ՌՈՒԶԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ | Բանաստեղծություններ

Ռուզան Հովասափյան

Խռովված իմ կյանքի ետևից եմ գնում…
Կամ ես շան չափ չկամ, կամ կյանքս` ոսկորի,
Ու ինձ վարժեցնողը` խճաքարեր բռում
Աստվածների խիղճն է գամում հորիզոնին:

Թե լինեի շան չափ ու կյանքս` ոսկորի,
Կաղ էլ, կաղկանձով էլ կփախչեի անդարձ,
Որպես աղե արձան` ետ եմ նայում լռին`
Բնիս տուն ասելով ու պարանիս` հավատ:

***

Հեռանում են նրանք պանդուխտների երգով,
Մախաղներում սապատ ու գերագույն ստեր…
Ի՞նչ են գուժում էլի ագռավները խռով,
Հատկապես այն մեկը, որ ընկույզն է գցել:

Օ~, վիճակվեր ինձ էլ մերկ ճյուղերին մրսել,
Ու լեռներում փնտրել կորցրածիս ճամփան,
Ու Աստծո մատը օգներ` ցավս փսխել
Փարիսեցիների դիմակներն ի վար:

 

***
Երբ ներաշխարհիս տեղատարափից
Փեշերիս հողը ցեխ դարձավ կպչուն,
Իրականության փշեպսակին
Ճերմակատոտիկ մի լոր էր սիրվում:

Ի~նչ թևաբախ էր, որ կարողացավ
Այդքան սրընթաց նրա մոտ տանել …
Իմ չհրդեհված կոկոններն էին
Ցախավել դարձած դռանս փարվել:

 

***
Իրիկնահացիս գինին քամեցի
Ողկույզից հոգուս:
Քամու թևերին սարդեր էին բյուր …
Վերջին բաժակիս դատարկությունը
Կում առ կում լցվեց …

Վերջին բաժակիս`
Անսպառությու~ն …

 

***
Ձանձրույթի անեզր աղբանոցում
Առնետի պես մի ձեռք է սևին տալիս,
Ես նրան ականջներ եմ փակցնում,
Որ կտրել եմ հարսանիքիս նկարից:

Վերահաս մռլտոցի սարսափից
Պանրահոտի կծվությունը բեղերին,
Նա դժկամ չքանում է իմ աչքից
Թխկացնելու դարպասները շների:

 

***
Տա՛ր ինձ հեռու` խորթ էջերից իմ ցավի,
Խենթ երգերից ու մեղքերից հեռու տար,
Խաչմերուկում զգացումի ու կավի
Ես` քույր, ես` կույր անօգնական, հեռու տար:

Հրդեհին տուր օթևանն իմ թղթեղեն,
Հիդրայի պես թող բոցերում գալարվի,
Տա՛ր ինձ, տա՛ր ինձ քանի ծովս չեմ հեղել
Ու չեմ մեռել թևերի մեջ բեդվինի:

***

Մի բուռ քնքշանք խառնիր կավիս,
Ծռմռատիր պարանոցս…
Թե հիշեցրի տիրամորը`
Ճամփի՛ր հարեմ,
Թե` պոռնիկի`
Եդե՜մ, Եդե՜մ…

 

***
Երբ սերմս թաղեք կավում իմ բաժին`
Թող անձրև մաղի, արցունք չեմ ուզում,
Որ ծլեմ նորից ու շաղն առաջին
Օծի ցողունս տխուր պարտեզում:

Արևն էլ կիզի. ողբով ձեր լազուր
Չմղկտացնեք անդորրս վուշե…
Ծառերի հովում շունը երազուն
Ոտքը բարձրացրած տիրոջն է հիշել…

 

***
Էլ չեմ սիրում, իմ թանկը չես, դառն ես, աղի՜,
Հեշտ էր սիրելն, օ՜, ատելն է անտանելի,
Հաշտ ենք թեև, բայց երգերս քեզ չեն ների,
ՈՒ չի՛ ների ստվերս իսկ դեղի՜ն-դեղի՜ն:

Էլ չե՛մ սիրում, իմ վա՛նկը չես, պա՜ղ ես, գունա՜տ,
Ու գունառատ թանաքիս կաթն էլ չի լցնում
Ծովերս, որ քամում էիր խաղա՜ղ-խաղա՜ղ,
Ո՛չ էլ հողս, որ գարունն էր աստվածացնում:

Էլ չե՜մ սիրում… Ու աքլորը կանչեց ծեգին,
Եվ իմ սուտը երեք տեղից խոցեց հոգիս,
Ճամփեքին եմ փոշեկոլոլ շոգ ու մեգին,

Թա՜նկս, ինչո՞ւ հավատացիր մեղսագործիս:

 

***
Լարերն անձրևի շոյեցի թախծոտ,
Ձայնն օտարոտի պղտորեց հոգիս,
Պատվիրանների «մի»-երն ինձ ծանոթ
Պատռեցի, ինչպես ծվենը շորիս:

Ու խողխողեցի, ի՜նչ դաժանությամբ,
Մենակությանս` ընկերոջս հին,
Հանեցի հագից շապիկը դիտմամբ,
Հայացքիս աղը` հոսող վերքերին:

Շնացա անհագ խեղճ մահամերձի
Հանգչող, չարչարվող աչքերի առաջ,
Ու բարակիրան ծառը դրախտի
Խշշա՜ց ու խշշա՜ց մինչև լուսաբաց:

Մեղքս շալակած, մուրացկանի պես,
Մեկ սարերում եմ, մեկ` պաղ սալերին,
Հին ընկերոջս ձայնն եմ լսում ես,
Ու հոգուս հանգույն ոռնում է քամին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *