքին էր։
— Ի՞նչն ես մոռացել։
— Ինչը, որ դու լավ կհիշես։
— Ընչի՞ ես մոռացել։
— Որովհետև դպրոցը նույնը չէ, ըսիկ նորակառույց շենք է։
— Ու ի՞նչ։
— Դու, որ ընձի պաչեցիր,- Ալլան նայեց պատուհանից դուրս ու խորը շունչ քաշեց,- ես ամնչելով փակեցի աչքերս, ու հետո երբ, որ բացեցի, գլխիս վրա սև, խազ քարով պատ էր,- Ալլան խոսեց այնպես, կարծես առաջին համբույրը երեկ էր եղել, ապա դառը քմծիծաղով նայեց դպրոցի պատին,- հբը ըսիգ ի՞նչ է, վարդագույն պատ է, էլ հեչ մի բան էլ առաջվանը չէ,- Ալլայի ձայնը դողաց, և մի պահ լռությունից հետո խաղարկեց, թե ընդամենը ուղևոր է,— էնպես, որ հարգելի վարորդ կանգնեք այստեղ։ Տան մոտ հասնելով՝ Կարոն արգելակեց։ Ալլան ձեռքը տարավ պայուսակը։ Հանեց դրամապանակը։ Կարոն ձեռքը դրեց նրա ձեռքին և անթարթ աչքերով նայեց նրան։ Ալլան դրամապանակը հետ դրեց՝ ձեռքը չհանելով Կարոյի ափի միջից։ Գլուխը դանդաղ թեքեց դեպի Կարոն։ Եվ ինչպես սովորաբար լինում է՝ նրանք կամաց-կամաց մոտեցան իրար, հպվեցին միմյանց դողացող շուրթերով։ Նրանց համար դա բնականաբար տևեց շատ երկար։ Կարծես թե սթափվելով Ալլան շշնջաց․
— Ամեն ինչ էլ կհիշեմ,— բացեց մեքենայի դուռը,— Նազիկին կբարևես,— իջավ մեքենայից։
— Չմոռանաս հանկարծ,- ասաց Կարոն՝ չիմանալով լսեց Ալլան, թե՞ ոչ։
Ալլայի թաղում մնաց երկար, Ինչպես տարիներ աառաջ։ Բայց Ալլայի պատուհանին նայելու փոխարեն, դիմապակուց դուրս էր նայում՝ երկնքին, մթնշաղին, ափսոսում, որ Ալլան այդքան գեղեցիկ, իմաստուն այդպես էլ չգտավ իր երջանկությունը։ Իսկ արդյո՞ք ինքն էր գտել։ Կարոն շփոթվեց իր մտքերում և փրկեց նրան Սուսանի ձայնը։
— Կարո, արագ քշե՝ Իսահակյան 41, մե լաչառմ է զանգել։
— Հմի՞,- ասաց Կարոն իսկույն տեղից պոկվելով,- Սուս՜, աշե, տունը մնացած կնիկ ես, չէ՞․․․
— Տունը մնացած կնիկը դու ես,- վրա բերեց Սուսանը և սկսեց ծիծացել, Կարոն՝ ևս։
— Լավ, լուրջ բան կհարցնեմ, տունը մնացած կնկան ընչի՞ դժբախտ կհամարենք։
— Շատ խելացի եք ըդուրից է։ Լավ է մենակ մնաս տունը, քան խիարիմ բերես կողքդ, համ քու դարդդ քաշես, համ իրա։
— Էդ էլ դուզ կսես, մեկ է՝ ամենինչ անիմաստ է,- կրկին հիշեց Կամյուին, որ ուսանողական տարիներին մի երկու բան կարդացել էր, տպավորվել էր հատկապես «Սիզիփոսի առասպելը», մանրամասները չէր հիշում, միայն, որ կյանք անիմաստ է ապրելու համար,- Սուս, Կամյուին գիտե՞ս, հարցրեց Կարոն՝ կարմիր լույսի տակ կանգնած։
— Քաղքի տղամարդկանց կեսին գիտեմ, բայց կամյու-մամյու չիտեմ։
— Խելացի տղա է եղել, կսեր, թե ամեն ինչ անիմաստ է, էնքան որ կյանքներս գլորենք՝ ինչքան որ աստված տվել է։
— Տատս ըդիկ ավելի շուտվանից գիտեր,- ասաց Սուսանը,- կսեր․— «Եղունք ունիս գլուխդ քորե»։
—Հլը սպասե,- ասաց Կարոն՝ հիշելով, ռուս ուղևորներին, որ խոսում էին Կամյուից. Կարոն մեկ ակնթարթում մեքենան աաջ պահեց, ու մայթեզրի մոտ արգելակեց։
– Կամյուն ծնվել է Ալժիր,- շնչակտուր խոսեց Կարոն,
— Նե՞գր է եղել,- զարմացավ կինը։
— Չէ, բայց, հասկցար՝ Ալժիրն է ամենաժիր երկիրը,- Կարոյի ուսերից ասես մեծ բեռ ընկներ։ Տառերի քանակն էլ բավականացնում էր, այնպես որ Կարոյի խաչբառի բոլոր վանդակները լրացվեցին։
—Դե հա, հբը ըդոնք նորվա՞ ժիրն են, քուրս կսե սաղ Եվրոպա լցվել, ինչ ուզեն՝ կենեն։
—Ես էլ էդ կսեմ,- Կարոն սկսեց վարել մեքենան և չգիտես ինչու՝ սկսեց բարկանալ,- ամեն մարդ իրա երկրին կքաշե։ Ինչղ որ Հայաստանը՝ էդպես էլ մենք։
—Սկսե՜ց,- փնթփնթաց Սուսանը, ծաղրելով Կարոյին,- ինչղ որ մենք՝ էդպես էլ Հայաստանը, չէ մի չէ․․․
18։44
Նրանց զրույց ավարտվեց, երբ Կարոն հասավ նշված հասցեին։ Ուղևորը՝ տարեց կին էր, թոռան հետ։ Երեխան կոշիկներով բարձրացավ նստարանին, Կարոն շրջվելով՝ դժգոհ նայեց, ապա նկատեց կնոջ հայացքը, որը կռացավ ու հարցրեց.
— Մինչև Մանուշյան ինչքանո՞վ կտանիս։
— Ինչքան որ բռնեց,- պատասխանեց Կարոն՝ ցույց տալով հաշվիչը։
— Գիտեմ ձեր «սշյոտչիկները»,- արհամարհական պատասխանեց կինեը,- լավ, վռազ ենք, քշե,- մեծ դժվարությամբ կինը տեղավորվեց մեքենայում։
Վարորդը կարող է միանգամից հասկանալ ուղևորի տեսակը՝ բարյացակա՞մ է, թե՞ բողոքավոր, գուցե հարմարվո՞ղ է, կամ բարկացած։ Ախտորոշելով, որ կինը տհաճ ուղևորների ցանկում է, նրա անդաստիարակ թոռն էլ ևս, Կարոն շտապեց անջատել ռադիոն և իսկույն ստացավ կնոջ նախատինքը։
— Ընչի՞ անջատեցիր,- վրդովվեց կինը,- երգմ դիր՝ երեխեն ուրխնա,— և բռնելով երեխայի ձեռքը՝ ասաց, —ջա՛ն, մեռնի՜մ ջանիդ։
Կարոն փոխեց ռադիոյի ալիքները այնքան, մինչև պարային երգ գտավ, բարձրացրեց ձայնը, երեխան սկսեց տեղում ցնցվել, կարծես՝ պարում էր, տատն էլ նստած ծափ էր տալիս և հրճվում։ Երբ երաժշտությունն ավարտվեց, կինը սկսեց բողոքել․
— Ֆու՜, էս ինչ ծխի հոտ գուքա։
Կարոն չէր ծխում՝ զարմացավ։ Սովորաբար նման դիտողություն չեն արել իրեն, և, համենայնդեպես, մի փոքր իջեցրեց ապակին։
— Ի՞նչ կենես,- երեխես կհիվնդնա, փակե՜։
— Տատ, որ հիվնդնամ դպրոց չեմ երթա, չէ՞,- հարցրեց երեխան։
— Վայ տատը մեռնի կյանքիդ,- ասաց կինը։
Կարոն փակեց պատուհանը և հանկարծակի արգելակեց մեքենան, երբ Նժդեհ փողոցի մայթին տեսավ մի խումբ երեխաների։
— Կներեք էլի, հմի գուքամ, երեխես է,- ասաց Կարոն՝ իջնելով մեքենայից,- կինը չհասցրեց նրան կոպտել, բայց բարկությունը պահեց լեզվի վրա։
— Անահի՛տ,- գոռաց Կարոն, երեխաները հետ շրջվեցին։ Անահիտը 11 տարեկան էր։ Գրքերը թևատակին դրված՝ մասնավոր պարապմունքից գնում էր տուն։ Անահիտը մնաց տեղում կանգնած,— բալես, ի՞նչղ ես,— կռացավ, գրկեց, համբուրեց,— հո տխուր չե՞ս։
— Չէ՛ պապ,- պատասխանեց Անահիտը։
— Հբը ընչի՞ պապային չես գրկե,- և պատասխան չստանալով՝ շարունակեց,— «Սնիկերս» կուզե՞ս։
— Չէ,- գլուխը կախեց երեխան։
— Անահիտ, ի՞նչ է եղել, հո չե՞ն նեղեցրել քեզի,- Կարոն անհանգիստ նայում էր Անահիտին։
Դուստրը, էն պուճուրը տխուր ու ամաչելով կախեց հայացքը.
— Չէ։
— Արի քեզի ու ընկներներիդ «Սնիկերս» առնինք, ու երթամ,— Կարոն կռացավ երեխայի մոտ ու շշնջաց,— նայե ավտոյի մեջ մարդ կա, շատ ջղային կնիկ է։ Երեխան լուռ նայեց մեքենային։— Հը՞, դե արի՛, ի՞նչ կուզես՝ սա, պապան կառնի։
— Հեչ բան,- թոթովախոսեց Անահիտն, ու նեղված նայեց Կարոյին,- տատիկն ըսել է, որ դու մեզի չես սիրե, սաղ օրը դիվանին փռված ես։ Ըդոր համար էլ չենք գա մոտդ։
Կարոն ապշեց, բարկությունն ու ատելությունը միախառնվեցին, բայց աչքի առաջ աշխարհի գեղեցկագույն, նուրբ ու բարի էակն էր, ում թոթով բերանից դուրս ելած ցավոտ բառերն այնքան համեղ էին հնչում, որ Կարոն պինդ գրկեց նրան։
— Հիմար բաներ կսե տատդ, ես քեզ ամենաշատը կսիրեմ, աշխարհում սաղից շատ քեզի կսիրեմ։
Մի քանի անգամ համբուրեց երեխայի այտերը։ Երբ վերադարձավ՝ հետևում նստած կինը սկսեց բողոքել, բայց Կարոն այլևս չէր լսում նրան, նա հազիվ էր զսպում իր բարկությունն ու արցունքները։ Ուղևորներից ազատվելուց հետո անմիջապես զանգահարեց կնոջը։
— Էդ ի՞նչ եք ըսել Անահիտին, նոր տեսա երեխուն, կսե թե տատիկն ըսել է, որ ես ․․․
— Ընչի էդպես չէ՞,- չթողեց որ ամուսինն ավարտի խոսքը․
— Ի՞նչ կխոսաս, Նազիկ, հետ արի էդ մորդ մոտից:
— Դու ավելի լավ է Դավոյի ուսման վարձի մասին մտածե։ Եկուց, մյուս օրը, որ տղեդ քեզի չբարևե, հանկարծ էլի մորս վրա չգցես,- կինը մի պահ շունչ քաշեց՝ ասես մտածելով ասածների մասին և դրանք ճիշտ համարելով շարունակեց,- արդեն մեծ երեխեք են, ամեն ինչ կհասկնան։
— Դե դու էլ հասկցի, որ էս անտեր քաղքի մեջ գործ չկա, ըդոր համար ամեն ինչ արեցի, որ Դավոն էստեղից երթա, որ նորմալ կյանք ունենա, ոչ թե ընձի պես։
— Ես էի մեղավոր, հետո մերս, հմի էլ՝ քաղա՞քը,- հարցրեց Նազիկը։
— Դու չիտե՞ս, որ գործ չկա, չիտե՞ս, որ կաշվիցս դուրս գալով փորձեմ կը ամեն ինչ հասցնել։
— Ինչ կուզես՝ էրա, Կարո՜,- շատ խիստ տոնով ասաց կինը,- Դավոյի վարձը տուր, պարտքերդ փակե ու նոր գուկանք։
«Ու նոր գուկանք»,- մտածեց Կարոն, հասկանում էր, որ նոր գալը, վերադարձը առաջվանը չէր լինի, որ նախկին ջերմությունն ու սերը առհավետ կորցրել է։ Եթե անգամ կարողանա որդու ուսման վարձը տալ, եթե կարողանա պարտքերը փակել, միևնույնն է, ոչինիչ էլ առաջվանը չի լինի, եթե անգամ կինը վերադառնա։
Շշմած էր Կարոն, կարծում էր, թե դժվարությամբ, բայց ծայրը ծայրին հասցնում էր։ Զանգեց հին ծանոթներին, բարեկամներին։ Գումար էր խնդրում։ Իսկապես մոռացել էր Դավոյի վարձի մասին։ Մի քանի ուղևոր նստեցին։ Աշխատում էր և մտածում, թե ինչպե՞ս գտնի գումարը։ Ելքը՝ վարկ վերցնելն էր։ Հերթական վարկը։ Բայց նախ վստահ չէր, որ իրեն վարկ կտան, երկրորդն էլ՝ դա թողել էր վերջին տարբերակ։ Նայեց ժամացույցին։
19։16
Արդեն երեկո էր բանկերը փակ կլինեին։ Կնոջ հետ խոսելուց հետո մտածում էր դրա մասին, բայց ամաչում էր, թե՞ չէր կողմնորոշվում։ Արգելակելով մի ծառի տակ՝ արագ վերցրեց հեռախոսը և «Մարլբորոյի» տուփի կտորը։ Քանի դեռ կասկածներն ու վախերը չէին ընկել միտքը, արագ զանգահարեց.
— Ալո՞, Կարո՞։
— Հա, ո՞վ է։
— Կարոն է։
— Հա Կարո ջան։
— Կարո ջան, էն ըսածդ գործը կա՞
— Հա Կարո ջան։ Լավ իսան ես գտե՞լ :
— Չէ,- ամաչեց Կարոն,- ինձի համար կհարցնեմ։
— Քեզնից էլ լավ իսա՞ն ,ախպեր ջան, էս որոշեցիր գլուխդ դուրս հանե՞լ տնից,- ծիծաղեց Կարոն։
Նրանք պայմանավորվեցին։ Կարոն գնալու էր «խոպան»։ Քանի որ արդեն գարուն էր նաև Կրասնոդարում, և առանց այդ էլ ուշացել էին, հենց վաղը պիտի մեկնեին։ Առավոտյան, բրիգադը մեքենայով գալու էր Կարոյի հետևից։ Կարոն առաջիկա տասը ամիսների ընթացքում հետ չէր վերադառնալու։
Հիշեց վարկայինի մասին և նույն համարձակությամբ գնաց այնտեղ, որտեղ երիտասարդ, գող ուղևորին էր իջացրել։ Նրա համար արագ վարկ ձևակերպեցին։
— Թալանի ձև է,- ասաց Կարոն։ Աշխատակցուհին անհարմար ժպտաց։ Օգնեց, որպեսզի փոխանցում կատարեն համալսարանի հաշվին։ Շենքից դուրս գալով՝ Կարոյի ուսերից կարծես մի մեծ բեռ ընկավ։ Մարդիկ քիչ էին դրսում։ Այս ժամին նա սովորաբար վերջացնում էր աշխատանքը, բայց որոշեց մի քիչ էլ շրջել քաղաքում, ուղևոր գտնելու հույսով։ Դեռ պետք էր հաց ու սիգարետ գնել ճանապարհի համար։
Արդեն կեսգիշեր էր, երբ վերադարձավ տուն։ Հանեց գլխարկը։ Մազերն այնքան կեղտոտ էին, որ կպել էին իրար։ Սանրվեց։ Մտավ խոհանոց։ Տոպրակից հանեց հացն ու երշիկը, մի քանի բրդուճ պատրաստեց, փաթաթեց տոպրակով և դրեց սառնարանը։ Նստեց, արագ-արագ ծխեց։ Լողացավ, սափրվեց։ Չէր կոմնորոշվում քնել և իրերը առավոտ հավաքել, թե՞ հակառակը։ Եվ որոշեց հակառակը։ Ննջասենյակի պահարանի վրայից հանեց պայուսակը, հագուստը տեղավորեց։ Փաստաթղթերը դրեց փոքրիկ թղթապանակի մեջ և մեծ պայուսակի հետ միասին տարավ հյուրասենյակ։ Անմիջապես գնաց քնելու։ Քնելը հեշտ չտրվեց։ Առաջին անգամ երկար ժամանակով պիտի թողներ իր տունը, իր քաղաքը։ Ափսոսաց, որ չհասցրեց գնալ մոր գերեզմանին։ Հիշում էր նույն տունը, քաղաքը, երբ դեռ երեխա էր։ Չէր հասկանում՝ սիրու՞մ էր քաղաքը, թե՞ ատում էր, երկուստեք էին զգացողությունները։ Իր չստացված, կորցրած սիրո, անհաջող ամուսնության համար մեղադրում էր քաղաքին և մեղադրեց մահացած մորը, որ իրեն ծնել էր։ Մեղադրեց իր ծնունդն ու մանկությունը։
Հիշեց մանկությունը, մանկության ծառերը, որ բարձրանում էին միրգ գողանալու․ երջանկությունն էր, մանկության երջանկությունը, որը ստիպեց քնել։

 

***
Շուտ արթնացավ, արևը նոր էր դուրս եկել։ Նայեց ժամացույցին, քնել էր մի երեք ժամ։ Լվացվեց, ստուգեց իրերը, ամեն ինչ տեղն էր։ Ստուգեց փաստաթղթերը։ Սուրճ խմեց, պատրաստած բրդուճներից կերավ, էլի սուրճ խմեց։ Նստած ծխում էր, որ լսեց մեքենայի ազդանշանը, վեր կացավ, պատուհանից նայեց, երեք տղամարդ կանգնած ծխում էին, նրանցից մեկը՝ Կարոն էր.
— Հը՞, ապ ջան, պատրա՞ստ ես։
— Հմի դուրս գուկամ,- ասաց Կարոն՝ կախվելով պատուհանից,- տասը րոպեից։
Գնաց ննջասենյակ, ոչինչ չկար վերցնելու։ Գնաց լոգարան, սանրվեց, գլխարկը դրեց։ Դուրս եկավ։ Սառնարանից վերցրեց սնունդը, տեղավորեց պայուսակի մեջ։
— Վերջ, ամենի ինչ պատրաստ է,- ինքն իրեն ասաց Կարոն։ Հագավ իր հին, բայց շատ սիրելի կաշվե բաճկոնը։ Մոտեցավ հյուրասենյակի հին պահարանին, բացեց ապակյա դռնակը, վեցրեց մոր լուսանկարը, ապակյա շրջանակի միջից հանեց, մի պահ նայեց և դրեց ծոցագրպանը։

 

***
Տիկին Անահիտը քաղաքի գեղեցկուհիներից էր, շատերն էին սիրահարված նրան։ Բայց բաժին էր ընկել մեկին, ով շուտ լքեց ընտանիքը՝ թողնելով միայնակ գեղեցկագույն կնոջն ու միակ որդուն։ Անահիտին անգամ երեխայի հետ էին պատրաստ կնության առնել, բայց Անահիտը չէր համաձայնում, թեպետ մեծ դժվարությամբ պահում, մեծացնում էր որդուն։ Գեղեցիկ կանանց կյանքը միշտ էլ բարդ է լինում։ Աշխատանքի հեշտությամբ էին վերցնում, բայց միայն արտաքնի համար։ Դուրս էր գալիս, գնում էր մեկ այլ տեղ, որտեղ էլ ցանկանում էին նրան որպես սիրուհի։ Բայց Անահիտը համառ էր, պայքարում էր իր պատվի և որդու համար։ Որքան աշխատում էր, նրա գեղեցկությունը բազմապատկվում էր, անգամ երբ արդեն մեծահասակ կին էր։ Գեղեցկությունը սակայն հեշտությամբ խլեց քաղցկեղը։ Անահիտն անցավ բուժումներ, բայց նրան ոչինիչ չօգնեց։ Պառկած էր մահճակալին։ Գրողի տարած հիվանդությունը խմել էր նրա կյանքը։ Կարոն այդ ժամանակ երիտասրդ էր, ուսանող էր Երևանում՝ բարձր առաջադիմությամբ և հույս էր ներշնչում։ Հոր պարտադրաքնով արդեն նշանվել էր։ Նա կարող էր ընդունվել աշխատանքի նախարարությունում, բայց վերադարձավ մոր մոտ։ Մոր միակ խնամակալն էր։
Անահիտը պառկած էր անկողնում, Կարոն, չոքած էր նրա դիմաց, բռնել էր ձեռքը և հեծկլտում էր, հեծկլտում, որպեսզի մայրը չտեսնի արցունքները։ Համբուրում էր մոր ձեռքրը, նայում էր նրան և իր մեռնելն էր գալիս․ «Ընչի՞ ինքը, ընչի՞ ինքը, ընչի՞ ուրիշերը չէ, ընչի՞ հենց ինքը»։ Բայց էլ չդիմացավ, և լացեց, որովհետև մոր ձեռքերն իր ձեռքերի մեջ սառել էին։ Նա նստել էր հատակին՝ բռնած մոր ձեռքերը և չէր շարժվում, չէր հեռանում նրա մոտից։ Չէր հեռանում, հիվանդ և անկարող մոր մոտից, չէր հեռանում, անշունչ մոր մոտից։ Չէր հեռանում նրանից։
Եկան բարեկամները։ Լացում էին, խղճում Կարոյին, խրատում, որ գնա ուսումը շարունակի։ Հետո Անահիտին հանձնեցին հողին։ Գալիս-գնում էին բարեկամները, բայց և աստիճանաբար պակասում էին, իսկ եկողը խրատում էր, թե գնա՛, շարունակի սովորել։ Կարոն ապրում էր մոր տանը չէր հեռանում այն տանից, որտեղ դեռ նրա բույրն էր զգում, որտեղ դեռ ապրում էր մոր ոգին, մոր շունչը։ Նա այդպես էլ մնաց այստեղ, չհեռացավ։

 

***
—Կարո, ի՞նչ եղար,- լսեց Կարոն Կարոյի և մեքենայի ազդանշանի ձայները միանգամից։
Նա ձեռքով սրբեց արցունքները։ Հանեց ծոցագրպանից մոր նկարը, տեղադրեց շրջանակի մեջ, դրեց պահարանում, փակեց ապակյա փոքրիկ դռնակը։ Հանեց ուսերից իր հին, բայց սիրելի կաշվե բաճկոնը։ Դրեց պայուսակը գետնին և հանգիստ ու հանդարտ նստեց հին բազկաթոռին, հին պահարանի դիմաց, որտեղ դրված էր մոր լուսանկարը, և երևաց իր արտացոլանքը պահարանի փայլեցված դռան մեջ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *