Ֆոլանդանը, որ նոր էր վերադարձել Իրանից, իր հին ընկերներից մեկի հետ նստել էր Փարիզի հյուրանոցներից մեկի երրորդ հարկի իր սենյակում՝ պատուհանի մոտ, փոքրիկ սեղանի դիմաց՝ վրան մի շիշ գինի և երկու բաժակ: Ներքևի սրճարանում սազ էին նվագում: Մռայլ ու ամպոտ եղանակ էր. մեղմ անձրևում էր: Ֆոլանդանը գլուխը երկու ձեռքերի միջից բարձրացրեց, վերցրեց գինու բաժակը, մինչև հատակը գլուխը քաշեց ու շրջվեց դեպի ընկերը.
– Հեչ լսած կա՞ս, որ ժամանակին ինքս ինձ այն այն ավերակների, կրակարանների, անապատների մեջ կորած էի համարում: Ինձ ասում էի՝ արդյոք հնարավո՞ր է՝ մի օր հայրենիքս վերադառնամ: Հնարավո՞ր է՝ հենց այս սազի երգը լսեմ: Երազում էի, որ մի օր վերադառնայի: Մի այսպիսի ժամի մասին էի երազում, որ սենյակում միայնակ քեզ սիրտս բացեմ: Իսկ այժմ ուզում եմ քեզ մի նոր բան բան ասել. գիտեմ՝ չես հավատալու: Հիմա, երբ վերադարձել եմ, փոշմանել եմ: Գիտես՝ կրկին կարոտել եմ Իրանը, կարծես այնտեղ ինչ-որ բան կորցրած լինեմ:
Նրա ընկերը, որ դեմքը՝ կարմրել, իսկ աչքերը անարտահայտիչ ու սառած բաց էին, այս խոսքերս լսելով, ձեռքը կատակով զարկեց սեղանին ու քահ-քահ ծիծաղեց.
– Օուժե՜ն, մի՛ կատակիր: Գիտեմ՝ նկարիչ ես, բայց որ բանաստեղծ էլ ես, չգիտեի: Լա՜վ, մեր այս հանդիպումը քեզ հոգնեցրե՞ց: Ասա՜, չլինի՞ այնտեղ սիրահարվել ես. ես լսել եմ, որ արևելքի կանայք շատ գեղեցիկ են:
– Չէ՜, չէ՜: Ասածներիցդ ոչ մեկն էլ ճիշտ չէ. իրոք չեմ կատակում:
– Իրականում մի օր եղբորդ մոտ էի: Քեզնից խոսք գնաց, Իրանից նոր ուղարկածդ մի քանի նկարներ բերեցին, նայեցինք: Հիշում եմ՝ բոլորն ավերակների նկարներ էին… Ահա՜, ասացին, որ դրանցից մեկը ատրուշանի նկար է. չլինի՞ այնտեղ կրակ են պաշտում: Այդ երկրի մասին, որ դու ես եղել, միայն այն գիտեմ, որ լավ գորգեր ունեն: Ուրիշ բան չգիտեմ: Հիմա դու այն, ինչ տեսել ես, պատմի՛ր ինձ: Գիտես՝ այդ երկիրը մեզ՝ փարիզցիներիս համար ամբողջովին նորություն է:
Ֆոլանդանը մի փոքր լռեց, ապա ասաց.
– Մի բան ինձ հիշեցրիր. մի օր Իրանում հետս տարօրինակ մի բան պատահեց: Մինչև հիմա ոչ մեկի, նույնիսկ ընկերոջս՝ Քեսթին, որ հետս Իրանում էր, չեմ ասել. վախեցա՝ վրաս ծիծաղի: Դու էլ գիտես, որ ոչ մի բանի չեմ հավատում, բայց ես իմ ողջ կյանքում միայն մեկ անգամ եմ Աստծուն առանց կեղծիքի, ամենայն անկեղծությամբ ու ազնվությամբ պաշտել, այն էլ՝ Իրանում՝ հենց այդ նույն ատրուշանի մոտ, որի նկարը տեսել ես:
Երբ Իրանի հարավում էի և պեղումներ էի անում Պերսեպոլիսում, մի երեկո ընկերս՝ Քեսթը, իրեն լավ չէր զգում, և ես միայնակ էի գնացել Նախշ-է Ռոսթամ, ուր Իրանի հին արքաների գերեզմաններն են՝ լեռան մեջ փորված (կարծում եմ՝ պետք է որ նկարը տեսած լինես): Ժայռի մեջ փորված խաչաձև մի բան կա, որի վերևի մասում էլ շահի նկարն է, որը, ատրուշանի առջև կանգնած, ձեռքի աջը դեպի կրակն է ուղղել: Ատրուշանի վերևում նրանց աստված Ահուրամազդան է, որից ներքև՝ պատշգամբի տեսքով տաշված քարի մեջ՝ քարե դամբարանների մեջտեղում, արքայի գերեզմանն էր: Այնտեղ այդ դամբարաններից մի քանի հատ կային, որոնց դեմ դիմաց մի մեծ ատրուշան կար, որ կոչվում է Զրադաշտական Քաաբա: Մի բան լավ միտս է՝ մի անգամ՝ երեկոյի մոտ էր: Հենց այդ ատրուշանի չափումներով էի զբաղված: Հոգնածությունից ու արևի տապից հոգիս բերանս էր հասել, մեկ էլ, հանկարծ, երկու հոգի մոտս եկան: Նրանց հագուստը իրանական սովորական հագուստներին էր նման. իմ կողմն էին գալիս: Որ մոտեցան, տեսա՝ երկու տարիքն առած, բայց և մարմնեղ ծերունիներ են՝ աշխույժ, պայծառ աչքերով և մի յուրահատուկ դեմքով: Նրանց հարց ու փորձ արի: Պարզվեց՝ վաճառականներ էին Յազդից. Իրանի հյուսիսից էին գալիս: Նրանց կրոնը՝ Յազդի բնակչության մեծամասնության նման, զրադաշտականությունն էր. այսինքն՝ Իրանի հին արքաների պես կրակապաշտ էին և հատուկ շեղվել էին իրենց ճանապարհից, այստեղ եկել, որ հինավուրց ատրուշանում ուխտ անեն: Դեռ իրենց խոսքն էլ չէին ավարտել, որ սկսեցին հավաքել փայտի ու ցախի կտորտանքներ, չոր տերևներ, դրանք իրար վրա կույտ արին և մի փոքրիկ օջախ վառեցին: Ես էլ էդպես զարմացած նայում էի: Չոր փայտերը վառեցին ու սկսեցին մրմնջալ ու աղոթել մի արտասովոր լեզվով, որ ես դեռ չէի լսել: Կարծես Զրադաշտի ու հենց «Ավեստայի» լեզուն է, գուցե և այն լեզուն, որով ժայռերի վրա սեպագրեր էին փորագրված:
Այն միջոցին, որ այդ երկու մարդիկ կրակի առաջ աղոթում էին, ես գլուխս բարձրացրի, առջևիս գերեզմանաքարի վրա տեսա մի պատկեր՝ փորագրված ժայռի մեջ, ճիշտ և ճիշտ նման այն կենդանի տեսարանին, որի դիմաց ես կանգնած էի ու տեսնում էի իմ աչքերով: Տեղումս քարացա. ասես այս մարդիկ Դարեհի գերեզմանի վերևի քարից կենդանացել էին ու մի քանի հազար տարի անց եկել, իմ դիմաց իրենց աստծու կերպարանքն էին պաշտում:
Ես զարմացել էի, թե ինչպես այսքան ժամանակ անց, այն բոլոր ջանքերով հանդերձ, որ մուսուլմաններն են գործադրել՝ տապալելու և ոչնչացնելու այս դավանանքը, այն կրկին հետևորդներ ուներ, որ ծպտված, բայց և բաց երկնքի տակ երկրպագություն էին անում կրակի առաջ:
Երկու զրադաշտականները գնացին ու անհետացան. ես մենակ մնացի, բայց կրակի փոքր օջախը դեռ վառվում էր: Չգիտեմ՝ ինչպես եղավ, բայց ես ինձ մի կրոնական հուզմունքի ու շարժման տակ զգացի:
Մի խոր լռություն էր տիրում: Լուսինը, ծծմբի գնդի նման կրակված, լեռան կողմից ծագել էր և գունատ լուսավորությամբ՝ մեծ ատրուշանը լուսավորել: Զգացի, որ ամեն ինչ երկու – երեք հազար տարի հետ է գնացել: Մոռացել էի ազգությունս, անձս, շրջակայքս: Կողքիս մոխրին էի նայում, որի առաջ այն երկու խորհրդավոր ծերունիները ընկել ու պաշտել, երկրպագել էին: Մոխրի վրայից կապույտ ծուխը դանդաղ սյան տեսքով բարձրանում էր և օդում ալիքվում: Երկնքի անհետացող հորիզոնում կոտրված քարերի ստվերը, աստղերը, որ փայլում էին իմ գլխի վերևում և իրար աչքով անում, հարթավայրի փառավոր լռության առջև, խորհրդավոր ավերակների ու հին ատրուշանների միջև կարծես շրջապատը, բոլոր անցավորների՝ այս գերեզմանների ու կոտրված քարերի վրայով սավառնող մտքի ուժը ինձ ստիպեցին, կամ ինձ ոգեշնչեցին (քանի որ ոչինչ իմ ձեռքին չէր, և ես ոչնչի չէի հավատում), որ ակամա այն մոխրի առաջ, որից կապույտ ծուխ էր ալիքվում, ծունկս գետնին զարկեցի և այն երկրպագեցի: Չգիտեի ինչ ասել, բայց մրմնջալու կարիք էլ չունեի…. Գուցե մի րոպե էլ չանցավ, երբ կրկին հետ եկա, բայց Ահուրամազդայի կերպարանքը երկրպագել էի հենց այն նույն ձևով, որ Իրանի հին արքաներն էին կրակը պաշտում: Հենց այդ նույն րոպեին ես կրակապաշտ դարձա:
Այժմ դու ինչ ուզում ես, մտածիր իմ մասին: Սա գուցե նաև ադամորդու անկարողությունն ու թուլությունն է….
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի