Սուսաննա Ղազոյան | Սա բանաստեղծություն է երաժշտության մասին

***
սա բանաստեղծություն է երաժշտության մասին
դրա մասին առանցի որևէ տողի,
այլ խորը ներշնչանքների և
արագ
արտաշնչանքների,
դողացող ձեռքերի ու գունատ մատների,
չափազանց շատ ճչալուց կտրված
ձայնալարերի,
ներսումդ մնացած հրդեհների ու
երկրաշարժերի,
ճապոնիայի կախարդորեն
ծաղկած բալենիների մասին,
և կյանքը շատ կարճ է երկրի,
մարդու
կամ գրքի անունը մեծատառով գրելու համար,
որովհետև դրանք չափազանց անկարևոր են
մեքենաների ահագնացող քանակի
չկանգնող շարժի և անվերջ շարունակվող
անշարժության դիմաց,
աշխարհի տարբեր ծայրերում բացվող և
ավելի շատ փակվող աչքերի դիմաց,
որոնք սիրում են, լացում, զայրանում
կամ պարզապես մահանում,
թիթեռնիկի էֆֆեկտի դիմաց,
որին չնայած չեմ հավատում,
բայց գրողը տանի՝ հրաշալի տեսություն է,
և ինչո՞ւ ապացուցել ինչ-որ բան,
երբ այն հենց առանց դրա էլ գեղեցիկ է,
ինչու՞ ապացուցել՝ «2+2=4»,
երբ «2+2=5»-ը ավելի հրաշալի է թվում,
և ի՞նչ կարևոր է արդյոք Երկիրը պտտվում է
Արեգակի շուրջը,
երբ միաժամանակ մի փոքրիկ կատու է պտտվում
նրան դուր եկած գնդակի շուրջը,
կամ թիթեռն է պտտվում բազմերանգ ծաղկի շուրջ,
ու ինձ համար միևնույն է, որ իմ երակներով հոսում է
հեղուկ՝ կազմված էրիթրոցիտներից
լեյկոցիտներից
և թրոմբոցիտներից,
երբ միևնույն ժամանակ աշխարհի ինչ-որ անկյունում
հոսում է փոքրիկ մի գետակ,
որը հիացնում է իր չափ փոքրիկ մի երեխայի
կամ կրկին իր չափ փոքրիկ մի մեծահասակի,
որովհետև մենք բոլորս չափազանց փոքր ենք
«2+2=4»-երի, Երկիր մոլորակի պտույտների
արյան էրիթրոցիտների,
լեյկոցիտների,
և թրոմբոցիտների առջև։
սա բանաստեղծություն էր երաժշտության մասին,
դրա մասին առանց որևէ տողի․․․

 

***
ատում եմ անքեզ սրճարանը,
որտեղ մի զույգ այնպես է
սիրում,
կարծես աշխարհն իրենցն է,
ինչ խղճուկ էին,
աշխարհն իրենցը չէր
մի օր
մի շաբաթ
մի ամիս
մի տարի առաջ։
իսկ հիմա հանկարծ իրենցը դարձավ։
ատում եմ անքեզ փողոցը,
որտեղ քեզ պատահաբար ուսով չեմ դիպչելու
ու քարանալու,
որտեղ հոսում են մարդիկ,
խռնված օվկիանոսների պես,
անհասկանալի և հախուռն։
ատում եմ անքեզ տունը,
որտեղ բոլորը հոգում են իմ մասին,
երբ հիվանդ եմ,
որտեղ այդ հոգնեցնող պարտավորությունը
խեղդում ու սպանում է։
ատում եմ անքեզ ինձ,
ով խելագար է,
ով կույր ու ցնդած է,
որ փնտրում է քեզ
անքեզ սրճարաններում
անքեզ փողոցներում
անքեզ տներում
անքեզ իմ մեջ․
ինչ խղճուկ եմ,
արդեն թևաթափ եմ եղել
ու էլ թևեր չունեմ քեզ գրկելու

 

***
կներես, որ տարվեցի քեզնով,
ես մեղավոր չեմ,
հաստատ եմ ասում,
մեղավոր չեմ, որ իմ երևակայության մեջ
այդպես պինդ ու հոգատար գրկեցիր․
կարծես բոլորն այդ պահին քարացան,
անգամ՝ բանականությունս։
ես մեղավոր չեմ,
հաստատ եմ ասում,
մեղավոր չեմ, որ իմ երևակայության մեջ
քո հայացքը մնաց իմ քարացած
բանականության մեջ․
մոռացել էի,
որ սենյակում միայն մենք էինք․
ես մեղավոր չեմ,
հաստատ եմ ասում,
մեղավոր չեմ, որ իմ երևակայության մեջ
ինձ ջերմ խոսքեր էիր ասում․
դրանք պարզապես կատակ էին,
ուրիշ ոչինչ,
և իմ երևակայությունն է կատակ,
և իմ քարացած բանականությունը,
և դու ես կատակ,
որ հավատում ես,
թե ես մեղավոր եմ, որ տարվեցի քեզնով․
այս անգամ հաստատ եմ ասում
կներես, ես մեղավոր եմ, որ տարվեցի քեզնով

 

***
վաղը նորից կսիրեմ քեզ,
պարզապես այսօր մի քիչ հոգնած եմ
ու աչքերս էլ փակվում են
քո մասին մտածելուց,
փակվում են աչքերս,
որ երազումս տեսնեն քեզ
իմ կամքից անկախ
ախր, ես չէի խնդրել նրանց քեզ տեսնել,
բայց չլսեցին,
բարեբախտաբար։
այսօր չեմ սիրի քեզ,
արդեն հոգնել եմ
քեզ պատահական չհանդիպելուց
կամ քո նամակը չստանալուց
(չնայած միշտ ստանալուց)
քո վախկոտությունից ու
փոքրոգությունից
ինձ սիրելու կամ
ավելի շուտ՝ սիրվելուց․
դու էդպես էլ չհասկացար
ինչ անզգույշ էիր բառերումդ։
վաղը նորից կսիրեմ քեզ,
կներես,
պարզապես այսօր չափազանց հոգնած եմ։

 

***
բռնվի՛ր կյանքիցդ
ինչպես ավտոբուսի բռնակից։
կեսընկի՛ր մարդկանց վրա,
բայց չթողնես, որ քեզ պահեն
մեկ է՝ չեն պահի։

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *